Մասնակից:Blkvzgo/Սևագրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Այբ» կրթական հիմնադրամը Հայաստանում տեղակայված հասարակական կազմակերպություն է, որը իրականացնում է մի շարք ծրագրեր հանրակրթության ոլորտում: Հիմնադրամի ծրագրերից են ժամանակակից լաբորատորիաների նախագծումն ու տեղադրումը, առարկայական խորացված դասընթացների կազմակերպումը, դպրոցական մրցույթների կազմակերպումը և այլն: 2011 թվականի աշնանը իր դռները բացեց «Այբ» ավագ դպրոցը, որը հիմնադրամի խոշորագույն նախագծի՝ «Այբ կրթական հանգույցի» բաղկացուցիչ մասն է:

Առաքելություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Այբ» կրթական հիմնադրամը իր առաջնահերթ խնդիրն է համարում «ստեղծել բարձրորակ կրթական միջավայրեր, որոնք կլինեն օրինակելի և իրենց ետևից կձգեն ողջ համակարգը»:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Այբ»-ի ստեղծման մասին որոշումը կայացվել է 2006 թվականի փետրվարին, երբ նախաձեռնող խումբը հավաքվեց Մոսկվայում: Այնուհետև մայիսին Հայաստանի դպրոցներում անցկացվեց իրագործելիության ուսումնասիրություն, որի նպատակն էր գնահատել կրթական ոլորտում առկա իրավիճակը: Նույն տարվա նոյեմբերին ձևավորվեցին անգլերեն լեզվի, ֆիզիկայի և քիմիայի առարկայական խմբերը, և մեկ ամիս անց մրցույթի արդյունքում ընտրված ութ աշակերտները սկսեցին խորացված պարապմունքները: Այսպիսով մեկնարկեց «Առարկայական խորացված դասընթացներ» ծրագիրը: 2006-ի դեկտեմբերին «Այբ»-ը պաշտոնապես հիմնադրվեց:

2007-ի մայիսին Երևանի պետական համալսարանին առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում հիմնվեց առաջին ֆիզիկայի լաբորատորիան՝ սկիզբ դնելով ԱյբԼաբ ծրագրին: Սեպտեմբերին ԱՄՆ-ի Մասսաչուսեթս նահանգի MIT համալսարանում տեղի ունեցավ հանդիպում MIT-ի մասնագետների և «Այբ»-ի ներկայացուցիչների միջև, որի ընթացքում քննարկվեցին «Այբ կրթական հանգույցի» հնարավոր ճարտարապետական լուծումների մի շարք առաջարկներ: Հոկտեմբերին MIT OpenCourseWare ծրագրի հայելային սերվեր ստեղծվեց և միացվեց Երևանի պետական համալսարանի ներքին ցանցին՝ հնարավորություն տալով օգտվել ծրագրի ռեսուրսներից նույնիսկ Ինտերնետի բացակայության դեպքում:

2008-ի մայիսին «Այբ»-ի կողմից անցկացվեց առաջին փորձնական «Կենգուրու» մաթեմատիկական մրցույթը: Այնուհետև հոկտեմբերին Հայաստանը պաշտոնապես ընգրկվեց «Kangourou Sans Frontières» ասոցիացիայի անդամների շարքում, և «Այբ»-ին իրավունք տրվեց կազմակերպել և անցկացնել «Կենգուրու» միջազգային մրցույթը Հայաստանում:

2009-ի օգոստոսին «Այբ»-ը Հայաստանի դպրոցների քիմիայի ուսուցիչների համար կազմակերպեց վարպետության դասերի շարք, որը վարում էր նախկինում քիմիայի դպրոցականների համամիութենական օլիմպիադաների ժյուրիի և մեթոդաբանական հանձնաժողովի անդամ Վադիմ Կիսինը: Հոկտեմբերին «Այբ 2009» թիմը մեկնեց Ուկրաինա՝ մասնակցելու «Պատանի քիմիկոսների մրցաշարին»: 2010 թվականի հոկտեմբերի 2-ին «Այբ»-ը անցկացրեց առաջին «Պատանի քիմիկոսների համահայկական մրցաշարը», որին մասնակցեց 7 թիմ Հայաստանի 6 քաղաքներից: 2010 թվականի նոյեմբերի 11-ին «Այբ» հիմնադրամը առաջին անգամ Հայաստանում անցկացրեց «Ռուսական արջուկ. լեզվաբանություն բոլորի համար» մրցույթը՝ համագործակցելով Ռուսաստանի Դաշնության դեսպանությանն առընթեր «Ռոսսոտրուդնիչեստվո» ներկայացուցչության հետ:

2010-ի հունվարի կառավարության որոշմամբ հիմնադրամին հատկացվեց 6,5 հա հողատարածք՝ Երևանի Թբիլիսյան խճուղու հարևանությամբ, որտեղ պետք է կառուցվեր «Այբ կրթական ավանը: Հունիսին հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հաստատեց «Այբ» ավագ դպրոցի ծրագիրը, և նոյեմբերին սկսեցին շինարարական աշխատանքները:

2010-ի օգոստոսին աշխարհի մի շարք հեղինակավոր տպագրատներիհրապարակած շուրջ 300 դասագրքեր բերվեցին Հայաստան, որոնցից հինգը սկսեցին թարգմանվել հայերեն: Թարգմանիչների համար թարգմանչական արվեստի դասընթաց կազմակերպվեց, որոնք վարում էր Երևանի պետական համալսարանի դասախոս, թարգմանիչ և խմբագիր Մերուժան Հարությունյանը: 2011-ի հունվարին մեկնարկեցին Հայսշաստանի ամերիկյան համալսարանի հետ համատեղ կազմակերպված անգլերենի դասընթացները, որոնք նախատեսված էին «Այբ» ավագ դպրոց ընդունվել ցանկացողների համար: Սեպտեմբերին դպրոցում սկսեցին դասերը, իսկ հոկտեմբերին դրանք տեղափոխվեցին «Այբ« ավագ դպրոցի առաջին կառուցված մասնաշենքը:

2012 թվականի փետրվարին հայտարարվեց ճարտարապետական մրցույթ՝ «Այբ» կրթական ավանի տարածքում կառուցվելիք Սրբոց Թարգմանչաց եկեղեցու հայեցակարգի համար: