Մասնակից:O'micron/Պատմություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չշփոթե՛լ միջնադարյան Ուտիքի և Արցախի՝ Արևելից կողմանք Հայոցի հետ։
Աղվանք
Կովկասյան Ալբանիա
մ․թ․ա․ 2-րդ դար – 8-րդ դար

Աղվանական խաչ


Բուն Աղվանքը 387 թվականի պարսկա-բյուզանդական բաժանումից առաջ և հետո
Պետական կարգ վասալական թագավորություն,

սատրապություն

Մայրաքաղաք Կապաղակ, Պարտավ
Թագավորանիստ ոստան մայրաքաղաք
Պետության գլուխ Աղվանից արքա
Արքայատոհմ Առանշահիկներ,Մազքթաց Արշակունիներ,
Միհրանյաններ
Լեզու աղվաներեն, պարթևերեն, պահլավերեն (միջին պարսկերեն), գրաբար հայերեն
Կրոն հեթանոսություն, քրիստոնեություն, զրադաշտականություն
Դեպքեր և իրադարձություններ
Պատմական շրջան հին շրջան և վաղ միջնադար
Հասարակարգ Ստրկատիրական հասարակարգ
ֆեոդալական հասարակարգ
Հիմնադրում մ․թ․ա․ 2-րդ դար
Հզորության գագաթնակետ 400-ական թվականներ
Անկում 8-րդ դար
Ժամանակագրական հաջորդականություն


Ներկայիս տարածքում Ադրբեջան Ադրբեջան
Ռուսաստան Ռուսաստան
Վրաստան Վրաստան
Արցախի Հանրապետություն Արցախի Հանրապետություն
Հայաստան Հայաստան
 
Պատմության պորտալ

Աղվանք, Աղվանից թագավորություն կամ Կովկասյան Ալբանիա, հնագույն պետություն Կովկասյան լեռների և Կուր գետի միջև, որը արևմուտքում սահմանակցում էր Մեծ Հայքի թագավորությանը։ Ըստ Անանիա Շիրակացու «Աշխարհացույց»-ի՝ Բուն Աղվանքի տարածքը բաժանված էր 11 գավառների (ներառյալ ոստանիկ գավառ Կապաղակը)։ Աղվանքի տնտեսական, քաղաքական և մշակութային կենտրոնը Ավթարանի հովիտն էր, որտեղ էլ կազմավորվել են աղվանական քաղաքային հնագույն համայնքները, այդ թվում՝ քաղաքամայր-ոստան Կապաղակը։

Հունահռոմեական աշխատություններում պետությունը հայտնի է «Ալբանիա» անվանումով։ Ավելի ուշ շրջանում պայմանականորեն ավելացվել է «Կովկասյան» մակդիրը՝ Բալկանյան թերակղզում գտնվող նույնանուն պետությունից Աղվանքը զանազանելու համար (երկու թագավորությունները ծագումնաբանական և պատմական որևէ առչություններ չունեն)։ Աղվանից թագավորությունը մ․թ․ա․ 1-ին դարի առաջին կեսին կազմավորվում է որպես 26 ցեղերի և ցեղախմբերի միություն՝ վերածվելով վաղ ստրկատիրական պետության։ Մ․թ․ա․ 92 թվականից ի վեր Աղվանքը հանդես է գալիս Մեծ Հայքի քաղաքական ազդեցության ոլորտում։ Մ.թ.ա. 65 թվականին Պոմպեոսը սկսում վիրաաղվանական արշավանքը, որի արդյունքում թագավորությունը ճանաչվում է «հռոմեական ժողովրդի բարեկամ և դաշնակից»։

1-ին դարի երկրորդ կեսին Աղվանքում հաստատվում են Մազքթաց Արշակունիները, որոնք պարսից արքունիքի դրդմամբ քանիցս ասպատակում են Արշակունյաց Հայաստանի սահմանամերձ հողերը։ 370-ական թվականներին Ուռնայր I-ը մկրտվում է որպես քրիստոնյա արքա, իսկ նրա հաջորդներից Եսվաղենը ընդունում է Մեսրոպ Մաշտոցի ստեղծած աղվանական գիրը։ 387 թվականի Հայաստանի առաջին բաժանումից հետո Արցախ և Ուտիք նահանգները Սասանյան Պարսկաստանը միացնում է Աղվանքին՝ ստեղծելով առանձին կուսակալություն։

468 թվականին ստեղծվում է Աղվանից մարզպանությունը։ Արաբական տիրապետության հաստատումից հետո Աղվանքը մտնում է խալիֆայության Արմինիա վարչական միավորի կազմի մեջ։ Արաբական խալիֆայության տիրապետության մնացորդներն էին Պարտավի և Գանձակի ամիրայությունները։

Անվան ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ հունահռոմեական պատմագիտության, ինչպես նաև հայ առաջին մատենագիրների՝ «Աղուանք» եզրույթը ծագում է «Ալվանիա» անվանումից[1][2][3]։ Այն հիմնականում վերաբերվում է Կուրի ձախափնյակում գտնվող Կովկասյան Ալբանիա պետությանը։ Ըստ մասնագետների հետազոտության, «Ալբանիա» երկրանվանումը ի հայտ է եկել համեմատաբար ուշ՝ մ․թ․ա․ 1-ին դարից ոչ շուտ։ Խորհրդային պատմաբան, արևելագետ Կամիլլա Տրևերը իր «Կովկասյան Ալբանիայի պատմության և մշակույթի ուրվագծեր» աշխատությունում անդրադարձել է «Ալբանիա», կամ ինչպես հայկական պատմագրությունում է հայտնի՝ «Աղվանք» պատմաշխարհագրական անվանման ծագումնաբանության հիմնահարցին։ Վերջինս նշել է, որ այդ հարցը, այնուամենայնիվ, ամբողջովին հստակեցված չէ։

Ֆրագմենտ Անկարայի հուշարձանի (Monumentum Ancyranum) պատին առկա Օկտավիանոսի գրության հռոմեական օրինակից, որտեղ հիշատակված է «Ալբանիա» թագավորությունը։ Այս ամենը ուղղակիորեն հավաստում է Հռոմեական կայսրության և Աղվանից թագավորության միջև առկա դիվանագիտական կապերի իրողության մասին։

Ըստ Տրևերի՝ խնդրի ուսումնասիրության առարկան առավել բարդանում է այն հանգամանքով պայմանավորված, որ նույնանման տեղանուններ հայտնի են նաև այլ աշխարհագրական տարածաշրջաններում՝ Բալկանյան թերակղզու արևելքում, Իտալիայում և Բրիտանական կղզիներում։ «Ալբանիա»-ն եղել է Շոտլանդիայի հին կելտական անվանումը։ Վաղ միջնադարում «Առան» է կոչվել և՛ Շոտլանդիայի լեռնային կղզիներից ամենամեծը, և՛ Աղվանքը՝ արաբների կողմից նվաճվելուց հետո։ Հեղինակի կարծիքով, այս տերմինի ստուգաբանական հիմքը լատիներեն «albus» (թարգմանաբար՝ «սպիտակ») բառարմատն է։ Նույն համատեքստում Տրևերը ընդգծել է, որ «Ալբանիա» տեղանվանման ներմուծումը հռոմեացիներին վերագրելը այնքան էլ արդարացված չէ, քանի որ, օբյեկտիվորեն, հռոմեացիները կարող էին միայն նպաստել արդեն իսկ գոյություն ունեցած երկրանվանման լատինականացմանը։

Աղվանքի անվան ծագումնաբանության վերաբերյալ կան երկու այլ վարկածներ ևս։ Առաջինի հեղինակը Աբբասղուլի աղա Բաքիխանովն է, որն իր տեսությունը առաջ է քաշել 19-րդ դարի սկզբին։ Ըստ վերջինիս ենթադրության՝ «Ալբանիա» տերմինը կապված է լատիներեն «albus» («սպիտակ») բառահիմքի հետ՝ «ազատ» իմաստով։ Որպես իր հիպոթեզի հիմնավորում՝ Բաքիխանովը վկայակոչում է Բյուզանդիայի կայսր Կոստանդին Ծիրանածինին, որը «սպիտակ սերբեր» հասկացությունը կիրառում է «ազատ, չհաղթահարված» իմաստով։

Երկրորդ վարկածի հեղինակը վրացի արևելագետ և հայագետ Նիկողայոս Մառն է։ Ըստ վերջինիս տեսության՝ «Ալբանիա» բառը, ինչպես և «Դաղստան»-ը, նշանակում է «լեռների երկիր»։ Հեղինակը որպես հիմնավորում նշում է, որ ինչպես Աղվանքը, այնպես էլ Բալկանյան Ալբանիան և Շոտլանդիան լեռնային երկրներ են։

Որոշ ուսումնասիրողներ հնարավոր են համարում, որ այս երկրանվանումը կարող է կապված լինել իրանական ալանների հետ։ Աղվանքը տարբեր անվանումներով է հանդիպում նաև վրացական, արաբական և պարսկական պատմագիտական հիշատակություններում։ Մասնավորապես, վրացական իրականությունում վերջինս հայտնի է որպես «Ռանի» (վրաց.՝ რანი), արաբերենում՝ «ալ-Ռան» (արաբ․՝ ؛ ويشار‎‎), միջին պարսկերենում (պահլավերեն)` «Արդհան» կամ «Առան»։

Հայկական ծագումնաբանական վարկած[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմահայր Մովսես Խորենացին Աղվանքը քանիցս հիշատակել է իր «Պատմություն Հայոց» աշխատությունում։

Հայկական միջնադարյան պատմագիտական աշխատություններում Կովկասյան լեռների և Կուր գետի միջև ընկած պետությունը, որը հունահռոմեական աշխատություններում հիշատակվում էր «Ալբանիա» անվանումով, մեջբերվում է «Աղվանք» անունով։ Ըստ պատմահայր Մովսես Խորենանցու և Մովսես Կաղանկատվացու՝ հայոց Վաղարշակ թագավորը հաստատել է «արևելյան հյուսիսային կողմի մեծ, անվանի, բազմաբյուր կողմնակալությունը, որի իշխան է կարգել Սյունյաց հարստությունից Առան անունով մի իշխանի»։ Մովսես Կաղանկատվացին իր «Պատմութիւն Աղուանից աշխարհի» քերթվածքում, փաստացիորեն, հավաստում է, որ Աղվանքը հիմնադրվել է հայազգի Առան իշխանի կողմից։ Ըստ սկզբնաղբյուրի՝ սյս Առանից էլ սերվել է Առանշահիկների տոհմը, որի ժառանգությունն էլ դառնում է Արաքսի և Կուրի միջագետքը՝ «Հայկական Աղվանքը»։ Որոշ ուսումնասիրողներ Կաղանկատվացու և Խորենացու գրությունները վերլուծելով առաջ են քաշում այն վարկածը, որ Կովկասյան Ալբանիայի հիմնադիրները եղել է Ալանի (կապված ալանական ցեղերի հետ) անունով իշխանը, որը ենթադրաբար Նոյի կրտսեր որդի Հաբեթի սերունդներից էր։

Այսպիսով, ըստ հայկական վկայությունների՝ երկրամասի անվանումը Առան իշխանի քաղցր բնավորության պատճառով կոչվել է «Աղուանք»[4][5] (գրաբար հայերենով «աղու» նշանակում է հեզ, բարի, լավ, քաղցր, անուշ[6]

428 թվականին պարսից արքունիքը բուն Աղվանք երկիրը միացնելով Մեծ Հայքի Արցախ և Ուտիք նահանգների հետ, ստեղծում են միասնական Աղվանք մարզը[7]։ Սակայն 5-րդ դարի 50-80-ական թվականներին հակապարսկական ապստամբությունների ժամանակ Աղվանք մարզը կազմալուծվում է, իսկ Արցախ-Ուտիքի տարածքում ստեղծվում են փոքրիկ թագավորություններ՝ Առանշահիկ (Առանի տոհմից սերված) Վաչագան Բարեպաշտի գլխավորությամբ։[8]։ Կուրի ձախափնյակում գտնվող բուն Աղվանքի տարածքում ձևավորվում է Մազքթաց, Բաղասական, Լփինք, Թավասպարան և այլ ցեղային միավորումների պետական կազմավորումները։ Արաբական տիրապետության շրջանում վերոհիշյալ ցեղային-պետական միավորներից գոյանում են Շաքիի, Շիրվանի ու Դերբենդի ամիրայությունները։ Հենց արաբական տիրապետության ժամանակահատվածում էլ Կուր գետի ձախափնյակի «Աղվանք» հասկացությունը դուրդ է մղվում գործածությունից։ «Աղվանք» անվանումը սկսում է վերաբերել բացառապես Կուրի աջափնյակին, որն արդեն ոչ մի կապ չուներ բնակչության էթնիկական նկարագրի հետ։ Ըստ երևույթին, հենց այս Աղվանքի մասին է 10-րդ դարում Մովսես Կաղանկատվացին գրում է «Պատմութիւն Աղուանից աշխարհի» աշխատությունը[9][10]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղվանից թագավորության առաջին պատմագիտական հիշատակությունը թվագրվում է մ․թ․ա․ 6-րդ դարին։ Աղվանքի պատմությունը պայմանականորեն կարելի է բաժանել հետևյալ շրջանփուլերի․

Մարական և Աքեմենյան տիրապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն ընդունված վարկածի՝ մ․թ․ա․ 7-րդ կամ 6-րդ դարերում Աղվանքը ընդգրկված է եղել Մարական պետության կազմում։ Ավելի ուշ այն մտել է Աքեմենյան տիրակալության կազմի մեջ՝ դառնալով պարսից տերության հյուսիսային սահմանը։ Այդ կարգավիճակում Աղվանքը երիցս դիմագրավել է լեռնային շրջաններից ներխուժած քոչվորական ցեղերին։ Հայտնի է, որ Բուն Աղվանքը կառավարվել է Մարաստանի աքեմենյան սատրապի կողմից։ Դերբենդում և դրա շրջակայքում գտնվող ամրոցների և քաղաքային դարպասների կառուցումը տեսականորեն վերագրվում է Սասանյան ժամանակաշրջանին։

Հելլենիզմի ժամանակաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղվանից թագավորության մայրաքաղաք Կապաղակի հնագույն դարպասների ավերակները։
Աղվանից թագավորությունը և վերջինիս հարևանային միջավայրը Տիգրան Մեծի ստեղծած Մեծ Հայքի աշխարհակալության տարածքային վայրիվերումների շրջանում։
     Մեծ Հայքի թագավորություն      Վիրք և Աղվանք      Հռոմեական հանրապետություն      Ծոփքի թագավորություն      Պարթևստան

1-ին դարի հին հույն պատմիչ Լուցիոս Փլաբիոս Արիանոսը առաջին անգամ աղվանցիներին հիշատակում է (գուցե ժամանակագրական անհամատեղելիությամբ) Ալեքսանդր Մակեդոնացու արևելյան արշավանքի մաս կազմող Գավգամելայի ճակատամարտի համատեքստում: Ըստ պատմիչի հիշատակության՝ ալբանացիները (աղվանները), մարերը և սակերը կռվում էին Մարաստանի աքեմենյան սատրապ Ատրոպատի հրամանատարության ներքո։ Որպես առանձին թագավորություն Աղվանքը առաջին անգամ հիշատակվում է մ․թ․ա․ 92 թվականին։ Հայտնի է, որ այդ տարում Մեծ Հայքի գահակալ Տիգրան Մեծը հպատակեցնում է Վիրքը և Աղվանքը․ այսպիսով, Աղվանից տերությունը դառնում է Մեծ Հայքից վասալական կախվածություն ունեցող ինքնավար սուբյեկտ։

Այսպիսով, Աղվանքի թագավորությունը որպես պետություն առաջացել է մ․թ․ա․ 2-րդ դարի վերջին կամ 1-ին դարի սկզբին Արևելյան Կովկասում։ Աղվանները հայերի և վրացիների հետ միասին համարվում են Հարավային Կովկասի երեք հնագույն ժողովուրդները։ Քննարկվող ժամանակահատվածում ինչպես Վիրքը (Իբերիայի թագավորություն), այնպես էլ Աղվանքը հայտնվում են Հայաստանի քաղաքական, տնտեսական, ռազմական, կրոնական և մշակութային ազդեցության ներքո։

Հերոդոտոսը, Ստրաբոնը և դասական շրջանի մի շարք այլ պատմիչներ բազմիցս հիշատակել են այս տարածքներում բնակվող կասպերի մասին։ Վերջիններս մ.թ.ա. 2-րդ դարում տարածված էին Կովկասյան լեռնաշղթայից մինչև Կասպից ծովի հարավային ափերը՝ Վրկանից երկիրը (Փայտակարան աշխարհ)։ Ըստ էության, կասպերը Կասպից ծովի հարավային շրջաններում բնակվող աղվանական ցեղերից էին, ինչպիսիք էին օրինակ ամարդիները, անարյակիները (հիշատակված են Անանիա Շիրակացու «Աշխարհացույց»-ում), կադուսիները, վիտիիները և այլք։

Մ․թ․ա․ 2-րդ դարում Արտաշես I Բարեպաշտը Աղվանքից վերադարձնում է Մեծ Հայքի արևելյան մի շարք հողեր, որոնք նախկինում պատկանում էին Երվանդունիներին, սակայն հայկական կենտրոնական իշխանության բացակայության պայմաններում նվաճվել էին աղվանական ցեղերի կողմից։

Նախքան Արտաշես I-ի միավորիչ գործունեությունը, Կուրի աջափնյակը բնակեցված էր բազմաթիվ կովկասյան ցեղերով, որոնք գտնվում էին քաղաքակրթական զարգացման տարբեր աստիճանակարգություններում։ Հին տարեգրությունները վկայակոչում են աղվանական ցեղերի անունները, որոնք քննարկվող ժամանակաշրջանում բնակեցրել են ինչպես Բուն Աղվանքը, այնպես էլ Մեծ Հայքին անջատված Արցախ և Ուտիք նահանգները։ Նրանք էին ուտիները, գարգարացիները, սակասենիացիները, գալիանները, սոդիանացիները, լուպենիացիները և այլք։ Ըստ ամերիկահայ գիտնական-կովկասագետ Ռոբերտ Հյուսենի՝ այդ ցեղերը «անշուշտ հայկական ծագում չունեին», իսկ որոշները նույնիսկ որևէ առնչություն չունեին հնդեվրոպացիների հետ։ Միևնույն ժամանակ ուսումնասիրողը անգամ կասկածի տակ չի դնում այն հանգամանքը, որ Կուրի աջափնյակի բնակչության ճնշող մեծամասնությունը կազմում էր հայկական տարրը։

Հռոմեական կայսրության կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ստրաբոն,Աշխարհագրություն, գիրք XI, գլուխ 3,§2
  2. Պտղոմեոս,V, գիրք XI,11,§3
  3. Փավստոս Բիւզանդ,Պատմութիւն Հայոց, Տփղիս,1914,էջ 314
  4. Մովսես Խորենացի, Պատմություն Հայոց, գիրք Բ, գլուխ Ը.
  5. Մովսես Կաղանկատվացի, Աղուանից պատմություն, Գիրք Ա, գլուխ Դ.
  6. Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, Երևան 1969, հատոր Ա
  7. Բ. Ա. Ուլուբաբյան,Խաչենի իշխանությունը X-XVI դարերում, Եր., 1975,էջ 33
  8. Հայկական Սովետական Մեծ Հանրագիտարան, «Լեռնային Ղարաբաղ»
  9. Բ. Ա. Ուլուբաբյան, Խաչենի իշխանությունը X-XVI դարերում, Եր., 1975, էջ 39
  10. Բ. Ա. Ուլուբաբյան, Հազար տարեկան գիրք, որ նաև հազար հինգ հարյուր տարեկան է, «Գարուն», 1971,11-12,էջ 341