Մասնակից:Լուսինե Պեպանյան20/ավազարկղ5

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Սիրելի բարեկամ» (ֆր.՝ Bel-Ami), ֆրանսիացի գրող Գի դը Մոպասանի վեպը, որը գրվել և հրատարակվել է 1885 թվականին։ Վեպը հայերեն է թարգմանել Ա․ Կոթիկյանը 1953 թվականին[1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպի գլխավոր հերոսը արկածախնդիր Ժորժ Դյուրուան է։ Նա ունևոր գյուղաբնակների որդի է և երազում է կարիերայի մասին, թեև որևէ տաղանդ չունի։ Նա ունի գեղեցիկ արտաքին և կարող է գրավել ցանկացած կնոջ սիրտ։ Այդ ամենը բավականացնում է, որպեսզի նա դառնա աշխարհի ամենաուժեղ մարդկանցից մեկը[2]։Նա ապրում է Փարիզում։

Մի երեկո նա հանդիպում է իր հին ընկերներից մեկին՝ Ֆորեստյոյին, որի հետ ծառայել է Ալժիրում։ Վերջինս լրագրող է և խորհուրդ է տալիս ընկերոջը զբաաղվել լրագրությամբ։ Օրեր անց Ֆորեստյոն Դյուրուային հրավիրում է ճաշի, որին ներկա էին նաև մեծահարուստներ։

Հրավիրում է Դյուրուային ճաշի և պարտքով երկու լուիդոր է տալիս նրան: Ամեն բան այսպես էլ սկսվում է: ունի գեղեցիկ և բարեկիրթ կին, որի ընկերուհին է կրքոտ տիկին դը Մարելը, որն ունի փոքրիկ դուստր: Ճաշին ներկա է նաև պրն. Վալտերը՝ «Ֆրանսիական կյանք» թերթի հարուստ հրատարակիչը: Ներկա է նաև մի բանաստեղծ և մի ֆելյետոնիստ… Դյուրուան չգիտի, թե ինչպես բռնել դանակն ու պատառաքաղը և օգտվել չորս տեսակ գավաթներից: Նրա բախտը, այդուհանդերձ, բերում է: Զրույցի թեմա է դառնում Ալժիրը և նախկին զինվորն իսկույն դառնում է բոլորի, հատկապես կանանց ուշադրության կենտրոնը: ֆորեստյոն բաց չի թողնում հարմար առիթը և խնդրում է պրն. Վալտերին աշխատանքի վերցնել Ժորժին: Վերջինս ստանում է Ալժիրի մասին պատմող երկու-երեք ակնարկի պատվեր: Դյուրուան կարողանում է իր նկատմամբ լավ տրամադրել տիկին Մարելի փոքրիկ դստերը՝ Լորինային: Երեկոյան սկսում է աշխատել «Աֆրիկյան հրաձիգի հիշողությունները» ակնարկի վրա: Վերնագիրը հուշել է տիկին Վալտերը: Աշխատանքը չի գնում: Ընդհատում է: Առավոտյան նորից ոչինչ չի ստացվում: Դյուրուան որոշում է օգնության դիմել: Ֆորեստյոն շտապում է խմբագրություն և չի կարող օգնել նրան. խորհուրդ է տալիս դիմել իր կնոջը: Տիկին Ֆորեստյոն հրավիրում է Դյուրուային նստել գրասեղանի առաջ, լսում է նրա պատմությունը և սկսում է թելադրել: Հոդվածը տպագրվում է: Դյուրուան աշխատանքի է անցնում քրոնիկայի բաժնում և վերջապես կարող է լքել հյուսիսային երկաթգծի ատելի գրասենյակը: Նա ամեն բան անում է ճիշտ և ժամանակին: Բայց կա խնդիր: Չի ստացվում երկրորդ հոդվածը: Դյուրուան որոշում է ստանալ տիկին Ֆորեստյոյից ևս մեկ դաս: Այս անգամ պրն. Ֆորեստյոն տանն է: Հայտնում է Դյուրուային, որ չի պատրաստվում աշխատել նրա փոխարեն: Ժորժը չարանում է: Նա ինքնուրույն կգրի հոդվածը: Եվ գրում է: Սակայն հոդվածը չեն ընդունում: Նա փոխում է հոդվածը: Դարձյալ չեն ընդունում: Դյուրուան անցնում է ռեպորտաժների ժանրին: Այստեղ նրա մոտ ամեն բան ավելի լավ է ստացվում: Գոհ է անգամ պրն. Վալտերը: Նոր աշխատավայրում Դյուրուան ստանում է երեք անգամ ավել բարձր աշխատավարփ և սկզբում իրեն հարուստ է զգում: Բայց դա տևում է կարճ: Նա միայն հասցրեց տեսնել հարուստ մարդկանց աշխարհը: Բայց ներս չի մտել: Նրա բախտը, իհարկե, բերել է, նա աշխատում է թերթում, ունի կապեր…, բայց միայն որպես լրագրող: Հետևաբար նա, ինչպես և նախկինում, աղքատ է: Բայց, ահա, նրա կողքին են հարուստ մարդիկ, որոնք ունեն մեծ տներ և որոնց գրպանները լի են ոսկով: Ո՞րն է գաղտնիքը: Ժորժ Դյուրուան չգիտի: Բայց նա գիտի, թե որն է իր ուժեղ կողմը: Հիշում է տիկին Մարելին, նրա բարձր հայտարարությունը. «Մինչև ժամը երեքը ես միշտ տանն եմ»: Ժորժը գալիս է նրա մոտ երկուսն անց կես: Նա անհանգիստ է: Սակայն նրան ընդունում են շատ ջերմ. Լորինան ընդունում է նրան որպես բարեկամի: Ժորժը հրավիրվում է ռեստորան ճաշի, որտեղ կլինեն տիկին Մարելը ամուսնու հետ և Ֆորեստյոները: Ճաշն անցնում է ճոխ պատվերների, խմիչքի և անմիջական զրույցի պայմաններում: Այնպես է ստացվում, որ կիսահարբած տիկին Մարելին կառքով տուն է ուղեկցում Ժորժը: Որոշ ժամանակ նա անվճռական է: Ի վերջո նետվում է գրոհի և տիկին Մարելը հանձնվում է: Վերջապես նա տիրում է իսկական բարձրաշխարհիկ կնոջ: Հաջորդ օրը Դյուրուան նախաճաշում է իր սիրելիի մոտ: Դեռ մի փոքր անվստահ է. ամեն դեպքում խաղում է սիրահարվածի դերը: Դա դժվար չէ այդպիսի հմայիչ կնոջ ներկայությամբ: Դյուրուային ընդառաջ է վազում փոքրիկ Լորինան և ուրախ կանչում նրան. «Սիրելի բարեկա´մ»: Այսպես Ժորժ Դյուրուան ստանում է իր անունը: Տիկին Մարելը՝ Կլոտիլդան, հրաշալի սիրուհի է: Նրանց հանդիպումների համար սենյակ է վարձում: Ժորժը դժգոհ է. չէ՞ որ ինքը չի կարող իրեն դա թույլ տալ: Սկզբում հակառակվում էր Մարելի այդ որոշմանը, հետո տեղի է տալիս: Ավելին, ամեն հանդիպումից հետո իր գրպանում գտնում է մեկ կամ երկու ոսկեդրամ: Դրան էլ է սովորում: Ամեն դեպքում խղճի հանգստության համար հետևողականորեն գրանցում է իր պարտքի չափը: Մի օր սիրեկանները լրջորեն վիճում են: Դա նման է հարաբերությունների կատարյալ խզման: Ժորժը երազում է որպես վրեժ վերադարձնել պարտքը: Բայց փող չկա: Անգամ Ֆորեստյոն ի պատասխան նրա խնդրանքի պարտքով տալիս է նրան ընդամենը տաս ֆրանկ: Ոչինչ, Դյուրուան կհատուցի նրան: Նա եղջյուրներ կսարքի հին ընկերոջը: Սակայն տիկին Ֆորեստյոյին գրավելը հեշտ չէ: Առաջին գրոհն անհաջող է: Այդ կինն ասում է, որ երբեք չի դառնա Դյուրուայի սիրուհին, բայց առաջարկում է իր ընկերությունը: Սա թերևս ավելի մեծ ձեռքբերում է: Առաջին ընկերական խորհուրդն է՝ այցելել տիկին Վալտերին: Սիրելի Բարեկամը այցելում է տիկին Վալտերին և նրա հյուրերին և արդեն մեկ շաբաթ հետո նա քրոնիկայի բաժնի ղեկավարն է և հրավիրված է Վալտերների տուն ճաշի: Վալտերների տանը ճաշի ժամանակ տեղի է ունենում կարևոր իրադարձություն, բայց Դյուրուան դեռ չի հասկանում դրա կարևորությունը: Նրան են ներկայացնում հրատարակչի երկու դուստերին: Մեկը տասնութ տարեկան է, իսկ մյուսը՝ տասնվեց: Երկրորդը շատ բարետես է: Դյուրուան նկատում է, որ Կլոտիլդան դեռ շարունակում է մնալ շատ գեղեցիկ ու գայթակղիչ: Նրանք հաշտվում են: Ֆորեստյոն հիվանդ է: Ուժեղ հազում է և երևում է, որ երկար չի ապրի: Կլոտիլդան իմիջիայլոց նկատում է, որ Ֆորեստյոյի մահից հետո նրա կինը չի հապաղի իսկույն ամուսնանալ նորից: Դյուրուան սուզվում է մտքերի մեջ: Տիկին ֆորեստյոն տանում է ամուսնուն հարավ՝ բուժման: Դյուրուան առաջարկում է տիկնոջը իր ընկերական օգնությունը: Եվ տիկին Ֆորեստյոն շուտով խնդրում է նրան ժամանել Կան և չթողնել միայնակ մեռնող ամուսնու հետ: Սիրելի Բարեկամը տեսնում է իր առաջ բացվող հեռանկարը: Նա մեկնում է Կան և համբերատար հավատարիմ ընկեր խաղում: Սա համոզում է տիկին Ֆորեստյոյին, որ Ժորժը հրաշալի և բարի անձնավորություն է: Ֆորեստյոյի մահից հետո նրանք ամուսնանում են: Հիմա Դյուրուան ունի արտակարգ գործընկեր. նրա կինը՝ Մադլենը, անդրկուլիսային լրագրության և քաղաքական խաղի հանճար է: Նա ունի հրաշալի տուն և դառնում է ազնվական՝ կիսելով իր ազգանունը երկու վանկի և կցելով դրան իր գյուղի անվանումը՝ դյու Ռուա դը Կանտել: Կնոջ հետ նրանք ընկերներ են: Սակայն ընկերությունը նույնպես պիտի սահմաններ ճանաչի: Մադլենը զուր է հայտնում Ժորժին, որ տիկին Վալտերի խելքը գնում է նրա համար: Սիրելի Բարեկամը դարձյալ սուզվում է մտքերի մեջ: Տիկին Վալտերը բարեպաշտ կին է և հուսահատ կռիվ է տալիս սեփական կրքի դեմ: Սակայն Ժորժը սկսում է հիմնավոր գրոհ և զոհն ի վերջո հանձնվում է: Եվ չնայած որսն ավարտված է, զոհն ուզում է, որ իրեն որսան նորից ու նորից: Տեսնելով, որ Ժորժն արդեն սառն է իր հանդեպ՝ տիկին Վալտերը նրան մի գաղտնիք է հայտնում: Ֆրանսիան ռազմարշավ է պատրաստում Մարոկկո: Պրն. Վալտերը և Լարոշը՝ արտաքին գործերի նախարարը, մտադիր են դրանից շահույթ կորզել: Նրանք գնել են էժան պարտատոմսեր, որոնց արժեքը շուտով կբարձրանա: Նրանք կունենան տասնյակ միլիոնների շահույթ: Ժորժը նույնպես կարող է գնել, քանի դեռ ուշ չէ: Մարոկկոյի դարբասը՝ Տանժերը, գրավված է: Վալտերը ձեռք է գցել 50 միլիոն: Գնել է ճոխ առանձնատուն և այգի: Դյուրուան չարացած է: Իհարկե, նրա կինը մեկ միլիոն է ստացել հանգուցյալ ամուսնուց և ինքը կարողացել է տիրանալ այդ ժառանգության կեսին, բայց դա այն չէ: Ահա Սյուզանը՝ Վալտերի դուստրը, քսան միլիոն օժիտ ունի… Բարքերի ոստիկանության աշխատակիցների հետ միասին Ժորժը հետևում է սեփական կնոջը: Բռնում է նրան նախարար Լարոշի հետ և բաժանվում է: Միևնույն է, Վալտերը թույլ չի տա իր և Սյուզանի ամուսնությունը: Որոշում է գործել տիկին Վալտերի միջոցով: Այցելում է Վալտերների տուն և պարապ զրույցների ընթացքում կարողանում է գրավել Սյուզանի համակրանքը: Ի վերջո Սիրելի Բարեկամը փախցնում է անփորձ աղջկան: Հայրը ստիպված է հաշտվել ամուսնության հետ: Ժորժ Դյուրուան դուրս է գալիս եկեղեցուց երիտասարդ կնոջ հետ: Տեսնում է պատգամավորների պալատը, Բուրբոնների դղյակը: Ամեն բանի հասել է: Նրան այլևս չի սպառնում ո´չ շոգը, ո´չ ցուրտը: Նա այլևս երբեք այդքան չի ցանկանա գարեջուր[3]:

Մեջբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սիրած էակի մոտ հրաշալի ժամեր անցկացնելուց հետո մարդ ենթարկվում է մի անօրինակ տիրակալության, որը միաժամանակ և՜ մտերիմ է, և՜ անորոշ, և՜ հուզիչ, և՜ հիասքանչ, որովհետև խորհրդավոր է: ► Զգացմունքների միությունը կնքում է սրտերի միությունը: ► Չկա ավելի մեծ երջանկություն, որը կարելի լինի համեմատել երկու ձեռքերի առաջին սեղմումի հետ այն պահին, երբ մի ձեռքը հարցնում է՝ «Սիրու՞մ ես ինձ», իսկ մյուսը պատասխանում «Այո՛, սիրում եմ ձեզ»: ► Որքան դժվար է գտնել մի մարդ, որի մտքի սահմանները լինեն ընդարձակ, որը քեզ տա լայն շնչելու զգացողությունը, ինչպես կարելի է շնչել ծովափնյա վայրերում: ► Կյանքը մի լեռ է. քանի բարձրանաս, այնքան որոշակի կտեսնես նրա գագաթը և երջանիկ կզգաս քեզ, սակայն երբ հասնես բարձունքին, այնտեղից հանկարծ կտեսնես վայրէջքը, որի ստորոտը մահն է: Բարձրանալը լինում է դանդաղ, իսկ իջնելը՝ շատ արագ:»

«Ինչքա՜ն տխրություն կա խոր լռության մեջ այն սենյակի, ուր ապրում են մենակ:» «Աշխարհը ուժեղներինն է: Հարկավոր է լինել ուժեղ: Հարկավոր է լինել բոլորից բարձր:» «Սիրո մեջ հարկավոր է տակտ, հնարագիտություն, խոհեմություն և ծայրահեղ նրբազգացողություն:» «Մարդ խորամանկ է դառնում, երբ սկսում է սիրել:»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մ․ Հակոբջանյան (2013). Հայ թարգմանական գրականություն (PDF). Vol. Ա. Երևան: Հայաստանի ազգային գրապալատի հրատարակչություն. էջ 370.
  2. Sputnik. «Երգիչ Արամ MP3–ը «Սիրելի բարեկամ» վեպի մասին». Sputnik Armenian. Վերցված է 2019-05-29-ին.
  3. http://www.tarntercum.ru/2015/04/blog-post_7.html