Մարգարետ Բոֆորթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարգարետ Բոֆորթ
 
Մասնագիտություն՝ բարեգործ և դաստիարակ
Դավանանք կաթոլիկություն
Ծննդյան օր մայիսի 31, 1443(1443-05-31)[1][2][3][…]
Ծննդավայր Բերդֆորդշիր, Անգլիա
Վախճանի օր հունիսի 29, 1509[1] (66 տարեկան) կամ 1509[4]
Վախճանի վայր Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Մեծ Լոնդոն, Անգլիա
Թաղված Վեստմինստերյան աբբայություն
Դինաստիա House of Beaufort?
Քաղաքացիություն  Անգլիայի թագավորություն
Հայր John Beaufort, 1st Duke of Somerset?[5][6]
Մայր Margaret Beauchamp of Bletso?[6]
Ամուսին Էդմունդ Թյուդոր[5][6], Thomas Stanley, 1st Earl of Derby?[6], John de la Pole, 2nd Duke of Suffolk?[6] և մոտ Sir Henry Stafford?[6]
Զավակներ Հենրի VII[5][6]

Մարգարետ Բոֆորթ, Ռիչմոնդի և Դերբիի կոմսուհի (անգլ.՝ Margaret Beaufort, Countess of Richmond and Derby; մայիսի 31, 1443(1443-05-31)[1][2][3][…], Բերդֆորդշիր, Անգլիա - հունիսի 29, 1509[1] կամ 1509[4], Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Մեծ Լոնդոն, Անգլիա)՝ Անգլիայի թագավոր Հենրի VII-ի մայրը, Մարգարետը Կարմիր և սպիտակ վարդերի պատերազմի առանցքային դեմքերից է, ինչպես նաև՝ Թյուդորների ընտանիքի ազդեցիկ մատրիարխը։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարգարետը ծնվել է 1441 թվականի մայիսի 31-ին։ Մարգարետի ծննդյան օրն ու ամիսը կասկած չեն հարուցում. նրա կարգադրությամբ իր ծննդյան օրը Վեստմինստերյան աբբայությունում նշվում էր հենց մայիսի 31-ին, ընդ որում, Բոֆորթի ծննդյան տարեթիվը այնքան էլ հստակ չէ։ XVII դարի անգլիացի հնահավաք Ուիլյամ Դաղդեյլը, ինչպես նաև Մարգարետի մի շարք կենսագիրներ, ենթադրում էին, որ նա ծնվել է 1441 թվականին։ Սակայն ավելի հավանական է, որ Մարգարետը ծնվել է 1443 թվականին, քանի որ այդ տարվա մայիսին նրա հայրը բանակցություններ էր վարում թագավորի հետ վերջինիս նորածին երեխայի խնամակալության շուրջ[7]։ Աղջկա ծննդավայրը դարձավ Բլետսո ամրոցը[en]՝ Բեդֆորդշիրում, ծնողներն էին Մարգարետ Բոշանը Բլետսոյից և Սոմերսեթի 1-ին դուքս Ջոն Բոֆորթը։

Մարգարետի հայրը Էդուարդ III թագավորի ծոռն էր՝ վերջինիս երրորդ որդու՝ Լանքասթերի 1-ին դուքս Ջոն Գոնտի գծով[8][9]։ Մարգարետի ծննդյան պահին Ջոնը պատրաստվում էր մեկնել Ֆրանսիա, որտեղ պետք է գլխավորեր Հենրի VI-ի կարևոր ռազմական արշավը։ Մեկնելուց առաջ նա համաձայնեց թագավորի հետ, որ իր մահվան դեպքում փոքրիկ Մարգարետի խնամակալության և նրա փեսացուի ընտրության իրավունքը պետք է ունենա միայն իր կինը[10]։

Ֆրանսիայից վերադառնալուց հետո Սոմերսեթի և թագավորի հարաբերությունները փչացան․ Բոֆորթը հեռացվեց արքունիքից, մեղադրվեց պետական դավաճանության մեջ և շուտով մահացավ։ Ստույգ հայտնի չէ, թե ինչ էր տեղի ունեցել. ֆրանսիացի պատմաբան-եպիսկոպոս Թոմա Բազենը կարծում էր, որ Ջոնը մահացել է հիվանդությունից, մինչդեռ «Կրոյլենդյան խրոնիկան[en]» խոսում է սուիցիդի մասին[11]։ Սոմերսեթի մահվան պահին նրա կինը հղի է եղել, սակայն երեխան մահացած է ծնվել։ Մարգարետը դարձել է մեծ ունեցվածքի միակ ժառանգորդը[12], իսկ բոլոր տիտղոսները բաժին են հասել Ջոնի եղբորը՝ Էդմունդին[11]։ Սոմերսեթի մահից չորս օր անց թագավորը խախտեց իր տված խոստումը և Մարգարետի խնամակալությունը տվեց Սաֆֆոլկի 1-ին դուքս Ուիլյամ դե Լա Պոլին, սակայն մորից աղջկան այդպես էլ չբաժանեցին։ Չնայած Մարգարետը հոր միակ օրինական զավակն էր, նա ուներ երկու եղբայր և հինգ քույր՝ մոր առաջին ամուսնությունից, որոնց նա աջակցում էր որդու՝ գահին բարձրանալուց հետո[13]։

Ամուսնություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարգարետի առաջին ամուսինը նրա խնամակալի՝ Ուիլյամ դե Լա Պոլի միակ որդին էր՝ Ջոնը։ Հարսանիքը, հավանաբար, տեղի է ունեցել 1444 թվականի հունվարի 28-ի և փետրվարի 7-ի միջև, երբ Մարգարետը մոտ մեկ տարեկան է եղել (կամ՝ ոչ ավելի, քան երեք)։ Նաև ենթադրություն կա, որ ամուսնությունը կնքվել է 1450 թվականի հունվարին՝ Սաֆֆոլկի ձերբակալությունից հետո, որն այդ կերպ ցանկացել է ապահովել որդու ապագան։ Այս ենթադրությունը հաստատվում է նաև այն փաստով, որ ամուսնական պապական թույլտվությունը, որն անհրաժեշտ էր ամուսինների մերձավոր ազգակցության պատճառով, ստացվել է միայն 1450 թվականի օգոստոսի 18-ին[14]։

1453 թվականին ամուսնությունը չեղյալ հայտարարվեց, և թագավորը Մարգարետին հանձնեց իր համամայր եղբայրների՝ Ջասպերի և Էդմունդ Թյուդորների խնամակալության տակ[15]։ Մարգարետն ինքը երբեք չի ճանաչել այդ ամուսնությունը և իր կամքով 1472 թվականից նրա առաջին ամուսինը Էդմունդ Թյուդորն է եղել։ Ըստ կանոնական իրավունքի՝ Մարգարետն ամուսնական պայմանագրով պարտավորություններ չի ունեցել, քանի որ ամուսնությունը կնքվել էր մինչև հարսնացուի 12-ամյակին հասնելը[16]։

Դեռևս մինչև Մարգարետի առաջին ամուսնության չեղարկումը, Հենրի VI-ը աղջկան, որպես հարսնացու, ընտրել էր Էդմունդ Թյուդորի համար, որը թագավորի եղբայրներից ավագն էր՝ իր մոր և Օուեն Թյուդորի գաղտնի ամուսնությունից[16]։ Մարգարետի և Էդմունդի ամուսնությունը կնքվեց 1455 թվականի նոյեմբերի 1-ին․ Մարգարետն այդ ժամանակ 12-14 տարեկան էր, Էդմունդը՝ 24 տարեկան։ Էդմունդը, որը պատկանում էր Լանքասթերների տանը, մոտ մեկ տարի անց գերեվարվեց Յորքերի կողմից։ Նա մահացավ գերության մեջ, ժանտախտից, Կարմարտենում, 1456 թվականի նոյեմբերին՝ Մարգարետին դարձնելով երիտասարդ այրի՝ հղիության յոթերորդ ամսվա մեջ[17]։ Լինելով Ջասպեր Թյուդորի խնամքի ներքո՝ Պեմբրուք ամրոցում 1457 թվականի հունվարի 28-ին Մարգարետը որդի ծնեց՝ Հենրիին[18]։ Ծննդաբերությունը բավականին բարդ ընթացավ․ Մարգարետի երիտասարդ տարիքի և մարմնակազմության պատճառով մայրն ու երեխան մահվան շեմին գտնվեցին։ Այս ծննդաբերությունն առաջինն ու վերջինը դարձավ Մարգարետի կյանքում[19]։

Մարգարետն իր որդու հետ Պեմբրուքում մնաց մինչև 1461 թվականը, երբ Յորքերի հաղթանակի շնորհիվ դղյակը անցավ կոմս Պեմբրուքի տիրապետության տակ[18]։ Երկու տարեկանից Հենրին ապրում էր Ուելսում, հոր հարազատների հետ, իսկ տասնչորսից՝ Ֆրանսիայում, աքսորում։ Այդ ընթացքում Մարգարետի և որդու շփումը սահմանափակվում էր նամակներով և մի քանի այցելություններով[20]։

Մարգարետը միշտ հարգել է Էդմունդի անունը և հիշատակը՝ որպես իր միակ երեխայի հոր։ Թյուդորի մահվանից տասնվեց տարի անց Մարգարետը ցանկացավ իր մահից հետո թաղվել նրա կողքին, չնայած նրա ամենամտերիմ ու երկար հարաբերությունները երրորդ ամուսնու հետ էին, որը մահացել էր 1471 թվականին[21]։

1458 թվականի հունվարի 3-ին Մարգարետն ամուսնացավ երրորդ անգամ. նրա ընտրյալը սըր Հենրի Ստաֆֆորդն[en] էր՝ Բեքինգհեմի դքսի երկրորդ որդին։ Նա, ինչպես և Մարգարետը, Էդուարդ III-ի ժառանգն էր։ Փեսացուն դարձյալ երկու անգամ մեծ էր հարսնացուից․ Մարգարետը մոտ 14-16 տարեկան էր, Հենրին՝ գրեթե երեսուն։ Ամուսնության թույլտվությունը ստացվեց 1457 թվականի ապրիլի 6-ին։ Մարգարետի և Ստաֆֆորդի ամուսնության ընթացքում բավականին բարեկամական հարաբերություններ ձևավորվեցին։ Չնայած նրան, որ զույգը Բեքինգհեմի հողերից 400 մարկի եկամուտ էր ստանում, բայց առաջվա նման ընտանիքի պահպանման հիմնական աղբյուրը Մարգարետի տիրույթներն էին[22]։ Հենրի Ստաֆֆորդը ի սկզբանե Լանքասթերների կողմնակիցն էր, բայց ավելի ուշ ներում ստանալով նոր արքայից՝ միացավ Յորքերին։ Բարնետի ճակատամարտում, մարտնչելով Յորքերի կողմից, 1471 թվականին Ստաֆֆորդը վիրավորվեց և կարճ ժամանակ անց մահացավ։ Մարգարետը կրկին այրիացավ, երբ երեսուն տարեկան էլ չկար[23]։

1472 թվականի հունիսին Մարգարետը ամուսնացավ Թոմաս Սթենլիի՝ Դերբիի 1-ին կոմսի՝ Անգլիայի Գերագույն Լորդ կոնստեբլի և Մեն կղզու թագավորի հետ։ Ամուսնությունը կեղծ էր և հիմնված էր Մարգարետի, ով, ըստ ուշ շրջանի պատմաբանների, իրեն երբեք չի համարել Սթենլի ընտանքի անդամ, ունեցած քաղաքական դրդապատճառների վրա[24]։ Սթենլիի հետ միությունը Մարգարետին թույլ տվեց վերադառնալ պալատ, որտեղ թագուհի Էլիզաբեթը նրան դարձրեց իր դուստրերից մեկի կնքամայրը[25]։

Շուտով Էդուարդ արքայի մահից և գահը Ռիչարդ Գլոստերին անցնելուց հետո, Մարգարետը կրկին հայտնվեց պալատում, բայց արդեն որպես թագուհի Աննայի ֆրեյլին։ Բոֆորթն անմիջական մասնակցություն է ունեցել Ռիչարդի և Աննայի թագադրմանը, մասնավորապես, նա կրել է նոր թագուհու շլեյֆը[26]։ Նոր թագավորին և թագուհուն ծառայելու ժամանակ Մարգարետը դավադրություն է ծրագրել այրիացած թագուհի Էլիզաբեթ Վուդվիլի հետ և, գրեթե անկասկած, մասնակցել է Բեքինգհեմի ապստամբությանը[en][27]։ Ռիչարդ III-ը պառլամենտական ակտ ընդունեց, որով Մարգարետը զրկվեց բոլոր տիտղոսներից և տիրույթներից [28], սակայն Մարգարետի ունեցվածքը չանցավ գահին, այլ փոխանցվեց իր ամուսնուն[29]. Երբ խոսակցություններ տարածվեցին, որ Վուդվիլի որդիները՝ Թաուերի արքայազնները, սպանվել են, որոշում կայացվեց նշանադրել Մարգարետի որդուն՝ Հենրիին, Էլիզաբեթ Վուդվիլի և Էդուարդ IV-ի ավագ դստեր՝ Էլիզաբեթ Յորքի հետ։ Այս ամուսնական միությունը պետք է աջակցություն գտներ ինչպես Լանքասթերների, այնպես էլ Յորքերի կողմից[30]։

1485 թվականին Մարգարետի որդին հաստատվեց Ուելսում։ Թոմաս Սթենլին, որն ավելի վաղ մարտնչել էր Ռիչարդ III-ի համար, այս անգամ չանսաց թագավորի կանչին՝ մասնակցելու Բոսվորտի ճակատամարտին, չնայած, որ Թոմասի ավագ որդին՝ Ջորջը, գերի էր Ռիչարդ III-ի մոտ։ Արդեն ճակատամարտից հետո հենց Սթենլին թագը դրեց խորթ զավակի գլխին, ով և հետագայում խորթ հորը Դերբիի կոմսի կոչումը շնորհեց։ Լեդի Մարգարետը սկսեց կոչվել Ռիչմոնդի և Դերբիի կոմսուհի, թեպետ ինքը՝ կոմսուհին, նախընտրում էր տիտղոսավորվել ըստ իր երկրորդ ամուսնու[31]։

Ամուսնության ավելի ուշ շրջանում Մարգարետը նախընտրեց ապրել ամուսնուց առանձին։ 1499 թվականին ամուսնու թույլտվությամբ Մարգարետը Լոնդոնի եպիսկոպոսի[en] ներկայությամբ մաքրաբարոյության ուխտ ընդունեց։ Մարգարետի՝ ամուսնության մեջ այս ուխտի ընդունումը անսովոր էր, բայց ոչ եզակի․ մոտ 1413 թվականին Մերջերի Կեմպեն նույնպես, ամուսնության մեջ գտնվելով, այսպիսի ուխտ ընդունեց։ Մարգարետը թողեց ամուսնուն և ապրելու համար տեղափոխվեց Կոլլիուեսթոն[en]։ Սթենլին կանոնավորապես այցելում էր կնոջը, ով նրա համար առանձին սենյակ էր պատրաստել իր տանը։ Մարգարետը կրկնակի ուխը ընդունեց 1504 թվականին, ամուսնու մահից հետո[32]։

Թագավորի մայր[խմբագրել | խմբագրել կոդը]

Թագավոր Հենրի VII-ը, Մարգարետի միակ երեխան

Այն բանից հետո, երբ Մարգարետի որդին Բոսվորտի ճակատամարտից հետո գահը ստացավ, լեդի Մարգարետը արքունիքում սկսեց կոչվել Թագավորի մայր-միլեդի։ Խորհրդարանի առաջին իսկ նիստում Հենրի VII-ը ճանաչեց Մարգարետի սեփականության տիրապետման իրավունքը անկախ ամուսնուց, այնպես՝ եթե նա ամուսնացած չլիներ[33]։ Որդու կառավարման ավարտին Մարգարետը գլխավորում էր Անգլիայի հյուսիսում արդարադատություն իրականացնող հանձնաժողովը[34]։

Հենրին կատարեց պայմանագրի պայմանները և ամուսնացավ Էլիզաբեթ Յորքի հետ։ Բոֆորթը դժկամությամբ ընդունեց իր ավելի ցածր կարգավիճակը, քան ուներ այրիացած Էլիզաբեթ թագուհին կամ իր հարսը։ Նա կրում էր նույն որակի հագուստներ, ինչ՝ նոր թագուհին, և միշտ քայլում էր՝ նրանից միայն կես քայլ հետ մնալով։ Չնայած Մարգարետի և Էլիզաբեթի կողմից Հենրի VII-ի համար ստեղծված ներդաշնակ տանդեմի, Էլիզաբեթը չէր սիրում իր իշխանական և հավակնոտ սկեսրոջը։ Իսկ Մարգարետն՝ ինքը դժվարությամբ էր կարողանում մոռանալ հարսի ծագման մասին[35]։ Այդուհանդերձ, Մարգարետը չէր կարող նրա կամքին հակառակ գնալ․ որպես թագուհի՝ Էլիզաբեթը, ծննդյան իրավունքով և թագավորի հետ ամուսնությամբ, իր դիրքով գերազանցում էր Մարգարետին այնպես, ինչպես ցանկացած կոմսուհու։

1460-ական թվականներից ի վեր և հետագայում՝ երկար տարիներ Մարգարետը ստորագրում էր որպես Մ. Ռիչմոնդ (անգլ.՝ M. Richmond1499 թվականին նա փոխեց ստորագրությունը՝ Margaret R., հավանաբար, որպեսզի ապացուցի իր թագավորական իշխանությունը (R նշանակում էր՝ կա՛մ reginaթագուհի ( լատիներեն), կա՛մ՝ Ричмонд)։ Բացի դա, Մարգարետի փաստաթղթերն ու նամակները ներառում էին թյուդորյան թագը և Անգլիայի և Իռլանդիայի թագավոր Հենրի VII-ի մայր ստորագրությունը (լատին․՝ et mater Henrici septimi regis Angliæ et Hiberniæ)[36][37]։

Կոմսուհին հայտնի էր իր կրթությամբ և կրոնականությամբ։ Հենրին իր ողջ սրտով նվիրված էր մորը, որի շնորհիվ Մարգարետը մեծ ազդեցություն ուներ թագավորի վրա։ Հենրին մահացել է 1509 թվականի ապրիլի 21-ին՝ մորը նշանակելով իր կամքի գլխավոր կատարողը։ Հենց Մարգարետը կազմակերպեց որդու հուղարկավորությունն ու թոռան թագադրումը։ Որդու հուղարկավորությանը Մարգարետն է գլխավորել թաղման թափորը՝ այդ կերպ դառնալով թագավորական ընտանիքի գլխավոր կինը[38]։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեդի Մարգարետի գերեզմանը

Լեդի Մարգարետը մահացել է 1509 թվականի հունիսի 29-ին Վեստմինստերյան աբբայության դեկանատում, որդու մահից երկու ամիս անց․ դա նրա թագավորական թոռան տասնութերորդ տարեդարձի օրն էր։ Չնայած Էդմունդ Թյուդորի կողքին հանգչելու ցանկությանը, Մարգարետին թաղել են Հենրի VII-ի կապելլայում[en] բրոնզեզօծ սև մարմարե դամբարանում։ Ներկայումս Մարգարետ Բոֆորթի գերեզմանը գտնվում է ավելի ուշ հուղարկավորված Վիլհելմի և Մարիայի ու Մարի Ստյուարտի միջև[39]։

Ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1497 թվականին Մարգարետը հայտարարել է Ուիմբորնում[en] (Դորսետ կոմսություն) լայն զանգվածների համար անվճար դպրոց կառուցելու իր մտադրության մասին։ Ուիմբորնյան գիմնազիան իր դռները բացել է 1509 թվականին՝ Մարգարետի մահվան տարում[40]։

1502 թվականին լեդի Մարգարետը Քեմբրիջի համալսարանում հիմնադրել է անվանական պրոֆեսորությունը[41]։ Օքսֆորդի համալսարանում ևս գոյություն ունի համանուն պրոֆեսորություն։

Քեմբրիջի զինանշանը

1505 թվականին Մարգարետը թագավորական խարտիայով վերաբացեց և լրացրեց Քեմբրիջի Աստծո տունը՝ որպես Քրիստոսի քոլեջ։ Մարգարետը այդ ժամանակվանից համարվում է քոլեջի հիմնադիրը։ Նրա ստորագրության պատճեն փորագրված է քոլեջի տարածքում գտնվող շենքերից մեկի վրա։ 1511 թվականին Մարգարետի կամ նրա կապելլան Ջոն Ֆիշերի առաջարկով (կամ հրամանով) Մարգարետի կալվածքներից մեկի տարածքում բացվել է Սուրբ Հովհաննեսի քոլեջը։ Մարգարետի հողերը, որոնք գտնվում էին Գրեյթ Բրեդլիում[en] (Սուֆֆոլկ կոմսություն), կտակվել են քոլեջին, իսկ նրա դիմանկարը՝ Ջոն Ֆիշերի դիմանկարի կողքին, կախված է երկու քոլեջների մեծ սրահներում։ Երկու քոլեջների զինանշանները ներառում են Մարգարետի գերբը և նրա կարգախոսը։ Բացի դա, տարբեր կազմակերպություններ, որոնց թվում Լեդի Մարգարետի միությունը և Քրիստոսի քոլեջի Բոֆորթի ակումբը, ինչպես նաև Լեդի Մարգարետի նավակային ակումբը[en] Սուրբ Հովհաննեսի քոլեջում, կոչվել են ի պատիվ իրեն[42]։

Լեդի Մարգարետ Հոլլը՝ Օքսֆորդի համալսարանի առաջին իգական քոլեջը, կոչվել է ի պատիվ Մարգարետի[43]։ Մարգարետը ֆինանսավորել է Բոլոր Սրբերի Եկեղեցին[en] Մարտոկում[en] և եկեղեցու աշտարակի կառուցումը[44]։

Ռայզլիի[en] (Բեդֆորդշիր կոմսություն) Մարգարետ Բոֆորթի միջնակարգ դպրոցը անվանակոչված է ի պատիվ Մարգարետի[45].

Դիմանկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարգարետ Բոֆորթը աղոթքի պահին, 1598 թվական

Մարգարետի կենդանության ժամանակների ոչ մի դիմանկար չի պահպանվել։ Բոլոր հայտնի դիմանկարները արված են նույն ձևով և կոմսուհուն պատկերում են իր վերջին տարիների կերպարով՝ սպիտակ սրածայր գլխարկով (առաքելական տիպի), կրոնական ինքնախոհության դիրքով։ Այդ դիմանկարների մեծ մասը ստեղծվել են Հենրի VIII-ի և Եղիսաբեթ I-ի կառավարման տարիներին՝ որպես Թյուդորների ռեժիմին նվիրվածության խորհրդանիշ։ Դրանք կարող են հիմնված լինել կորսված բնօրինակի վրա կամ էլ ածանցվել են Պյետրո Տորիջանոյի քանդակներից, որոնք տեղադրված են Վեստմինստերյան աբբայությունում գտնվող Մարգարետի գերեզմանի վրա[46].

Դիմանկարի տարբերակներից մեկը, որը տարբերվում է մյուսներից, Ռոուլենդ Լոկիի[en] վրձնին պատկանող՝ լեդի Մարգարետի դիմանկարն է, որտեղ կոմսուհին պատկերված է հարուստ կահավորված գաղտնի աշխատասենյակում՝ ֆոնին նրա ննջարանն է։ Հասարակ սեղանը, որի առջև նա ծունկի է եկած, ծածկված է զարդանախշած թանկարժեք տեքստիլով, այնքան ամուր է նախշակարված, որ կտորի անկյուններն անշարժ են։ Նրա՝ շքեղորեն նկարազարդված ժամագիրքը բաց դրված է իր առջև, իսկ դրա պաշտպանիչ կտորը (այսպես կոչված՝ կազմի «շապիկը») դրված է նրա կողքին։ Պատերին կաղնու տերևների նախշեր է պատկերված, հավանաբար՝ շեղանկյունե։ Պատին կախված է լեդի Մարգարետի տիրույթները պատկերող վարագույր՝ կենտրոնում թյուդորյան վարդով։ Մի փոքր բարձր՝ Մարգարետի գերբն է՝ պսակված Թյուդորների թագով։ Կապարապատված սլաքաձև պատուհանի փոքր ապակենախշերը ևս մատնանշում են Անգլիայի զինանշանը և Բոֆորթների գերբը[47]։

Մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեթի Քինգի Լեդի Մարգարետ (1965)[48] և Թագավորի մայր (1969)[49] վեպերում պատմվում է Մարգարետի և Էդմունդ Թյուդորի ամուսնության և դրան հաջորդող այրիության մասին։ Այրիս Հաուերի Ճակատագրի զավակը (1999) վեպը պատմում է այն ժամանակների մասին, երբ Մարգարետը, Վարդերի պատերազմի նախաշեմին, ստիպված էր երկար տարիներ բաժանվել իր որդուց[50]։ Մարգարետը նաև Ֆիլիպպա Գրեգորիի մի շարք վեպերի՝ «Զարմիկների պատերազմը» շարքի (Սպիտակ թագուհին, Կարմիր թագուհին, Թագավորներ սարքողի դուստրը և Սպիտակ արքայադուստրը) և «Թյուդորներ» (Հարվերժ արքայադուստրը)[51] առանցքային կերպարներից մեկն է։ Մարգարետը հիշատակվում է Լիվի Մայքլի Succession վեպում (2014)[52]։

Մերիգոլդ Շերմանի պատկերած լեդի Մարգարետի կերպարը առկա է Բի-բի-սի հեռուստաալիքի «Թաուերի ստվերը[en]» մինի սերիալի ութ դրվագներում[53], որտեղ Բոֆորթը պատկերված է որպես էքստրեմալ ամբիցիաներով և բարեպաշտությամբ մի կին, ով անողոք է նրանց հանդեպ, ովքեր կանգնած են Թյուդորների դինաստիայի ճանապարհին։

Channel 4-ը և RDF Media-ն 2005 թվականին բրիտանական հեռուստատեսության համար արտադրել են Պերկին Ուորբեկի մասին «Արքայազնները Թաուերում» դրաման։ Լեդի Մարգարետի կերպարը, որը մարմնավորել է Սալի Էդվարդսը[54], իրենից ներկայացնում էր գահի թիկունքին կանգնած մի ուժ՝ կոփված կին, որը մոլագարի նման նվիրված է Աստծուն և ինքն իրեն։ Նրան պատկերել են բռնության և տղամարդկանց իշխանության զոհ, այն տղամարդկանց, ովքեր կյանքի ընթացքում իր կողքին են եղել, ինչն էլ նրան դարձրել է այդպես անխիղճ ու անհոգի։

Ֆիլիպպա Գրեգորիի «Սպիտակ թագուհին», «Սպիտակ արքայադուստրը» և «Իսպանական արքայադուստրը» վեպերի Էկրանավորման մեջ լեդի Մարգարետի դերը խաղացել են համապատասխանաբար Ամանդա Հեյլը[55], Միշել Ֆեիրլին և Հարիեթ Ուոլթերը։

Ծագումնաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Lundy D. R. The Peerage
  4. 4,0 4,1 4,2 A Historical Dictionary of British Women — 2 — Routledge, 2003. — P. 39. — ISBN 978-1-85743-228-2
  5. 5,0 5,1 5,2 Blain V., Grundy I., Clements P. The Feminist Companion to Literature in English: Women Writers from the Middle Ages to the Present — 1990. — P. 901.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 Kindred Britain
  7. Jones, Underwood, 1993, էջ 34
  8. Halsted, 1845, էջեր 4—14
  9. Robin, Larsen, Levin, 2007, էջ 42
  10. Jones, Underwood, 1993, էջ 35
  11. 11,0 11,1 Halsted, 1845, էջ 17
  12. Jones, Underwood, 1993, էջեր 35—36
  13. Jones, Underwood, 1993, էջ 33
  14. Gristwood, 2012, էջ 36
  15. Wood, 2003, էջ 127
  16. 16,0 16,1 Jones, Underwood, 1993, էջ 37
  17. Jones, Underwood, 1993, էջ 39
  18. 18,0 18,1 Loades, 2012, էջ 3
  19. Jones, Underwood, 1993, էջ 40
  20. Krug, 2002, էջ 84
  21. Breverton, 2014
  22. Jones, Underwood, 1993, էջ 41
  23. Jones, Underwood, 1993, էջ 58
  24. Jones, Underwood, 1993, էջ 144
  25. Weir, 2013, էջ 70
  26. «Richard III» (անգլերեն). The dean and chapter of Westminster. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 12-ին.
  27. Fritze, Baxter Robison, 2002, էջեր 77—78
  28. Halsted, 1845, էջ 139
  29. «Rotuli Parliamentorum. A.D. 1483 1 Richard III. (An act for the Attaynder of Margaret Countesse of Richmond)» (անգլերեն). partyparcel.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 14-ին.
  30. Halsted, 1845, էջեր 138—141
  31. Norton, 2012, էջ 35
  32. Jones, Underwood, 1993, էջեր 217—218
  33. Jones, Underwood, 1993, էջ 187
  34. Harris, Barbara J. Women and Politics in Early Tudor England(անգլ.) // The Historical Journal : журнал. — 1990. — Т. 33. — № 2. — С. 259.
  35. Amy Licence (2013 թ․ փետրվարի 1). «Elizabeth of York, the Forthcoming Biography: Interview with Amy Licence». his story, her story (անգլերեն). authorherstorianparent.blogspot.co.uk. Վերցված է 2015 թ․ հուլիսի 31-ին.
  36. Jones, Underwood, 1993, էջ 292
  37. Krug, 2002, էջ 85
  38. O'Day, 2012
  39. «Margaret Beaufort, Countess of Richmond» (անգլերեն). The Dean and Chapter of Westminster. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 15-ին.
  40. Hoeppner Moran, 2014, էջ 162
  41. Collinson, Rex, Stanton, 2003, էջ 2
  42. Cooper, 1861, էջեր 9—
  43. Jones, Underwood, 1993, էջեր 13
  44. Robinson, 1915, էջեր 6—10
  45. «Riseley» (անգլերեն). The National Archives. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 18-ին.
  46. Strong, 1969, էջ 20
  47. [1](անգլ.) // The Burlington Magazine. — Burlington Magazine Publications Limited, 1908. — Т. 13. — С. 206.
  48. Betty King The Lady Margaret. — H. Jenkins, 1965. — С. 224.
  49. Betty King The King's Mother. — Robert Hale, 1969. — С. 224.
  50. Iris Gower Destiny's Child. — Chivers, 1999. — С. 262.
  51. «Books — Philippa Gregory» (անգլերեն). Official Philippa Gregory website. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 17-ին.
  52. Livi Michael Succession. — Penguin UK, 2014. — С. 400.
  53. «The Shadow of the Tower»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  54. «Princes in the Tower»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  55. «Белая королева»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]