Մասոնության պատմությունը Հայաստանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մասոնությունը Հայաստանում, Հայաստանի հասարակական կյանքի երևույթ, որը առաջացել է 19-րդ դարի կեսին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1860-ական թվականներին հայ կյանքի մեջ եղել են ոչ միայն զուտ հայ ազգային գաղափարախոսական, այլև համամարդկային բարոյափիլիսոփայական հոսանքներ։ Հայկական մասոնական կամ ազատ որմնադրական առաջին օթյակները հիմնվել են հայ որմնադիրների կողմից 1860-ականներին Պոլսում, Զմյուռնիայում և Եփրատի հովտում։

Տիգրան № 1014 օթյակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին հայկական օթյակը՝ «Տիգրան № 1014»-ը հիմնվել է Զմյուռնիայում Անգլիայի Մայր Օթյակի հովանու ներքո 1864 թվականի ապրիլի 29-ին։ Իր սկզբնավորումից մինչև լուծարումը «Տիգրան» օթյակը ունեցել է 118 անդամ, որոնցից 108-ը՝ հայ, 7-ը՝ թուրք, 3-ը՝ հույն։ «Տիգրան» օթյակի աշխատանքները շարունակվեցին 12 տարի և դադարեցին թուրքերի սնուցած թշնամության հետևանքով։ Նրա արտոնագիրը հանձնվեց Զմյուռնիայի անգլիական «Հոմերոս № 806 Օթյակ»-ի Գերհարգելի Վարպետին։ Տիգրան № 1014 հայկական օթյակը Անգլիայի Մայր Օթյակի ցանկերի միջից վերջնականապես ջնջվեց 1894 թվականի հունիսի 6-ին։

Սեր օթյակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ հայկական օթյակը «Սեր» օթյակն է, որը յուրահատուկ էր ոչ միայն հայ, այլև համաշխարհային որմնադրության պատմության մեջ։ Այս օթյակը հիմնվեց 1866 թվականի մայիսի 7-ին Կ. Պոլսում և գտնվում էր Ֆրանսիայի Մեծ Արևելքի ենթակայության տակ։ Այս օթյակի աշխատանքները իր հիմնադրումից ի վեր կատարվել են հայերենով։ Այս օթյակը կանոնավորապես գործել է 1866-1890 թվականներին, այսինքն՝ 24 տարի։ 1890-1894 թվականներին «Սեր» օթյակը ստիպված էր դադարեցնել իր աշխատանքները։ 1868 թվականին օթյակը ուներ 64 անդամ, իսկ 1869 թվականին անդամների թիվը հասավ 80-ի։

Եփրատ № 1078 օթյակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկական երրորդ օթյակը՝ «Եփրատ № 1078»-ը հիմնվել է 1909 թվականին՝ Խարբերդ քաղաքում։ Այն ենթակա էր Էդինբուրգի Շոտլանդական Մեծ Օթյակին։ Հիմնադրումից սկսած՝ օթյակի անդամները հավաքվում և իրենց աշխատանքներն էին իրականացնում Սերոբ Վարդապետյանի պալատանման տան սենյակներից մեկում։ Սակայն երբ անդամների թիվը հետզհետե ավելացավ, այդ սենյակը այլևս չկարողացավ բավականեցնել և կանոնավոր շենք կառուցելու կարիք զգացվեց։ Շենքի շինարարությունը նոր էր սկսվել, երբ վրա հասավ թուրքի կործանարար ձեռքը և ավերեց ամեն բան։ Այսպես «Եփրատ № 1078 Օթյակը» շատ կարճ կյանք ունեցավ՝ ընդամենը 6 տարի։

Հայաստան № 1185 օթյակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկական չորրորդ օթյակը կրկին հիմնվեց Կ. Պոլսում՝ Մադրասի զինադադարի շրջանում՝ 1918 թվականի հոկտեմբերին։ «La Turquie № 1049 Lodge»-ի (Էդինբուրգի Շոտլանդական Մեծ Օթյակին ենթակա) հայ անդամները 1919 թվականի մայիսի 1-ին հիմնեցին «Հայաստան № 1185 Օթյակ»-ը, որը ենթակա էր նույն կենտրոնին։ Այս օթյակը նվիրագործվեց Անգլիայի Մեծ Օթյակին ենթակա «Oriental № 687 Lodge»-ի նախկին Գերհարգելի Վարպետ Փերսի Լիթի կողմից։ Այս հայկական օթյակը 1919 թվականի մինչև 1923 թվականը փայլուն գործունեություն ունեցավ։ 1923 թվականին Զմյուռնիայի թուրքական և հունական դեպքերը գրեթե ընդհատեցին նրա աշխատանքները։ Հայկական այս օթյակի անդամների թիվը հասավ մինչև 125-ի։ «Հայաստան» օթյակը իր որմնադրական աշխատանքները գրեթե դադարեցրեց իր անդամների մեծ մասի հանկարծակի մեկնելու պատճառով։ Այնուհետև օթյակը շարունակեց գործել «Փարոս № 1185 Օթյակ» անվան տակ՝ մշտապես ենթակա լինելով Էդինբուրգի Շոտլանդական Մեծ Օթյակին»։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հ. Իորդանյան, Վ. Իորդանյան, Հայ մասոնության պատմությունից, Երևան, 2014, ISBN 978-9939-0-0978-0