Մասնակից:O'micron/Տաշիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Թագավորության անկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սելջուկյան գերագահության ընդունումից հետո սկսվում է թագավորության լճացման ժամանակաշրջանը։ Կյուրիկե Բ-ի մահվանը հաջորդած ժամանակահատվածում Լոռու թագավորությունում միաժամանակ գահ են բարձրանում վերջինիս երկու որդիները՝ Դավիթը և Աբասը։ Եղբայրների կառավարման առաջին իսկ տարում՝ 1089 թվականին, վերսկսվում են սելջուկ-թուրքերի արշավանքները հյուսիսային Հայաստան, որոնք ուղեկցվում էին վայրագություններով ու ավարառությամբ։ 1111 թվականին Սելջուկյան սուլթանությունը մեծ բանակով ներխուժում է Լոռի և հանդիպում Աբաս Ա-ի զորքերի դիմադրությանը։ Երկու տարում վաչկատունները նվաճում են ամբողջ թագավորությունը, որի արդյունքում գահակալները ստիպված են լինում տեղափոխվել հայոց արևելից կողմանք։

Այսպիսով, 1113 թվականին Տաշիր-Ձորագետի թագավորությունն անկում է ապրում, սակայն Կյուրիկյանները շարունակում են իրենց կառավարումը Ուտքաց աշխարհում։ Վերջիններս շուտով իրենց նախկին տիրույթները պաշտոնապես հանձնում են Դավիթ Շինարարին (Աղմաշենեբելի), որը օգտվելով Խաչակրաց արշավանքներից՝ հաջողել էր մարտադաշտում հաղթանակ կորզել սելջուկներից՝ փորձելով վերամիավորելով Վրաց թագավորությունը։

Տաշիր-Ձորագետի թագավորության իրավահաջորդություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կյուրիկե Բ-ի դուստր Մարիամի կողմից 1171 թվականին հիմնադրված Քոբայրի վանքը։

Տաշիր-Ձորագետի թագավորության անկումից հետո Աբասը հաստատվում է Տավուշում, իսկ նրա եղբայր Դավիթը՝ Մածնաբերդում: Այսպիսով, Գուգարքի Բագրատունիները վերջնականապես նահանջում են Ուտիք՝ Շակաշեն և Գարդման՝ Լոռին, Ջավախքը և Կղարջքը թողնելով վրաց Բագրատունիներին (Բագրատիոնի)։ Տավուշի իշխանությունը գոյատևում է շուրջ երեք տասնամյակ՝ 1113-1145 թվականներին, իր գոյության ամբողջ ընթացքում պայքարելով Գանձակի ամիրայության դեմ։ Իշանության քաղաքամայր-ոստանը Տավուշ (Ցլիկ Ամրամի) բերդն էր։ Աբաս իշխանը, որը փաստորեն, Տավուշի առաջին և վերջին իշխանն էր, մասնակցել է Աղվանից կաթողիկոս Գրիգոր Ա-ի ձեռնադրմանը։ Իշխանությունը նվաճվել է Գանձակի ամիրայի զորքերի կողմից, և Աբասը հեռացել է եղբոր մոտ՝ Մածնաբերդ։ Ավելի ուշ, երբ վրացական բանակի հայ զորահրամանատարներ Զաքարե ամիրսպասալարը և Իվանե աթաբեկը ազատագրում են Արևելյան Հայաստանի տարածքների մեծ մասը, այդ թվում՝ Տաշիր-Ձորագետի, Սյունիքի և Կարսի թագավորությունները: Նշված տարածքներում հաստատվում են նոր իշխաններ կամ նախկին թագավորական տների շառավիղներ։ Զաքարյանների մի ճյուղը՝ Վահրամյանները, հաստատվում են Գագ ամրոցում՝ զբաղեցնելով Կյուրիկյանների երբեմնի տիրույթները։

Հընթացս Ուտքաց աշխարհի արևմուտքում Դավիթ Բ Կյուրիկյանը հիմնում է Մածնաբերդի իշխանությունը: Այդ ճյուղը Հայաստանի ավատատիրական տներից էր, ենթակա Զաքարյանների գերիշխանությանը և քաղաքական կապեր ուներ հարևան իշխանությունների՝ Տավուշի, Հաթերքի, Նոր-բերղի տերերի ու վրացի Օրբելիների հետ։ Փաստորեն՝ դա նախկին Տաշիր-Ձորագետի թագավորության արևելյան հատվածն էր, քանի որ արևմտյան հատվածը՝ Լոռին, միացվել էր Դավիթ Շինարարի թագավորությանը։ Դավիթ Բ-ին հաջորդնած Կյուրիկե Գ և Աբաս Բ թագավորների օրոք Մածնաբերդի իշխանության մասին տեղեկությունները սուղ են։

12-րդ դարի վերջին Նոր-բերղի Կյուրիկյանները փորձում ենեն Աղսարթան Ա-ից (1176 թվականից) խլել Մածնաբերդը, սակայն՝ ապարդյուն։ 1236 թվականին, Աղսարթան Բ-ի օրոք, Մածնաբերդը ժամանակավորապես նվաճում են մոնղոլները։ 1250-ական թվականներին մոնղոլական արշավանքներին մասնակցել է Թաղիադինը, որի որդի Սարգիսը Մածնաբերդի իշխանության մեջ հայտնի վերջին տիրակալն է։ Մածնաբերդի Կյուրիկյանները մասնակցել են նաև հայ հոգևոր-մշակութային կյանքին (Աբասի քույր Մարիամը կառուցել է տվել Քոբայրի եկեղեցին և այլն)։ Մածնաբերդի իշխանությունը գոյատևել է մինչև 13-րդ դարի վերջը։ Կյուրիկյանների վերջին ներկայացուցիչները իշխում են Նոր բերդում։ Նրանք հիշատակվում են Վասակ Ա և Դավիթ (12-րդ դար), Վասակ Բ (13-րդ դարի սկիզբ) անուններով։