Մասնակից:Ani Hambardzumyan/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գեղարվեստական ստեղծագործությունը շատ դեպքերում իրենից ներկայացնում է իրադարձությունների կամ ապրումների  հերթագայություն, որը կարելի է բաժանել մասերի: Հենց դա էլ էպիկական և քնարական ստեղծագործությունների դեպքում սյուժետային տարբեր որակների առանձնացման հնարավորություն է տալիս: Սրանցում սյուժեն հանդես է գալիս տարբեր եղանակներով: Անշուշտ, ստեղծագործության նկարագրական բնութագիրը առավել բնորոշ է էպիկային: Գործողությունները էպիկական սեռի ստեղծագործություններում այնպես են նկարագրվում, որ հատկապես տեսանելի է հեղինակի օբյեկտիվ վերաբերմունքը, իրաարձություններին հնարավորինս չմիջամտելու կարողությունը: Սյուժեն նաև «իմաստակողմնորոշիչ» դեր է կատարում , որի միջոցով էլ էպիկական ստեղծագործություններում բացահայտվում են հերոսների նկարագիրը, արարքները, հատկանիշները, նրանց տրամադրվածությունը աշխարհի, նաև սեփական կյանքում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ և այլն: Ի տարբերություն էպիկայի, քնարերգության մեջ պատմողական տարրի առկայությունը հասցված է նվազագույնի, հեղինակի վերաբեմունքն էլ առավել սուբյեկտիվ բնույթ է կրում:	Էպիկայում սյուժեն դոմինանտ է, լիրիկայում՝ ենթակա: Սակայն հերոսի ներաշխարհի և ապրումների նկարագիրը, ինչը բնորոշ է քնարերգությանը,  օտար չէ նաև էպոսին: Քնարերգության դեպքում, եթե վերջինիս բանաստեղծական ապրումի առավել ինտենսիվ նկարագրման համար անհրաժեշտ է սյուժե, ապա պետք է հաշվի առնվի նաև այն հանգամանքը, որ բանաստեղծությունը սյուժեով ծանրաբեռնելը ուղիղ համեմատական է քնարական ապրումի թուլացմանը: 

Սյուժեի բազմաթիվ բնութագրումներ են տրվել, և նրանք բոլորն էլ առավել կամ նվազ չափով մոտ են միմյանց: Սյուժեի դասական սահմանմանը հանդիպում ենք դեռևս Հին Հունաստանում: Սահմանման հիմքում ընկած էր այն դրույթը, ըստ որի` սյուժեի հիմնական բաղադրատարրերն են գործողությունը և իրադարձությունը: Այս երկուսի միահյուսումը, ըստ Արիստոտելի, կազմում է ֆաբուլան, որն ընկած է յուրաքանչյուր էպիկական և դրամատիկական ստեղծագործության հիմքում: Փիլիսոփան նաև նշում է, որ սյուժեն միասնական է լինում այն ժամանակ, երբ վերջինիս բոլոր մասերը ծառայում են տվյալ թեմայի և գաղափարի մարմնավորմանը : Այս բնութագիրը այժմեական է նաև այսօր: Այլ հարց է ժամանակի ընթացքում ճշգրտումների, հիմնավորումների առաջ գալը: Մասնավորապես, 19-րդ դարում Հեգելի կողմից լայն տարածում ստացավ «կոլիզիա» տերմինի օգտագործումը: Ըստ Հեգելի, կոլիզիան սովորական իրադարձություն չէ, այլ իրադարձություն, որի հետևանքով խախտվել է ինչ-որ կանոնիկ վիճակ (заведенный порядок): «Կոլիզիայի հիմքում,- գրում է Հեգելը,- ընկած է խախտում, որը չի կարող պահպանվել որպես այդպիսին, այն պետք է հարթվի» : Հեգելը գտնում է, որ հենց այդ խախտումն է անհրաժեշտ սյուժեի ձևավորման և սյուժետային դինամիկայի զարգացման համար: Գրականագիտական հանրագիտարաններում հանդիպում ենք նման սահմանումների. «Սյուժեն գրականության մեջ իրականության դինամիզմի դրսևորումն է, որն արտահայտվում է գործողությունների, փոխկապակցված արարքների (պատճառահետևանքային կապեր), կերպարների, իրադարձությունների միասնական պատկերավորման միջոցով» : Մոտավորապես նույն սահմանումն է տալիս Էդ. Ջրբաշյանը. «Գրական ստեղծագործության մեջ պատկերված դեպքերի, գործողությունների, մարդկային կապերի ամբողջությունը կոչվում է սյուժե» : Ջրբաշյանը տալիս է նաև սյուժեի հինգ բաղկացուցիչ տարրերը: Դրանք են՝

                                           1. Նախադրություն 
                                           2. Հանգույց
                                           3. Գործողության զարգացում  
                                           4. Գագաթնակետ	                     
                                           5. Լուծում
	Նախադրության ժամանակ  տրվում է կերպարների նկարագրությունը, նրանց հոգեբանական տրամադրվածությունը, իրադրությունը կամ իրավիճակը, որում գտնվում են գործողության սկզբում, մինչ հիմնական իրադարձության ի հայտ գալը: Տրվում է նաև վայրը, որտեղ ծավալվելու են գործողությունները: 
	Հանգույցի ընթացքում ընթերցողը ստանում է առաջին տպավորությունները կերպարների  և այն կոնֆլիկտի մասին, որը ծավալվում է նրանց միջև:	Ի հայտ են գալիս կյանքի հակասություները: Առանց որևէ կոնֆլիկտի արտահայտման դժվար է պատկերացնել սյուժե:
	Գործողության զարգացումը իրադարծությունների շղթա է, որը մոտեցնում է հերոսին իր վերջնական բախմանը (կարևոր արարք, ապրում, հույզ, ցնցում): Հերոսները, որոնք ընդգրկվում են գործողություննեի մեջ, որպես կանոն, ունեն անհանգստություն, ինչ-որ հարցերում անբավարարվածություն, ինչ-որ բան ունենալու, ինչ-որ բանի հասնելու ցանկություն կամ կարևոր բան պահելու, չկորցնելու նպատակ: 
	Գագաթնակետը ամենալարված կետն է, որի ընթացքում ամբողջանում է կերպարների էության բացահայտումը: Հերոսները կրում են պարտություններ, տանում հաղթանակներ:
	Լուծումը հաճախ դրսևորվում է հենց գագաթնակետի ժամանակ: Այն կոնֆլիկտի և դրանից առաջ եկած հետևանքների արտահայտությունն է: 
 	Էպիկական ստեղծագործություններում, որտեղ հիմնականում գերակշռում է երկի պատմողական տարրը, հերոսները դրսևորվում են կոնկրետ գործողությունների միջոցով: Սյուժեի նման յուրահատկությունը վառ կերպով արտահայտվեց Վերածննդի շրջանում, երբ նովելի հերոս դարձավ նպատակային և կողմնորոշիչ գործողությունների միտված անհատը, այդպիսիք են, օրինակ, «Դեկամերոնի» հերոսները:										Իրադարձությունների տարբեր հերթագայությունները էպիկական ստեղծագործության հիմքն են կազմում: Հնուց էլ անհնար է եղել էպիկական ստեղծագործությունը պատկերացնել առանց սյուժեի: Եթե, օրինակ, անդրադառնանք Հոմերոսի պոեմներին, ապա կտեսնենք, որ դրանք հենց իրադարձությունների հաջորդական նկարագրությամբ են կառուցված: Հեղինակի հուզականությունը հասցված է նվազագույնի, և այստեղ նաև դրսևորվում են էպոսին բնորոշ ևս երկու կարևոր առանձնահատկություններ` դրվագների առատություն և կերպարների բազմազանություն: