Մարգարյանի գալակտիկաներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարգարյանի շղթան սիրողական հեռադիտակով

Մարգարյանի գալակտիկաներ կամ Մարգարյանի շղթա, սպեկտրի ուլտրամանուշակագույն տիրույթում ճառագայթման ավելցուկ ունեցող գալակտիկաներ։ Հայտնաբերել է Բենիամին Մարգարյանը՝ Բյուրականի աստղադիտարանի մեկ մետր տրամագիծ ունեցող Շմիտդի աստղադիտակով ստացված սպեկտրների միջոցով։ Մարգարյանի գալակտիկաների մեծ մասի սպեկտրներում դիտվում են բարձր գրգռման առաքման գծեր (ջրածնի, թթվածնի, ազոտի, ծծմբի և այլն)։ Դրանք վկայում են, որ այս գալակտիկաների կորիզներում գոյություն ունեն զգալի քանակությամբ գազային զանգվածներ։

Հատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարգարյանի գալակտիկաներում հանդիպում են Հաբլյան դասակարգման բոլոր դասերը, սակայն այդ գալակտիկաները, մեծ մասամբ, ունեն կառուցվածքային այս կամ այն տիպի առանձնահատկություններ։ Մարգարյանի գալակտիկաներում շատ են բարձր մակերևութային պայծառության կոմպակտ օբյեկտները։ Ի տարբերություն այնպիսի գալակտիկաների, որոնց կապույտ գույնը պայմանավորված է վաղ տիպի աստղերի առկայությամբ (օրինակ՝ առաջին տիպի անկանոն գալակտիկաների), Մարգարյանի գալակտիկաների մեծ մասի ճառագայթումն ունի ոչ ջերմային բնույթ, այսինքն՝ այդ ճառագայթումը պայմանավորված չէ սոսկ աստղերով։

Մարգարյանի գալակտիկաները ենթարկվել են մանրակրկիտ և բազմակողմանի ուսումնասիրության. որոշվել են դրանց կարմիր շեղումները, լուսավորությունն ու գույները, դիտվել են ռադիոալիքներում, կատարվել են ձևաբանական, լուսաչափական և վիճակագրական հետազոտություններ։ Մարգարյանի գալակտիկաների լուսատվությունը գտնվում է 10−8-10−11 արեգակնային լուսատվության սահմաններում, իսկ չափերը երբեմն հասնում են 100 կպս-ի։ Նախնական վիճակագրական տվյալներով այս գալակտիկաները կազմում են բոլոր գալակտիկաների 5-7%-ը։

Մարգարյանի գալակտիկաների մի մասն իրար հետ կազմում է կրկնակի գալակտիկաներ, որոնց բաղադրիչները համատեղ ծագում ունեն։ Բազմագույն մանրակրկիտ լուսաչափության արդյունքները վկայում են, որ որոշ դեպքերում ոչ ջերմային ճառագայթմամբ օժտված են Մարգարյանի գալակտիկաների ոչ միայն կորիզները, այլև արտաքին մասերը։ Մի շարք գալակտիկաների կորիզների և որոշ խիստ կոմպակտ գալակտիկաների պայծառությունը փոփոխական է։

Երբեմն փոփոխություններ են դիտվում Մարգարյանի գալակտիկաների սպեկտրներում. փոփոխվում է սպեկտրային գծերի ինտենսիվությունը, առաջանում են նոր գծեր։ Այս գալակտիկաների շուրջ 10%-ի սպեկտրներում գծերը տարբեր չափով լայնացած են (այնպես, ինչպես Սեյֆերտի տիպի գալակտիկաներում)։ Պատճառն այն է, որ գալակտիկաների կորիզներից գազն արտահոսում է տարբեր արագություններով։ Մարգարյանի գալակտիկաների հայտնագործման շնորհիվ Սեյֆերտի տիպի մինչ այդ հայտնի գալակտիկաների թիվը 1-2 տասնյակից հասավ 120-ի։ Այս ամենը վկայում է, որ Մարգարյանի գալակտիկաների կորիզներում ընթանում են բուռն, ակտիվ պրոցեսներ։ Հավանաբար, ճառագայթման և կառուցվածքային առանձնահատկություններն առաջանում են միևնույն ակտիվ պրոցեսների, օրինակ՝ պայթյունների հետևանքով։ Մարգարյանի գալակտիկաների հայտնագործումը հաստատեց Վիկտոր Համբարձումյանի ղեկավարությամբ մշակված գալակտիկաների կորիզների ակտիվության ուղղությունը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 7։ էջ Երևան, 1981 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]