Մասնակից:Arpine Yeganyan/Անդերայթինգը ապահովագրությունում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

ԱՆԴԵՐԱՅԹԻՆԳ

Անդերայթինգը ապահովագրողի հիմնական գործառույթներից է, որի նպատակը առաջարկվող ռիսկերը ապահովագրական եղանակով կառավարման ստանձնելն է: Ապահովագրական անդերայթինգի գործընթացը հանդիսանում է ապահովագրական ընկերության  գործունեության առավել հատուկ գործընթաց: Այս գործընթացի արդյունավետ  կազմակերպումը  պահանջում է մասնագիտական գիտելիքներ և փորձ:

Ապահովագրության ողջ  գործընթացը կարելի է  ներկայացնել` կազմված հետևյալ  բիզնես-գործընթացներից` մարկետինգ, ապահովագրական ծառայությունների մշակում, վաճառք, պայմանագրերի մոնիթորինգ, ծախսերի կարգավորում:  Գործնականում այդ գործընթացները խառնվում են, կրկնվում:

Լայն իմաստով ապահովագրական անդերայթինգի մեջ ներառված են հետևյալ գործառնությունները`[1]

1. Ռիսկերի վերլուծություն, որի մեջ իր հերթին մտնում են`

· Ապահովագրության օբյեկտի և նրան հատուկ ռիսկի մասին տեղեկատվության հավաքագրումը և ուսումնասիրությունը,

· Ռիսկերի դասակարգումը և սելեկցիան,

· Ռիսկերի գնահատումը;

2.      Ընտրված ռիսկերի ապահովագրության մասին որոշման ընդունում կամ ապահովագրությունից հրաժարում

3.      Համապատասխան ապահովագրական սակագնի որոշում` ըստ օբյեկտի և ապահովագրվող ռիսկերի,

4.      Ապահովագրական գումարի համաձայնեցում և ապահովագրավճարի հաշվարկ,

5.      Ապահովագրական ծածկույթի պայմանների որոշում,

6.      Ապահովագրական պայմանագրի կնքում,

7.      Ռիսկերի նվազեցմանն ուղղված միջոցառումների մշակում,

8.      Ապահովագրված օբյեկտի վիճակի, ռիսկերի զարգացմանը խոչընդոտող և նպաստող  գործոնների վերահսկողություն, և ռիսկերի նվազեցմանն ուղված միջոցառումների իրականացում:

Անդերայթինգը կյանքի ապահովագրությունում

Կյանքի ապահովագրության ոլորտում անդերայթինգի հիմնական խնդիրը այն մարդկանց ընտրությունն է, որոնց առավել բնորոշ է կյանքի լրակեցության օրինաչափ կամ միջին տևողությունը: Անդերայթերը հանդիսանում է փորձառու մասնագետ, որը քաջատեղյակ է ռիսկի բոլոր դրսևորումներին: Որպես կանոն, անդերայթերը դիմորդներին գնահատում է ըստ առանձին գործոնների` դրանց համար սահմանված միավորների սանդղակով: Գնահատումը, որպես կանոն, իրականացվում է համակարգչային ծրագրերի օգնությամբ: [2]

Կյանքի ապահովագրությունում` ապահովագրական գումարի մեծության որոշակի շեմից կախված, մասնավորապես, ԱՄՆ-ում 100 000, Բենինում 3000 ԱՄՆ դոլարի դեպքում, ապահովագրության իրականացումը պահանջում է առողջական վիճակի համալիր հետազոտություններ, ներառյալ արյան և այլ անալիզների անցկացում: Կյանքի ապահովագրությունում ապահովագրական գումարի բացարձակ մեծության սահմանափակում չի կարող լինել, քանի որ յուրաքանչյուր մարդու կյանքը անգնահատելի է, անկախ նրանից, թե ով է այդ մարդը` հաջողակ բիզնեսմեն, հայտնի քաղաքական գործիչ, թե շարքային աշխատող:[3] Կյանքի ապահովագրության դեպքում սահմանվում է վճարը և ոչ թե արժեքը: Սակայն, որպես կանոն, կյանքի ապահովագրությունում ապահովագրական գումարը պետք է խելամիտ լինի և համապատասխանի հաճախորդի (ապահովադրի) կարողություններին և վիճակին: Հաճախորդի կամ ապահովադրի կողմից ապահովագրական գումարի մեծ հայտը հանդիսանում է կարևոր և լուրջ նախազգուշացնող ահազանգ այն բանի վերաբերյալ, որ հաճախորդն ունի լուրջ խնդիրներ, որոնք թաքցվում են: Այս դեպքում ապահովագրողի ենթադրություններն են` դիմող անձը կարող է շուտով մահանալ կամ մարդու մահը կյանքից թանկ է: Ապահովագրողները, որպես կանոն, ապահովադրի կարողություններին և վիճակին համապատասխան խելամիտ են համարում այն պահանջը, երբ ապահովադրի ապահովագրական գումարի առավելագույն մեծությունը չի  գերազանցում նրա տարեկան եկամտի տասնապատիկը:[4]

Վերջին 15 տարիներին ապահովագրության պրակտիկայում որոշակի փոփոխություններ առաջացրեց ՁԻԱՀ-ի ի հայտ գալը: ՁԻԱՀ-ի վարակակիրների կողմից հակասելեկցիային դիմակայումը հանդիսանում է հատկապես բարդ խնդիր այն երկրներում, որտեղ այդ հիվանդությունը բավականաչափ տարածված է: Անդերայթերները պահանջում են ՁԻԱՀ վարակիչի ախտորոշում: Որոշ դեպքերում ապահովագրողները բացառում են հատուցումները, եթե ապահովագրական պատահարի պատճառը ՁԻԱՀ-ի վարակիչն է: ՁԻԱՀ-ի հետևանքով առաջացած նորամուծություններից է այն, որ ապահովագրողները որոշ դեպքերում այն անձի, որի մահը անխուսափելի է ՁԻԱՀ-ից, մահից հետո հասանելիք հատուցումը կամ վճարը կատարում են դեռևս նրա կյանքի ընթացքում, որոշակի զեղչով, որպեսզի անձը կարողանա վճարել վերջին տարվա բուժօգնության ծախսերը: Դրան զուգահեռ խաբեություններ են իրականացվում ապահովագրողների կողմից, մասնավորապես, նրանք վճարում են ապահովադիրներին այն բանից հետո, երբ վերջիններս համաձայնություն են տալիս, որ ապահովագրողը դառնա իրենց շահառուն:

Հակասելեկցիոն գործողությունների առումով խիստ կարևոր է  ապահովագրողների միջև առանձին անձանց առողջության վերաբերյալ տեղեկատվության փոխանակումը, չնայած այս հարցը հատվում է իրավական խնդիրների` կապված ապահովադրի անձնական տեղեկությունների չտարածման ու գաղտնիության պահպանման հետ:

Անդերայթինգը կյանքի ապահովագրությունում օգնում է պահպանել ընկերության ապահովագրական փուլի մեջ (միավորումում) ընդգրկված մարդկանց մահվան հավանականության վերաբերյալ լիարժեք տեղեկատվությունը: Այն կանխարգելում է ապահովադիրների  հակասելեկցիոն մղումներն ու գործողությունները, նպաստում  ընկերության շահութաբերության մակարդակի պահպանմանը: Նշենք, որ յուրաքանչյուր հազար մարդու հաշվով մինչև քառասուն տարեկան մեկ անձի մահը կրկնապատկում է ապահովագրողի ծախսերը (կորուստները): [5]

Անդերայթինգի ընդհանուր կառուցակարգերը ոչ կյանքի ապահովագրությունում

    Ոչ կյանքի ապահովագրությունում անդերայթինգի ընդհանուր կառուցակարգերը դիտարկենք ձեռնարկությունների ապահովագրության անդերայթինգի օրինակով: Ձեռնարկությունների ապահովագրության անդերայթինգի առանձնահատկությունը կապված է.[6]

-     տվյալ բիզնեսի մասշտաբների հետ` սկսած փոքրիկ խանութից մինչև վերազգային ընկերությունները,

-     ոլորտի հետ` առևտուր, արդյունաբերություն, սպասարկում, հանքարդյունահանում, էներգետիկա և այլն:

Ապահովադրի հիմնական խնդիրը ռիսկի հետ առնչվող գործոնների գնահատումն է: Փոքր օբյեկտի համար ռիսկի հիմնական գործոնների մասին պատկերացում կարող է տալ ապահովադրի դիմումը և նրա կողմից լրացվող ռիսկի բնութագրիչների վերաբերյալ հարցաթերթիկը: Հնարավոր է, որ ապահովագրողի ներկայացուցիչը կամ նրա գործակալը տեղազննում իրականացնի ապահովագրվող օբյեկտում: Խոշոր կազմակերպություններում ռիսկի գործոնների ի հայտ բերման գործողությունները առավել ծավալուն ու աշխատատար են: Այստեղ ևս կպահանջվի ապահովադրի դիմումի, հարցաթերթիկի լրացումը: Սակայն, բացի այդ, կպահանջվի ռիսկի տարբեր ասպեկտների մանրակրկիտ նկարագրի բացահայտում: Հնարավոր է, որ այս աշխատանքներում ներգրավվեն փորձառու գործակալներ, ինչպես նաև  սուրվեյերներ կամ ռիսկը գնահատող մասնագիտացված անձինք: Արդյունքում ռիսկի գնահատման նյութերը կարող են կազմել մի քանի հատորներ, լուսանկարների ու տեսաժապավենների, էլեկտրոնային կրիչներով տեղեկատվության ծավալուն փաթեթների տեսքով: Անդերայթերը, հիմնվելով այդ ծավալուն տեղեկատվության վրա,  բանակցություններ է վարելու տվյալ ռիսկի ծածկույթի, պայմանների և, մասնավորապես, ապահովագրավճարի վերաբերյալ: Հարկ է նշել, որ խոշոր ռիսկերի ապահովագրության պարագայում սուրվեյերը, պատկերավոր ասած, հանդիսանում է ապահովագրողի աչքերն ու ականջները: Սուրվեյերները իրենց հերթին մասնագիտանում են տարբեր ռիսկերի գնահատման ուղղությամբ: Սուրվեյերը ռիսկի գնահատման արդյունքում անդերայթերի համար պատրաստում է ռիսկի գնահատման հաշվետվություն, իսկ որոշ դեպքերում կազմում է նաև պլան:

   


[1]  Կիրակոսյան Կարեն (2003)։ Ապահովագրական գործ։ Երևան: Սարվարդ Հրատարակչություն

[2]  Ճուղարյան Ա (2007)։ Ապահովագրական գործ։ Yerevan: ՀՊՏՀ

[3]  Pryor Louise (2018)։ «ARROW risk assessment framework»։ Վերցված է 2018

[4] Шахов Вячеслав (2009)։ Страхование։ Москва: ЮНИТИ-ДАНА։ ISBN 978-5-238-01464-7

[5]  «Կանոնակարգ 3/10 «Ապահովագրական ընկերության ներքին աուդիտի գործունեության, ներքին հսկողության համակարգին ներկայացվող նվազագույն պահանջները»»։ cba.am։ Central Bank of Armenia։ 2018։ Վերցված է 2018

[6]  Гвозденко Александр (2006)։ Страхование։ Москва, Хлебников пер., д 7., стр. 2: Издательство Проспект։ ISBN 5-482-00447-3