Մասնակից:Ղուկասյան Մարո/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սևակ Ղուկասյան
Խորհրդային բանակում:

'''Սևակ Ղուկասյան''' (նոյեմբերի 8, 1969, Ճարտար, Արցախի Հանրապետություն - ապրիլի 29, 2011, Հադրութ, Արցախի Հանրապետություն), Արցախի ԶՈւ գնդապետ, Արցախյան ազատամարտի ակտիվ մասնակից, «Արայիկ» ջոկատի քաջ մարտիկ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1969թ. նոյեմբերի 8-ին, Մարտունու շրջանի Ճարտար գյուղում։ Տեղի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո՝ 1987 թվականին, ընդունվել է Երեւանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետ։ 1988-89թթ. ծառայել է Խորհրդային բանակում։ Ծառայությունն ավարտելուց հետո շարունակել է կիսատ մնացած ուսումը։ Այդ ժամանակ Արցախում և Հայաստանում արդեն սկսվել էր դեպքերի գլխապտույտ զարգացումը։ Արցախցի երիտասարդը 3-րդ կուրսից ուսումը կիսատ թողնելով` շտապեց զինվորագրվել հայրենի եզերքի պաշտպանությանը։

1991թ. վերջերին Սեւակ Ղուկասյանը ժ. Սեֆիլյանի ջոկատի կազմում մասնակցել է Կրկժանի, Լեսնոյի և Ստեփանակերտի շրջակա այլ բնակավայրերի ազատագրմանը: 1992թ. հունվարին նա արդեն Ճարտարում էր։ Այստեղ սկսվել էին ինքնապաշտպանական ջոկատների կազմավորման աշխատանքները։ 1992թ. մայիսի 14-ը համարվում է Ճարտարի «Արայիկ» ջոկատի հիմնադրման պաշտոնական օրը։ Իր ռազմական գործունեությունը Սեւակ Ղուկասյանն սկսեց որպես նռնակաձիգ։ Վահրամ Ղահրամանյանի գլխավորած «Արայիկ» ջոկատում նա ռազմական գործողություններին մասնակցեց  մինչեւ 1993թ. վերջը։ 1993-ի դեկտեմբերից մինչեւ պատերազմի ավարտը եղել է Ճարտարի գումարտակի հրամանատարը։ Պատերազմից հետո էլ շարունակել է ծառայությունը։ 2000թ. նշանակվել է N զորամասի շտաբի պետ։ 2002-2004թ. սովորել է Մոսկվայի Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիայում։ 2005-2008 թթ. եղել է N զորամասի հրամանատար։ 2008-2011 թթ. եղել է հարավային զորամիավորման շտաբի պետ:

2011թ. ապրիլի 29-ին Սևակ Ղուկասյանը մարտական պարտականությունները կատարելիս զոհվել է թշնամու դիպուկահարի նենգ հարվածից[1]:

Սևակն ամուսնացած էր, ունի երկու որդի և մեկ դուստր։

«Արայիկ» ջոկատը[խմբագրել | խմբագրել կոդը]

1992 թ. մայիսի 14-ին Արցախի Մարտունու շրջանի Ճարտար գյուղի երիտասարդության հավաքն էր. օրըստօրե ահագնացող վտանգի առջև հարկավոր էր համախմբել անառիկ լեռների կրծքին բազմած շենի առողջ ուժերը, կազմակերպել և ստեղծել ինքնապաշտպանական ջոկատ, լուծել պաշտպանական գծի, զենք-զինամթերքի, համազգեստի և փոխադրամիջոցների հարցերը: Ջոկատի ստեղծման նպատակը ոչ միայն գյուղի ինքնապաշտպանությունը կազմակերպելն էր, այլև մարդկանց մարտական ոգին բարձրացնելը, նրանց հույս և հավատ ներշնչելը:

Փաստորեն, ստեղծվում էր մի հատուկ նշանակության ջոկատ, որի մարտիկներից ոմանք, ճիշտ է, անցել էին Աֆղանական պատերազմի բովով, սակայն հիմնական մասը չուներ և չէր էլ կարող ունենալ անհրաժեշտ պատրաստվածություն:

Սևակ Ղուկասյանը ԵՊՀ բանասիրության ֆակուլտետից էր, Վահրամ Ղահրամանյանն ու Հովիկ Ջիվանյանը` իրավաբանության, Մեսրոպ Մեքիյանը` Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի ծանրամարտի բաժնից…

Ջոկատի ստեղծման նախաձեռնողը Վահրամն էր: Երրորդ կուրսի ուսանող էր: Ծառայել էր Աֆղանստանում` հատուկ նշանակության զորքերում, հմտացել արևելյան մարտարվեստներում: Ազատագրական շարժման սկզբից ևեթ մասնակցել էր մարտական գործողություններին, մշտապես պատվով ելել անգամ ամենածանր իրավիճակներից: Հենց նա էլ ստանձնեց ջոկատի հրամանատարությունը և շուրջ մեկ տարի ղեկավարեց մարտերը: Վահրամի ծանր վիրավորվելուց հետո արդեն գումարտակի վերածված ջոկատը Հովիկ Ջիվանյանն էր ղեկավարում: Հետո նրան փոխարինելու էր Սևակ Ղուկասյանը:

Ջոկատը տարբեր ուղղություններում մասնակցել է երեք տասնյակից ավելի մարտական գործողությունների և երբեք պարտություն չի կրել: Այդպես երկու անգամ մարտի բռնվեցին իրենց քանակապես գերազանցող «Գորշ գայլերի» հետ, որ հատուկ հեղինակություն էին վայելում թշնամու ռազմուժի կազմում, տարբերվում էին իրենց պատրաստվածությամբ, զինվածությամբ: Սակայն վերջիններիս սին-հերոսական համբավը չփրկեց նրանց: Երկու ընդհարումների ժամանակ էլ «գայլերը» գլխովին ջախջախվեցին՝ առաջին անգամ Ուրյան լեռան մարտում տալով վեց զոհ և նույնքան վիրավոր, ինչից հետո անմիջապես գործեց կաշին փրկելու գայլային բնազդը, և մեծաքանակ ռազմամթերք, զոհեր ու վիրավորներ թողնելով` իսպառ անհետացան[2]:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գնդապետ Սևակ Ղուկասյանը պարգևատրվել է ԱՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով, «Մարտական ծառայություն», նաև ՀՀ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» և «Մարտական ծառայություն» մեդալներով։

Սևակ Ղուկասյանի մտքերից[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հարցին, թե պատերազմի վերսկսման դեպքում հայկական բանակը    քանի կիլոմետր կարող է  առաջ տանել իր դիրքերը, Սևակ Ղուկասյանը պատասխանել է. «Հայ զինվորից լավ զինվոր չկա, նրանք մեզանից հարյուր անգամ լավ են կռվելու, այդ հարյուրը վերածեք կիլոմետրի և կհասկանաք, թե ինչքան ենք առաջ գնալու»:[3]
  • Պետք է ճանաչել դիմացինի կարողությունները եւ հստակ պատկերացնել` ով ինչի է ընդունակ։ Իսկ մարդկանց մեջ ամենաշատը սեփական պարտականությունների նկատմամբ անտարբեր վերաբերմունքն է անընդունելի։
  • Բարձր կարգապահությունն ու ճշտակատարությունն են զինվորական կյանքի առանցքը։ Բայց կան նաեւ ընդհանուր աշխատանքների հաջողությանը նպաստող մի շարք գործոններ։ Նախ՝ պետք է ճանաչել եւ գնահատել բոլորի հնարավորությունները, իմանալ, թե որ պայմաններում ով ինչի է ընդունակ։ Ենթականերին տրվող ցուցումները պետք է լինեն հստակ եւ իրատեսական։ Ու պետք է նաև սեփական ուժերի ու արժանիքների նկատմամբ հավատն ամրապնդել մարդկանց մեջ։ 


  Հուշագրությունը (անգլ.՝ ˈmemwɑːr, ֆրանսերեն mémoire: memoria, որ նշանակում է հուշ, հիշողություն) անհատի կյանքում տեղի ունեցած իրադարձությունների մասին անձնական կամ հանրային հուշերի ամբողջությունն է:Նկարագրվող դեպքերը դիտվում են իբրև փաստեր: Թեպետ պատմականորեն հուշագրությունը համարվել է կենսագրության և ինքնակենսագրության ենթատեսակ, 20-րդ դարի վերջերից ժանրի սահմաններն առավել հստակ դարձան՝ ներկայացնելով առավել նեղ շրջանակ: Կենսագրությունը և ինքնակենսագրությունը ներկայացնում են մի կյանքի պատմություն, մինչդեռ հուշագրությունը ներկայացնում է մի այնպիսի հատված կյանքից, որը նշանակալի և պատմականորեն վճռորոշ է եղել հեղինակի կյանքում: Հուշագրության հեղինակին կոչում են հուշագրող կամ վավերագրող:                         

Վաղ շրջանի հուշագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշագրություններ գրվել են դեռևս հնագույն ժամանակներում, ինչպես Հուլիոս Կեսարի «Նոթեր Գալլական պատերազմի մասին» ստեղծագործությունը: Այստեղ Կեսարը նկարագրում է այն ճակատամարտերը, որ տեղի են ունեցել 9 տարի շարունակ Գալլական պատերազմի ընթացքում: Նրա երկրորդ հուշագրությունը՝ «Նոթեր քաղաքացիական պատերազմի մասին», մ.թ.ա. 49 և 48 թվականների ընթացքում Գնեոս Պոմպեոսի և Սենատի դեմ ծավալված քաղաքացիական պատերազմի ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների վավերագրությունն է:Նշանավոր Լիբանիոսը՝ հռետորաբանության ուսուցիչ, ով ապրել է մ.թ. մոտ 314-394 թթ., իր կյանքի հուշագրությունը կազմել է որպես իր հերթական գրական ճառերից մեկը, որ բարձրաձայն պիտի ընթերցվեր առանձնության մեջ: Այս տեսակ հուշագրությունը կապվում է Հին Հունաստանում և Հռոմում տարածված գաղափարի հետ, որի համաձայն հուշագրությունները նման են «մեմոների» կամ անավարտ կամ չհրապարակված գրության հատվածների, որը գրողը կարող է օգտագործել որպես օգնություն՝ հիշելու և ամբողջական դարձնելու կիսատ թողած ստեղծագործությունը:                   

Ճապոնական հուշագրության վաղ օրինակ է «Սարաշինայի օրագիրը»՝ գրված Հեիյան շրջանում: Բանաստեղծական օրագրությունը կամ Նիկկի Բունգակուն ձևավորվեց այս ժամանակահատվածում:   

Միջնադարում Ժոֆրուա Վիլլարդուենը, Ժան դե Ժուանվիլը, Ֆիլիպ դե Կոմմինը գրում էին հուշագրություններ, այն դեպքում, երբ ժանրի մասին խոսվեց և այն սահմանվեց Վերածննդի վերջերին Բլեզ դե Մոնլյուկի և Մարգարիտա դե Վալուայի աշխատանքներով. վերջինս առաջին կին գրողն է, ով իր «Հուշերը» շարադրեց հուշագրության ժամանակակից ոճով:   

Մինչև Լուսավորության դարաշրջանը (17-18-րդ դարեր) հուշագրություններ էին գրում Էնթընի Էշլի-Կուպերը (Շեֆթսբըրիի 1-ին կոմսը), Ֆրանսուա դը Լարոշֆուկոն, Սեն Սիմոն Լուի դե Ռուվրուան. վերջինս իր հուշագրությունը գրեց իր ընտանիքին պատկանող Լա Ֆերտե-Վիդամե դղյակում: Չնայած Սեն Սիմոն Լուի դե Ռուվրուան համարվում էր պատումի և կերպարստեղծման առումով հմուտ գրող, նրա մահից հետո միայն նրա գործերը դիտվեցին որպես հուշագրություն՝ մեծ հռչակ բերելով նրան:

Հետագա զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

18-րդ դարի կեսերից մինչև 20-րդ դարի կեսերը հիմնականում հուշագրություններ գրում էին նրանք, ովքեր հայտնի էին իրենց մասնագիտության մեջ ունեցած լուրջ հաջողություններով: Նրանք գրում էին՝ վավերագրելու և փոխանցելու իրենց փորձը՝ այդպիսով իրենց հանրայնացնելով: Դրանք հիմնականում քաղաքական գործիչներ և դատական համակարգի ներկայացուցիչներ էին, որոնց հետո ավելացան ռազմական առաջնորդներ և գործարարներ: Նրանց շարքում բացառություն է կազմում Հենրի Դեյվիդ Թորոն, որի 1854 թվականի հուշագրությունը՝ «Ուոլդեն կամ կյանքն անտառում», ներկայացնում է նրա երկու տարիների մենավոր կյանքի պատմությունը՝ հասարակությունից հեռու՝ Ուոլդեն լճի ափին կառուցած խրճիթում:

20-րդ դարի հուշագրությունները առանձին ժանր են ներկայացնում՝ պատկերելով Առաջին համաշխարհային պատերազմի տարիները: Այա առումով հայտնի են Էռնստ Յունգերի («Պողպատե ամպրոպների մեջ») և Ֆրեդերիկ Մաննինգսի հուշագրությունները («Her Privates We» ): Նացիստական Գերմանիայի բանտարկությունների վավերագրությունն է Պրիմո Լևիի «Արդյոք սա մա՞րդ է» հուշագրությունը, որը նկարագրում է նրա՝ որպես Իտալական ընդդիմադիր շարժման ներկայացուցչի բանտարկությունը, Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարում անցկացրած տարիները: Էլի Վիզելի «Գիշերը» պատմում է Օսվենցիմի, Մոնովիցի և Բուխենվալդի համակենտրոնացման ճամբարներում հեղինակի անցկացրած կյանքը:

Հուշագրությունն այսօր[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ 1990-ականներին մեմուարներ գրվում էին մեծ հաջողությունների հասած հասարակ մարդկանց կողմից,: Շատ մարդիկ եկան այն գիտակցության, որ իրենց նախնիների և իրենց իսկ պատմությունը գուցե անհետ կորչի, և այն գրառելու անհրաժեշտություն զգացին: Միևնույն ժամանակ հոգեբանական և այլ հետազություններ ցույց տվեցին, որ իրենց ծագումնաբանության իմացությունն օգնում է մարդկանց գտնել իրենց տեղն աշխարհում, իսկ կյանքի վերանայումը նպաստում է անցյալի հետ համերաշխության հաստատմանը:

21-րդ դարի առաջին տասնամյակին ոչ թանկ թվային գրքերի ի հայտ գալով ժանրը կտրուկ զարգացում ապրեց: Լայն տարածում գտան այն հուշագրությունները, որոնք նկարագրում էին որևէ ընտանիքի պատմություն (դա համարվում էր անձնական և ընտանեկան պարտավորվածություն), իսկ հուշագրությունը՝ որպես գրական ժանր և պատմական փաստաթուղթ, զիջեց իր դիրքերը:

Նոր ժամանակների հուշագրության սկզբնավորման շրջանում Ամհերսթում (Մասաչուսեթս) ձևավորվեց Անձնական պատմաբանների ասոցիացիան (APH) որպես միջազգային միություն այն մասնագետների, ովքեր օգնում են անհատներին, ընտանիքներին և կազմակերպություններին իրենց կյանքի պատմությունը վավերագրելու հարցում՝ հատկապես նախընտրելի արխիվային ձևաչափով:

Ժողովածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ականատեսների կողմից նկարագրվող պատմության հանդեպ հետաքրքրության մեծ աճի հետ կապված՝ որոշ կազմակերպություններ համագործակցում են հմուտ հուշագրողների հետ, ովքեր վերջնական տեսքի են բերում շարադրանքը: «Վետերանների պատմություն» նախագիծը, օրինակ, ամբողջացնում, կազմում է այն մարդկանց հուշարությունները, ովքեր ծառայել են ԱՄՆ զինված ուժերում, հատկապես նրանցը, ովքեր կռվել են վճռական մարտերում և աչքի ընկել սխրագործություններով:

Հուշագրությունը հայ գրականության մեջ


Մաննե (անգլ.՝ Manne, սեպտեմբերի 9, 1996, Երևան, ՀՀ), հայ կինոռեժիսոր, վավերագրող:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաննեն ծնվել է 1996 թ. սեպտեմբերի 9-ին Երևան քաղաքում: 2014 թվականին ընդունվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ՝ Կինոարվեստի ֆակուլտետ (Ռուբեն Գրիգորյանի արվեստանոց), և 2018-ին գերազանցությամբ ավարտել:

Ուսումնառության ընթացքում նկարահանել է երկու ֆիլմ՝ «Ադապտացիա» և «Ճայը»:

«Ադապտացիա» ֆիլմը ցուցադրվել է աշխարհի 20 երկրներում` ավելի քան 50 քաղաքներում: Ստացել է միջազգային և տեղական տասնյակ մրցանակներ: Ցուցադրվել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությամբ: 2018 թվականին «Ադապտացիա» ֆիլմի համար ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանի կողմից պարգևատրվել է ոսկե շքանշանով՝ ստանալով ՀՀ Նախագահի երիտասարդական մրցանակ[4]:

«Ադապտացիա» ֆիլմին անդրադարձել են ֆրանսիական լեգենդար ամսագիր «Կայիե Դյու Սինեմա»-ն և ռուսական «Իսսկուստվո Կինո»-ն: «Ադապտացիա»-ն ընդգրկվել է հետևյալ երկրների փառատոներում՝ Չինաստան, Հայաստան, Ռուսաստան, ԱՄՆ, Գերմանիա, Անգլիա, Ղազախստան, Լատվիա, Իտալիա, Վրաստան, Մոլդովա, Թուրքիա, Էստոնիա, Բուլղարիա, Նիգերիա, Բելառուս, Ֆրանսիա, Ռումինիա, Ղրիմ, Հնդկաստան և այլն:

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադապտացիա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ադապտացիա»-ն ռեժիսորի առաջին ֆիլմն է, կուրսային աշխատանքը, պրոդյուսեր՝ Արարատ Գրիգորյան: 21 րոպե տևողությամբ ֆիլմը Երևան քաղաքի դիմանկարն է, որը նկարահանվել է իմպրեսիոնիստական ժանրում: Մոնտաժային այս ֆիլմը սև ու սպիտակ է:

Ֆիլմը Երևան քաղաքի իմպրեսիոնիստական դիմանկարն է, որտեղ արտացոլված է ժամանակի (2017 թվականի) պատկերը։ Այս ֆիլմի հերոսները ադապտանում են իրենց սեփական խնդիրներին, միապաղաղ կյանքին, սև ու սպիտակ քաղաքին, բարեգործական ճաշարանում տարածվող անհամ ճաշի բույրին ու արտագաղթին, քաղաքի տարբեր անկյունների ամենատարբեր ռիթմերին, անվերջ գնացող տրոլեյբուսին՝ երթևեկող միայնակ ծերերով ու մուրացկաններով։ Այս մարդկանց համախմբողը հավատն է առ Աստված:

«Այս քաղաքում գույները լավ չեն նայվում։ Այն սև ու սպիտակ է։ Նրա մթնոլորտը կինոյից է, կերպարները կինոյից են, շենքերն ու փողոցները կինոյից են․․․Տրամադրություններն այս քաղաքում հիշեցնում են 60-ականների կինոն։ Անգամ երիտասարդությունն ու նորաձևությունը դասական կինոյից են։ Այստեղ մարդիկ չեն շտապում։ Նայում են միմյանց՝ իրենց տեսնելով անցորդների մեջ։ Կարելի է անվերջ հետևել մարդկանց․․․Ամեն օր տեղի ունեցող առօրեական դրվագներում հոսում է մեր կյանքը։ Ամեն պահը մեր կյանքն է, մեր ժամանակը։ Մենք բազմաթիվ տեսարաններ ու դրվագներ ենք ապրում օրվա ընթացքում՝ ամեն պահ ադապտացվում ենք դրանց, և այդ գործընթացը մեզ ստիպում է չզգալ, թե ինչպես արագ է անցնում ժամանակը՝ ինչպես գործարաններում արտադրվող շշերը․․․

Երևանում ամեն քայլափոխի կարելի է տեսնել միայնակ ծերերի։ Նրանք միայն անվերջ գնացող տրոլեյբուսում չեն։ Այդ տրոլեյբուսն իհարկե ունի իր կանգառը՝ Բարեգործական Ճաշարան․․․ Հացի փշրանքներ ուտող կանայք․․․ դատարկ տարաներ բերող բազմաթիվ մարդիկ... Ինձ համար Երևանը միայն մի պողոտայով չի սահմանափակվում․․. Քաղաքը ծերերն են, որոնք անուշադրության են մատնված, քաղաքը գրողների ակումբն է, մեքենաներն ու շենքերն են, տիկնիկներն են, դատարկված մետրոն է և քաղաքում մնացած մի քանիսը․․․․»[5]:

Ճայը[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ճայը» էքսպերիմենտալ ֆիլմը ռեժիսորի դիպլոմային աշխատանքն է, պրոդյուսեր՝ Արարատ Գրիգորյան: Այս ֆիլմը նույն ժանրում է արված, ինչ նախորդը: Այն հիմնված է Անտոն Չեխովի նույնանուն պիեսից հայտնի մոնոլոգի վրա: Ֆիլմը պատմում է մերօրյա Երկիր մոլորակին սպառնացող վտանգների մասին: Միջուկային զենքի կիրառումը, գիտական ահռելի մեծ թռիչքները կարող են վերացնել մարդկությանը:

Ֆիլմում որպես դերակատար հանդես է գալիս հեղինակը: Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել Երևանում, Մոսկվա կինոթատրոնում[6]:

Կինոգետները «Ադապտացիա» ֆիլմի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Տրևիզոյի «Էդերա» կինոփառատոնի կատալոգում Ռաֆաելե Լաձձարունին գրել է.

«Երեւան քաղաքը` երկրի մայրաքաղաքը, հետազոտվում է իր բաղկացուցիչ տարբեր վայրերում` ճամփորդելով եւ շոշափելով այնտեղ ապրող բազմաթիվ անծանոթ մարդկանց, թափանցելով տարբեր աշխատանքային միջավայրեր, հետապնդելով ադապտացվող առօրյա կյանքի յուրաքանչյուր պահի վրա կենտրոնանալու ցանկությունը, հստակորեն դեպի այն տրամադրությունները, որոնք բնութագրում են մի ընդհանուր գոյություն:

Մաննեն դիտում է շուրջը եւ քննում «մի մարդու, մի օր, մի քաղաք, մի ռիթմ, անցյալի ու ապագայի մարդկանց` համադրելով տպավորիչ դրվագները սպիտակի ու սևի մեջ «հում» զգացողությամբ` մոնտաժելով դրանք մոլեգնությամբ եւ նախնական միտումնավոր աններդաշնակությամբ, և քանի որ խոսող լեզուն իսպառ բացակայում է, նախընտրում է մետրոյի հնչյուններն ուղեկցել Չեթ Բեյքըրի լավ երաժշտությամբ կամ Բիթլզի երգով, Սատիի սգերգով կամ Խաչատրյանի ֆոլկլորիկ մեղեդիով: Արդյունքը հաճելի կերպով հիշեցնում է 20-30-ական թվականներին եվրոպական ավանգարդում կատարված կինեմատոգրաֆիկ փորձարարությունների որոշակի մի տեսակ»:

Իսկ ռուս կինոգետ Եվգենի Մայզելը «Իսկուսստվո կինո» հանդեսում այս տարվա «Ոսկե ծիրանի» մասին իր հանգամանալից հոդվածում գրել է.

«Նման զգացումներով` թարմության, երիտասարդության, մաքրության, ազատության, հավասարության և նույնիսկ մասամբ եղբայրության, ներծծված է Երևանի պետական ինստիտուտի թատրոնի եւ կինոյի շրջանավարտ Մաննեի (նույն ինքը` Մանե Բաղդասարյան) «Ադապտացիան»: Այս ֆիլմը մտել է «Ոսկե ծիրանի» ավանդական ծրագիր` «Հայկական համայնապատկեր» (համադրող` Արծվի Բախչինյան), որն ի մի է բերում նոր հայկական կինոն, վերջին երկու տարիների կինոարտադրությունը: Մեր առջև իրական քաղաքային սիմֆոնիա է` քսան րոպե տեւողությամբ սեւ-սպիտակ հիմն ժամանակակից Երևանին ու նրա բնակիչներին:

Ֆրանսիական լեգենդար ամսագրի գործընկերն «Ադապտացիան» սահմանել է որպես Վերտովի և Փելեշյանի միջեւ գտնվող մի երևույթ: Այդ կոորդինատները կարելի է ընդունել` հաշվի առնելով, որ Մաննեի համար նույնպես սկզբունքորեն կարևոր է ռիթմը, սակայն պետք է ընդգծել, որ ի տարբերություն Վերտովի, Փելեշյանի և, ասենք, Վալտեր Ռութմանի («Բեռլին. մեծ քաղաքի սիմֆոնիա»)` Մաննեի հայացքը մոտիկ է և նուրբ իր կերպարների հանդեպ, ուստիև ավելի շատ հիշեցնում է Էժեն Դեսլավին (Եվգենի Սլաբչենկո) և նրա «Մոնպառնասը» (1929): Մեկ այլ հեռավոր, բայց ոչ ավելորդ վկայակոչում` Հարություն Խաչատրյանի «Կոնդը» (1987)` նվիրված վերակառուցման ժամանակվա Երևանի համանուն անբարեկարգ թաղամասին, որը ողջ խորհրդային տարիներին գրեթե անհաղորդ է մնացել սոցիալիստական արդիականացման գործընթացին: Ինչպես և «Կոնդը», «Ադապտացիան» ներկայացնում է մեզ առտնին, անշուք Երևանը: Քննադատական պաթոսն էկրանին հայտնվում է ենթագրերով` «ՄԱՐԴ», «ՕՐ», «ՔԱՂԱՔ», «ՌԻԹՄ», «ՃԱՇԱՐԱՆՈՒՄ ՏԱՐԱԾՎՈՂ ԱՆՀԱՄ ՃԱՇԻ ԲՈՒՅՐ», «ԱՐՏԱԳԱՂԹ, ԱՆՑՅԱԼԻ ԵՎ ՆԵՐԿԱՅԻ ՄԱՐԴԻԿ», «ՈՉԻՆՉ ՉԻ ԿԱՏԱՐՎՈՒՄ»: Այնուամենայնիվ, շուտով այս ահազանգող տագնապը տեղը զիջում է բազմազանության մեջ նրա նորմատիվ տարրալուծմանը:

Մաննեն քաջատեղյակ է վաթսունականների ոճի էֆեկտին` ծնված նրա սև-սպիտակ պատկերից, այդ պատճառով ուղեկցում է այն հստակ երաժշտական ռետրո-մեկնաբանություններով, որոնք պատկերի հետ մտնում են սրամիտ փոխկանչի մեջ. համաչափ դասական ջազ` դյուրասահ սոլոյով, վաթսունականների առաջին կեսի ռոքնռոլային, դեռեւս շատ անմեղ «Բիթլզ», ապա դասագրքային «Էլիզեն»` կատարված քսիլոֆոնով, որը զուգորդվում է մանկության հետ: Այդ ակնթարթորեն ճանաչելի եւ անվերջանալիորեն տնական, օրոր ասող երաժշտության ներքո մենք անշտապ ճոճվում ենք հին տրոլեյբուսում, որտեղ անմիջապես չենք ճանաչում ժամանակի մեքենան, ուսումնասիրում ենք նրա զանազան ուղևորներին: Ժամանակ առ ժամանակ հայտնվում ենք փողոցում, արտադրության մեջ, վարսավիրանոցում, ճաշարանում, հանրային սննդի խոհանոցում, տեսնում ենք անգործների ու աշխատողների, բավարարվածների ու իրենց մտքերը թաքցնողների, անհոգների ու աղքատների, որպեսզի հետո նորից արթնանանք ծանոթ տրոլեյբուսում:

«Ադապտացիան» արմատական լինելու հավակնություն չունի. չնայած գորովանքի բացակայությանը և զգալի ուշադրությանը դեպի սոցիալական և գոյաբանական լուրջ խնդիրները (աղքատություն, անտնություն, ծերություն, մահ)` այնտեղ կարող է անգամ աչքի ընկնել հայտնի զիջողականությունը: Այս գեղագիտական զիջողականությունն իր հերթին կարող է բացատրել պարգևների այն տարափը, որն «Ադապտացիան» հավաքում ու շարունակում է հավաքել ուսանողական կինոփառատոներում: Նաև այն, որ կինոնկարն ընտրվել է մասնավորապես մի այնպիսի պահպանողական կինոֆորումի կողմից, ինչպիսին է «Ոսկե ասպետ» ուղղափառ կինոփառատոնը: Այնուամենայնիվ, այս կարծես աներևակայելի իմպրեսիոնիստական ուրվանկարի ոչ պարտադիր լինելը թվացյալ է: Այստեղ քմահաճույքը վայելչագրական ճշգրտություն է, որը ձգտում է գրավել Երևանի իրականությունը: Խցիկի ցնցումը, դիտանկյունների փոփոխությունները, մոնտաժային սոսնձումները (որ ստիպում են հիշել 16 միլիմետրանոց ֆիլմերի լավագույն օրինակներն իրենց անկրկնելի աուրատիզմով) ջղաձիգ են ոչ թե հեղինակային քմահաճույքի պատճառով, այլ քանի որ դա է թելադրում ռիթմը, որն էկրանին ադապտացնում է քաղաքի և քաղաքային իրականության ոգին ու զգացումը` քաջ ծանոթ, բայց միևնույն ժամանակ հիանալի և անհասանելի»[7]:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թ․` ՀՀ Նախագահի երիտասարդական մրցանակ

2018 թ․` Տարվա լավագույն ուսանող, պարգևատրում ՀՀ Կրթության և գիտության նախարարի կողմից

2018 թ․` Լավագույն վավերագրական ֆիլմ, Յարոսլավլ, Ռուսաստան

2018 թ․` Ժյուրիի հատուկ մրցանակ, Ալանիա, Թուրքիա

2018 թ․` Լավագույն վավերագրական ֆիլմ, Ոսկե Ժան-Լյուկ Սանկտ-Պետերբուրգ, Ռուսաստան

2018 թ․` Հատուկ հիշատակում, Տրևիզո, Իտալիա

2017 թ․` Լավագույն մոնտաժ, Չինաստան, Սուցիան

2017 թ․` Լավագույն վավերագրական ֆիլմ , Մոսկվա, Ռուսաստան[8]

2017 թ.` Լավագույն դեբյուտ, Մոսկվա, Ռուսաստան[9]

2017 թ․` Լավագույն հայկական ֆիլմ, Երևան, Հայաստան

2018 թ.` Լավագույն վավերագրական ֆիլմ , Պավլոդար, Ղազախստան[10]

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմեր որպես ռեժիսոր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ադապտացիա, 2017
  • Ճայը, 2019
  • Շապիտո, 2020

Որպես դերասան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վարպետը և Մարգարիտան (մոնոներկայացում, ռեժ.` Արարատ Գրիգորյան)
  • Ճայը (ֆիլմ, մարմնավորել է կին տիեզերագնացի)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Այսօր Սևակ Ղուկասյանի մահվան տարելիցն է». Վերցված է 2019-06-11-ին.
  2. LLC, Ayb Solutions. ««ԱՐԱՅԻԿ» ՋՈԿԱՏԸ». Hay Zinvor (անգլերեն). Վերցված է 2019-06-11-ին.
  3. «Մովսես Հակոբյան. «Իմ հայրենիքն այնտեղ է, որտեղ կանգնած է հայ զինվորը»». Hetq.am. Վերցված է 2019-06-11-ին.
  4. «Մանե Բաղդասարյան». www.presidentprize.am. Վերցված է 2019-03-11-ին.
  5. ՄԱՄՈՒԼ.am (2017-08-24). «Ադապտացիա (ֆիլմ) Մանե». mamul.am. Վերցված է 2019-03-11-ին.
  6. ««Հայաստանը, մեր տունն է»․ Դիպլոմային աշխատանքների հրավառություն». Kinoashkharh. 2018-06-25. Վերցված է 2019-03-11-ին.
  7. ««Золотой Абрикос» 2018. Мокрые дела». Искусство кино (ռուսերեն). Վերցված է 2019-03-11-ին.
  8. Sputnik. «Фильм армянской студентки удивил "Лучезарного ангела"». ru.armeniasputnik.am (ռուսերեն). Վերցված է 2019-03-11-ին.
  9. «Лауреаты XIV Международного благотворительного кинофестиваля «Лучезарный Ангел»» (ռուսերեն). Վերցված է 2019-03-11-ին.
  10. «В Павлодаре прошел I Международный кинофестиваль «Ертіс Cinema»». brod.kz. Վերցված է 2019-03-11-ին.