Մասնակից:Lida Ghapantsyan/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արագածոտնի մարզային գրադարան
ԵրկիրՀայաստան Հայաստան
Տեսակմարզային գրադարան
Գործունեության ոլորտգրադարանային գործ
Հիմնվել է1922 թվական
ՀասցեՍիսակյան 2/10, Աշտարակ, Արագածոտնի մարզ
Այլ տվյալներ
Կայքaragatsotn.reglib.am

Արագածոտնի մարզային գրադարան, Արագածոտնի մարզի ամենամեծ գրականության պահոցն ունեցող գրադարանը: Հիմնադրվել է 1922 թվականին։ Գտնվում է Աշտարակ քաղաքի Սիսակյան 2/10 հասցեում։

Գրադարանի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1918 թվականից Հայաստանում սկսում են ստեղծվել հանրային գրադարանի նախատիպը հանդիսացող խրճիթ-ընթերցարաններ: Աշտարակում խրճիթ-ընթերցարանը կազմավորվում է 1922 թվականին: Սկզբնական շրջանում ընթերցարանի հավաքածուն կազմվում է անվանի մտավորականներ` Գրիգոր Ղափանցյանի, Երվանդ Շահազիզի, Սիմոն Թումանյանի և այլոց  անձնական գրադարաններից՝ նվիրատվությունների միջոցով: 1923 թվականին այն արդեն ուներ 1050 կտոր գիրք[1]:

1927-1928 թվականին խրճիթ-ընթերցարանի վարիչ է աշխատել ծնունդով աշտարակցի, տիեզերական կենսաբանության հիմնադիր, ակադեմիկոս Նորայր Սիսակյանը: Նրա շնորհիվ է դրվել գրադարանային գործի հիմքերը` ֆոնդերի դասակարգումը, հանրությանը տեղեկատվությամբ ապահովելը:

Խրճիթավարների աշխատանքի շնորհիվ Աշտարակում 1928-1930 թվականներին գրեթե հաղթահարվում է անգրագիտությունը:

1930 թվականին ավարտվում է խրճիթ-ընթերցարանի  գործնեությունը` հիմք դառնալով շրջանային գրադարանի ձևավորմանը:

1930 թվականից ընթերցարանի հիմքի վրա ստեղծվում է Աշտարակի շրջանային գրադարանը, որն իր գոյության ժամանակահատվածում առավել արդյունավետ է դարձնում գրադարանային աշխատանքը` օգտագործելով պրոպագանդայի գրավոր ու բանավոր ձևերը, կոնֆերանսներ, տեսություններ, զրույցներ, վահանակներ: Լինելով տեղեկատվական կենտրոն` գրքերի հետ պարբերաբար համալրվել է նաև օրվա  մամուլը, ընդլայնվել են կապերը ուսումնական հաստատությունների հետ:

1941-1945 թվականների Մեծ հայրենականի տարիներին գրադարանը վերակառուցվում է, դառնալով կազմակերպչական աշխատանքի կենտրոն: Գրադարանավարները աշխատում են ապահովել թիկունք-ռազմաճակատ նամակագրական կապը: Պատերազմի ավարտից հետո  գրադարանի աշխատողները  զբաղվում են մարտադաշտում ընկած, անհայտ կորած  զինվորների կենսագրակական տվյալների հավաքագրմամբ, ստեղծում  Մեծ հայրենականին մասնակցած մարտիկների լուսանկարներով վահանակներ:

Հետպատերազմյան տարիներին Աշտարակի շրջանային գրադարանը համալրվում է  անհրաժեշտ գրականությամբ ու մամուլով, ստեղծվում են գրացուցակներ, գրքերը դասավորվում են տասնորդական  դասակարգման աղյուսակով, գրականությունը  դասավորվում է ըստ  բաժինների: Ընթերցողների սպասարկումը կազմակերպվում է ըստ տարիքային խմբերի:

Շրջանային գրադարանը գործունեության տարիներին աչքի է ընկել հետաքրքիր  միջոցառումներով շրջանի և  հանրապետության ճանաչված մտավորականների մասնակցությամբ: Գրադարանն իր աշխատանքների համար 1948 թվականին պարգևատրվել է ՀԽՍՀ ‹‹Լավագույն գրադարան›› դիպլոմով և մի շարք պատվոգրերով: 

Շրջանային գրադարանը գործել է մինչև 1977 թվականը:

Շրջանային գրադարանի հիմքի վրա 1977 թվականին ձևավորվում է կառուցվածքային նոր միավոր` գրադարանների կենտրոնացված համակարգ (ԳԿՀ):

ԳԿՀ-ն կազմված էր կենտրոնական, քաղաքային և 26 գյուղական մասնաճյուղ-գրադարաններից` կենտրոնացնելով գրադարանային գործը շրջանում: ԳԿՀ-ն հաշվառում է շրջանի բոլոր գրադարանների գրքային ֆոնդը, ստեղծում ֆոնդերի համընդհանուր համահավաք և հաշվառման գրանցային գրացուցակներ: Կենտրոնական գրադարանի կառուցվածքում ձևավորվում են բաժիններ, որոնք կազմակերպում են գրադարանային գործը գրքի մուտքից մինչև սպասարկում  թե՛ կենտրոնում, թե՛ մասնաճյուղերում: Կենտրոնական գրադարանում նոր ստացված գրքերը մշակվում են, քարտագրվում և ուղեկցող փաստաթղթերով, գրացուցակային քարտերով բաշխվում  գյուղական գրադարաններին:

Առաջին անգամ ընդհանուր գրքային ֆոնդից առանձնացվում է մանկական գրականությունը և ձևավորվում է մանկական բաժինը, որն էլ գործում է մինչև օրս:

Գրադարանային գործի կազմակերպման առումով ԳԿՀ-ն որակապես նոր փուլ էր, անցումային այդ դժվար ժամանակահատվածում գրքային ֆոնդը անկորուստ ու անվնաս պահպանվել է գրադարանի աշխատակիցների շնորհիվ: Այդ տարիներին բարելավել և ընդայնվել է գրադարանի աշխատանքների ծավալը:

Գրադարանի գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1997թ. հուլիսի 1-ից ԳԿՀ-ի կենտրոնական գրադարանի հիմքի վրա ստեղծվում է Արագածոտնի մարզային գրադարանը և նույն թվականի սեպտեմբերի 17-ին անվանակոչվում մեծանուն աշտարակցի, անվանի գրող, Վարդգես Պետրոսյանի անունով:

Վ.Պետրոսյանի անվան Արագածոտնի մարզային գրադարանը ապահովում է մարզի բնակչության գրադարանային, տեղեկատվական մատչելիությունը, իրականացնում է գրադարանային, մշակութային, կրթական ծրագրեր, իր գործառույթներով նպաստում գրքի հանրահռչակմանն ու ընթերցանության աճին:

Իր գործունեության տարիների  ընթացքում Արագածոտնի մարզային գրադարանը ունեցել  է ստեղծագործական ձեռքբերումներ, լույս է ընծայել ‹‹Գրքի տաճարի սպասավորները›› (2005թ.) և ‹‹Օհանավան››(2007թ.) գրքերը, ինչպես նաև Արագածոտն մարզի համայնքների պատմությանը նվիրված  ‹‹Արագածոտնի շեները››  խորագրով մատենաշարի թերթոններ: Գրադարանը գործնական մասնակցություն է ունեցել Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց դպրատան գրադարանի  ստեղծման  աշխատանքներին:  

2010թ.-ին գրադարանի աշխատակիցների ջանքերով իրականացվել է Մեծ հայրենականին և Արցախյան հերոսամարտին նվիրված    փաստագրական նյութերի ու ցուցանմուշների հավաքագրման, ձևավորման աշխատանքներ, որոնց շնորհիվ Աշտարակում  ստեղծվել է ‹‹Փառքի սրահ›› թանգարան:

Արագածոտնի մարզային գրադարանը հիմնական  կառուցվածքային փոփոխություններ չի կրել, բայց բաժինների աշխատանքները վերակառուցվել են նոր պահանջներին համապատասխան: 2011 թվականին գրադարանը  հիմնանորոգվել է, համալրվել  ժամանակակից տեխսարքավորումներով:

Արագածոտնի մարզային գրադարանը համագործակցում է մարզային ու քաղաքային կառույցների, Հայաստանի  Ազգային գրադարանի, Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանի,  Հայկական գրադարանային ասոցիացիայի, ԱՄՆ դեսպանության տեղեկատվական ռեսուսների կենտրոնի,  կրթական, մշակութային հաստատությունների, Աշտարակի քաղաքացիական երիտասարդական կենտրոնի,  միջազգային բարեգործական, նաև հասարակական կազմակերպությունների,   ժամանակակից գրողների, մշակութային գործիչների, հրատարակչությունների և  գրավաճառ կազմակերպությունների   հետ:

Արագածոտնի մարզային գրադարանի  գրքային հավաքածուն համալրվում է նոր հրատարակություններով, ժամանակակից հեղինակների ստեղծագործություններով, ընթերցողների կողմից պահանջված ուսումնական, ծրագրային և գեղարվեստական գրականությամբ:  Գրադարանային ծառայությունների նորովի մատուցման համար, բացի գրքային հարուստ հավաքածուից,  ընթերցողներին հնարավորություն է ընձեռված օգտվելու տեղեկատվություն պարունակող բոլոր էլեկտրոնային կրիչներից,  գիտական շտեմարաններից: 

Արագածոտնի մարզային և համայնքային գրադարանի գրադարանավարները մշտապես մասնակցում են Հայաստանի  ազգային գրադարանի կողմից կազմակերպած «Վարպետաց դասեր» ուսուցողական կատարելագործման դասընթացներին:

Արագածոտնի մարզային գրադարանի ամբողջ գրքային հավաքածուն ընդգրկված է Հայաստանի գրադարանների համահավաք էլեկտրոնային գրացուցակում:

Գրադարանը մասնակցում է Հայաստանի ազգային գրադարանի կողմից իրականացվող հայ պարբերական մամուլի սկանավորված էջերի մշակման աշխատանքներին:

Պարբերաբար համալրվում է Արագածոտնի մարզային գրադարանի հոբելյանական, թեմատիկ, «Արագածոտնի մարզը` գրքերում և մամուլում» խորագրով երկրագիտական, մատենագիտական քարտարանները: 

Գրադարանի ծրագրերի, միջոցառումների լուսաբանումը հանրայնացվում է Facebook-յան էջով, գրադարանի պաշտոնական կայք էջով aragatsotn.reglib.am, և Youtube-յան  էջով, ինչպես նաև տեղական լրատվամիջոցներով: Գրադարանի սոցիալական կայք էջում  տեղադրվում են հայտարարություններ, նորություններ, միջոցառումների հրավերներ և լուսանկարներ,  տեսաշարեր, նվիրված պետական և ազգային տոներին, նաև հանրությանը իրազերկում նոր համալրված գրականության մասին, ինչպես նաև ներկայացվում հիշարժան տարեթվերի օրացույցը, թարմացված յուրաքանչյուր ամսվա կտրվածքով:

Մարզային գրադարանը հանրության տարբեր տարիքային խմբերի համար իրականացնում է կրթական, մշակութային ծրագրեր, առանձնահատուկ ուշադրություն դարձնելով երիտասարդներին ու դպրոցականներին: Գրադարանը պարբերաբար հանդես է գալիս նոր ու հետաքրքիր նախաձեռություններով, որի նպատակն է ընթերցանության խրախուսումը, նոր ընթերցողների ներգրավումը ընթերցանության ոլորտ, ինչպես նաև ամրապնդում գրադարան-կրթական հաստատություն-հանրություն կապը:

Կազմակերպվում է այցելություն գրադարան ինչպես Աշտարակի, այնպես էլ  համայնքի դպրոցների աշակերտների, մանկապարտեզների, նախակրթարանների սաների  համար:  Գրադարանում գործում է «Գրքատուն» ակումբը, որը իր շուրջն է հավաքում գիրքը սիրող ու գնահատող երիտասարդներին:

Գրադարանում կրտսեր տարիքի ընթերցողների համար գործում է «Հեքիաթի սենյակ»-ը:                                                                        

Արագածոտնի մարզային գրադարանը ապահովում է համայնքային գրադարանների տեղեկատվական խորհրդատվությունը, նպաստելով գրադարանային գործի նորովի կազմակերպմանը:

Այսօր արդեն մոտ մեկդարյա պատմություն ունեցող Արագածոտնի մարզային գրադարանը պահպանում և շարունակում է զարգացնել տարիներով ձևավորված ավանդույթները` կարևորելով նոր տեխնալոգիաների օգտագործումը ավանդական սպասարկման գործում:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գրիգորյան, Գասպար (2005). Գրքի տաճարի սպասավորները. Երևան: Լուսակն. էջ 7.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]