Մարդու իրավունքները Հորդանանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մարդու իրավունքները Հորդանանում (արաբ․՝ حقوق الإنسان في الأردن‎‎), մարդկանց վարքագիծը բնութագրող և անուղղակիորեն անօտարելի համարվող բնական իրավունքների պաշտպանությունն ու մասնակի սահմանափակումները Հորդանանի Թագավորությունում։ Հորդանանը մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանվածության տեսանկյունից համարվում է Մերձավոր Արևելքի առաջատար երկիրը[1]։ Վերջին ժամանակներում որոշակի իրողություններով պայմանավորված երկրի ազգային օրենսդրությունը՝ առընթեր իրավական ակտերով և օրենքներով հանդերձ, վերանայվել և բարեփոխվել է, սակայն այնուամենայնիվ Հորդանանում կան այս ոլորտի լուրջ խնդիրներ և առկախ հանգամանքներ, որոնցից ակնառուներն են խոսքի ազատության սահմանափակումն ու գենդերային անհավասարությունը։

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ Հորդանանը համարվում է չորրորդ «ամենաազատ» արաբական պետությունը՝ «մասամբ ազատ» օրենսդրական բնորոշմամբ։ Այնուամենայնիվ, 2017 թվականի տվյալներով ժողովրդավարության տեսանկյունից Հորդանանում իշխող արքայական ընտանիքի գործունեությունը, երկրի պետական կառուցվածքային մոդելը և կառավարական ապարատը մեկ հարթության մեջ դիտարկվում են որպես ավտորիտար վարչակարգի դրսևորումներ[2]։ Ի տարբերություն մյուս իսլամադավան պետությունների՝ Հորդանանում կրոնի ազատության սահմանափակումների հիմնախնդիրն այնքան էլ լուրջ հետևանքների չի հանգեցնում, քանզի երկրի պետական կրոն համարվող մուսուլմանությունից բացի մյուս կրոնները ևս ունեն մասնակի հավասարության և ազատ օրենսդրական հնարավորություններ։ Այնուամենայնիվ, իսլամի հետ կապված կան մի շարք վիճահարույց հարցեր, որոնք կապված են պետության ավանդականության և այս կրոնի գաղափարախոսության հետ։ Մարդկանց առևտրի և ընդհանուր առմամբ թրաֆիքինգի դեպքերը շարունակում են մնալ հորդանանյան հասարակության թիրախային կետերից մեկը։ Երկիրը լուրջ քայլեր է ձեռնարկում այս երևույթի վերացման ուղղությամբ, որը հանգեցնում է ցուցանիշների դրական շարժին։ Հորդանանում թրաֆիքինգի զոհ են դառնում հիմնականում ներգաղթյալներն ու արտասահմանցի կանայք։ Ինչպես մյուս իսլամադավան արաբական պետությունները, այնպես էլ Հորդանանը, կանանց իրավունքների և գենդերային հավասարության տեսանկյունից ունի բավականին ցածր ցուցանիշներ, սակայն ըստ «Ազատության տան» հավաստման՝ այս դեպքում ևս նկատելի են դրական տեղաշարժերը։ Գենդերային անհավասարության մասնավոր դեպքերից ուշագրավ է գործազրկության բարձր մակարդակով պայմանավորված տղամարդկանց նկատմամբ յուրովի խտրականությունը` մեծ մասամբ կանանց համար թափուր աշխատատեղերի առկայության կապակցությամբ։ Իրավական համակարգի և հասարակության լայն շրջանակների խտրականության և ոտնձգությունների կիզակետում են սեռական փոքրամասնությունները, որոնց սեռական կողմնորոշման ազատ կամահայտնությունն այս երկրում ենթադրում է քրեական պատասխանատվություն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Jordan: Reforms, But Abuses Persist». HRW. 2018 թ․ հունվարի 1. Վերցված է 2018 թ․ մարտի 10-ին.
  2. «Jordan country report». Freedom House. 2017 թ․ փետրվարի 1. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 1-ին.