Մասնակից:O'micron/Հին Հունաստան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հին Հունաստանը կազմված էր հարյուրավոր անկախ և կիսանկախ քաղաք-պետություններից, որոնք այստեղ կոչվում էին պոլիսներ։ Ի տարբերություն այդ ժամանակաշրջանի այլ տոհմատիրական պետությունների՝ հունական պոլիսներն իրենց վերահսկողության տակ ունեին չափազանց փոքրաթիվ տարածք։ Արևմտյան քաղաքակրթության բնօրրան հանդիսացող Հին Հունաստանի բնիկները՝ հին հույները, լավ տեղեկացված էին իրենց ցեղային ծագումնաբանության մասին։ Նրանք աներկբա վստահություն էին տածում առ այն, որ պոլիսների բոլոր բնակիչներն ունեին մեկ ազգային պատկանելություն, խոսում են միևնույն լեզվով, դավանում են ընդհանրական կրոն և առհասարակ՝ միևնույն մշակույթի կրողն են։ Չնայած այս ամենին՝ ցանկացած պոլիսի բնակիչ կուրորեն հավատարիմ էր իր հայրենի քաղաք-պետությանը և անհրաժեշտության դեպքում պատրաստ էր կռվի դուրս գալ այլ պոլիսում բնակվող իր հայրենակցի հետ։ Պոլիսներն ունեին հզոր արտաքին պաշտպանություն և հազվադեպ էին հանդես գալիս դաշինքներ կազմած։ Հին Հունաստանի պատմության մեջ նման նախադեպեր նկատվել է գրեթե միայն արտաքին թշնամու դեմ պայքարի ժամանակ։ Սակայն, այդ պարագայում ևս ամեն ինչ միանշանակ չէր, քանզի անգամ պարսից ներխուժման և հույն-պարսկական պատերազմների ժամանակ որոշ քաղաք-պետություններ նախընտրում էին հավատարիմ մնալ իրենց սկզբունքներին՝ պահպանելով չեզոքություն։ Հունաստանի պաշտպանության ժամանակ մարտնչող պոլիսների զորքերը միասնաբար կռվում էին մեկ դրոշի ներքո, իսկ պատերազմի ավարտից հետո վերադառնում իրենց նախնական հարաբերություններին։

Այպիսով, հին հունական քաղաքական համակարգի գլխավոր առանձնահատկությունը ապակենտրոն մասնատված բնույն էր։ Հին շրջանում բազմաթիվ ծովագնացներ նավարկում էին հարակից ծովային ավազաններով և ափամերձ տարածքներում հիմնադրում քաղաքներ։ Հին հունական քաղաքական համակարգին բնորոշ էր նաև բևեռացվածությունը։ Հաճախ միևնույն գաղափարախոսությունը կրող փոքր պոլիսները միավորվում էին ավելի հզոր քաղաք-պետությունների շուրջ՝ պաշտպանական և այլ երաշխիքներ ձեռք բերելու նպատակով։ Քաղաքական բևեռացվածությունը ենթադրում էր բաժանված աշխարհի վերաբաժանում, որն էլ ուղեկցվում էր համատեղ պատերազմներով և ռազմական բախումներով։ Հենց այս իրավիճակի հենքի վրա էլ ի հայտ են գալիս լիգաներ, որոնք դասական ժամանակաշրջանի մայրամուտին դառնում են հին հունական քաղաքականության կարևորագույն տարրերը։ Ավելի ուշ ժամանակներում հունական աշխարհում սկսում են գերակշռել մի քանի քաղաք-պետություններ՝ ի դեմս Աթենքի, Սպարտայի և Թեբեի։

Քաղաքացիության ինստիտուտն առաջին անգամ ձևավորվել է Հին Հունաստանում, մասնավորապես՝ Աթենքում։