Մասնակից:Armenmir/Ավազարկղ4

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Գիտություն և գիտական հիմնարկներ[խմբագրել | խմբագրել կոդը]

V—VI դդ. Իտալիայում անտիկ գիտության վերջին ներկայացուցիչներն էին Ա. Բոեցիուսը, որի մաթեմատիկական և երաժշտության տեսության երկերը դրված էին միջնադարյան վանական կրթության հիմքում, և Կասիոդորը՝ իր ժամանակի բնագիտական գիտելիքների հանրագիտական ամփոփագրի հեղինակը։ IX դ. Մալեռնոյում ստեղծվել է աշխարհիկ բժշկական դպրոց, որտեղ այլ աշխատանքների հետ կատարվել է նաև արաբական բժշկական աշխատությունների թարգմանություն։ XII—XIII դդ. թարգմանական աշխատանք կատարվել է նաև Հարավային Իտալիայում և Սիցիլիայում: XI—XIII դդ. ստեղծվել են առաջին համալսարանները. XI դ.՝ Պարամայում և Բոլոնիայում, 1222-ին՝ Պադուայում, 1224-ին՝ Նեապոլում և այլուր։ Արտադրության տարբեր ճյուղերի, առևտրի և ծովագնացության զարգացումը նպաստել է հայտնագործություններ կատարելուն։ XIII դ. Իտալիայում է հայտնագործվել ակնոցը, ծովագնացներն սկսել են օգտվել կողմնացույցից և ավելի կատարյալ քարտեզներից։ XIV դ. 1-ին քառորդին հիմնվել են Աալեռնոյի և Վենետիկի բուսաբանական այգիները։ Սկսած XV դարից մեծացավ պրակտիկների դերը փորձարարական գիտության ստեղծման գործում։ Այդ ժամանակաշրջանի համար բնորոշ էր գիտության և արվեստի սերտ կապը։ Գիտության և արվեստի միասնությունը վառ կերպով արտահայտված է Լեոնարդո դա Վինչիի ստեղծագործության մեջ։ XIV դ. վերջից Իտալիայի գիտությունը Եվրոպայում առաջատար դիրք էր գրավում։ Սխոլաստիկայի դեմ պայքարի մարտիկ էր մտածող և գիտնական Ջ. Բրունոն, որը զարգացրել է Ն. Կոպեռնիկոսի արևակենտրոն ուսմունքը։ Գ. Գալիլեյի աշխատանքները մեծապես նպաստել են ողջ բնագիտության զարգացմանը և, հատկապես, աշխարհի արևակենտրոն համակարգի հաստատմանը։ XVII —XVIII դդ. իտալական պետության քաղաքական մասնատվածության, տնտեսական անկման և ապա ավստրիական տիրապետության պայմաններում Իտալիայի գիտությունը սկսում է կորցնել իր առաջատար դիրքը Եվրոպայում: 1839-ին Պիզայում հրավիրվել է Իտալիայի բնախույզների առաջին համագումարը։ Նույն տարում Հռոմում հիմնվել է գիտության առաջընթացին աջակցող Իտալական ընկերությունը։ XIX դ. 1-ին կեսին աչքի են ընկել քիչ թվով գիտնականների աշխատանքներ։ Խոշոր նշանակություն են ունեցել Ա. Ավոգադրոյի աշխատանքները (1811-ին սահմանել է իր անունը կրող օրենքը, տես Ավոգադրոյի օրենք)։ Իմպերիալիզմի ժամանակաշրջանում, հատկապես ֆաշիզմի տիրապետության շրջանում Իտալիայի գիտությունը կրել է երկրի ռազմականացման ազդեցությունը։ Ֆաշիզմը արգելակել է ոչ միայն հիմնական, այլև մի շարք կիրառական գիտությունների զարգացումը։ Բնագիտական և տեխնիկական հետազոտությունների վերելքն սկսվել է XX դ. 50-ական թթ.՝ կապված գիտա֊տեխնիկական հեղափոխության հետ։ Կատարվել են մաթեմատիկայի համարյա բոլոր բնագավառներն ընդգրկող ինտենսիվ հետազոտություններ։ Նշանակալի են տիեզերական ճառագայթմանը, քվանտային և միջուկային ֆիզիկային վերաբերող հետազոտությունները։ Քվանտային տեսությունում խոշոր ավանդ է ներդրել է. Ֆերմին։ 1934—1938-ին իր աշակերտների հետ նա կատարել է նեյտրոնային ֆիզիկայի փորձարարական և տեսական խոշոր հայտնագործություններ (նոբելյան մրցանակ, 1938)։ 1938-ին Ֆերմին տարագրվել է ԱՄՆ, որտեղ 1942-ին իրականացրել է միջուկային շղթայական ռեակցիան։

Փիլիսոփայություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև ուշ միջնադար Իտալիայի փիլիսոփայությունն ունեցել է եվրոպական միջնադարյան փիլիսոփայության ընդհանուր գծերը։ Նշանավոր մտածողներ են այլ երկրներում ստեղծագործող իտալացիներ Պետրոս Դամիանին, Լանֆրանկը, Անսելմ Քենտերբերացին, Պետրոս Լոմբարդացին, Թովմա Աքվինացին։ Ըստ էության իտալական փիլիսոփայության ձևավորումը սկսվել է XIII— XIV դդ.: Այդ պրոցեսում կարևոր դեր են կատարել Բոլոնիայի և Պադուայի համալսարանները։ Վերածննդի շրջանում զարգանում է հումանիզմը, աստվածաբանական, իդեալիստական որոշ ուսմունքներում ուժեղացել են մատերիալիստական, աթեիստական ըմբռնումները։ Բարոյական, քաղաքական նոր ըմբռնումների ձևավորման գործում մեծ է Ն. Մաքիավելլու դերը։ Վերածննդի շրջանի իտալական բնափիլիսոփայության նշանավոր ներկայացուցիչն է Ջ. Բրունոն։ XVII դ. 2-րդ կեսին և XVIII դ. իտալական փիլիսոփայության միտքը անկում է ապրել։ Այդ շրջանի միակ նշանավոր մտածողը Ջ. Վիկոն է՝ պատմականության սկզբունքի հիմնադիրներից մեկը։ XIX դ. սկզբներին փիլիսոփայության մեջ տիրապետող է դարձել կաթոլիկական մտածելակերպը։ XIX կ. վերջին Իտալիայում տարածվել է մարքսիզմը. սկսվել է պատմական մատերիալիզմի, գիտական սոցիալիզմի և ընդհանրապես մարքսիստական տեսության պրոբլեմների ուսումնասիրությունը։ Վերլուծվում են դիալեկտիկական մատերիալիզմի, իմացաբանության, տրամաբանության, բնագիտության փիլիսոփայական հարցերը։ Մարքսիստական մտքի կենտրոնը Գրամշիի ինստիտուտն է (հիմնադրված 1949-ին), մարքսիստական փիլիսոփայության հարցերի պարզաբանմանն է նվիրված «Critica Marxista» (1963-ից) ամսագիրը։ Փիլիսոփայական ուսումնասիրությունների գլխավոր կենտրոններն են Հռոմի համալսարանին կից փիլիսոփայության ինստիտուտը (1939), փիլիսոփայական և կրոնական ուսումնասիրությունների իտալական ընկերությունը, սոցիոլոգիայի իտալական միությունը (հիմնադրված 1937-ին)։ Հրատարակվում են փիլիսոփայական բազմաթիվ ամսագրեր։

Պատմական գիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմագիտությունը Իտալիայում սկզբնավորվել է վաղ միջնադարում, սակայն ծաղկում է ապրել միջին դարերում՝ քաղաքների զարգացմանը զուգընթաց։ XI—XIII դդ. գրվել են բազմաթիվ քաղաքային ժամանակագրություններ (Միլանի, Զենովայի, Մոդենայի, Պարմի և այլն)։ XIV դ. արդեն գրվել են համաիտալական նշանակություն ունեցող ժամանակագրություններ։ Վերածնության շրջանի Իտալիայի պատմագիտությանը բնորոշ են հրաժարումը աստվածաբանական պատմական ըմբռնումներից, պատմական աղբյուրների գիտական քննության սկզբնավորումը, իրադարձությունների ռեալիստական վերլուծումը։ Քննադատական մեթոդի հիմնադիրն է Լորենցո Վալլան։ Հումանիստական պատմագրության սկզբունքները զարգացրել են XVI դ. խոշոր պատմաբաններ Նիկոլո Մաքիավելլին և Ֆրանչեսկո Դվիչարդինին։ Իտալիայի միավորումից հետո պատմագիտությունը նոր զարգացում է ապրում։ XIX դ. 60—70-ական թթ. առաջացան հայրենական պատմությունն ուսումնասիրող բազմաթիվ ընկերություններ, ընդհանուր և մասնագիտական պատմական ամսագրեր, սկսեցին հրապարակել փաստագրական նյութեր։ XIX դ. վերջին և XX դ. սկզբին հանդես եկան համաշխարհային հռչակի հասած իտալացի պատմաբաններ Դ. Պայսը, Ֆերերոն, Լ. Կաետանին։ XX դ. սկզբին պատմագրության մեջ լայն տարածում է գտնում այսպես կոչված տնտեսա-իրավաբանական ուղղությունը, որի ներկայացուցիչները փորձում էին սինթեզել պատմական, իրավաբանական և տնտեսական գիտությունները։ Նույն ժամանակ սկսում է ձեավորվել էթիկա-քաղաքական ուղղությունը, որի հիմնադիրն է Բ. Կրոչեն։ Այս ուղղությունը ուժեղ ազդեցություն է ունեցել ոչ միայն իտալական, այլև համաշխարհային բուրժուական պատմագրության զարգացման վրա։ Իմպերիալիզմի դարաշրջանում Իտալիայում երևան են գալիս ծայրահեղ հետադիմական աշխատություններ՝ գրված նացիոնալիզմի և շովինիզմի ոգով։ Ֆաշիզմի տիրապետության շրջանում (1922—1943) իտալացի մտավորականության որոշ մասը կանգնել է ֆաշիզմին աջակցելու ուղու վրա։ Ա. Դրամշիի և Պ. Տոլյատիի աշխատություններով հիմք է դրվում մարքսիստական պատմագրությանը Իտալիայում։ Ֆաշիզմի ջախջախումից և երկրորդ համաշխարհային պատերազմից հետո գիտական ուսումնասիրության հատուկ առարկա է դառնում բանվորական և սոցիալիստական շարժման պատմությունը, առավել մանրամասն ուսումնասիրվում են միջնադարյան տնտեսական պատմությունը, Վերածնության խնդիրները, Ռիսորջիմենւոոն, ֆաշիստական և հակաֆաշիստական շարժումը և այլն։ Դիմադրության շարժման հարցերն են մշակում մարքսիստ քաղաքական գործիչներ և գիտնականներ Լ. Լոնգոն, Ռ. Բատալյան և ուրիշներ։ Իտալիայի պատմությունն ուսումնասիրող կարևոր կենտրոններ են Միջին դարերի պատմության իտալական ինստիտուտըը (հիմնադրվել է 1883-ին), Ռիսորջիմենտոյի պատմության ինստիտուտը (հիմնադրվել է 1906-ին), Անտիկ պատմության իտալական ինստիտուտը (հիմնադրվել է 1930-ին), Նոր և նորագույն պատմության իտալական ինստիտուտը (հիմնադրվել է 1934-ին), Դրամշիի ինստիտուտը (հիմնադրվել է 1949-ին) և այլն։

Տնտեսագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իտալիայի տնտեսագիտությունը սկզբնավորվել է դեռևս միջնադարում, երբ ականավոր մտածողներ Ն. Մաքիավելլին, Թ. Կամպանելլան իրենց աշխատություններում դրեցին հասարակության և էկոնոմիկայի զարգացման օրենքների ուսումնասիրման հիմքը։ XV—XVII դդ. ձևավորվում է մերկանտիլիստների իտալական դպրոցը, որի ներկայացուցիչները (Ա. Աեռա, Զ. Մոնտանարի և ուրիշներ) մեծ նշանակություն էին տալիս շրջանառության ոլորտի զարգացմանը։ XVIII դ. վերջի-XIX դ. սկզբի լուսավորիչները (Ջ. Վիկո, Ա. Ջենովեզի, Լ. Մուրատորի և ուրիշներ) իրենց աշխատություններում զարգացնում էին ֆրանսիական հանրագիտակների՝ Իտալիայի հասարակական-քաղաքական պայմաններում կիրառելի գաղափարները։ Իտալիայի տնտեսագիտության առաջընթացի համար ակնառու էր նեապոլիտանական համալսարանին առընթեր 1754-ին ստեղծված քաղաքատնտեսության ամբիոնի դերը, որը միավորեց իտալական0 տնտեսագետներին և սոցիոլոգներին։ XIX դ. 2-րդ կեսին մեծանում է արտասահմանյան, հատկապես անգլիական և ֆրանսիական տնտեսագետների գաղափարական ազդեցությունը, սկսում են գերիշխել տնտեսական լիբերալիզմի և պոզիտիվիզմի կոնցեպցիաները, 70—80-ական թթ. տարածվում է Կառլ Մարքսի տնտեսագիտական ուսմունքը։ Կապիտալիստական հարաբերությունների քննադատությամբ հանդես են գալիս Իտալիայում մանրբուրժուական սոցիալիզմի ջատագովներ Զ. Թոմանյոզին, Ջ. Մաձինին, Կ. Պիզականեն և ուրիշներ։ XIX դ. վերջին տնտեսագիտության զարգացման կարևոր խթան էին Վ. Պարետոյի աշխատությունները։ XIX դ. վերջին և XX դ. սկզցին Իտալիայում ծավալվում են տնտեսության մեջ պետության ակտիվ միջամտությունը հիմնավորող տեսությունները (դիրիժիզմ)։ Երկրում ֆաշիստական դիկտատուրայի հաստատմամբ պետության սոցիալ-տնտեսական պաշտոնական դոկտրինա դարձան կորպորատիվ տեսությունները։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո տնտեսագիտության մեջ կարևորագույն ուղղություններից էր մարքսիստական տնտեսագիտական միտքը։

Իրավական միտք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մկսած VI դարից իտալացի իրավաբանների ուսումնասիրության առարկան Հուստինիանոսի կոդիֆիկացիան էր։ Միջազգային իրավունքի բնագավառում նշանավոր երկը Կոսիոդորի կազմած դիվանագիտական փաստաթղթերի ժողովածուն էր (VI դ.), ուր մեկնաբանվել են իրավունքի առանձին նորմեր։ X դ. Պավիայում ստեղծվել է լանգոբարդյան իրավունքի դասավանդման, XI դ.՝ իրավաբանների ռավենյան, ապա բոլոնյան (գլոսատորների) դպրոցը։ Դլոսատորները մեծ դեր խաղացին Եվրոպայում հռոմեական իրավունքի ռեցեպցիայի և իրավագիտության զարգացման գործում։ Հետագայում հռոմեական իրավունքի մեկնաբանմամբ զբաղվում էին լեգիստները։ Միջնադարում զարգացման բարձր աստիճանի էր հասել նաև եկեղեցական, կանոնական իրավունքը։ Առավել հայտնին Դրացիանի կազմած կանոնական իրավունքի ժողովածուն էր (1151)։ Դրացիանի հետնորդներից Դուրանտիսը կազմել է իրավաբանական յուրօրինակ հանրագիտարան (1275)։ Իտալիայում իրավագիտական մտքի զարգացմանը նպաստել է Թովմաս Աքվինացին: Քրեական իրավունքի մասին պահպանված առաջին նշանավոր գործը Ալբերտո Դանդինոյի գիրքն է (XIII դ.)։ Վերածննդի շրջանում իրավագիտական միտքն անդրադարձել է անտիկ իրավունքին։ XV—XVI դդ. Իտալիայում ձևավորվել է իրավաբանների այսպես կոչված բանասիրական դպրոցը, որն ի տարբերություն գլոսատորների և պոստգլոսատորների, զբաղվում էր հռոմեական իրավունքի անմիջական ուսումնասիրությամբ՝ Հռոմի պատմության ու մշակույթի ուսումնասիրությանը զուգահեռ։ Իտալիայի պետության և իրավունքի գիտության զարգացմանը խթանել են Ն. Մաքիավելլին, Ֆ. Դվիչարդինին, ապա նաև Կամպանելլան։ XVIII դ. սկսած ֆեոդալական կարգերի քննադատությամբ հանդես են եկել իտալացի լուսավորիչները։ Համընդհանուր ճանաչման էր արժանացել Հ. Ֆիլանջերիի «Օրենսդրության գիտություն» աշխատությունը։ Չ. Բեկարն իր աշխատություններում առաջարկում էր քրեական իրավունքի դեմոկրատական սկզբունքներ։ Միջազգային իրավունքի ասպարեզում XIX դ. հռչակվեց այդ դպրոցի հիմնադիր Պ. Մանչինին, որը զգալիորեն նպաստեց միջազգային մասնավոր իրավունքի զարգացմանը։ 70-ական թթ. հիմնադրվեց քրեական իրավունքի մարդաբանական դպրոցը՝ Չ. Լոմբրոզոյի գլխավորությամբ։ XIX—XX դդ. բուրժուական իրավագիտության բոլոր ոլորտներում դրսևորվում էր ձևականմեթոդաբանական շրջանակներից դուրս գալու ձգտումը։

Մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իտալիայի վաղ շրջանի բանահյուսությունը չի պահպանվել։ Միջնադարյան գրականությունն սկսվում է Հռոմեական կայսրության անկումից (476) հետո և մինչև XII դ. շարունակվում լատիներենով (կրոնական ձոներգ, լեգենդ և ժամանակագրություն)։ Քաղաքների արագ զարգացումը XII դ. վերջին և XIII դ. սկզբին նպաստում է ազգային բարբառներով գրական հուշարձանների երևան գալուն (պատմողական-կրոնական պոեզիա, աշխարհիկ և կրոնական քնարերգություն)։ Միասնական գրական լեզուն ստեղծողը Դանտե Ալիգիերին է, «... միջնադարի վերջի և նոր ժամանակի առաջին բանաս֊ տեղծը» (Ֆ. Էնգելս)։ Իտալական Վերածննդի (XIV—XVI դդ.) գրականությանը հատուկ են հումանիստական աշխարհայացքը, հակադասայնությունը, ազատախոհ կենսասիրությունը, մարդկային անհատի հնարավորությունների վերաբերյալ բարձր պատկերացումը, անտիկ աշխարհով հափշտակվելը (Ֆ. Պետրարկու, Զ. Բոկաչչո)։ XV դ. Վերածննդի գաղափարները զարգացրին հումանիստ-գիտնականները՝ լատիներենով գրող բանասերները, փիլիսոփա-գրողները։ XVI դ. վերջնականապես հաստատվեց միասնական գրական լեզու։ Դարավերջին սկսված տնտեսական ու քաղաքական անկումը, ֆեոդալական ու կաթոլիկական ռեակցիան ազդեցին գրականության բովանդակության վրա։ Այս դարի գրական ներկայացուցիչներն են Լ. Արիոստոն (կենցաղային կատակերգության հիմնադիրը), դրամատուրգ Ն. Մաքիավելլին, Պ. Արետինոն, Ջորդանո Բրունոն (փիլիսոփա), Տ. Տասսոն, Բ. Դվարինին, արձակագիրներ Բ. Կաստիլիոնեն, Բ. Չելլինին, Ա. Ֆիրենցուոլան, Մ. Բանդելլոն։ Քնարերգության մեջ իշխում էին Պետրարկայի էպիգոնները, որոնց գլխավորում էր Պ. Բեմբոն։ XVII դ. հակառեֆորմացիան և ֆեոդալական ռեակցիան, իսպանացիների տիրապետությունը իտալական հողերի զգալի մասում՝ լճացում առաջացրին հոգևոր կյանքում և ճգնաժամ՝ գրականության մեջ։ Ջ. Մարինոյի («Ադոնիս», 1623, պոեմ) և նրա հետևորդների բարոկկո պոեզիայի համար հատկանշական են սեթևեթանքն ու ձևական նորույթի ձգտումը։ Մարինոյի անվան հետ կապված այս հոսանքի՝ մարինիզմի դեմ պայքարել են Դ. Կյաբրերան և Ա. Տասսոնին։ XVII դ. արձակից առանձնանում է իտալական հեքիաթների ժողովածուն («Հեքիաթ հեքիաթների մասին» կամ «Պենտամերոն», 1634—1636)՝ Ջ. Բազիլեի մշակմամբ։ Արկադիա գրական ակադեմիան (XVII դ. վերջին), որը հանդես եկավ մարինիզմի դեմ, XVIII դ. նպաստեց ինչպես կլասիցիզմի, այնպես էլ ռոկոկո նրբակիրթ պոեզիայի (Պ. Ռոլլի) զարգացմանը։ Երկու ուղղությունները միահյուսվում էին քնարերգու և դրամատուրգ Պ. Մետաստազիոյի ստեղծագործություններում։ Այդ շրջանի նշանավոր գրողներից են Կ. Դոլդոնին, Կ. Դոցցին։ Ռիսորջիմենտո շրջանի (XVIII դ. վերջ — 1870) գրականությունն աչքի է ընկնում քաղաքացիականությամբ և հայրենասիրությամբ։ 1848—1849-ի հեղափոխությունից հետո հատկանշական են գարիբալդիական բանաստեղծներ Ա. Ալեարդիի, Լ. Մերկանտինիի, վիպագիրներ Ի. Նևոյի, Ռ. Ջովանիոլիի ստեղծագործությունները։ 1870-ից հետո արձակում առաջատար հոսանքը դարձավ վերիզմը, որն արտացոլում էր ժամանակակից սոցիալական իրականությունը, «փոքր մարդկանց» առօրյան։ Ջ. Վեր գան նովելներում, վեպերում և դրամաներում կարեկցանքով էր պատկերում ձկնորսներին ու գյուղացիներին, ծաղրում հոգևորականությանն ու գյուղական հարուստներին։ Վերիստներից աչքի են ընկնում նաև քննադատ ու վիպագիր Լ. Կապուանան և հոգեբանական վեպերի հեղինակ Դրացիա Դելեդան։ XIX դ. վերջին Իտալիայի գրականության մեջ առաջացան նեոռոմանտիկ և սիմվոլիստական ուղղությունները (Ա. Ֆոգացարո, Ջ. Պասկոլի)։ Դեկադանսի և նիցշեականության առավել բնորոշ դրսևորումն են Դ. դ’Աննունցիոյի ստեղծագործությունները, որը դարձավ իտալացի իմպերիալիզմի երգիչը և հետագայում հանգեց ֆաշիզմին։ 1909-ին առաջացավ ֆուտուրիստների հոսանքը (Ֆ. Տ. Մարինետտի)։ Ավանդական բարոյականության ճգնաժամը և «փոքր մարդկանց» ողբերգությունը առավել սրությամբ ցույց տվեց Լ. Պիրանդելլոն։ Իտալիայի մասնակցությունը (1915—18) առաջին համաշխարհային պատերազմին և բանվորական շարժման վերելքի ու ֆաշիստական վտանգի մեծացման հետագա տարիները հանգեցրին ուժերի խիստ սահմանազատման գրականության մեջ։ Ֆաշիստական դիկտատուրայի 20 տարիներին գրողների մեծ մասը հեռացավ սոցիալական թեմատիկայից, ռեալիստական ավանդույթներից, գնաց դեպի «մաքուր արվեստը» (Մ. Բոնտեմպելլի, Ռ. Բաքելլի)։ 1920—1930-ական թթ. պոեզիայում իշխում էր հերմետիզմը, որի հիմնական մոտիվներն էին մենակությունը, աշխարհի ողբերգական զգացողությունը և անելանելի հուսահատությունը (Դ. Ունգարետաի, է. Մոնտալե, Ու. Սաբա)։ Իրականության քննադատական պատկերման ձգտումն այդ տարիներին մարմնավորվեց Կ. Ալվարոյի, Ա. Մորավիայի ստեղծագործության մեջ։ Ռեալիստական ավանդույթներն ապրում էին հակաֆաշիստ վտարանդի գրողների (Զ. Ջերմանետտո, Ա. Ուգոլինի և ուրիշներ) գործերում։ Հակաֆաշիստական տրամադրությունների ուժեղացումը 30-ական թթ. վերջերին արտացոլվեց Չ. Պավեզեի, Ա. Մորավիայի, Է. Վիտտորինիի արձակում։ Հետպատերազմյան առաջին տասնամյակի առաջատար ռեալիստական ուղղությունը դարձավ նեոռեալիզմը։ 60-ական թթ. Իտալիայի գրականությունը գաղափարական-գեղարվեստական նոր հատկանիշներ ձեռք բերեց։ Խորացավ ժամանակակից մարդու կերպարը, ընդարձակվեց նրա սոցիալական ու հոգեբանական պատկերման ոլորտը, գրողներն սկսեցին արտահայտչական նոր միջոցներ որոնել։ Առանձնապես զարգացավ սոցիալ-հոգեբանական վեպը (Մորավիա, Կալգինո, Դ. Պարիզե)։ Ավելի խոր բացահայտվեց պատերազմի ու Դիմադրության շարժման թեման։ Մի շարք ստեղծագործություններ արծարծեցին բանվոր դասակարգի աշխատանքում հասարակական-քաղաքական գործունեության մեջ մարդկային բնավորության կազմավորման թեմաները։ Նույն թվականներին ձևավորվեց ավանգարդիստական ուղղությունը («63-ի խումբ»)։ 70-ական թթ. սկզբներին, բանվորական ու երիտասարդական շարժման վերելքի իրադրության մեջ սրվեց իտալական առաջադիմական գրականության և բուրժուական «մասսայական կուլտուրայի» պայքարը։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիզայի թեքվող աշտարակն ու Դուոմոն

Հնագույն գեղարվեստական հուշարձանները (ժայռապատկերներ, քարե արձանիկներ, խեցեղեն ևն) պատկանում են պալեոլիթի և էնեոլիթի դարաշրջաններին։ Բրոնզի դարաշրջանին (մ.թ.ա. II հազարամյակի 2-րդ կես) բնորոշ է կրեաեմիկենյան մշակույթի ազդեցությունը։

Սարդինիա կղզում ստեղծվել է մեգալիթյան կառույցի յուրօրինակ տիպ՝ կեղծ գմբեթածածկ բոլորակ քարե աշտարակ (այսպես կոչված՝ նուրագի)։ Հյուսիսում զարգացել է տեռամար մշակույթը։ Մ.թ.ա. IX—V դդ. ստեղծվել է Վիլլանովա (տեղանքի անունով) մշակույթը, մ.թ.ա. VIII—II դդ.՝ էարոակների մշակույթը։ Մ.թ.ա. VIII —VI դդ. Իտալիայի ծովեզրյա տարածքում ստեղծված հունական առևտրական բնակավայրերի (Սիրակուզա, Սելինունտ, Պոսեյդոնիա) տեղերում պահպանվել են տաճարների մնացորդներ, քանդակներ, գեղագիտական իրեր։ Հին հունական, էտրուսկյան և այլ տեղական գեղագիտական ավանդույթների հիման վրա մ.թ.ա. V դարից մինչև մ.թ. V դ. զարգացել է հին Հռոմի արվեստը։ Հռոմի անկումից և քրիստոնեության ընդունումից հետո սկսել է կազմավորվել Իտալիայի միջնադարյան արվեստը՝ հենվելով ուշ անտիկ արվեստի ավանդույթներին, դարերի ընթացքում կրելով Բյուզանդիայի մշակույթի և բազմաթիվ բարբարոս ժողովուրդների (գոթեր, լանգոբարդներ, ֆրանկներ ևն) գեղագիտական ճաշակի ազդեցությունը։

IV – VI դդ. Հռոմում և այլ քաղաքներում կառուցվել են շքեղ բազիլիկներ (Սան Ջովաննի ին Լատերանո, Սան Պաոլո Ֆուորի լե Մուռա, Հռոմ), պաշտամունքային կենտրոնակազմ շենքեր (Սան Վիտալե եկեղեցին, Ռավեննա)։ Տաճարները ներքուստ զարդարվել են բազմագույն խճանկարներով, որոնք սկզբում պահպանելով անտիկ արվեստի կենսուրախությունն ու պատկերման ծավալայնությունը (Սանտա-Կոստանցա եկեղեցու խճանկարները, IV դ., Հռոմ), հետզհետե դարձել են ավելի պայմանական և ասկետիկ։ Լուսաստվերային ձևաստեղծումը փոխարինվել է գծայինով և հարթ-մակերեսայինով, գունային նուրբ և հնչեղ համադրումները ձեռք են բերել հանդիսավոր վերացականություն (Ռավեննայի Սան Վիտալեի խճանկարները, VI դար, Հռոմի Սանտա-Մարիա Անտիկուայի որմնանկարները, VIII դ.)։

VIII – X դդ. առաջատարը Լոմբարդիայի ճարտարապետությունն էր։ Այստեղ է ստեղծվել առանձին կանգնած աշտարականման զանգակատան տիպը (այսպես կոչված կամպանիլան, Սանա Ամբրոջո եկեղեցու հարավային աշտարակը, Միլան, IX դ.)։ XI —XIII դդ. Իտալիայի տարածքում կազմավորվել է համաեվրոպական ռոմանական ոճը, որը երկրի ֆեոդալական մասնատվածության պայմաններում, տարբեր կենտրոններում (Միլան, Վերոնա, Պարմա, Պադուա) ձեռք է բերել մի շարք տեղական առանձնահատկություններ։

Իտալական ռոմանական ճարտարապետության ընդհանուր բնորոշ հատկանիշներն են հստակ և համաչափ համամասնությունները, հանդիսավոր հարդարանքը։ Ներդաշնակ համամասնություններով, դեկորի նրբագեղությամբ է օժտված Պիզայի կաթողիկեի համալիրը (մկրտարանը սկսված է 1153-ին, կաթողիկեն կառուցվել է 10631160-ին, կամպանիլան՝ 11741372-ին)։

Սիցիլիայի կառույցներում յուրահատուկ միահյուսվել են բյուգանդական, արաբական, նորմանդական ճարտարապետական ձևերը (Չեֆալուի, Մոնրեալեի կաթողիկեները)։

Բյուգանդական խաչաձև գմբեթավոր եկեղեցու յուրատիպ տարբերակներից է Վենետիկի հնգագմբեթ Սան Մարկո մոնումենտալ կաթողիկեն (IX դ., վերակառուցվել է XI—XV դդ.)։

Ռոմանական ժամանակաշրջանում է կազմավորվել Իտալիայի քաղաքների մեծ մասը, ըստ տեղանքի՝ պաշտպանական կառույցներով, քարե տուն-աշտարակներով, ռատուշաներով, կամպանիլաներով, նեղլիկ լուսամուտներով, կղմինդրյա երկլանջ տանիքներով, 3—4-հարկանի խոժոռակերպար տներով։

Կառուցվածքներում կիրառվել են քար, աղյուս, ջլաղեղային խաչային թաղեր, գմբեթ։ Կանոնավոր կամ անկանոն հատակագծով, խիտ կուտակված կառուցապատումը կատարվում էր կենտրոնական հրապարակի (սովորաբար կաթողիկեի) շուրջը։

Իտալիան առաջինն է աշխարհում յուրաքանչյուր շնչին բաժին ընկնող տեսարժան վայրերի թվով, գեղեցիկ բնությունը, 300 թանգարաններն, հուշարձանները (աշխարհի բոլոր հուշարձանների 80%-ը), արվեստի գործերը (ողջ մոլորակի արվեստի գործերի 50%-ը)։ Իտալիայի հինավուրց քանդակներն ու ամրոցները մշտապես գրավում են աշխարհի տարբեր անկյուններում բնակվող զբոսասերներին, որոնք միշտ սիրով վերադառնում են այստեղ։ Իտալական արվեստը հայտնի է բոլորիս նախ և առաջ իբրև գեղեցկության խորհրդանիշ, ինչի լավագույն վկայությունն են «Միլոսյան Վեներա»-ն, Լեոնարդո դա Վինչիի «Ջոկոնդա»-ն, Բուոնարոտի Միքելանջելոյի «Դավիթ»-ը, Ռաֆայել Սանտիի որմնանկարները, Կոլիզեումը, Միլանի Մայր Տաճարը, Պիզայի աշտարակը կամ Կրեմոնայում ծնված Անտոնիո Ստրադիվարիի ջութակի կախարդական հնչյունները, Լա Սկալայի պրիմադոննայի երգը (ի դեպ, Իտալիան համարվում է ոչ միայն երաժշտական նոտաների հայրենիքը, որոնք 1208 թվականին ստեղծել է Գուիդո Դ՚ Արեցցոն, այլև օպերային արվեստի Ռոսսինիին նվիրված միջոցառումների շարքով)։

Ճարտարապետության առաջին ուղեցույցը գրվել է 1485 թվականին Լեոն Բատիստա Ալբերտիի կողմից և կոչվում է De re Aedificatoria։ Առաջին օրենսգիրքը նախագծվել է դրանից համարյա երկու դար առաջ՝ 1295 թվականին, Սիենայի քաղաքապետարանի կողմից։ Բավարար հիմքեր կան պնդելու, որ ժամանակակից երկնաքերերի ակունքները գալիս են Տոսկանայի Սան Ջիմինյանո քաղաքի աշտարակներից։ Ավելին, հնուց ի վեր այստեղ արվեստի ուրույն դրսևորում է անգամ սերը, բավական է հիշել միայն Կազանովային։ Ողջ աշխարհում կանանց ամենահամարձակ ֆանտազիաները մի օր անպայման կապվում են առնական իտալացիների հետ։ Պուլիացի Ռոդոլֆո Վալենտինոն՝ հոլիվուդյան առաջին լեգենդներից մեկը, ասում էր. «Իմ ֆիլմերում որևէ բացառիկ բան չկա։ Իտալիայում ինձ նմանները շատ-շատ են»։

Վենետիկյան ջրանցք

Բացի այդ, իտալական կինեմատոգրաֆն ու շքեղագույն մեքենաները նույնպես գեղեցկության կրողն են։ Վենետիկի միջազգային առաջին կինոփառատոնը տեղի ունեցավ 1932 թ–ին։ Այդ օրվանից ի վեր արդեն անցկացվել է 61 կինոփառատոն։ Ինչ վերաբերում է ավտոմեքենաներին. Ֆերրարին ոչ միայն աշխարհի ամենագեղեցիկ մեքենան է, այլև ամենահաղթականը, ինչի մասին վկայում են Ֆորմուլա 1-ի բազմաթիվ առաջնությունները։ Դրանով իսկ ապացուցվեց, որ իտալական տեխնոլոգիաներն աշխարհի առաջատարների շարքում են։ Բացի այդ, հենց իտալական ծագում ունի մարդկության պատմության ամենագեղեցիկ մեքենաներից մեկը՝ Lamborghini Miura-ն, որն իր նրբագեղությամբ համեմատվում է Անիտա Էկբերգի հերոսուհու հետ՝ Ֆեդերիկո Ֆելինիի «Քաղցր կյանք» ֆիլմից, որտեղ իր անմահական խաղն է ցուցադրում նաև անմոռանալի Մարչելլո Մաստրոյանին։ Այս շքեղ ավտոմեքենաների շարքին հավելենք նաև իսկական ընտրախավին վայել այլ մոդելներ ևս. Ալֆա Ռոմեո և Լանչիա՝ հզորության, նրբագեղության և ուժի կատարյալ համադրություն։ Իտալիան Եվրոպայում մոտոցիկլետ արտադրող առաջին երկիրն է («Վեսպա» տարատեսակը)։

Օրվիետո քաղաքի Մայր Տաճարը

Իտալիան աշխարհի ամենաարդյունաբերական երկրներից մեկն է։ Նրան են պատկանում (2006 թվականի դրությամբ) եվրամիության փոքր ձեռնարկությունների մեկ երրորդից ավելին՝ 34%-ը և միջին ձեռնարկությունների 16%-ը։ 2002 թվականին Ինտերնետային ցանցին միացված իտալական ընկերությունները երկրի բոլոր ընկերությունների համընդհանուր թվի 78%-ն էին կազմում։ Խիստ զարմացնող է արտադրական համակարգերի ավտոմատացման մակարդակը. Իտալիան զբաղեցնում է 2-րդ տեղը Եվրոպայում՝ մեքենաների արտադրության ծավալներով և 4-րդը աշխարհում՝ արտադրության մեջ ռոբոտների ներգրավման չափերով, փաստորեն, այս ոլորտի առաջատարների շարքում է։ Միկրոչիպերի հեղինակը Ֆեդերիկո Ֆաջինն է՝ Վիչենցայից։ Մինչ GSM հեռախոսահամակարգի հիմք հանդիսացող ալգորիթմը հորինել է Անդրեա Վիտերբին (որն այնուհետև աշխատանքի է անցել ՆԱՍԱ-ում)։ Պատահական չէ, որ Իտալիան հրաշքների և գյուտերի հայրենիք է համարվում, հայտնագործությունների արտոնագրի մասին առաջին օրենքը թողարկվել է Վենետիկում՝ 1474 թվականին։

Հրաշքների երկիր Իտալիան անչափ մեծ վաստակ ունի մարդկության առաջ՝ իբրև գեղեցիկի «քարոզիչ»։ Այս մասին վկայում են համամարդկային նշանակության մշակութային գլուխգործոցները, բարձր նորաձևությունը, պաշտամունքային դարձած իտալական կինոն, մեքենաները, խոհանոցը, ինչպես նաև լեզուն, որն ամենագեղեցիկներից է իր բարեհնչությամբ։ Պատահական չէ, որ գեղագիտության փիլիսոփայական ուսմունքը ստեղծվել է իտալացի Բենեդետտո Կրոչեի կողմից, որը 1903 թ–ին հայտնաբերեց ինտուիցիայի և արտահայտման միջև առկա կապը։ Իտալացիները համարվում են ամենահանճարեղ ազգերից մեկը. «Իտալացիները բոլոր նրանք են, ովքեր կիրթ են», ասում էր Էրազմ Ռոտերդամցին։ Դեռ հնուց է հայտնի, որ բոլոր ճանապարհները տանում են Հռոմ։ Իսկ դա երևի այն պատճառով, որ «Կյանքը հիասքանչ է» արտահայտությունն առավելագույնս գեղեցիկ է հնչում հենց Իտալիայում և հենց իտալերեն՝ «La vita è bella».

Տոներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1 հունվարի — Նոր տարի (Il Capodanno),
  • 6 հունվարի — Էպիֆանիա (l’Epifania) կամ Բեֆանա (La Befana), Աստվածահայտնություն, Աստծո կնունք
  • 8 մարտի — Կանանց միջազգային օր (La Festa della Donna), պարտադիր տոն չէ և աշխատանքային օր է
  • 21 ապրիլի — Հռոմի հիմնադրման օր (Natale di Roma),
  • 25 ապրիլի — Ֆաշիզմից ու գերմանական շրջափակումից ազատագրվելու օր (La Liberazione),
  • 1 մայիսի — Աշխատանքի տոն (La Festa del Lavoro),
  • 2 հունիսի — Իտալիայի Հանրապետության հռչակման օր (La Festa della Repubblica),
  • 15 օգոստոսի — Ֆերագոստո (Il Ferragosto) Աստվածամոր Փոխակերպություն կամ Համբարձում (L’Assunzione),
  • 1 նոյեմբերի — Բոլոր սրբերի օր (Il giorno di tutti i Santi կամ Ognissanti),
  • 2 նոյեմբերի — Մեռելոց օր (Il giorno della Commemorazione dei Defunti),
  • 4 նոյեմբերի - Ազգային միասնության օր
  • 8 դեկտեմբերի — Աստվածամոր անարատ հղիություն (L’Immacolata Concezione),
  • 25 դեկտեմբերի — Սուրբ Ծնունդ (Il Natale),
  • 26 դեկտեմբերի — Սուրբ Ստեֆանի օր (Santo Stefano).

Հայերը Իտալիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայերն Իտալիա մուտք են գործել շատ վաղուց։ Տակավին VI-VII դարերում գերմանական ցեղերի դեմ պատերազմներում բյուզանդա-հռոմեական զորաբանակների կազմում կռվել են հայկական զորամասեր, իսկ Իտալիայի փոխարքայի պաշտոնը զբաղեցրել են հայազգի զորահրամանատարներ (Ներսես Պատրիկ, Իսահակ Հայկազն և ուրիշներ)։ Այդ ժամանակներին է վերաբերում նաև հայ առևտրականների և վանականների մուտքը Հռավեննա, Վենետիկ, Ֆլորենցիա, Նեապոլ, Հռոմ և այլուր, որտեղ նրանք կազմավորել են համայնքներ, հիմնել առևտրական տներ ու կառուցել եկեղեցիներ։ Արդեն XII դարում իտալական 9 քաղաքներում գործել են 10-ից ավելի հայկական եկեղեցիներ, որոնց թիվը XV դարում հասել է 40-ի։ Ներկայումս Իտալիայում գործում է Հայ Առաքելական 4 և Հայ Կաթոլիկ 3 եկեղեցի։ 1512 թ.-ին Հակոբ Մեղապարտը Վենետիկում տպագրել է հայերեն առաջին գիրքը՝ «Ուրբաթագիրքը»՝ հիմնադրելով հայկական տպագրությունը։ Իտալիայում են գործել նաև հայ տպագրիչներ Աբգար Թոխաթեցին, Հովհաննես Տերզնցին, Հովհաննես Անկյուրացին։ Հայերեն գրքեր են տպագրվել նաև Հռոմում, Միլանում, Լիվոռնոյում, Պադուայում և այլուր։ 1717 թ.-ին Մխիթար աբբահոր գլխավորությամբ Վենետիկի Սուրբ Ղազար կղզում հաստատվեց Մխիթարյան միաբանությունը, որը 2000 թ.-ին միավորվեց Վիեննայի Մխիթարյանների միաբանության հետ։ XVIII դարի 2-րդ կեսից միաբանությունը վերելք է ապրել հայ մշակույթի և գիտության առաջնակարգ գործիչներ Միքայել Չամչյանի, Գաբրիել Ավետիքյանի, Ղուկաս Ինճիճյանի, Եղիա Թովմաճյանի, Արսեն Բագրատունիի, Ղևոնդ Ալիշանի և այլոց գործունեության շնորհիվ։ Առաջին հայկական վարժարանը 1732 թ.-ին հիմնել է Մխիթար Սեբաստացին Սուրբ Ղազար կղզում։ 1834 թ.-ին վարժարան է հիմնվել Պադուայում, 1836 թ.-ին՝ Վենետիկում, որոնք 1870 թ.-ին միավորվել են և կոչվել Մուրատ-Ռափայելյան վարժարան։ 1883 թ.-ից Հռոմում գործում է Լևոնյան հայկական վարժարանը։ Իտալիայում է ապրել և աշխատել հայազգի հայտնի քիմիկոս Լուիջի Հակոբ Չամիչյանը։ Բոլոնիայում կանգնեցված է նրա հուշարձանը, իսկ քիմիական ինստիտուտն անվանվել է «Ջակոմի Չամիչյանի ինստիտուտ»։ Ներկայիս Իտալիայում բնակվում է շուրջ 4.002 հայ. որոնք բնակվում են Հռոմ (502), Միլան (1.000), Վենետիկ (300) և Ջենովա քաղաքներում։ զբաղվում են ազատ արհեստներով ու արվեստներով, կան ձեռնարկատերեր, առևտրականներ, մտավորականներ։ Իտալահայ համայնքի ձևավորմանը համընթաց՝ հիմնվել են ազգային կյանքը կազմակերպող հասարակական, մշակութային, բարեգործական, երիտասարդական բազմաթիվ միություններ ու ընկերություններ, որոնց գործունեության գլխավոր նպատակը հայապահպանությունն է և հայ-իտալական հարաբերությունների զարգացումը։ Միլանում գործում են Իտալիայի հայոց միությունը և Իտալիայի հայ մշակութային միությունը, Վենետիկում՝ «Պո-Արաքս» մշակութային ընկերությունը և Հայ մշակույթի ուսումնասիրման ու վավերագրման կենտրոնը, Հռոմում՝ «Զատիկ» ընկերակցությունը։ Հայկական ճարտարապետություն են ուսումնասիրում Հռոմի համալսարանում, իսկ Բոլոնիայի և Վենետիկի համալսարաններում գործում են հայագիտական ամբիոններ։