Մարգարետ Մալեր
Մարգարետ Մալեր | |
---|---|
Ծնվել է | մայիսի 10, 1897[1][2][3][…] |
Ծննդավայր | Շոպրոն[4] |
Մահացել է | հոկտեմբերի 2, 1985[1][3][5][…] (88 տարեկան) |
Մահվան վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] |
Քաղաքացիություն | Հունգարիա և ԱՄՆ |
Կրթություն | Բուդապեշտի համալսարան (1917), Լյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան և Ենայի համալսարան (1922) |
Մասնագիտություն | child psychiatrist, հոգեվերլուծաբան և համալսարանի դասախոս |
Անդամություն | New York Psychoanalytic Society? և Vienna Psychoanalytic Society? |
Մարգարետ Մալեր (անգլ.՝ Margaret Schönberger Mahler, մայիսի 10, 1897[1][2][3][…], Շոպրոն[4] - հոկտեմբերի 2, 1985[1][3][5][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]), հունգարացի հոգեբույժ, համարվում է հոգեվերլուծության գիտության զարգացման կարևոր դեմքերից մեկը։ Մարգարետ Մալերի գիտահետազոտական գործունեությունը հիմնականում ուղղված է եղել երեխայի առողջ զարգացման ուսումնասիրությանը, նա իր կյանքի մեծ մասը նվիրել է երեխաների հոգեվերլուծությանը և երեխաների՝ սեփական «ես»-ի իրազեկման գործընթացին։ Մալերը ուսումնասիրելլ է երեխայի զարգացման մեջ առանձնացման-անհատականության տեսությունը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարգարետ Մալերը ծնվել է 1897 թվականի մայիսի 10-ին Հունգարիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Շոպրոն փոքրիկ քաղաքի հրեական ընտանիքում։ Փոքրիկ Մարգարետի և նրա կրտսեր քրոջ մանկությունը ծանր է անցել ծնողների հաճախակի վեճերի պատճառով։ Այնուամենայնիվ, նրա հայրը խրախուսել նրա ջանքերն ու հաջողությունները մաթեմատիկայի և այլ գիտությունների բնագավառում։ Կանանց լիցեյն ավարտելուց հետո նա ընդունվել է Բուդապեշտի Վացի փողոցում գտնվող ավագ դպրոց, չնայած այն հանգամանքին, որ այն ժամանակ կանայք հազվադեպ էին շարունակում կրթական գործունեությունը բարձրագույն ուսումնական հաստատություններում։ Բուդապեշտում մնալը մեծ ազդեցություն է ունեցել նրա կյանքի և կարիերայի վրա[6]։ Նա հանդիպել է հունգարացի ազդեցիկ հոգեվերլուծաբան Շանդոր Ֆերենցիին, որից հետո խորասուզվել Զիգմունդ Ֆրեյդի ընթերցանության մեջ[7]։
1916 թվականի սեպտեմբերին Մարգարետ Մալերը սկսել է արվեստի պատմություն սովորել Բուդապեշտի համալսարանում, սակայն 1917 թվականի հունվարին նա փոխել է իր մասնագիտությունը՝ ընտրելով բժշկությունը։ Երեք կիսամյակից հետո նա սկսել է բժշկական կրթությունը Մյունխենի համալսարանում, սակայն հրեաների նկատմամբ աճող լարվածության պատճառով ստիպված հեռացել է։ 1920 թվականի գարնանը նա ընդունվել է Ենայի Ֆրիդրիխ Շիլլերի համալսարան, և հենց այդ ուսումնական հաստատությունում սկսել սովորել և հասկանալ նորածինների մտավոր և ֆիզիկապես առողջ զարգացման համար խաղի և սիրո անհրաժեշտությունը։ 1922 թվականին նա գերազանցությամբ ավարտել է համալսարանը և մեկնել Վիեննա՝ ձեռք բերելու արտոնագիր, որով նա կարող էր զբաղվել բժշկությամբ։ Վիեննայում 1926 թվականին նա Հելենա Դոյչերի հետ աշխատել դիդակտիկ հոգեվերլուծության վրա։ Յոթ տարի անց Մարգարետը հաստատվել է որպես հոգեվերլուծաբան։ Նա սիրել է աշխատել երեխաների հետ։
1936 թվականին նա ամուսնացել է Փոլ Մալերի հետ։ Նացիստների իշխանության գալուց հետո զույգը 1938 թվականին տեղափոխվել է Բրիտանիա, ապա ԱՄՆ։ Նյու Յորքում իր բժշկական լիցենզիան ստանալուց հետո Մալերը իր նկուղում հիմնել է մասնավոր պրակտիկա և սկսել վերականգնել իր հաճախորդների առողջությունը։ 1939 թվականին նա հանդիպել է Բենջամին Սփոքին և 1940 թվականին երեխաների հոգեվերլուծության սեմինար վարելուց հետո դարձել այդ թեմայով ավագ դասախոս։ Նա դարձել է Մարդկային զարգացման ինստիտուտի, Կրթության ինստիտուտի և Նյու Յորքի հոգեվերլուծական ընկերության անդամ։ 1948 թվականին Մարգարետն աշխատել է մանկական փսիխոզի բարորակ և չարորակ դեպքերի կլինիկական հետազոտությունների վրա։
1980 թվականին Մանհեթենի Բարնարդ քոլեջը Մարգարետ Մալերին շնորհել է բարձրագույն պարգև՝ Բարնարդի հարգարժան ծառայության մեդալը։
Մարգարետ Մալերը մահացել է 1985 թվականի հոկտեմբերի 2-ին։
Աշխատանքային գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարգարետ Մալերը զբաղեցրել է հոգեվերլուծողի պաշտոն, բա աշխատել է հոգեկան խանգարումներ ունեցող երեխաների հետ։ 1950 թվականին նա Մանուել Ֆյուրերի հետ Մանհեթենում հիմնել է Առաջատար մանկական կենտրոն, որը համագործակցել է Մաունթ Սինայ հիվանդանոցի հետ։ Այնտեղ նա մշակել է եռակողմ բուժման մոդել, որի հասկացություններից մեկն էլ մոր մասնակցությունն էր երեխայի բուժմանը[7]։ Մալերը սկսել է մանկության լուրջ հոգեկան խանգարումների ավելի կառուցողական ուսումնասիրություն և նշանակալի դեր է հատկացրել երեխայի վրա շրջակա միջավայրի ազդեցությանը։ Նրան հատկապես հետաքրքրել է մոր և երեխայի մտավոր և ֆիզիկական կապի գաղափարը և արձանագրել նորածնի մորից վաղաժամ բաժանման բոլոր փորձարարական հետևանքները։ Տարանջատում-անհատականացման գործընթացի այդ ուսումնասիրությունը նրա ամենակարևոր ներդրումն էր հոգեվերլուծության զարգացման գործում։
Ըստ հոգեբանի՝ բաժանում-անհատականացում գործընթացը կարելի է համարել որպես նորածնի հոգեբանական ծնունդ, որը տեղի է ունենում ժամանակի այն պահին, երբ երեխան բաժանվում է մորից և սկսում է գիտակցել սեփական «ես»-ը։
Նրա ամենակարևոր աշխատությունն է «Մարդկային նորածնի հոգեբանական ծնունդը. սիմբիոզ և անհատականացում», որը գրվել է 1975 թվականին Ֆրեդ Փայնի և Էննի Բերգմանի հետ։
Տարանջատում-անհատականության տեսությունը երեխայի զարգացման մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մալերի տեսության մեջ երեխայի զարգացումը տեղի է ունենում փուլերով, որոնցից յուրաքանչյուրն ունի մի քանի ենթափուլ.
Նորմալ աուտիզմի փուլը կյանքի առաջին մի քանի շաբաթվա փուլն է։ Երեխան արդեն ծնվել է և ինքնուրույն է ընկալում իր շրջապատը։ Այնուամենայնիվ, նա իր օրվա մեծ մասն անցկացնում է կիսաքուն, կես արթուն վիճակում։ Հետագայում Մալերը հրաժարվեց այս փուլի գոյության տեսությունից՝ հիմնվելով իր հետազոտության նոր արդյունքների վրա[7]։ Այնուամենայնիվ, այս փուլը դեռևս հայտնվում է նրա տեսությունների վերաբերյալ շատ գրքերում։
- Նորմալ սիմբիոզի փուլը տևում է մինչև 5 ամիս։ Երեխան այդ ընթացքում տարբերում է իր մոր կերպարը շրջապատից, բայց դեռ չի կարողանում առանձնացնել իր անհատականությունը արտաքին աշխարհից։ Երեխան և նրա մայրը դառնում են մեկ, և նրանց ու մնացած անհայտի միջև պատնեշ է հայտնվում։
- Բաժանում-անհատականացման փուլ. այդ փուլի հաստատումը նշանավորում է նորմալ սիմբիոզ փուլի ավարտը։ Բաժանման գործընթացը վերաբերում է նորածնի իրազեկմանը առարկաների սահմանների, իր և մոր միջև տարբերելու ունակությանը, մինչդեռ անհատականացման գործընթացը վերաբերում է նորածնի էգոյի զարգացմանը, ինքնազգացողությանը և ճանաչողության կարողությանը։ Մալերը բացատրում է, թե ինչպես է երեխան մի քանի ամսական հասակից դուրս գալիս «աուտիստական պատյանից» դեպի մարդկային փոխազդեցությունների արտաքին աշխարհ։ Այդ գործընթացը, որը կոչվում է տարանջատում-անհատում, բաժանված է ենթափուլերի, որոնցից յուրաքանչյուրն ունի իր սկիզբն ու ավարտը, ինչպես նաև որոշակի սպառնալիքներ։
Հետևյալ ենթափուլերը տեղի են ունենում որոշակի հերթականությամբ, սակայն դրանց մասնակի համընկնումը չի բացառվում։
- Առաջին ամիսներ․ երեխան գիտի, որ իր և մոր միջև կան տարբերություններ։ Երեխայի շարժունակությունը և հետաքրքրությունը մեծանում է արտաքին աշխարհի նկատմամբ։ Մայրն ուրիշների հետ ուսումնասիրության և համեմատության առարկա է։
- 9-16 ամիսներ․ երեխայի սողալու և այնուհետև ազատ քայլելու ունակությունը թույլ է տալիս ակտիվորեն ընկղմվել հետազոտական գործունեության մեջ, այդպիսով հայտնվում են մորից ֆիզիկապես հեռու մնալու առաջին փորձերը։ Բայց երեխան դեռ մորն է ընկալում որպես իր տիեզերքի կենտրոն։
- 15-24 ամիսներ, վերամիավորում․ այս ենթափուլում երեխան նորից էմոցիոնալ կախվածություն է ձեռք բերում մորից և այդ ընթացքում հասկանում է, որ իր ֆիզիկական ակտիվությունն իրեն ավելի ու ավելի է հեռացնում մորից, ուստի նրա նկատմամբ ուշադրությունն ավելի է սրվում։ Երեխան կարող է իրեն անվստահ զգալ և ցանկանում է, որ մայրը միշտ լինի իր տեսադաշտում, ուստի նրանց աչքի շփումը, նրա խրախուսումը կամ նկատողությունը հանդես են գալիս որպես կողմնորոշում դեպի իր աշխարհը ուսումնասիրելու հնարավորությունը։ Ռիսկն այն է, որ մայրը կարող է սխալ հասկանալ այդ կարիքը և արձագանքել դյուրագրգռությամբ կամ բացակայությամբ։ Դա կարող է հանգեցնել նրան, որ երեխան զարգացնի լքվածության անհանգիստ վախ։ Վերամիավորման ենթափուլն իր հերթին բաժանված է հետևյան շրջանների. 1․վերամիավորման սկիզբ՝ երեխայի վարքագիծը դրդված է իր հայտնագործությունները մոր հետ կիսելու ցանկությամբ, 2․վերամիավորման ճգնաժամ՝ երեխան, մոր հետ շփվելով, կարող է կամ անընդհատ ցանկանալ զգացմունքային մտերմություն զգալ, կամ ցույց տալ ավելի մեծ անկախություն, 3․խոսելու կարողության զարգացումը և խղճի դերի բարձրացումը հնարավորություն են տալիս ինքնուրույն որոշումներ կայացնել։
Բաժանում-անհատականացման հիմնական գործընթացների խախտումները հետագայում կարող են հանգեցնել հասուն տարիքում անհատականությունը պահպանելու ունակության խախտման։
Օբյեկտի մշտականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Օբյեկտի մշտականությունը, որը նման է Ժան Պիաժեի «օբյեկտի մշտականության» հայեցակարգին, նկարագրում է այն փուլը, երբ երեխան հասկանում է, որ մայրն ունի հատուկ ինքնություն և իսկապես առանձին մարդ է։ Սա հանգեցնում է ներքինացման ձևավորմանը, որն այն ներքին գաղափարն է, որ երեխան ժամանակին եղել է մոր մի մասը։ Այդ ներքինացումն այն է, ինչը երեխային տալիս է մտավոր պատկեր, որն օգնում է նրան ենթագիտակցական մակարդակում տեսնել մորը որպես աջակցության և հարմարավետության մարմնացում։ Դրական ներքինացման թերությունները կարող են հանգեցնել անապահովության և ցածր ինքնագնահատականի զգացումների հասուն տարիքում[8]։
Ընտրանի
[խմբագրել | խմբագրել կոդը]- On human symbiosis and the vicissitudes of individuation, 1969.
- The psychological birth of the human infant: symbiosis and individuation, 1975.
- Infantile psychosis and early contributions
- Rapprochement — critical subphase, separation — individuation
- Separation — individuation
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 https://www.psyalpha.net/de/biografien/margarethe-mahler-schoenberger
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #118576313 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 5,2 https://www.dgkj.de/die-gesellschaft/geschichte/juedische-kinderaerztinnen-und-aerzte-1933-1945/suchergebnis-der-datenbank?tx_dgkjpaediatristsnsera_searchpaediastrists%5Baction%5D=show&tx_dgkjpaediatristsnsera_searchpaediastrists%5Bcontroller%5D=Paediatri
- ↑ Mahler at webster.edu Արխիվացված 2007-03-11 Wayback Machine
- ↑ 7,0 7,1 7,2 Coates, John Bowlby and Margaret S. Mahler: Their lives and theories, pp. 571–587.
- ↑ Engler, B. (2006). Psychoanalysis. Personality Theories, pp. 176–179.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Coates, S.W., John Bowlby and Margaret S. Mahler: Their lives and theories (2004)
- Mitchell, S.A., and Black, M.J. (1995). Freud and Beyond. New York: Basic Books.
- Notes on the development of basic moods: the depressive affect. In Drives, Affects, Behavior, vol. 2, ed Max Schur, NY: International Universities Press, pp. 161–169.
- Mahler, S. and Pine, M.M. and F., Bergman, A. (1973). The Psychological Birth of the Human Infant, New York: Basic Books.
- Thoughts about development and individuation. Psychoanalytic Study of the Child, 1963.
|
- Մայիսի 10 ծնունդներ
- 1897 ծնունդներ
- Հոկտեմբերի 2 մահեր
- 1985 մահեր
- Նյու Յորք քաղաքում մահացածներ
- Մյունխենի համալսարանի շրջանավարտներ
- Ենայի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- 20-րդ դարի հոգեբաններ
- Ամերիկայի հրեաներ
- Ամերիկացի հոգեբաններ
- Ամերիկացի հոգեբույժներ
- Ավստրիացի բժիշկներ
- Ավստրիացի գիտնականներ
- Ավստրիացի հոգեբաններ
- Բուդապեշտի համալսարանի շրջանավարտներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Զարգացման հոգեբանություն
- Կին գիտնականներ
- Կին հոգեբաններ
- Կին հոգեբույժներ
- Հունգարացի գիտնականներ
- Հունգարացի կանայք
- Հրեա հոգեբույժներ