Մասնակից:O'micron/առաջին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայաստանի առաջին հանրապետություն
Հայաստանի Հանրապետութիւն

Դրոշ

Զինանշան

Ըստ գույների տարբերակված են՝ փաստացի վերահսկողության տակ գտնվող տիրույթները (ծիրանագույն), վիճելի տարածքները (դեղին) և Սևրի պայմանագրով Հայաստանին անցած պատմական Հայաստանի հողերը

Պետական օրհներգ՝ «Մեր հայրենիք»

Նշանաբան՝
«Մեկ ազգ, մեկ հայրենիք»
Պետական կարգ Խորհրդարանական (վարչապետական) հանրապետություն
Մայրաքաղաք Երևան
Թագավորանիստ ոստան թագավորական իշխանությունը բացակայում է
Պետության գլուխ Վարչապետ
Արքայատոհմ
Լեզու հայերեն
Կրոն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի
Դեպքեր և իրադարձություններ
Պատմական շրջան Առաջին համաշխարհային պատերազմ
Հասարակարգ Կապիտալիստական հասարակարգ
Հիմնադրում մայիսի 28, 1918
Հզորության գագաթնակետ Վիլսոնյան Հայաստան
  • Ըստ Սևրի պայմանագրի և Վիլսոնի իրավարար վճռի՝ Հայաստանի տարածքը կազմում էր 120 հզր քառ․ կմ
Անկում
Ժամանակագրական հաջորդականություն


Ներկայիս տարածքում Հայաստան Հայաստան
Արցախի Հանրապետություն Արցախի Հանրապետություն
Թուրքիա Թուրքիա
Վրաստան Վրաստան
Ադրբեջան Ադրբեջան
 
Պատմության պորտալ

Հայաստանի առաջին հանրապետություն կամ պարզապես Հայաստանի հանրապետություն (դասական ուղղագրությամբ՝ Հայաստանի Հանրապետութիւն), ինքնիշխան պետություն պատմական Արևելյան Հայաստանի տարածքում, որը ստեղծվել է 1918 թվականի մայիսի 28-ին՝ Անդրկովկասյան սեյմի կազմալուծման արդյունքում։ Հայաստանի առաջին հանրապետությունը ձևավորվում է պատմական բարդ ժամանակաշրջանում՝ երիտթուրքական բնաջնջման ծրագրից խուսափած բազմահազար հայ գաղթականների ներհոսքի, տրանսպորտային ուղիների շրջափակման, միջպետական սահմանների անորոշության հետևանքով առաջացած տարածքային վեճերի (Թուրքիայի, Մուսավաթական Ադրբեջանի և Վրաստանի հետ), թուրք հրոսակների շարունակական ասպատակությունների, ինչպես նաև Բոլշևիկյան Ռուսաստանի նվաճողական քաղաքականության պայմաններում։ Հայաստանի անկախ հանրապետության հիմքերը դրվում են 1918 թվականի մայիսին՝ Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի գոյամարտերում (Մայիսյան հերոսամարտեր) հայերի տարած վճռական հաղթանակներով պայմանավորված։

Չնայած ներքին և արտաքին դժվարություններին՝ կարճ ժամանակահատվածում կազմակերպվում է պետական կառավարման ապարատ, կանոնավոր բանակ, մի շարք պետությունների հետ հաստատվում են դիվանագիտական հարաբերություններ, հետզհետե աշխուժանում է երկրի սոցիալ-տնտեսական և մշակութային կյանքը։

Հայաստանի հանրապետության կառավարության իրականացրած դիվանագիտական միջոցառումների արդյունքում Թուրքիայի ռազմական ճնշումներով պարտադրված Բաթումի պայմանագրի նախատեսած 10 հազար կմ² տարածքը վերաճում է 70 հազարի։ 1920 թվականի օգոստոսի 10-ին Ավետիս Ահարոնյանը Դաշնակցական կառավարության անունից ստորագրում է Սևրի պայմանագիրը, որով փաստացիորեն լուծվում էր Հայկական հարցը՝ միացյալ, դեպի ծով ազատ ելք ունեցող Հայաստանի ստեղծմամբ։ Հայկական պետության սահմանները (170 հազար կմ²) պետք է որոշվեր ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի համաձայն, սակայն իրադարձությունների հետագա զարգացումը, մասնավորապես՝ Թուրքիայի անկախության պատերազմի ելքը անհնարին է դարձնում այս ամենի իրագործումը։

Հայաստանի հանրապետությունը գոյատևում է մինչև 1920 թվականի դեկտեմբերի 2-ը․ այդ օրը Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտեն հայտարարում է Հայաստանում ՀՅԴ կառավարության անիշխան կարգավիճակի մասին։ Հայկական ազգային պետականության կորսման պատճառը Հայաստանի դեմ ուղղված ռուս-թուրքական համատեղ ագրեսիան էր, որը իրագործվել էր Թուրքիայում և Ռուսաստանում հաստատված անօրինական իշխանությունների կողմից։ Խորհրդայնացումից հետո Հայաստանը ունենում է լուրջ տարածքային կորուստներ հօգուտ Թուրքիայի և Ադրբեջանական ԽՍՀ-ի։ Հընթացս Սյունիքում հիմնադրվում է Լեռնահայաստանի հանրապետությունը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկական աշխարհազորայինները 1918 թվականին՝ պատերազմական գործողությունների մեկնարկից առաջ։

Հայաստանի առաջին հանրապետությունը ձևավորվում է պատմական բարդ ժամանակահատվածում։ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում իշխող երիտթուրքերը օգտվելով Առաջին համաշխարհային պատերազմի առաջ քաշած քաոսային խառնաշփոթից՝ իրագործում են Հայոց ցեղասպանությունը, որի արդյունքում Արևմտյան Հայաստանի բնակչության մեծագույն մասը սպանվում, տարագրվում և գաղթում է։ Արևելյան Հայաստանում սկսվում է գաղթականներին մեծ հոսք, որը ուղեկցվում է աշխարհամարտի կովկասյան ճակատում ծավալվող ռազմական բուռն իրադարձություններով։ Ռուս-հայկական համատեղ գործողությունների արդյունքում թուրքերը կորցնում են Տրապիզոնը, Բիթլիսը, Մուշը և Վանը․ Արևմտյան Հայաստանի կարևորագույն օբյեկտները հայտնվում են կայսերական Ռուսաստանի ռազմական ազդեցության ոլորտում, սակայն 1917 թվականին տեղի ունեցած սոցիալիստական հեղափոխությունից հետո հայերը ռազմաճակատում մնում են միայնակ և ստիպված են լինում նախաձեռնությունը զիջել թուրքերին։ Բանակցային փուլում Ռուսաստանի Բրեստլիտովսկյան պարտվողական կեցվածքը էլ ավելի է բարդացնում հայ ժողովրդի աշխարհաքաղաքական դրությունը՝ երաշխավորելով թուրքերի առաջխաղացումը Արևելյան Հայաստանի ուղղությամբ։

Քննարկվող ժամանակահատվածում Անդրկովկասը հրաժարվում է ճանաչել Ռուսաստանում ձևավորված նոր իշխանություններին։ Ի վերջո՝ 1918 թվականի փետրվարի 10-ին քաղաքական լուրջ ճգնաժամի պայմաններում՝ թուրքական ագրեսիայի վտանգի ներքո, ստեղծվում է Անդրկովկասի սեյմը։ Թուրքիան դառնում է առաջին պետությունը, որը ճանաչում է Անդրկովկասում ստեղծված ինքնիշխանությունը՝ բանակցություններ սկսելով վերջինիս հետ։ Բանակցությունները ի սկզբանե ընթանում են Տրապիզոնում, ապա՝ Բաթումում։ Փորձելով ապահովել սեփական պայմանագրային պահանջների ընդունումը՝ Քյազըմ Կարաբեքիրի գլխավորած թուրք հրոսակային բանակը վերսկսում է անօրինական ինտերվացիան։ Այնուամենայնիվ, մայիսի վերջերին հայերը վճռական հաղթանակներ են տանում հաջորդաբար Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի ճակատամարտերում, որն էլ ապահովում է առժամանակ կայունություն ու կենսական հիմքեր ստեղծում ազգային պետականության ստեղծման համար։

Անդրկովկասյան սեյմի փլուզում և Հայաստանի անկախացում[խմբագրել | խմբագրել կոդը]

1918 թվականի մայիսին Բաթում նավահանգստային քաղաքում նոր բանակցություններ (դրանք ընդհատվել էին Տրապիզոնում) են սկսվում Թուրքիայի և անկախ Անդրկովկասյան հանրապետության միջև, որոնք ընթանում են Թուրքիայի ռազմական ագրեսիայի վտանգի պայմաններում։ Օգտվելով անկախ Անդրկովկասի սոցիալ-քաղաքական և ռազմական ոչ բարվոք իրավիճակից և չբավարարվելով Բրեստ-Լիտովսկի հաշտությամբ տրված արտոնություններից՝ ներկայացնում է նոր պահանջներ։ Բանակցությունների ընթացքում վերստին դրսևորվում են անդրկովկասյան պատվիրակության անդամների միջև եղած տարաձայնությունները. վրաց մենշևիկները, կողմնորոշվելով դեպի Գերմանիան, մղված էին հռչակել Վրաստանի անկախությունը, մուսավաթականները շահագրգռված էին թուրքական զորքերի Անդրկովկաս, հատկապես՝ Բաքու մտնելով, դաշնակցականները փորձում էին ստանալ Գերմանիայի աջակցությունը՝ խոչընդոտելու համար թուրքական ագրեսիան, ինչպես նաև հայկական տարածքների զավթումը։ Այս տարաձայնություններն ավելի էր խորացնում Թուրքիան՝ առանձին բանակցությունների մեջ մտնելով սեյմի պատվիրակությունը կազմող Վրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների հետ։ Վերսկսելով ռազմական ինտերվացիան՝ թուրքական զորքերը մայիսի 16-ին ապօրինաբար զբաղեցնում են Ալեքսանդրապոլը և շարժվում Երևանի ուղղությամբ։

Այդ ճանապարհին գրավելով Բաթումը և Օզուրգեթի շրջանը՝ թուրքերը անմիջականորեն սկսում են հարել նաև Թիֆլիսի մատույցներին՝ էական վտանգ սպառնալով վրացական ազգային շահերի համար։ Այսօրինակ պայմաններում Անդրկովկասյան սեյմը հայտարարում է զորահավաք, բայց ի վիճակի չէր զինելու և հանդերձավորելու զորքը։ Հայ և վրացի ազգային խորհուրդները երկրամասի պաշտպանության համար եռանդուն սկսում են աշխատել ազգային զորքերի զինման և մարտունակության բարձրացման ուղղությամբ։ Անդրկովկասյան սեյմը չի կարողանում օգտագործել այդ հայրենասիրական պոռթկումը և տեղծված իրապայմաններում՝ նույն տարվա մայիսի 26-ին, Անդրկովկասյան սեյմը հայտարարում է ինքնացրման մասին։ Այն գործնականում արտահայտվում է նույն օրը Վրաստանի ժողովրդավարական հանրապետության անկախության հռչակմամբ։ Մայիսի 27-ին՝ վկայակոչելով Ադրբեջանի ազգային ազգային խորհրդի որոշումը, հռչակում է իր անկախությունը․ արդյունքում՝ անխուսափելի է դառնում անկախ հայկական պետության ստեղծումը։