Մասնակից:Սաս/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Խենթը

Ստեղծում

Հայ ազգային-ազատագրական շարժման վերելքը, կապուած 1877-1878 թուականների ռուս-թուրքական պատերազմի իրադարձութիւնների հետ, ամբողջ խորութեամբ բացայայտեցին Րաֆֆու ստեղծագործական տաղանդի հնարաւորութիւնները։ Րաֆֆին առաջադրում է ազգային-ազատագրական պայքարի գաղափարը՝ արեւմտահայ ժողովրդի գլխաւոր խնդիրը համարելով այդ գաղափարի «անդադար եւ անընդհատ նախապատրաստութիւնը»։ Այս ծրագրի գեղարուեստական արտայայտութիւնը հանդիսացաւ նաեւ «Խենթը» վէպը, որը նա գրեց 1881 թուականին:

Սյուժե

Վեպի գլխաւոր հերոսը Վարդանն է, ով ստանձնում է օգնութիւն խնդրող նամակը հասցնել ռուսական բանակի հրամանատար Տեր-Ղուկասովին: Միքայել Դուդուկջեանը, նոյն ինքը Սալմանը, քայլում է գիւղից գիւղ, փորձում է դպրոցներ հիմնել եւ հիմքից ձեւափոխել հայ մտածելակերպը: Պայքարի ջատագով է նաեւ Մելիք-Մանսուրը, որը չարչի ձեւանալով տեղեկատւութիւն եւ զէնք է մատակարարում:

Հետոյ նկարագրւում են մի քանի տարի դրանից առաջ կատարուած դէպքերը: Ալաշկերտում խաղաղութիւն է տիրում, չնայած, որ մի կողմից քրդերն իրենց Ֆաթթահ Բեկի գլխաւորութեամբ անընդհատ կողոպտում են հայերին, միւս կողմից Թովմաս Էֆենդին, հարկեր հաւաքօղը, լինելով հայ, կեղեքում է իւրայիններին:

Վարդանը սիրում է տանուտէր Խաչոյի աղջիկ Լալային, որին տղայի զգէստներ են հագցնում եւ Ստեփանիկ են անուանում։ Նրան սիրում են նաեւ Ֆաթթահ Բեկը եւ Էֆենդին: Թովմաս Էֆֆենդու մեքենայութիւնների արդիւնքում ձերբակալւում են Խաչոյի որդիները, Սալմանը, Վարդանը: Լալան փախուստի է դիմում: Թուրքերի կոտորածներից փրկուելու համար ամբողջ Ալաշկերտի գավառը գաղթի ճամփան է բռնել, Լալան նրանց հետ միասին գաղթում է Վաղարշապատ, ուր եւ ծանր հիւանդանում ու մահանում է: Վարդանը, որը ձերբակլումից յետոյ յայտնուել էր Բայազետի բերդում, նամակը Տեր-Ղուկասովին հասցնելուց յետոյ սկսում է փնտրել Լալային, սակայն գտնում է միայն նրա գէրեզմանը: Լալայի շիրիմը գրկած Վարդանը տեսիլքների մէջ տեսնում է ապագայի իր երազանքների Հայաստանը:

Րաֆֆու Խենթի իրական պատմությունը

1877 թվականի սեպտեմբերին Թիֆլիսից Երևան ճանապարհվելիս Րաֆֆին Դիլիջանում հանդիպել է Բայազետի պաշտպանությանը մասնակցած վիրավոր զինվորների, որոնք էլ պատմել են, որ իրենք փրկվել են մի զինվորի հնարամտության շնորհիվ: Նա խենթ քուրդ ձևանալով` ճեղքել է այդ տարածաշրջանում գտնվող թուրքերի ու քրդերի զինված շրջափակումը, լուր հասցրել գեներալ Արշակ Տեր-Ղուկասովին, որի օգնությամբ էլ ազատագրվել են Բայազետի պաշարված բերդում գտնվող հայ և ռուս զինվորները: Րաֆֆին այս նյութը դարձնում է արդեն ծրագրված վեպի թեմա, որը հայությանը պետք է մղեր ազգային ազատագրական պայքարի: Դեպքերի մանրամասներին ծանոթանալու համար գրողն անձամբ հանդիպում է այդ քաջ զինվորի` Սամսոն Տեր-Պողոսյանի հետ, որն էլ այդ հանդիպման մասին գրում է. «Ես ինչ-որ հանձնարարականով Էջմիածին էի եկել, երբ կապույտ ակնոցով, մեծ, սև բեղերով ինչ-որ մարդ առաջս կտրեց, ծանոթացավ, անվանելով իրեն Մելիք-Հակոբյան, և ասելով, որ ինձ հետ կարևոր խոսակցություն ունի, տարավ միաբաններից մեկի խուցը և ահա այստեղ սկսեց ինձ հարցուփորձի ենթարկել իմ մի տարի առաջ Բայազետում և գեներալ Տեր-Ղուկասովի բանակում արածների մասին: Ես ամեն կերպ աշխատում էի կարճ կապել, բայց այս մարդը յախիցս բռնել, պոկ չէր գալիս, հարցեր էր, որ տալիս էր և ասածներս գրում էր ծոցատետրում: Այդ պահին ներս եկավ բժիշկ Բագրատ Նավասարդյանը, որ գաղթականներին բուժող ու խնամող վանքի բժիշկն էր, և կամացուկ ասաց ականջիս՝ սա մեր հայտնի գրող Րաֆֆին է, մանրամասն պատմիր, նա կարծես, ինչ-որ բան է ուզում գրել այդ պատերազմի մասին: Եվ ես սկսեցի պատմել ու պատասխանել նրա տված հարցերին, որից հետո դուրս եկա ու գնացի իմ գործին» (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հ. չորրորդ, Ե., 1984, էջ 445-446):

Սամսոնը դարձավ «Խենթ» վեպի գլխավոր հերոսի՝ Վարդանի նախատիպը: Վեպն առաջին անգամ լույս տեսավ 1881 թվականին Շուշիում: Այնուհետև հրատարակվեց ու վերահրատարակվեց բազմաթիվ այլ լեզուներով: Այս ստեղծագործությամբ Րաֆֆին ցանկանում էր ժողովրդի մեջ արթնացնել ազգային ինքնագիտակցությունը, ազգի ճակատագիրը սեփական ուժերով տնօրինելու և զենքի ուժով հայրենիքն ազատագրելու գաղափարը: Կարելի է ասել, որ վեպն իր առջև դրված խնդիրը կատարեց: Ժամանակին այն մեծ արձագանք է ստանում ընթերցողների շրջանում, հայրենասիրության ալիք բարձրացնում: Լեոն (Լեո, հ. 9, էջ 334-335) այդ առիթով գրում է. «19-րդ դարի կեսերին կար հասարակության ավելի ընդարձակ տրամադրություն, որ ասում էր, թե ձրի ոչինչ չէ տրվում մարդուն, թե ազատությունը չէ շնորհվում իբրև ողորմություն, այլ նվաճվում է իբրև իրավունք: …Այս ընդհանուր հոսանքին հարկավոր է ղեկավարող խոսք, հարկավոր է ծրագիր:

Ժամանակի այս մեծ պահանջի իրականացումն էլ վիճակվում է Րաֆֆու տաղանդին: «Ջալալեդդինից» հետո հրատարակվում է նրա «Խենթը», որի գործած տպավորությունը անհամեմատ ավելի մեծ է, ավելի դյութիչ: Ընթերցող հասարակությունը հմայված է: Շուշի քաղաքում, ձմեռային մի ցուրտ գիշեր, ես պատահել եմ շուկայի գիշերապահին, նստած մի խարույկի առջև «Խենթը» կարդալիս: Նա գանգատվում էր ինձ, որ չէ կարողանում ընդհատել ընթերցանությունը և կատարել իր պաշտոնը: «Խենթը» առանձին գրքով տպագրվեց Շուշիում և մի ամսվա մեջ սպառվեց ամբողջովին: Առաջին ներգործությունը նա արավ տպարանի գրաշարի վրա, որ ուզում է թողնել ամեն ինչ և գնալ Թուրքաց Հայաստանն ազատելու՝ չունենալով ձեռքին նույնիսկ զենք: Կարճ միջոցից հետո Հայաստան ճանապարհվեց տեղական ռեալական դպրոցի աշակերտներից մեկը, բայց ճանապարհից ետ բերվեց: Այնուհետև այդպիսի դեպքեր շատ պատահեցին և ուրիշ տեղեր:

Երիտասարդությունը վարակված էր միահամուռ տենդով, ամեն մեկն ուզում էր «Ջալալեդդինի» կամ «Խենթի» հերոսներից մեկը դառնալ: Եվ Վարդանը, Մելիք-Մանսուրը, Դուդուկչյանը գրքի էջերից դուրս էին գալիս՝ կյանքի մեջ մարմին և արյուն ստանալու համար»:

Բայազետում տեղի ունեցած դեպքերի իրական մանրամասները կարդում ենք Վ. Պիկուլի «Բայազետ» պատմավեպում: Ահա մի հատված այդ վեպից, որտեղից տեղեկանում ենք Սամսոն Տեր-Պողոսյանի մասին (Պիկուլ Վ. Ս., «Բայազետ» պատմավեպ, Երևան, 1989, էջ 460): Ի դեպ, այստեղ նա ներկայանում է որպես Սամսոն Պետրոսով: Պետրոսը նրա պապն էր՝ իր հոր՝ տեր Պողոս քահանայի հայրը:

«…Շտոկովիչը գնաց իր սենյակը, սերթուկի գրպանները կոխկխեց կաշվե երեք տռուզ քսակներ: Հետո գնաց կազեմատ, որտեղ տեղավորված էին փախստականները և միլիցիայի մնացորդները: Ոչ մի բառ չասելով՝ պարետն արձակեց քսակներից մեկը, և սեղանի վրա ծանր զնգոցով թափվեցին տասանոց ոսկիները:

-Ահա,- ասաց նա՝ ոսկին կույտ անելով,- հարկավոր է դուրս պրծնել Բայազետից, կապվել գեներալ Տեր-Ղուկասովի հետ և պատմել նրան այս ամենի մասին… ո՞վ կհամարձակվի գնալ:

Մթության միջից դուրս եկավ խիստ դեմքով, կորաքիթ մի երիտասարդ լեռնցի՝ ձեռքի ափերը երկար դաշույնի վրա դրած:

-Ես Պողոսի որդին եմ՝ Սամսոն Պետրոսովը: Թուրքերը սպանել են իմ մորը և հրկիզել իմ տունը: Ինձ մնացել են միայն իմ կինը և ահա այս դաշույնը: Թույլ տուր, ռուս հրամանատար, և ես կգնամ Սուրբ Հովհաննես, նույնիսկ չվերցնելով այդ փեշքեշը:

-Վերցրո՛ւ,- ասաց պարետը:- Պատերազմից հետո քեզ պետք կգա: Բայց հիմա դրամը թող կնոջդ մոտ… բերդից կիջնես պարանով, որ քեզ ոչ ոք չնկատի: Կհագնվես քրդի պես: Ես քեզ գրություն կտամ ուղղված Արզաս Արտեմևիչին: Եվ մենք քեզ համար կաղոթենք աստծուն…»:

«Իմ գլխին,- պատմում է Սամսոն Տեր-Պողոսյանը 1878 թվականին ռուսական թերթերից մեկին տված հարցազրույցում,- թաղիքե քոլոզ հագցրին, փաթաթեցին լաթերով, քրդի նման զուգեցին: Սպասելով մինչև լռություն տիրի և դադարի փոխհրաձգությունը, ինձ իջեցրին պատից, որը մի սաժեն բարձրություն ուներ: Ես ընկա այստեղ ու այնտեղ թափված դիակների վրա:

Զզվելի հոտը և նրանց այլանդակ տեսքն իմ մեջ սարսափ առաջացրին: Շրջակայքի թափառական շները հաչոց բարձրացրին: Քրդերը գլխի ընկան, որ բերդից մարդ է դուրս եկել: Սկսվեց հրաձգությունը, բայց ոչ մի գնդակ ինձ չկպավ: Ես շարունակեցի սողալ դիակների միջով և արդեն գտնվում էի ժայռի եզրին, երբ հանկարծ տեսա քրդերին, որոնք գալիս էին իմ կողմը: Ես այն ժամանակ ժայռից ինձ կիրճը գցեցի, որի պատճառով էլ վնասեցի ոտքս:

Պարզվեց, որ կիրճից դուրս գալը դժվար է. հողը փխրուն էր, և անընդհատ սահում էր վար: Այդպես տանջվեցի ամբողջ գիշերը և միայն լուսադեմին ոտքերիս տակ շոշափեցի արահետը: Կոշիկներս հանեցի և այդ արահետով մի կերպ դուրս եկա կիրճից: Այդտեղ անսպասելիորեն հանդիպեցի քուրդ ուղեկալների: Որպեսզի կասկածները հեռացնեի ինձանից, ես ինքս նետվեցի նրանց կողմը, դեռ հեռվից բղավելով.

-Փրկեցե՛ք, ռուսները դուրս են գալիս բերդից…

Տագնապ բարձրացավ: Քրդերը մի ակնթարթում հայտնվեցին ձիերի վրա և սլացան տարբեր կողմեր: Սակայն շուտով ինձ նոր սոսկում պատեց. մի երկու հարյուր քուրդ երևացին ինձանից ոչ հեռու: Կորա, մտածեցի ես, և ինձ գցեցի ջրով լցված փոսի մեջ: Ափիս մեջ մի քիչ հող վերցրի և ջուր լցրի վրան: Դա, որոշեցի ես, կլինի իմ հաղորդությունը, եթե տեսնեմ, որ հարկավոր է բաժանվել կյանքից: Բայց քրդերն անցան կողքովս՝ չնկատելով ինձ:

Ես ուղղվեցի դեպի հայկական Արցին գյուղը, որպեսզի որևէ հայից նժույգ վերցնեմ և արագ սլանամ՝ փնտրելու Էրիվանի ռազմաճակատը: Սակայն, ավա՜ղ, ինչ տեսան իմ աչքերը հենց գյուղի մուտքի մոտ… Բնակիչները դուրս էին գալիս տներից։ Նրանց ձեռքերը պարաններով կապած էին կրծքերին ու մեջքերին: Ես տեսա և շատ հայերի՝ քնած հավերժական քնով: Երբեմն մի ամբողջ ընտանիք, որի հյուրասիրությունից հաճախ էի օգտվում, այժմ տեսնում էի կոտորված: Իսկ նրանք, ովքեր կապված էին, ման էին գալիս իրենց տների մոտ, քրդերն էլ թալանում էին նրանց ունեցվածքը: Մեկը յուղն էր հանում տնից, մեկը պանիրը, մեկը՝ սնդուկները:

Ինչ էր մնում ինձ անելու: Եվ ահա ես, քուրդ ձևանալով, մտա տներից մեկը, վերցրի մի մեծ պարկ և սկսեցի նրա մեջ բուրդ լցնել: Երկու քրդեր, որոնք տնօրինություն էին անում այդ տանը, նայեցին ինձ ու դուրս եկան: Շուտով վերադարձան ուրիշ քրդերի հետ: Ես այնքան վախեցա, որ քիչ էր մնում ինձ մատնեի: Հարկավոր էր լռել և թալանել, իսկ ես սարսափից սկսեցի խնդրել.

-Մի բարկացեք, եթե ես էլ ինձ համար բուրդ վերցնեմ:

Այստեղ նրանք ինձ բռնեցին և սկսեցին ծեծել, գոռալով.

-Մենք քեզ տեսել ենք Բայազետում… դու լրտես ես, ծախվել ես ռուսներին… Ասա ո՞վ ես դու և որտեղից:

Ես քրդերեն խոսում էի շատ վատ, և դրա համար նրանց պատասխանեցի թաթարերենով.

-Խնայեք ինձ: Ես Մուստաֆա-օղլու (Մուստաֆա-օղլուն Բայազետում բոլորը գիտեին) ծառան եմ.. Ես ընդամենը Խոյի աղքատ թաթարներից եմ և իմ տերը թույլ է տվել ինձ որևէ բան ձեռք բերել իմ ընտանիքի համար… Բաց թողեք ինձ, բարի և ազնիվ բեկեր:

Քրդերը չլսելով իմ ճիչն ու աղաղակը, ինձ լրիվ մերկացրին և սկսեցին թափ տալ հագուստս, որպեսզի ապացույց գտնեն իրենց կասկածների համար՝ նամակ կամ ոսկի: Սակայն պարոն Շտոկովիչի տված գրությունը ես վաղուց արդեն կուլ էի տվել, դեռ այն քրդերին տեսնելու ժամանակ, երբ պառկած էի փոսի մեջ: Քրքրելով իմ ցնցոտիները և կասկածելի ոչ մի բան չգտնելով՝ քրդերն ինձ բաց թողեցին: Ես վերցրի բրդով լցված պարկը և կաղալով սկսեցի որքան հնարավոր է արագ դուրս գալ գյուղից: Ես լաց էի լինում՝ տեսնելով իմ հայրենակիցների աղետները: Երբ արդեն դուրս եկա Արցինի շրջապարիսպից, ես պարկը գցեցի և շարժվեցի առաջ:

Ճանապարհին մի քիչ պառկեցի հանգստանալու, որպեսզի խնայեմ ցավող ոտքս: Կողքից արշավելով մի քուրդ անցավ և նկատեց ինձ: Նրա հարց ու փորձին պատասխանեցի նույն ձևով, ինչ որ առաջ: Սակայն այս քուրդը նորից տկլորացրեց ինձ և նկատեց, որ իմ շապիկը քրդական չէր: Նա նիզակի սուր ծայրը դեմ տվեց կրծքիս, որպեսզի միանգամիս վերջ տա ինձ: Այն ժամանակ ես ծնկի եկա նրա առաջ, լաց եղա և խնդրեցի, որ չսպանի ինձ: Քուրդը ծիծաղեց իմ արցունքների վրա, անվանեց ինձ հիմար կին և, վերցնելով շապիկը, որը ինչ-որ բանով դուր էր եկել նրան, նորից ձի նստեց ու սլացավ…

Ես շատ ուրախացա և շարունակեցի ճանապարհս: Ինձ թվում էր, թե մոտենում եմ Ղարաքիլիսին, երբ հեռվում վրաններ և կարմիր հագուստով հեծյալներ երևացին: Ես հիմարաբար որոշեցի, որ դրանք ռուսներ են, և ինքս վազեցի նրանց ընդառաջ: Սակայն պարզվեց, որ դրանք դարձյալ քրդեր են, և ինձ քարշ տվեցին ուղիղ շեյխի (նրանց մոտ շեյխը, ինչպես հայերիս մոտ՝ նահապետը) վրանը: Այստեղ ես Ջելալ Էդդինի առջև կանգնած, նորից անվանվեցի Մուստաֆա-օղլու ծառան: Ես լաց եղա և ասացի, որ չամիչ էի բերում այստեղ վաճառելու, բայց քո քրդերը, լուսափայլ շեյխ, ճանապարհին կողոպտեցին ինձ և խլեցին նույնիսկ էշս:

Այդ ժամանակ Ջալալ Էդդինը զայրացած գոռաց ինձ վրա.

-Դու ինքդ ես մեղավոր: Հիմա մարդիկ մարդկանց արյունն են ջրի պես թափում, և ոչ ոք դրա մասին չի բողոքում: Իսկ դու, հիմար ոչխար, ափսոսում ես քո էշին… Հե՜յ, ծառանե՛ր, մտրակով մի լավ քոթակեք դրան և թող սողալով կորչի գնա՝ լիզելով իր վիրավորանքը:

Ինձ մտրակներով մի լավ ծեծեցին ու բաց թողեցին: Եվ այդպես ահա ես վերջապես հասա մինչև Սուրբ Հովհաննես: Այստեղ ինձ լավ դիմավորեցին ռուսները, բայց մի մայոր ենթադրեց, որ ես քուրդ եմ և Ֆուիկ փաշայի լրտեսը: Ես իզուր էի նրան հակառակը համոզում, նա կարգադրեց իր կազակներին՝ ինձ դուրս բերել բակ ու գնդակահարել:

- Մի՞թե քուրդը կարող է ռուսերեն այնպես լավ խոսել, ինչպես ես, ասացի մայորին:

Մայորն ինձ անգամ լսել չուզեց: Կազակները ձեր դժբախտ Սամսոն Պետրոսովին դուրս բերեցին և կապեցին պատին: Սակայն այդ պահին սմբակների թփթփոց լսվեց, մոտեցավ մի ուրիշ ռուս սպա: Նա կարողանում էր խոսել հայերեն և տեսնելով իմ արցունքները, համբերատարությամբ լսեց ինձ: Ապա այդ սպան սկսեց հայհոյել մայորին և կտրտեց իմ ձեռքերի պարանները: Հետո բոլորի ներկայությամբ նա սկսեց համբուրել դեմքս, աչքերս, ուսերս: Նա կազակներին և այդ մայորին ասաց, որ ես արժանի եմ ոչ թե գնդակահարության, այլ մեծ պարգևի:

Ինձ անմիջապես կերակրեցին, փոխեցին հագուստս ու ձի տվեցին: Կազակային պահակախմբի ուղեկցությամբ մենք սլանում էինք ամբողջ թափով, սլանում էինք ամբողջ գիշերը և ամբողջ հաջորդ օրը: Միայն երեկոյան մենք հասանք խեղճ Դամցտոխ գյուղը, որտեղ կանգ էր առել Էրիվանյան զորաջոկատը: Գեներալ Տեր-Ղուկասովը անմիջապես ինձ ընդունեց իր վրանում և ապշեց պաշարման մասին իմ պատմածից: Բանակում դեռ ոչ ոք չգիտեր, թե հիմա ինչ է կատարվում Բայազետում: Տեր-Ղուկասովը կարդացել էր Պացևիչի զեկույցները և կարծել, թե թուրքերը վաղուց ջախջախված են գլխովին: Գեներալ-նահանգապետ Ռոսլավլևը բայազետցիներին ոչ մի օգնություն խոստանալ չէր կարող: Միայն հիմա բոլորը հասկացան, որ Բայազետը զսպում է թուրքերին՝ Էրիվանը ջախջախելուց և քրդական հեծելազորին՝ Թիֆլիսի վրա արշավելուց, որովհետև Կովկասի ներսում գրեթե բոլորովին զորքեր չէին մնացել…»:

Հետո Վ. Պիկուլը ավելացնում է. «Մենք մեզանից ավելացնենք, որ հայորդի Սամսոն Պետրոսովը հենց այդ ժամանակ էլ ստացավ Գեորգիևյան ոսկե խաչ, հարյուր քսան կիսաիմպերիալ և, դառնալով ռուսական բանակի սպա, ռոճիկից բացի, իր սխրագործության համար ամեն ամիս ստանում էր ևս հարյուր քսան ռուբլի: Դա բոլորն է, ինչ մենք գիտենք նրա մասին»:

Հայտնի է, որ հետպատերազմյան տարիներին նա շարունակել է ծառայությունը ռուսական բանակում, կատարել է հետախուզական առաջադրանքներ, թարգմանչի պարտականություններ, ավելի ուշ զբաղվել է թիկունքային սպասարկման խնդիրներով, բարձրացել սպայական աստիճանակարգով և արժանացել գնդապետի կոչման։ Ծառայել է Թիֆլիսում և Սանկտ Պետերբուրգում։ Ծառայությունից արձակվելուց հետո վերադարձել է Հայաստան։ 1903-1906 թվականներին եղել է Վայոց ձորի գավառապետի օգնական, ապա՝ գավառապետի պաշտոնակատար, 1906-1911-ին՝ Էջմիածնի գավառի ջրաբաշխ։ Նրա այդ ժամանակվա գործունեության մասին տեղեկանում ենք ականատեսներից մեկի նամակից, գրված 1984 թվականին Սամսոնի թոռանը՝ Տամբովում ապրող Սամսոն Արսենի Տեր-Պողոսյանին:

«...Ձեր հանգուցյալ պապ, Րաֆֆու Խենթ Սամսոնին առաջին անգամ տեսել եմ 1908 թվականին իմ ծննդավայր Էջմիածնի շրջանի Գրամփա գյուղում, երբ նա Էջմիածնի գավառի ջրաբաշխն էր: Օգոստոսի կիզող օրերից էր: Սամսոն Տեր-Պողոսյանը եկավ սպիտակ ձիով: Գլուխը բաց էր, հագին սպիտակ վերնաշապիկ, դեմքը վարդագույն, գեր, լայն այտերով, արծվի հայացքով, գեղեցիկ ու մեծ աչքերով, լայնաթիկունք: Եկավ կանգնեց գյուղամիջի մեծ չինարի ծառի դիմաց: Գյուղացիները, որ մինչ այդ չորացող հողից էին խոսում, միանգամից վերադարձան իրականություն՝ փրկության ափ: Ծառի ստվերում անմիջապես գորգ գցեցին, բարձեր դրեցին ու հյուրին առաջնորդեցին հանգստանալու:

Գյուղացիները խոսեցին երաշտի մասին, ասացին, որ եթե մոտակա օրերին ջուր չլինի, խաղողի ամբողջ բերքը կփչանա: Սամսոնը լսեց բոլորին և մի կես ժամից շքախմբով պտտվեց դաշտերում: Տեսածը գերազանցեց գյուղացիների պատմածը: Դաշտից վերադարձավ զայրագին ու ասաց, որ երկու օրից ջուրը կլինի: Նա խոսքի տեր մարդ էր, և գյուղացիները նրա խոսքին հավատում էին: Ջրաբաշխի պաշտոնր չափազանց դժվարին պաշտոն էր: Էջմիածնի գավառում հայտնի ջրաբաշխներ եղել էին, բայց Սամսոնի նմանը չկար: Նրա նման արդարադատ, անշահախնդիր, քաջ ու անվախ պաշտոնյա ոչ թե Հայաստանում, այլ Անդրկովկասում էլ չկար: Եվ եթե նա ասաց, որ ջուր կլինի, այդպես էլ լինելու էր: Եվ իրոք, երկու օրից Էջմիածնի գյուղերի կիզվող հողերը կենարար ջուրը ստացան...»(Միհրան ՄՈՒՐԱԴՅԱՆ):

Ժողովրդի մոտ Սամսոն Տեր-Պողոսյանի բարձր հեղինակության մասին են վկայում մի քանի փաստեր։

1956 թվականին, մահվանից մեկ ամիս առաջ գեներալ Սմբատ Բորոյանը (Մախլուտո) Ամենայն հայոց կաթողիկոսին ուղղված նամակում գրում է. «Հավատքիս համար ինձ կթաղեք Ս. Էջմիածնում, իսկ քաջությանս համար՝ «Խենթի» կողքին։ Եթե հարմար կդատեք։ Մախլուտո»։

1983 թ. նախաձեռնող գաղտնախմբի առաջարկությամբ՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը հանդիպում է Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինի հետ՝ խնդրելով վերջինիս աջակցությունը Նժդեհի հայրենադարձված աճյունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, 19-րդ դարի հայ ազատագրական շարժման և ռուս-թուրքական պատերազմի հերոս Խենթի՝ Սամսոն Տեր-Պողոսյանի կողքին գաղտնի ամփոփելու համար։ Կարճ ժամանակ անց հասկանալի պատճառներով այդ խնդրանքը մերժվում է:

Սամսոն Տեր-Պողոսյանն իր ժամանակի կրթված մարդկանցից էր. ավարտել էր Գևորգյան ճեմարանը, տիրապետում էր մի քանի լեզուների: Հրաշալի գիտեր պատմություն և համոզված էր, որ ազգի արժանապատիվ ապագայի համար կարևոր է գրագետ սերունդ դաստիարակելը: Այդ մտահոգությամբ նա իր անձնական միջոցներով 1890-ին հայրենի Արագյուղում հիմնել է դպրոց, որի ուսուցիչներին վճարելու համար մինչև իր մահը (1911 թ.) ամենամյա ֆինանսական օգնություն է հատկացրել։ Այս տարի լրանում է այդ դպրոցի 125-ամյակը, սակայն մինչ օրս դպրոցն անանուն է: Կարծում ենք` լավ առիթ է վերջապես վերականգնելու պատմական ու բարոյական արդարությունը՝ դպրոցն անվանելու իր հիմնադրի՝ Խենթի անունով: