Մասնակից:Հայկ Ափրիկյան/Ավազարկղ Ա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վաթսըն (այլ կիրառումներ)
Ջոն Հ․ Վաթսըն
ՀեղինակԱրթուր Կոնան Դոյլ
Առաջին հիշատակում«Ալ կարմիր գույներով էտյուդը» (1887թ.)
ՍեռԱրական
ԱզգությունԱնգլիացի
Բնակության վայրՄիացյալ Թագավորություն Լոնդոն
ԸնտանիքՀայր, ում անունն սկսվում է «Հ»-ով
Եղբայր, ում անունն սկսվում է «Հ»-ով
Կին՝ Մերի Մորսթեն
ԿոչումԲժշկական դոկտոր
ԳործունեությունՎիրաբույժ
Դերը կատարել ենՎիտալի Սոլոմին
Ռոլանդ Յանգ
Լև Կռուգլի
Էռնստ Ռոմանով
Բեն Քինգսլի
Մարթին Ֆրիմեն
Ջուդ Լոու
Ռոբերտ Դյուվալ
Իեն Հարթ
Նայջըլ Բրյուս
Փեթրիք Մաքնի
Ալըն Քոքս
Ջեյմս Մեյսըն
Անդրեյ Պանին
ԵրկիրՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն

Բժիշկ Ջոն Հ. Վաթսըն (հայերեն որոշ թարգմանություններում նաև՝ Ուոտսոն, Ուոտսըն, Վաթսոն և այլն, անգլ.՝ Dr. John H. Watson), շոտլանդացի գրող սըր Արթուր Կոնան Դոյլի կողմից ստեղծված գրական կերպար Շերլոք Հոլմսի մասին պատմվածքներում և արկածներում, Շերլոք Հոլմսի ընկերը, օգնականն ու կենսագիրն է, Հոլմսին նվիրված Կոնան Դոյլի գրեթե բոլոր ստեղծագործություններում՝ տեքստի պատմողը:

Կերպարի ստեղծումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոնան Դոյլի նախնական սևագրերում, նախքան վերջնականապես «Ջոն Վաթսըն»-ին անցնելը, Շերլոք Հոլմսի ընկերոջ անունը «Օրմընդ Սեքըր» էր[1]:

Ըստ ամերիկացի գրող Վիլյամ դե Անդրեայի՝

«Վաթսընը կատարում է Հոլմսի մտավոր գործունեության խթանի կարևոր դերը...»
- Վիլյամ դե Անդրեա

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բժիշկ Վաթսընի անունը նշված է միայն չորս ստեղծագործություններում։ Շերլոք Հոլմսի վերաբերյալ ամենաառաջին՝ «Ալ կարմիր գույներով էտյուդը» պատմվածքի առաջին մասը վերնագրված է «Ռազմաբժշկական ծառայության պաշտոնաթող սպա բժիշկ Ջոն Հ․ Վաթսընի հուշերից» (անգլ.՝ Being a reprint from the Reminiscences of John H. Watson, M.D., Late of the Army Medical Department)[2]: «Նրա հրաժեշտի ողջույնը» ժողովածուի նախաբանը ստորագրված է «Բժիշկ Ջոն Հ․ Վաթսըն» (անգլ.՝ John H. Watson, M.D.)[3], իսկ «Թոր կամրջի առեղծվածը» պատմվածքում Վաթսընի փութագրի արկղի վրա գրված է «Բժիշկ Ջոն Հ․ Վաթսըն»[4]: «Ճեղքված շրթունքով մարդը» պատմվածքում Վաթսընի կինը՝ Մերի Մորսթենը, նրան անվանում է «Ջեյմս» (անգլ.՝ James)[5]: Անգլիացի գրող Դորոթի Սեըրզը կարծում է, որ «Ջեյմս» ասելով Մերին նկատի ուներ Վաթսընի միջնանունը՝ Հեմիշը (անգլ.՝ Hamish, Շայմաս անվան (անգլ.՝ Seumas) հոլովված ձևի անգլիականացված ձևը[Նշում 1]), մինչդեռ Կոնան Դոյլը երբեք չի տվել Վաթսընի ամբողջական միջնանունը, որն սկսվում է «Հ»-ով[6]:

«Ալ կարմիր գույներով էտյուդը» պատմվածքի սկզբում Վաթսընը նշում է, որ 1887 թվականին Լոնդոնի համալսարանում ստացել է բժկական գիտությունների դոկտորի աստիճան, ինչից հետո, որպես վիրաբույժի օգնական պրակտիկա է անցել բրիտանական բանակի Նեթլիի հոսպիտալում: Եթե ընդունենք, որ Վաթսընը համալսարան է ընդունվել մոտավորապես 25 տարեկանում, ապա նա պետք է ծնված լինի մոտավորապես 1853 թվականին: Վաթսընը միացել է Հնդկաստանի բրիտանական ուժերի 5-րդ նորթամբըլենդյան հրաձգային հետևակների ստորաբաժանմանը (նախքան վերջինիս միավորումը 66-րդ բերքշիրյան հետևակային գնդին), մասնակցել Անգլո-աֆղանական երկրորդ պատերազմին, «ջեզայիլ» տիպի հրացանից արձակված գնդակից ուսի մոտ վիրավորվել Մայվանդի ճակատամարտում (1880թ. հուլիսի 27), վարակվել է որովայնային տիֆով, ապա, կազդուրվելով, «HMS Orontes» զորանավով վերադարձել է Միացյալ Թագավորություն:

1881 թվականին Վաթսընի ընկեր Սթեմֆըրդը ծանոթացնում է նրան Շերլոք Հոլմսի հետ, ով այդ ժամանակ փնտրում էր այնպիսի մեկին, ով կկիսեր նրա հետ Բեյքըր-սթրիթ 221Բ շենքում բնակարանի վարձը։ Համաձայնության գալով՝ Հոլմսն ու Վաթսընը տեղափոխվում են Բեյքըր-սթրիթ 221Բ։ Որոշ ժամանակ անց, երբ Վաթսընը նկատում է Հոլմսի տարօրինակ այցելուներին, վերջինս նրան հայտնում է, որ ինքը «խորհրդատու-հետախույզ» է, իսկ իր հյուրերն իր հաճախորդներն են[2]։

Վաթսընը բացահայտում է Հոլմսի դեդուկցիոն ունակությունները իրենց առաջին համատեղ գործի՝ մորմոնների սադրանքով կատարված մի սպանության, ժամանակ։ Երբ գործը բացահայտվում է, Վաթսընը զայրանում է այն բանի վրա, որ մամուլում՝ այդ գործի մասին հոդվածներում, Հոլմսի վերաբերյալ ոչ մի բառ չկա։ Նրանից հետո, երբ Հոլմսը հրաժարվում է գրել և հրապարակել գործին իր ունեցած մասնակցության մասին, Վաթսընն ինքն է ջանում անել դա։ Այդ ժամանակվանից նրանք մտերմանում են։

«Չորսի նշանը» վիպակում Վաթսընը ծանոթանում և ամուսնանում է դաստիարակչուհի Մերի Մորսթենի հետ[7]։ «Դատարկ տուն» պատմվածքում Վաթսընի խոսքերից պարզ է դառնում, որ Հոլմսի կեղծ մահից որոշ ժամանակ անց՝ նախքան վերջինիս վերադարձը, Մերի Մորսթենն արդեն մահացել էր[8]։ Դա հաստատվում է, երբ Վաթսընը կրկին եղափոխվում է Բեյքըր-սթրիթ 221Բ՝ Հոլմսի մոտ։ «Սփրթնած երեսով մարդը» պատմվածքում, որի իրադարձությունները տեղի են ունենում 1903թհունվարին, Կոնան Դոյլը հիշատակում է Վաթսընի մեկ այլ կնոջ, որի մասին ոչինչ հայտնի չէ[9]։

«Ալ կարմիր գույներով էտյուդը» պատմվածքի սկզբում Վաթսընն ասում է, որ ինքն Անգլիայում ոչ մի ընկեր կամ հարազատ չունի[2]։ «Չորսի նշանը» վիպակում, երբ Հոլմսը զննում է Վաթսընի հորից՝ նրա եղբորն անցած ժամացույցը, պարզվում է, որ Վաթսընի հայրն ու եղբայրը, որոնց անուններն սկսվում են «Հ» տառով, մահացել են: Հոլմսը նրա եղբոր ժամացույցը գնահատում է մոտ 50 գինեա, հետևաբար՝ Վաթսընի հայրը՝ սըր Հ. Վաթսընը, բավականին ունևոր մարդ էր: Նայելով ժամացույցին՝ Հոլմսը եզրակացնում է, որ Վաթսընի եղբայրը «շատ անկարգ, թեթևամիտ և անճշտապահ մարդ էր: Ժառանգել էր պատշաճ կարողություն, ապագան առջևում էր: Բայց ամեն ինչ վատնել և ապրել է կարիքի մեջ, չնայած ճակատագիրը երբեմն ժպտացել է նրան։ Վերջ ի վերջո, հարբեցողության է տրվել և մահացել»[7]:

Վաթսընը որպես Հոլմսի կենսագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոնան Դոյլի ստեղծագործություններում Վաթսընը ներկայացված է որպես Հոլմսի կենսագիր: Հոլմսի մասին առաջին՝ «Ալ կարմիր գույներով էտյուդը» պատմվածքի վերջին մասում Վաթսընը, զայրանալով Սքոթլենդ Յարդի կողմից խնդրի լուծումն իրենց վերագրելու վրա, բացականչում է Հոլմսին․ «Ձեր արժանիքները պետք է հրապարակայնորեն ճանաչվեն։ Դուք պետք է հրապարակեք գործի մանրամասները։ Եթե Դուք դա չանեք, ես ի՛նքս կանեմ»։ Հոլմսը քաղաքավարիորեն պատասխանում է․ «Բժիշկ, Դուք կարող եք անել այն, ինչ ուզում եք»[10]: Այդ պատճառով էլ, պատմվածքը ենթավերնագրված է «Ռազմաբժշկական ծառայության պաշտոնաթող սպա բժիշկ Ջոն Հ․ Վաթսընի հուշերից»[2]։

«Չորսի նշանը» վիպակի առաջին գլխում Հոլմսը քննադատում է Վաթսընի առաջին կենսագրական աշխատությունը (խոսքն այստեղ «Ալ կարմիր գույներով էտյուդի» մասին է)․ «Ես տեսա Ձեր պատմվածքը։ Եվ պետք է խոստովանեմ, որ չեմ կարող Ձեզ շնորհավորել հաջողության համար։ Հանցագործության հետաքննութունը ճշգրիտ գիտություն է, համենայն դեպս, պետք է լինի այդպիսին։ Եվ գործունեության այդ տեսակը պետք է նկարագրել զուսպ, անկիրք ոճով։ Իսկ ձեր գրքում սենտիմենտալություն կա։ Միակ բանը, որ այդ գործում արժանի է ուշադրության, դատողությունների շղթան է՝ պատճառից մինչև հետևանք»։ Հոլմսի դիտողության վերաբերյալ Վաթսընը գրում է․ «Ինձ զայրացրին այդ խոսքերը․ չէ՞ որ ես նկարագրել էի Հոլմսի գործը, որպեսզի նրան հաճույք պատճառեմ։ Ինձ զայրացրեց նաև նրա եսասիրությունը, որին բավարարություն տալու համար պետք էր գրքիս յուրաքանչյուր տողը նվիրել նրա անգնահատելի մեթոդին»[7]։

«Արծաթափայլը» պատմվածքում Հոլմսը խոստովանում է․ «Իմ սիրելի Վաթսըն, ես սխալ եմ թույլ տվել, որը վախենում եմ, որ շատ ավելի հասարակ է, քան կարող են կարծել միայն քո նոթերից ինձ ճանաչողները»[11], իսկ «Բասքըրվիլների շունը» պատմվածքում (գլուխ 4) Հոլմսն ասում է․ «Վա՛թսըն, Վա՜թսըն, եթե գոնե մի կաթիլ օրինավորություն ունեք, իմ այս անփութությունը կգրանցեք Ձեր տարեգրության մեջ՝ հաջողությունների կողքին»[12], քանի որ «Դեղին երեսը» պատմվածքի նախաբանում Վաթսընը նշում է․ «[Հոլմսի գործերի վերաբերյալ] այս կարճ պատումները հրատարակելիս․․․ ես, բնականաբար, պետք է ավելի շատ Հոլմսի հաջողությունների վրա կենտրոնանամ, քան վրիպումների»[13]:

Երբեմն Վաթսընը (իսկ նրա հետ նաև Կոնան Դոյլը) կարծես թե որոշում է վերջ տալ Հոլմսի մասին պատմվածքների և վիպակների տպագրմանը․ «Երկրորդ բիծը» պատմվածքում Վաթսընը հայտարարում է, որ ինքը որոշել էր Հոլմսի մասին նախորդ՝ «Սպանություն Էբբի-Գրեյնջում» պատմվածքը թողնել հանրությանը ներկայացված վերջին պատմվածքը, սակայն հետո որոշել էր, որ «[Հոլմսի մասին] այս երկար շարքը պետք է պարունակի Հոլմսի կողմից երբևիցե բացահայտած ամենակարևոր գործերը» («Երկրորդ բիծը» նույնպես մտնում էր այդ շարքը)[14], թեպետ այդ պատմվածքին հաջորդեցին ևս 20 պատմվածքներ:

Իր հետագա պատմվածքներում, գրված Հոլմսի մենակեցությունից հետո[Նշում 2], Վաթսընն անընդհատ օգտվում է «հարյուրավոր գործերի մասին գրառումներից, որոնց մասին երբեք չի ակնարկել», քանի որ Հոլմսի մենակեցությունից հետո հետախույզը դեմ էր «իր մասին նոթերի հրատարակմանը։ Քանի դեռ նա իր գործնական արհեստավարժ աշխատանքով էր զբաղվում, նրա հաջողությունների մասին գրառումները դեռ ինչ-որ գործնական նշանակություն ունեին նրա համար, սակայն այն ժամանակվանից, ինչ նա վերջնականապես մեկուսացավ մարդկանցից ․․․նա սկսեց ատել հանրաճանաչությունը»[14]։ Հոլմսի մենակեցությունից հետո Վաթսընը հաճախ է հիշատակում հետագա դեպքերը հրատարակելու համար իր ընկերոջից ստացած հատուկ թույլտվությունը, բայց, ինչպես նշված է «Սատանու ոտքը» պատմվածքի սկզբում, Հոլմսից ժամանակ առ ժամանակ ստանում էր առաջարկներ որևէ դեպքի հրատարակման համար[15]։

«Ճեղքված շրթունքով մարդը» պատմվածքում, որը Հոլմսի կողմից առաջին դեմքով պատմված երկու պատմվածքներից մեկն է, հետախույզը Վաթսընի մասին ակնարկում է․ «I have often had occasion to point out to him how superficial are his accounts and to accuse him of pandering to popular taste instead of confining himself rigidly to facts and figures»[9]: Ամեն դեպքում, Հոլմսը Վաթսընին կանոնավորապես դիմում է, որպես իր «հավատարիմ ընկեր և կենսագիր», իսկ մի անգամ բացականչում է․ «Ես ի՞նչ կարող եմ անել առանց իմ Բոսվելի»[16][Նշում 3]

«Ծպտված վարձակալը» պատմվածքի սկզբում

«Ինժեների բթամատը» պատմվածքում Վաթսընը նշում է, որ Հոլմսի լուծած բազմաթիվ խնդիրներից երկուսը ինքն է նրան առաջարկել՝ «ﬕստր Հեդըրլիի բթամատի և գնդապետ Վորբերթընի խելագարության վերաբերյալ»[17]։

Վաթսընի անվան տարածված ձևերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոնան Դոյլի ստեղծագործությունների հայերեն թարգմանություններում, ինչպես նաև այլ հայկական աղբյուրներում, բժիշկ Վաթսընի անունը հանդիպում է տարբեր ձևերով: Սրա վրա հիմնականում մեծ է ռուսերենի ազդեցությունը, քանի որ խորհրդային ժամանակաշրջանում թարգմանված ստեղծագործությունները վերաթարգմանվել են ռուսերենից: Անվան առավել տարածված ձևերն են՝

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Իր հերթին Շայմասը Ջեյմսի գելական ձևն է:
  2. 1904 թվականին Հոլմսը լքում է աշխատանքն ու Լոնդոնից հեռանում Սասսեքս, որտեղ զբաղվում է մեղվաբուծությամբ
  3. Հայկական թարգմանության մեջ «Բոսվելը» փոխարինված է «կենսագրով»։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Barnes, Alan (2002). Sherlock Holmes on Screen. Reynolds & Hearn. էջ 10. ISBN 978-1-903111-04-8.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Conan Doyle, Sir Arthur (1887). A Study in Scarlet (1st ed.). London: Ward, Lock & Co. էջեր 13–15.
  3. Conan Doyle, Sir Arthur (1917). His Last Bow (1st ed.). London: John Murray.
  4. Conan Doyle, Sir Arthur (1922). The Problem of Thor Bridge.
  5. Արթուր Կոնան Դոյլ, Ճեղքված շրթունքով մարդը, Նոթեր Շերլոք Հոլմսի մասին (խմբ. Ա. Ղուկասյան), Երևան, «Հայպետհրատ» (Արկածային գրադարան), 1958։
  6. Sayers, Dorothy Leigh (1946). «Dr. Watson's Christian Name». Unpopular Opinions. London: Victor Gollancz. էջեր 148–151.
  7. 7,0 7,1 7,2 Արթուր Կոնան Դոյլ, Չորսի նշանը, Նոթեր Շերլոք Հոլմսի մասին (խմբ. Ս․ Գաբրիելյան), Երևան, «Արևիկ», 1989, ISBN 978-5-8077-0238-7։
  8. Արթուր Կոնան Դոյլ, Դատարկ տուն, Նոթեր Շերլոք Հոլմսի մասին (խմբ. Ա. Ղուկասյան), Երևան, «Հայպետհրատ» (Արկածային գրադարան), 1958։
  9. 9,0 9,1 Արթուր Կոնան Դոյլ, Սփրթնած երեսով մարդը, Նոթեր Շերլոք Հոլմսի մասին (խմբ. Ա. Ղուկասյան), Երևան, «Հայպետհրատ» (Արկածային գրադարան), 1958։
  10. Conan Doyle, Sir Arthur (1887). A Study in Scarlet (1st ed.). London: Ward, Lock & Co. էջ 95.
  11. Conan Doyle, Sir Arthur (1892). «Silver Blaze». The Memoirs of Sherlock Holmes (1st ed.).
  12. Արթուր Կոնան Դոյլ, Բասքըրվիլների շունը, գլուխ 4, Նոթեր Շերլոք Հոլմսի մասին, Կորուսյալ աշխարհ (խմբ. Ռ․ Քալաշյան), Երևան, «Սովետական գրող» (Արկածային գրադարան), 1985, էջ 129-130։
  13. Conan Doyle, Sir Arthur (1892). «The Adventure of the Yellow Face». The Memoirs of Sherlock Holmes (1st ed.).
  14. 14,0 14,1 Արթուր Կոնան Դոյլ, Երկրորդ բիծը, Նոթեր Շերլոք Հոլմսի մասին (խմբ. Ա. Ղուկասյան), Երևան, «Հայպետհրատ» (Արկածային գրադարան), 1958։
  15. Conan Doyle, Sir Arthur (1917). «The Adventure of the Devil's Foot». His Last Bow (1st ed.).
  16. Արթուր Կոնան Դոյլ, Սկանդալը Բոհեմիայում, Նոթեր Շերլոք Հոլմսի մասին, Կորուսյալ աշխարհ (խմբ. Ռ․ Քալաշյան), Երևան, «Սովետական գրող» (Արկածային գրադարան), 1985։
  17. 17,0 17,1 Սըր Արթուր Կոնան Դոյլ, Ինժեների բթամատը, Երևան, 2015, էջ 3։
  18. Արտաշես Քալանթարյան, Շերլոք Հոլմսը Հրազդանի ձորում, Մի բուռ ծիծաղ, Երևան, «Սովետական գրող», 1984, էջ 49։
  19. Արթուր Կոնան Դոյլ, Նոթեր Շերլոք Հոլմսի մասին, Կորուսյալ աշխարհ (խմբ. Ռ․ Քալաշյան), Երևան, «Սովետական գրող» (Արկածային գրադարան), 1985։
  20. Արթուր Կոնան Դոյլ, Նոթեր Շերլոք Հոլմսի մասին (խմբ. Ս․ Գաբրիելյան), Երևան, «Արևիկ», 1989, ISBN 978-5-8077-0238-7։