Մարդու կոնստիտուցիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Մարդու կոնստիտուցիա, օրգանիզմի ֆունկցիոնալ և ձևաբանական առանձնահատկությունների ընդհանրություն, ձևավորվել է ժառանգական, ձեռքբերովի հատկությունների հիման վրա և պայմանավորում է օրգանիզմի ռեակտիվականությունը տարբեր ազդակների նկատմամբ։ Օրգանիզմի կառուցվածքը և ֆունկցիոնալ առանձնահատկությունները տարբեր մարդկանց մոտ կարող են ունենալ որոշ նմանություն, որը հնարավորություն է տալիս խոսել մարդու կոնստիտուցիայի տեսակների մասին։ Հաճախ մարդու կոնստիտուցիան որոշվում է մարմնակազմությամբ՝ արտաքին նշանների (հասակ, կշիռ, մարմնի տարբեր մասերի համաչափություն, մկանների և ճարպային շերտի զարգացման աստիճան) ընդհանրությամբ, որը սահմանվում է մարդաչափության տվյալներով։ Սովետական գիտնական Մ. Վ. Չերնորուցկին առանձնացրել է մարդու կոնստիտուցիայի երեք հիմնական տիպ՝

  • ասթենիկ
  • նորմոսթենիկ
  • հիպերսթենիկ

Ֆրանսիացի գիտնական Դ. Սիգոն նշել է մարդու կոնստիտուցիայի հետևյալ տիպերը՝

  • շնչառական, որը բնորոշվում է լավ զարգացած կրծքավանդակով
  • մարսողական՝ ավալուն որովայնով, դեմքի լավ զարգացած ստորին մասով, կարճ պարանոցով
  • մկանային՝ զարգացած մկաններով, լայն կրծքով, համաչափ մարմնակազմությամբ
  • ուղեղային, մեծ գանգով, ուժեղ զարգացած դեմքի ճակատային մասով, նուրբ կերպարանքով և մկանների թույլ զարգացումով

Գերմանացի գիտնական Կրեչմերը առանձնացրել է մարդու կոնստիտուցիայի ասթենիկ, պիկնիկ և աթլետիկ տիպեր։ Հին հունական բժշկության (Հիպոկրատ) ժամանակներից գոյություն ունի մարդկանց բնութագրումը ըստ խառնվածքի՝ խոլերիկ, սանգվինիկ, ֆլեգմատիկ, մելանխոլիկ։ Այդ դասակարգմանը համապատասխանում են բարձրագույն նյարդային գործունեության տիպերը, որ կենդանիների վրա կատարած փորձերով հաստատեց Ի. Պ. Պավլովը։ Դրանք են՝

  • ուժեղ անհավասարակշռված (դրդման պրոցեսի գերակշռությամբ և անբավարար արգելակումով)
  • ուժեղ հավասարակշռված, շարժուն կամ արագ
  • ուժեղ հավասարակշռված հանգիստ կամ դանդաղ
  • թույլ, որ բնութագրվում է գրգռման և արգելակման պրոցեսների թուլությամբ, արգելակման հարաբերական գերակշռությամբ։

Ի. Պ. Պավլովը դասակարգել է նաև զուտ մարդկային տիպեր՝ գեղարվեստական, առաջին ազդանշանային համակարգի հարաբերական գերակշռությամբ և կոնկրետ մտածողությամբ, մտածող, երկրորդ ազդանշանային համակարգի գերակշռությամբ և վերացական մտածողությամբ, միջին կամ խառը, միջանկյալ տեղ գրավող։ Առաջին և երկրորդ ազդանշանային համակարգերի հարաբերությունը, նրանցից որևէ մեկի գերակշռությունը կարող է փուիոխվել դաստիարակության, կյանքի պայմանների և հիվանդությունների հետևանքով։ Ա. Բոգոմոլեցը մարդու կոնստիտուցիայի դասակարգման հիմքում դրել է շարակցական հյուսվածքի դրությունը և առաշարկել 4 տիպ՝

  • ասթենիկ (բարակ, նուրբ շարակցական հյուսվածք)
  • ֆիբրոզ (գերակշռում է խիտ, թելավոր շարակցական հյուսվածքը)
  • պաստոզ (գերակշռում է փուխր շարակցական հյուսվածքը)
  • լիպոմատոզ (ճարպային հյուսվածքի առատ զարգացում)

Գոյություն ունեն մարդու կոնստիտուցիաի դասակարգումներ ըստ ներզատիչ գեղձերի, վեգետատիվ նյարդային համակարգի տոնուսի և այլն։ Այժմ մարդու կոնստիտուցիայի տիպերը որոշելիս, մարմնակազմության հետ միաժամանակ, հաշվի են առնում նաև բարձրագույն նյարդային գործունեությունը, նյարդային համակարգի և ներզատիչ բոլոր գեղձերի դրությունը։ Մարդու կոնստիտուցիան որոշվում է նաև ժառանգված հատկություններով։ Դրա ձևավորմանը նպաստում են նաև արտաքին գործոնները, որոնց երկարատև ազդեցության շնորհիվ փոխվում են օրգանիզմի ձևաբանական և ֆունկցիոնալ հատկությունները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 577 CC-BY-SA-icon-80x15.png