Մասնակից:Պավել Սահակյան/ավազարկղ79

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սինթետիկ քնապարկ բոժոժի տեսքով

Քնապարկ, հանգստի և քնի համար նախատեսված արշավային կենցաղի պարագա:

Քնապարկի կառուցվածքն ապահովում է ավելի լավ ջերմամեկուսացում, քան սովորական ծածկոցը, ինչպես նաև լրացուցիչ ամորտիզացիա: Ավելի լավ ջերմամեկուսացման և ամորտիզացիայի համար սովորաբար դրվում է գորգի վրա:

Օգտագործվում է զբոսաշրջիկների, լեռնագնացների, անձավագետների և քայլարշավային պայմաններում ապրող այլ մարդկանց կողմից:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես այդպիսին, քնապարկը մեկ գյուտարար չունի: Դրա ստեղծմանն աջակցել են շատերը: Առաջին խավե կամ բրդյա քնապարկերը «հայտնագործել» են բնագետներն ու լեռնագնացները: Հենց նրանք էլ այն կատարելագործել են իրենց կարիքների համար: Առաջին քնապարկը ժամանակակից իմաստով փորձարկել է Ֆրենսիս Ֆոքս Տակեթը 1861 թվականին: Այն պատրաստված էր ուղտի բրդից, որպես վերին ծածկույթ օգտագործվել էր Չարլզ Մակինթոշի ռետինապատ գործվածք (հայտնաբերվել է 1823 թվականին): Խավե քնապարկն առաջին անգամ փորձարկել են Ալֆրեդ Մամերին և նրա թիմը 1892 թվականին: 1890 թվականից նորվեգական «Ajungilak» ընկերությունը սկսել է կապոկի (բուսական բմբուլ) հիմքով քնապարկերի զանգվածային արտադրությունը: Այն օգտագործվել է ընդհուպ մինչև սինթետիկ մանրաթելերի և տաքացուցիչների դարաշրջանի սկիզբը:

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Քնապարկ ծածկոց
Քնապարկ բոժոժ

Քնապարկի ամենատարածված տեսակներն են.

  • Ծածկոց, այս քնապարկն ուղանկյունաձև է և ամրացվում է պարագծով կայծակաճարմանդի օգնությամբ: Հարմար է ոչ բարդ արշավային պայմաններում հանգստի և համեմատաբար մեղմ ամառային կամ աշնանային-գարնանային եղանակին կիրառելու համար: Այն շատ հարմարավետ է իր ընդարձակ չափսերի և որպես սովորական ծածկոց օգտագործելու հնարավորության շնորհիվ։
  • Բոժոժ, այն ունի ոտքերի մոտ նեղացող անատոմիական ձև, ինչպես նաև գլուխը տաքացնող գլխարկ։ Կայծակաճարմանդը սովորաբար չի հասնում քնապարկի ներքևի հատված: Նման քնապարկն ավելի լավ է հարմարեցված բարդ արշավների համար, քանի որ ճանապարհորդին ավելի լավ է տաքացնում ցածր ջերմաստիճանի պայմաններում, ինչպես նաև թեթև է և ավելի քիչ տեղ է զբաղեցնում ծոծկոց քնապարկի համեմատ[1]:

Նախագծման ավելի քիչ տարածված տեսակներն են.

  • Կվիլտ (անգլ.՝ quilt) քնապարկ, որը զուրկ է իր ստորին (մարդու տակ գտնվող) մասի թեթևացումից։ Հատուկ տարրերով ամրացվում է զբոսաշրջային գորգին և օգտագործվում է միայն դրա հետ համատեղ:
  • Ոտք, սա բոժոժ քնապարկի կեսն է, որը ծածկում է մարմնի միայն ստորին մասը՝ մինչև գոտկատեղ: Օգտագործվում է բաճկոնի հետ միասին: Օգտագործվում է լեռնագնացների և Էքստրեմալ տուրիզմի զբոսաշրջիկների կողմից՝ բարձրանալիս կշռի առավելագույն նվազեցման համար։

Լցանյութ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քնապարկի հատկությունները մեծապես կախված են դրանում կիրառվող ջերմամեկուսացնող լցանյութից.

  • Ջրլող թռչունների փետուր (սագ, բադ), նման քնապարկը շատ լավ է պահպանում ջերմությունը, սինթետիկ քնապարկի համեմատությամբ ունի ավելի քիչ կշիռ: Սակայն խոնավ պայմաններում փետուրն ակտիվորեն կլանում է խոնավությունը և խիստ կորցնում իր ջերմամեկուսացնող կարողությունները[2]: Հարմար է ցածր խոնավության պայմաններում` բարձր լեռնային մասերում, արկտիկական արշավներում, ձմեռային արշավներում:
  • Սինթետիկ լցանյութ, գրեթե չի ներծծում խոնավություն, արագ չորանում է: Հարմար է օգտագործել անձրևոտ, խոնավ շրջաններում: Սինթետիկ քնապարկերը փոքր-ինչ ավելի ծանր են, քան փետրավորները, և պակաս դիմացկուն, քանի որ լցանյութը ժամանակի ընթացքում քարանում է:

Պատյանի նյութ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից քնապարկերում հիմնականում օգտագործվում են սինթետիկ գործվածքներ, որոնք ապահովում են նվազագույն կշիռ, բարձր ամրություն և արագ չորացում։ Այնուամենայնիվ, հարմարավետ հանգստի համար նախատեսված քնապարկերում որպես պատյանի նյութ կարող են օգտագործվել բամբակյա գործվածքներ: Էքստրեմալ զբոսաշրջության համար նախատեսված քնապարկերի արտաքին շերտը պատրաստելիս երբեմն օգտագործում են թաղանթային գործվածքներ:

Ջերմային ռեժիմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քնապարկում հանգստացող զբոսաշրջիկ

EN 13537-ի համաձայն՝ կա ջերմային 4 բնութագիր[3].

  • Առավելագույն (Max)՝ հարմարավետ ջերմաստիճանի վերին սահմանը (ոչ պարտադիր բնութագիր),
  • հարմարավետ (Comfort)՝ հարմարավետ ջերմաստիճանի ստորին սահմանը միջին կնոջ համար (25 տարեկան, 160 սմ հասակ, 60 կգ կշիռ),
  • սահմանային (Limit)՝ հարմարավետ ջերմաստիճանի ստորին սահմանը միջին տղամարդու համար (25 տարեկան, 173 սմ հասակ, 73 կգ կշիռ),
  • ծայրահեղ (Extreme)՝ ստորին սահմանային ջերմաստիճանը, որն ապահովում է միջին կնոջ գոյատևումը (6-ժամյա քուն՝ ցրտից հաճախակի արթնացումներով, հիպոթերմիայի վտանգ):

Չափսեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրոպական EN 13537:2012 չափանիշների համաձայն՝ քնապարկերի մակնշումը կատարվում է ներքին չափսերով.

  • Քնապարկի ներքին երկարություն, չափումը կատարվում է շրջված կողմով՝ չափելով ոտնաթաթի կրունկից մինչև քնապարկի վերևում գտնվող կարերի միջև հեռավորությունը առանց քնապարկի չափսը մեծացնելուն ուղղված ուժի կիրառման։ Թույլատրվում է պիտակի վրա նշված չափսերից շեղում ± 3 սմ սահմաններում:
  • Քնապարկի ներքին լայնություն, չափումը կատարվում է շրջված կողմով՝ չափելով շրջագիծը ամենալայն մասում` առանց ձգելու կտորը, և թիվը բաժանելով 2-ի: Եթե քնապարկի առավելագույն լայնությունը կրծքավանդակի շրջանում չէ, ապա այն պետք է նշել պիտակի վրա: Քնապարկի լայնության չափսի թույլատրելի շեղումը ±2 սմ է:
  • Լայնություն ոտնաթաթի հատվածում, քնապարկի ներսում ոտնաթաթի շրջանի լայնությունը պետք է նշվի ± 2 սմ ճշգրտությամբ[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Анатомия спального мешка». Novasport.ru. 2017 г.
  2. «Выбираем спальник для походов и экспедиций геошколы». Геологическая школа МГУ. 2006 г.
  3. EN 13537(անգլ.) // Wikipedia. — 2016-10-24.
  4. «Особенности маркировки размеров спальных мешков. Европейский стандарт EN 13537: 2012». Pohod.by. 2014 г. Արխիվացված է օրիգինալից 2014-11-04-ին. Վերցված է 2014-11-04-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Мешок спальный // Товарный словарь / И. А. Пугачёв (главный редактор). — М.: Государственное издательство торговой литературы, 1958. — Т. V. — Стб. 667—669 — 588 с.