Մարաշի ասեղնագործություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարաշի հյուսված կար, ասեղնագործության նմուշ։ Նախշի գծագրումը՝ Լ․Մխիթարյանի, ասեղնագործությունը՝ Է․Մանգասարյանի

Մարաշի ասեղնագործություն, ձեռագործ արվեստի յուրօրինակ տեսակ, գաղտնակար, որն աչքի է ընկնում կատարման բարդությամբ, այն անհնար է կրկնօրինակել միայն դիտելով, ունի կատարման իրեն հատուկ ընթացքը։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարաշի ասեղնագործությունը երկու տեսակի կարով է հայտնի՝ հարթակար և հյուսվածակար[1]։ Հարթակար, կոթ ասեղնագործը ունի ներդաշնակ հորինվածք, նախշերը կուռ միասնություն են կազմում, զարդանախշերում տարածված են թռչունները, կենդանիներն ու բույսերը։

Հարթակար[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարթակար ասեղնագործության հիմքը նախ գծագրվել է փայտե կաղապարով, որն ունեցել է վեց անկյուն, մուգ կտորի դեպքում դրոշմը թաթախվել է օսլայի մեջ, ճերմակ կտորի համար կապույտ լեղակի մեջ։ Շրջագիծն արվել է կլոր ափսեի օգնությամբ, եղեգնյա գրչով կամ վրձնով գծել են և լրացրել նախշերը։ Հարթակար ասեղնագործությունը կատարվել է բամբակյա հաստ ոլորուն թելերով, հետը օգտագործել են բրդյա, մետաքսյա, ոսկյա թելեր։ Կոթասեղը կամ Զեյթունի կարը այն տեսակն է, երբ գործող թելը կտորի երեսին է, աստառին միայն թելի հետքերն են։ Կութերը կարճ ու եկար են արվում, իրար շատ մոտ, այդպես մակերեսը ստացվում է ուռուցիկ։ Օգտագործել են վառ գույների թելեր։ Մարաշի այս ասեղնագործությունը տարբերվում է և հեշտ ճանաչելի է բազմաթիվ ձեռագործների մեջ։ Այւն հեշտ է ընդօրինակել և կատարել՝ նայելով։

Հյուսվածքակար[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուսվածքակարը գաղտնակար է, այնքան բարդ և անկրկնելի, որ տարածում չի գտել այլ վայրերում, յուրահատուկ է միայն Մարաշին։ Ազգագրագետ Սերիկ Դավթյանը նշել է, որ մինչև 1956 թվականը այդ կարը հանդիպել է միայն մարաշցիների շրջանում, ոչ մի այլ ազգի ասեղնագործության նմուշներում այդ կարը չի հանդիպել։

Հյուսված կարն արվում է այսպես․ կտորի վրա զարդանկարի մեջտեղով քաշվում է մեկ ուղիղ գիծ, ապա գիշը հակադիր ուղղությամբ հատվում է 1 սմ երկարությամբ գծիկներով։ Հասարակ հյուսված կարն ամենատարածվածն է, այն անցնում է գծագրի վրայով 4 անգամ, առաջին և երկրորդ շարքի թելերն անցնում են գծիկների ծայրերի վրայով, ստեղծում խաչմերուկներ։ Ասեղը թելով դիպչում է կտորին,, աստառին առաջանում են մանր կութեր՝ անցնելով երկու զուգահեռ ուղղությամբ։ Երրորդ և չորրորդ շարքերում ասեղը չի դիպչում կտորին, հյուսվում է խաչմերուկ թելերին որոշակի հերթականությամբ։ Ասեղնակարի շարունակականությունը պետք է պահել շատ մեծ ուշադրությամբ, եթե հանկարծ կատարողը շեղվի կատարման ճանապարհից, զարդանկարը չի ստացվի, ուստի ստիպված է լինելու քանդել և սկսել նորից։ Ասեղնագործությունը ունի հստակ ուղղություն՝ միշտ ձախից աջ։ Մի շարք արվեց, պետք է կտորը ձեռքում դարձնել, նույն կերպ հետ գնալ, բոլոր 4 շերտերում ընթացքը նույնն է։ Բացի 4 շերտից, կա նաև տարբերակ, երբ թելն անցնում է 6,8 և ավելի անգամ։ Կան նաև գծագրեր, որտեղ 1 սմ գծիկներից զատ կան նաև ձողեր, 2 սմ գծիկներ։ Այդ ձողերի, գագաթների հյուսվածքը խաչաձև է։ Կան անջատ արված 4 և ավելի թելերով խաչեր։ Այս բոլորն ունեն իրենց մանր գաղտնիքները, որ հայտնի են միայն ասեղնագործողին։

Մարաշի հյուսակարը անվանում են նաև խաչկար, խաչասեղ։ Հյուսված կարով ասեղնագործությունը նման է թափանցիկ ժանյակի, թելերի գույներն ավելի մեղմ են՝ բաց երանգի դեղին, կապույտ, սպիտակ։ Թելերը բարակ են և լավ ոլորուն։ Օգտագործվում են բամբակե, մետաքսե և ոսկե թելեր։ Այս կարով արվել են ոճավորված կենաց ծառեր[2]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերիկ Դավթյան, Մարաշի ասեղնագործությունը, Երևան, 1978։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Դավթյան, Սերիկ (1978). Մարաշի ասեղնագործություն. Երևան: Սովետական գրող. էջեր 7–10.
  2. Ս․Դավթյան, Մարաշի ասեղնագործությունը, Երևան, 1978, էջ 18։