Jump to content

Մարդը ափի մեջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարդը ափի մեջ

Տեսակժողովածու
ՀեղինակՊարույր Սևակ
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1963

Մարդը ափի մեջ, Պարույր Սևակի ուշագրավ ժողովածուներից մեկը։ Գրվել է 1963 թվականին։

Ժողովածուում բանաստեղծը բացում է իր հոգու փակագծերը։ Ժողովածուն ունի ներքին քնարական նյութ, որի առանցքը ժամանակակից անհատի ոգու ճշմարտության բացահայտման պատմությունն է։ Մարդը դառնում է բոլորի ափի մեջ դրված Մարդ, որ տեսանելի, ճանաչելի, անգամ խոցելի է բոլորի կողմից։ Մարդու արժեքի բարձրացումը, նրա գովքը հեղինակի գերագույն նպատակն է[1][2]։

Բայց իմ ափը ի՞նչ է տալիս։
Ինքըդ գիտես, որ մի ափը
Մինչև անգամ ծա՛փ չի տալիս։
Ախար ի՞նչ կա այդ ափի մեջ։
Կուզե՞ս դառնամ մարդ՝ ափի մեջ...

Ժողովածուում կատարվում է անհատի էթիկական կառուցվածքի վերլուծություններ։

Ժողովածուն իր ուրույն արժեքն ունի Սևակի գեղագիտական համակարգում։

Մտահաղացումը տասնամյակի պատմություն ուներ, բանաստեղծական նմուշները տպագրվել էին «Նորից քեզ հետ» գրքում։ Հետագայում, լրացնում է այն, տալով թեմատիկ ավարտվածություն և գեղարվեստական ամբողջականություն։

Մարդուն առնելով «ափի մեջ» Սևակը թափանցում է նրա հոգու խորքը, շահախնդրությունները դուրս է բերում «ես»-ի սահմանափակ հետաքրքրություններից, պոետականացնում ճիշտ ապրելու բարոյականը։ Մարդը իր հոգու բոլոր շարժումներով ու բնավորության դրսևորումներով կանգնում է բանաստեղծի քննախույզ հայացքի առաջ, և նա տեսնում է ամեն բան, մերժում ստորն ու արգահատելին, վեհացնում ազնիվն ու գեղեցիկը[3]։

Ժողովածուում սկիզբն ու վերջը կողք կողքի են, շարքերը հաջորդում եմ միմյանց, որոնցից յուրաքանչյուրը բացում է կյանքի մի նոր անկյուն, լուծում գեղագիտական մի նոր սկզբունք։ Սկզբի ու վերջի հստակ գիտակցությամբ է, որ բանաստեղծը բացում է իր հոգու փակագծերը։ Իսկ դրա համար անհրաժեշտ է ապրել, այնպե՛ս.

Որ սուրբ հողդ երբեք չզգա քո ավելորդ ծանրությունը,

Որ դու ինքդ էլ երբեք չզգաս քո սեփական մանրությունը:

«Խոստանում եմ» բանաստեղծության մեջ ինքնաբացահայտման ներքին հոգևոր շարժումը հասնում է գագաթնակետին. հալածանքներից ու փշե պսակից չվախենալով՝ քնարական հերոսը համարձակորեն հրապարակում է իր հավատամքը։

«Հպարտանում եմ» բանաստեղծության մեջ առանց անհարկի զիջումների գնում է ինքնահաստատման, հպարտ զգում յուրաքանչյուր արարքի համար, որովհետև այդ արարքները նա դրել է հրապարակային քննության և հիմա տոնում է իր բարոյական հաղթանակը, որը նաև ապրելու սկզբունքների հաստատումն է. «Ես հպարտ եմ չհասկացվող և չզգացվող իմ ինքնությամբ»[2][4][5]։

Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնում բեմադրվել է «Մարդը ափի մեջ» պոեզիան, նվիրված՝ Սևակի 100-ամյակին[6][7]։

Բեմադրությամբ բանաստեղծին ներկայացնում են նորովի ու տարբերվող, բռնկուն ու սիրահարված, խենթ ու համարձակ, երաժշտական ու ժամանակի շունչը զգացող, համամարդկային ու նաև մեզնից մեկը դարձած։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Vlume». Vlume (անգլերեն). Վերցված է 2024 թ․ օգոստոսի 20-ին.
  2. 2,0 2,1 Մարդը ափի մեջ - sevak.am
  3. Արիստակեսյան, Ա.Վ; Սահյան; Դավթյան; Միրիջանյան; Մկրտչյան; Մնացականյան (1972թ.). Պարույր Սևակ երկերի ժողովածու 6 հատորով | Ստեղծագործությունները. Երևան: «Հայաստան» հրատարակչություն. էջեր XXI–XXIV.
  4. «Պարույր Սևակի «Մարդը ափի մեջ» գրքից ստեղծագործություններ․ «Խոսքի տարածություն»». Հայաստանի Հանրային Ռադիո. Վերցված է 2024 թ․ օգոստոսի 20-ին.
  5. Եղիազարյան, Ա. (2023թ.). Սաֆարյան, Վ. (ed.). Հայ Գրականություն. «ՄԱՆՄԱՐ». էջեր 85–86. ISBN 978-9939-62-267-5.
  6. Mediamax. ««Մարդը ափի մեջ». Սեւակի կիրքն ու ոգին՝ Համազգային թատրոնի բեմում». Bravo.am. Վերցված է 2024 թ․ օգոստոսի 20-ին.
  7. «Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոն». www.sostheatre.am. Վերցված է 2024 թ․ օգոստոսի 20-ին.