Jump to content

Մարգո Հեմինգուեյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարգո Հեմինգուեյ
Ծնվել էփետրվարի 16, 1954(1954-02-16)
ԾննդավայրՊորտլենդ
Մահացել էհուլիսի 1, 1996(1996-07-01)[1] (42 տարեկան)
Մահվան վայրՍանտա Մոնիկա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԿրթությունCatlin Gabel School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, մոդել, կինոդերասանուհի և հեռուստատեսային դերասանուհի
Ծնողներհայր՝ Ջեք Հեմինգուեյ, մայր՝ Byra Louise Whittlesey?

Մարգո Լուիզա Հեմինգուեյ (անգլ.՝ Margot Louise "Margaux" Hemingway, փետրվարի 16, 1954(1954-02-16), Պորտլենդ - հուլիսի 1, 1996(1996-07-01)[1], Սանտա Մոնիկա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի մոդել և դերասանուհի։ Հաջողության է հասել որպես սուպերմոդել 1970-ական թվականներին՝ հայտնվելով Cosmopolitan, Elle, Harper's Bazaar, Vogue և TIME պարբերականների շապիկներին։ Էռնեստ Հեմինգուեյի թոռնուհին է։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարգո Հեմինգուեյը ծնվել է 1954 թվականի փետրվարի 16-ին Պորտլենդում (Օրեգոն, ԱՄՆ), Փաք և Ջեք (Էռնեստ Հեմինգուեյի ավագ որդին) Հեմինգուեյների ընտանիքում։ Հետագայում իմանալով, որ իրեն կոչել են Château Margaux (Շատո Մարգո) գինու անունով, որն իր ծնողները խմել էին այն իր բեղմնավորման գիշերը, նա փոխել է անունը՝ Margot դարձնելով Margaux[2]։

Մարգո Հեմինգուեյն ունեցել է երկու քույր՝ դերասանուհի Մերիել Հեմինգուեյն ու Ջոանը (մականունը՝ Մաֆեթ, անգլ.՝ Muffet)։ Մարգոյի մանկության տարիներին ընտանիքը Օրեգոնից տեղափոխվել է Կուբա, որտեղ ապրում էր Էռնեստ Հեմինգուեյը[3], ապա Սան Ֆրանցիսկո, իսկ հետո հաստատվել է Այդահոյում, որտեղ ապրել են Քեթչում քաղաքում՝ պապի վիլլայում։ Ամեն տարի ընտանիքը մեկնել է Օրեգոն աղջիկների կնքամոր հետ, որը ագարակ ուներ Սալեմում[4]։

Մարգո Հեմինգուեյը հաճախել է Catlin Gabel դպրոց Պորտլենդում (Օրեգոն)[5]։

Վաղ տարիքում նա խնդիրներ է ունեցել ալկոհոլի հետ, ինչպես նաև հիվանդ է եղել բուլիմիայով, էպիլեպսիայով և դիսլեքսիայով[6][7]։ 2013 թվականին նրա կրտսեր քույրը՝ Մերիել Հեմինգուեյը, Running from Crazy վավերագրական ֆիլմում պատմել է, որ Մարգոն ու իրենց ավագ քույրը՝ Մաֆեթը, սեռական բռնության են ենթարկվել իրենց հոր կողմից[8][9]։

Ունենալով 183 սմ հասակ՝ Մարգո Հեմինգուեյը հաջողության է հասել որպես մոդել և կնքել 1 մլն դոլարի պայմանագիր Fabergé ընկերության հատ Babe օծանելիքի գովազդի համար[10]։ Դա եղել է միլիոն դոլար արժողությամբ առաջին պայմանագիրը, որ երբևէ կնքվել է մոդելի հետ[11]։ Նա հայտնվել է նաև այնպիսի պարբերականների շապիկներին, ինչպիսիք են՝ Vogue, Elle, Cosmopolitan, Harper’s Bazaar, ինչպես նաև Time ամսագիրը, որը 1975 թվականի հունիսի 16-ին նրան կոչել է «նոր գեղեցկուհիներից» (անգլ.՝ new beauties) մեկը[12]։ 1975 թվականի սեպտեմբերի 1-ին ամերիկայն Vogue հրատարակությունը նրան կոչել է «Նյու Յորքի նոր սուպերմոդել» (անգլ.՝ New York's New Supermodel)[13]։

1997 թվականի E! True Hollywood Story վավերագրական ֆիլմում Մարգո Հեմինգուեյի մենթոր և նրա մտերիմ ընկեր Զաքարի Սելիգն անդրադարձել է այն հարցին, թե ինքն ինչպես է նրան օգնել մարքեթինգի և հանրային կապերի ոլորտում, ինչպես նաև նրան ներկայացրել յոգան և Արևային Կունդալինին՝ որպես հաջողության հասնելու և նրա հոգեկան որոշ խանգարումներ հաղթահարելու միջոց, որը Հեմինգուեյը շարունակել է օգտագործել իր հետագա ամբողջ կյանքում[14]։

Իր ժողովրդականության գագաթնակետին՝ 1970-ական թվականների կեսերին ու վերջին, Մարգո Հեմինգուեյը պարբերաբար այցելել է «Ստուդիա 54» գիշերային ակումբ, հաճախ այնպիսի հայտնի անձանց ուղեկցությամբ, ինչպիսիք էին Լայզա Մինելլին, Բյանկա Ջագերը, Էնդի Ուորհոլը և Գրեյս Ջոնսը։ Այդ ժամանակ էլ նա սկսել է օգտագործել ալկոհոլ և թմրանյութեր[15]։

Կինոյում Մարգո Հեմինգուեյն իր նորամուտը նշել է Լեմոնտ Ջոնսոնի «Շրթներկ» ֆիլմում, որում նկարահանվել է նաև նրա 14-ամյա քույրը՝ Մերիել Հեմինգուեյը։ Ֆիլմում Մարգո Հեմինգուեյը մարմնավորել է մանեքենուհու, որին ահաբեկում են և բռնաբարում։ Ֆիլմում ներկայացված բռնաբարության դաժան տեսարանի պատճառով այն համարվել է էքսպլուատացիոն, սակայն հետագա տարիներին այն հաջողություն է ունեցել որպես կուլտային ֆիլմ[16]։

Դրան հետևել են «Մարդասպան ձուկը» (անգլ.՝ «Killer Fish», 1979) և «Նրանք ինձ Բրյո՞ւս են կոչում» (անգլ.՝ «They Call Me Bruce?», 1982) ֆիլմերը։ 1984 թվականին Մարգո Հեմինգուեյը կատարել է երկրորդական դեր «Բրուքլինյան կամրջի վրայով» (անգլ.՝ Over the Brooklyn Bridge) ֆիլմում, որում նկարահանվել են նաև Էլիոթ Գուլդը և Շելլի Ուինթերսը։ 1984 թվականին դահուկասահքի ժամանակ ստացած վնասվածքից հետո Հեմինգուեյը գիրացել է 34 կգ-ով (դառնալով մոտ 90 կգ) և ընկել դեպրեսիայի մեջ։ 1987 թվականին նա գրանցվել է Բեթի Ֆորդ կենտրոնում[17]։

Փորձելով շարունակել իր կարիերան՝ Մարգո Հեմինգուեյը լուսանկարվել է Playboy ամսագրի 1990 թվականի մայիսի շապիկի համար և խնդրել, որ Playboy-ը Սելիգին աշխատանքի ընդունի որպես իր լուսանկարների շարքի ստեղծագործական տնօրեն։ Ամսագրի շապիկի համար նա լուսանկարվել է Բելիզում[18]։ Այնուամենայնիվ, չնայած դերասանուհու ջանքերին, նրա կարիերան սկսել է անկում ապրել։ Նա նկարահանվել է երկրորդ կարգի մի քանի ֆիլմերում, այդ թվում՝ «Killing Machine» (1984) և «Հոգու գաղտնարան» (անգլ.՝ Inner Sanctum, 1991)։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարգո Հեմինգուեյի առաջին ամուսինը եղել է Էրրոլ Վետսոնը (անգլ.՝ Errol Wetson), որի հետ ծանոթացել է տասնինը տարեկանում Նյու Յորքի «Պլազա» հյուրանոցում, երբ ուղեկցում էր հորը գործնական ուղևորության ընթացքում։ Չորս ամիս անց Մարգո Հեմինգուեյն Այդահոյից տեղափոխվել է Նյու Յորք, որտեղ Վետսոնի հետ ապրել է իր ընկերոջ՝ Զաքարի Սելիգի բնակարանում։

Այդտեղ էլ Սելիգը Մարգո Հեմինգուեյին ծանոթացրել է իր ընկերների հետ, ինչպիսիք էին Women’s Wear Daily ամսագրի խմբագիր Մարիան Մաքևոյը, լուսանկարիչ Ֆրանչեսկո Սքավուլլոն, մոդելագործ Ռոյ Հոլստոն Ֆրոուիքը, Vogue ամսագրի խմբագիր Ֆրանսիս Շտեյնն ու Ջոն Ռևսոնը, որի ընտանիքն ստեղծել է Revlon ընկերությունը։ Սելիգի կազմակերպած երեկույթներից մեկի ժամանակ Մարիան Մաքևոյը հարցազրույց է վերցրել Մարգո Հեմինգուեյից, և նրան նվիրված նյութը տեղ է գտել Women's Wear Daily ամսագրի առաջին և վերջին էջերին։

1979 թվականի վերջին օրը Մարգո Հեմինգուեյն ամուսնացել է ֆրանսիացի ռեժիսոր Բեռնար Ֆոշեի (ֆր.՝ Bernard Faucher) հետ Քեթչումում[19]։ Հարսանիքից հետո նրանք մեկ տարի ապրել են Փարիզում։ 1985 թվականին նրանք բաժանվել են[18]։

Մարգո Հեմինգուեյի կյանքը մշտապես լի է եղել ընտանեկան դրամաներով։ Նա լարված հարաբերություններ է ունեցել մոր՝ Փաքի հետ, սակայն նրանք հաշտվել են 1988 թվականին Փաքի՝ քաղցկեղից մահանալուց առաջ։ Մարգո Հեմինգուեյը նաև խիստ մրցակցություն է ունեցել իր կրտսեր քրոջ՝ Մերիելի հետ, որն ավելի մեծ հաջողություններ ուներ որպես դերասանուհի։ 1990-ական թվականներին Մարգո Հեմինգուեյը հայտարարել է, որ իր կնքահայրը ոտնձգություններ է կատարել իր դեմ մանկության տարիներին։ Նրա հայրը՝ Ջեքը և խորթ մայրը՝ Անջելան, վրդովմունքով են ընդունել այդ հայտարարությունը և դադարել են շփվել նրա հետ։ Անջելան People ամսագրին տված հարցազրույցում ասել է. «Ջեքն ու ես չենք խոսել նրա հետ երկու տարի։ Նա մշտապես ստում է։ Ամբողջ ընտանիքը ոչ մի կապ չի ուզում ունենալ նրա հետ։ Նա ոչ այլ ինչ է, եթե ոչ զայրացած կին»[20]։

1996 թվականի հուլիսի 1-ին՝ իր պապի ինքնասպանության տարելիցից մեկ օր առաջ, Մարգո Հեմինգուեյը մահացած է գտնվել Սանտա Մոնիկայի իր մեկսենյականոց բնակարանում։ Չնայած նրա մարմինը հուլիսի 1-ին գտնվելու ժամանակ եղել է արդեն զգալի քայքայված[21], պաշտոնական դիահերձումը և Կալիֆոռնիայի մահվան գրանցումներում այդ օրը նշել են որպես նրա մահվան ամսաթիվ։

Համաձայն Լոս Անջելեսի շրջանի կորոներների զեկույցի, որը հրապարակվել է մեկ ամիս անց, մահվան պատճառը եղել է ֆենոբարբիտալի գերդոզավորումը[22]։ Չնայած պաշտոնապես հայտարարվել է, որ դերասանուհին ինքնասպանություն է գործել, նրա հարազատները վիճարկել են այդ որոշումը[11]։ Նրա մարմինը դիակիզվել է, իսկ աճյունը թաղվել է Քեթչումի գերեզմանատանը՝ Հեմինգուեյների ընտանեկան դամբարանում (Այդահո)։

Մերիել Հեմինգուեյի ամուսինը 1996 թվականին People ամսագրին տված հարցազրույցույմ ասել է, թե այդ տարի Մարգոն լավագույն վիճակում էր, ինչ ինքը նրան ճանաչում էր, և նա վերագտել էր իրեն[23]։ Սակայն 2005 թվականին Մերիել Հեմինգուեյը Larry King Live շոուում ասել է, որ ինքն արդեն իր քրոջ մահն ընդունել է որպես ինքնասպանություն[24]։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1976 ֆ Շրթներկ Lipstick Քրիս Մաքքորմիք
1979 ֆ Մարդասպան ձուկը Killer Fish Գաբրիել
1982 ֆ Նրանք ինձ Բրյո՞ւս են կոչում They Call Me Bruce? Կարմեն
1984 ֆ Բրուքլինյան կամրջի վրայով Over the Brooklyn Bridge Էլիզաբեթ Անդերսոն
1984 ֆ Goma-2 Ժաքլին
1986 ֆ Portami la luna
1990 ֆ Մեսսա սի մինոր La messe en si mineur Սոֆի
1991 ֆ Կնոջ գաղտնիքը La donna di una sera Էլլեն Ֆոստեր
1991 ֆ Հոգու գաղտնարաններ Inner Sanctum Աննա Ռոուլինզ
1992 ֆ Վատ Սեր Love Is Like That Ջեքի
1993 ֆ Մահացու հակառակորդներ Deadly Rivals գործակալ Լինդա Հովերթոն
1994 ֆ Կրկնակի մոլեգնություն Double Obsession Հեզեր Դաույեր
1994 ֆ Հոգու գաղտնարաներ 2 Inner Sanctum II Աննա Ռոուլինզ
1994 ֆ Frame-Up II: The Cover-Up Ջեն Սիրեյջ
1995 ֆ Vicious Kiss Լիզա
1995 ֆ A comme acteur
1996 ֆ Վտանգավոր բեռ Dangerous Cargo Ջուլի
1996 ֆ Backroads to Vegas

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. LYNETTE HOLLOWAY. (1996 թ․ հուլիսի 3). «Margaux Hemingway Is Dead; Model and Actress Was 41» (անգլերեն). The New York Times. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 14-ին.
  3. Holloway, Lynette (1996 թ․ հուլիսի 3). «Margaux Hemingway Is Dead; Model and Actress Was 41». The New York Times.
  4. McInerny, Vivian (2012 թ․ սեպտեմբերի 10). «Mariel Hemingway in Portland». Oregon Home Magazine. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 2-ին.
  5. Wohlfert, Lee (1974 թ․ դեկտեմբերի 23). «Papa Hemingway's Granddaughter, Margaux, Is Fashion's Golden Girl». People. Վերցված է 2018 թ․ ապրիլի 4-ին.
  6. «Books.google.com» (անգլերեն). Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 14-ին.
  7. Karen S. Schneider (1996 թ․ հուլիսի 15). «A Life Eclipsed» (անգլերեն). People. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 14-ին.
  8. Tapley, Kristophe. «Mariel Hemingway opens up about suicide, molestation and her family's curse in 'Running from Crazy'». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 16-ին.
  9. Friedman, Roger. «Mariel Hemingway Says Father Sexually Abused Two Older Sisters Including Super Model Margaux». Վերցված է 2015 թ․ փետրվարի 16-ին.
  10. Nicholas Fonseca (2001 թ․ հունիսի 29). «Papa's Little Girl» (անգլերեն). Entertainment Weekly. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 14-ին.
  11. 11,0 11,1 Hara Estroff Marano (1996 թ․ դեկտեմբերի 1). «What Killed Margaux Hemingway?» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 14-ին.
  12. «Margaux Hemingway» (անգլերեն). Time Magazine Archives. 1975 թ․ հունիսի 16. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 14-ին.
  13. «Vogue cover scan. September 1, 1975 edition» (անգլերեն) — Archived from Ebay.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 14-ին.
  14. «Margaux Hemingway, season 1, episode 4». E! True Hollywood Story. 1997.
  15. «What Killed Margaux Hemingway?» (անգլերեն). Psychology Today. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 17-ին.
  16. Henderson, Eric (2003 թ․ հոկտեմբերի 12). «Lipstick: Film Review». Slant Magazine. Վերցված է 2016 թ․ ապրիլի 15-ին.
  17. https://www.independent.co.uk/incoming/obituary-margot-hemingway-5609688.html
  18. 18,0 18,1 Arny Freytag (May 1990). «Margaux Hemingway: 'Papa's Girl' (Pictorial)». Playboy Magazine. Vol. 37, no. 5. էջեր 126–35.
  19. «Once more, Margaux». Lewiston Morning Tribune. (Idaho). Associated Press. 1980 թ․ հունվարի 2. էջ 2B.
  20. Schneider, Karen S. (1996 թ․ հուլիսի 15). «A Life Eclipsed». People. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 24-ին.
  21. Rainey, James (1996 թ․ օգոստոսի 21). «Margaux Hemingway's Death Ruled a Suicide». The Los Angeles Times. Վերցված է 2016 թ․ ապրիլի 1-ին.
  22. «Coroner Says Death of Actress Was Suicide» (անգլերեն). The New York Times. 1996 թ․ օգոստոսի 21. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 15-ին.
  23. «Last Act». People. 1996 թ․ սեպտեմբերի 2. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 24-ին.
  24. «Larry King Live: Surviving Suicide of Loved One». CNN.com. 2005 թ․ դեկտեմբերի 22. Վերցված է 2008 թ․ մայիսի 24-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարգո Հեմինգուեյ» հոդվածին։