Մասնակից:Գոհար Ավետիսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սոցիալական ընկալումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոցիալական ընկալումներ անվանում են մարդու կողմից այլ մարդկանց, ինչպես նաև խմբերի, կազմակերպությունների, ողջ հասարակության և այլ սոցիալական երևույթների ընկալումները: Անկենդան օբյեկտների ընկալումից մարդու ընկալումը տարբերվում է նրանով, որ ընկալելով ուրիշին, մենք փորձում ենք հասկանալ, թե ինչու, ինչ ներքին դրդապատճառների ազդեցության տակ են նրանք գործում հենց այդպես և ոչ թե այլ կերպ, ինչպիսի հուզական վիճակում են նրանք գտնվում, ինչ առանձնահատկություններ ունեն որպես անձնավորություններ և այլն: Այս խնդիրները այժմ սոցիալական հոգեբանության բնագավառում փորձառական ուսումնասիրությունների են ենթարկվում, որոնց մի շարք արդյունքներին ծանոթ լինելը միանգամայն անհրաժեշտ է:

Առաջին տպավորություն: Մարդու մասին ստացված առաջին տպավորությունները մեծ ազդեցություն են գործում նրա վերաբերյալ ընկալվող անձի մեջ ձևավորվող տեսակետի վրա: Առաջնության էֆեկտը վճռական դեր է խաղում անձի գնահատման, նրա նկատմամբ առաջ եկող դիրքորոշման ձևավորման գործում: Այս երևույթը դիտվում է նաև իրական մարդուն ընկալելիս: Պարզվում է, որ ուրիշի մասին կարծիք ձևավորելիս մենք մեծ ուշադրություն ենք դարձնում նրա վերաբերյալ ստացված առաջին տեղեկությունների վրա: Սրանց հիման վրա մենք կարծիք կամ դիրքորոշում ենք ձևավորում, որից հետո նույն մարդու մասին ստացվող լրացուցիչ ինֆորմացիայի նկատմամբ արդեն զգալի չափով անուշադիր ենք դառնում: Եթե նոր տեղեկությունները հակասում են նախկինին, ապա դիտվում է այսպիսի հակում. մարդիկ աշխատում են նման պայմաններում պահպանել սկզբնական և ճիշտ համարվող տեսակետը և թերագնահատել նոր տեղեկությունները որպես անստույգ: Առաջին տպավորությունը նշանակություն ունի նաև մարդու կյանքի ընթացքը գնահատելիս:

Ուսանողության շրջանում կատարած հետազոտությունները վկայում են, որ ավելի տաղանդավոր են համարվում այն ուսանողները, որոնք ուսումնառության առաջին տարիներին լավ արդյունքների են հասել և հետո թուլացել են, քան նրանք, ովքեր սկզբում վատ են սովորել և բարձր առաջադիմություն են ցուցաբերել ուսումնառության վերջին տարիներին: Երբ ընկալողների ուշադրությունը հրավիրում են ավելի ուշ տրվող ինֆորմացիայի կարևոր նշանակության վրա, ապա առաջնության էֆեկտը թուլանում է: Նման, էլ ավելի ցայտուն արտահայտված արդյունք է ստացվում, երբ ինֆորմացիաի երկու բաժինների ընկալման միջև որոշ ընդմիջում են տալիս, որի ընթացքում փորձարկվողները չեզոք խնդիրներ են լուծում: Այս դեպքում ինֆորմացիայի երկրորդ մասը նույնիսկ էլ ավելի ազդեցիկ է դառնում: Սա արդեն ուշացման կամ երկրորդայնության էֆեկտն է, որն այնքան ավելի ուժեղ է, որքան մեծ է ինֆորմացիայի երկու բաժինների ընկալումների միջև ընկած ժամանակահատվածը: Ենթադրվում է, որ այս էֆեկտի առաջացման պատճառը ինֆորմացիայի առաջին մասի մոռացումն է: Առաջնության էֆեկտը կարևոր դեր է խաղում մարդկանց ընդունելիս, առաջին ժամադրությունները նշանակելիս, առաջին ծանոթությունները հաստատելիս, որոնք, իհարկե, ազդում են մարդկանց հետագա փոխհարաբերությունների վրա: Բայց ուշացման կամ երկրորդայնության էֆեկտը կարող է կարևոր դեր խաղալ երկու կամ ավելի անձանց երկարատև փոխհարաբերություններում: Նոր տպավորություններն ու կյանքի դեպքերը մարդկանց ստիպում են ճշտել, փոփոխությունների ենթարկել իրենց նախնական կարծիքներին ու դիրքորոշումները: Սիրահարվածները կարող են հիասթափվել միմյանցից, ընկերները կարող են օտարանալ: Մինչդեռ շատ մարդիկ կարող են ջերմ փոխհարաբերություններ հաստատել ու լավ բարեկամներ դառնալ, եթե հենց սկզբից միմյանց մասին ոչ նպաստավոր տեղեկություններ չստանային:

Փոխադարձ համկրանքի առաջացումը: Մարդկանց հետ ծանոթանալիս, առավել ևս տևական փոխհարաբերությունների մեջ մտնելիս միշտ հարց է ծագում, արդյոք իրենք դուր են գալիս դիմացինին: Վերջինս նույնպես որոշակի գնահատականներ է ստանում: Ինչո՞վ է պայմանավորված մարդկանց միջև փոխադարձ համակրանքի առաջացումը: Երբ հոգեբանները հետազոտություններ են կատարում պարզելու համար, թե համակրանքի առաջացման գործում մարդու արտաքին տեսքը, ֆիզիկական առանձնահատկություններն ինչ տեղ են գրավում, պարզվում է, որ դրանց անհամեմատ ավելի քիչ նշանակություն է տրվում, քան հոգեկան առանձնահատկություններին` բնավորությանը, մտավոր զարգացման աստիճանին, խառնվածքին և այլն: Ուսանողների շրջանում կատարված հետազոտություններից մեկի ժամանակ բարետես արտաքինն իր նշանակությամբ գրավեց 11-րդ տեղը, առաջնությունը զիջելով հուզական կայունությանը, խելքին և այլ հոգեկան գծերի:

Մեզանում ամենից առաջ համակրանք են առաջ բերում այն մարդիկ, ովքեր ըստ որոշ առանձնահատկությունների, տարիքի, հայացքների, արժեքային կողմնորոշումների, կրթության, հասարակության մեջ գրաված դիրքի, նման են մեզ: Համակրանքի առաջացման համար նշանակալի են նույնիսկ հասակը, մազերի և աչքերի գույնը և այլ հատկանիշներ: Փոխադարձ համակրանքի կամ սիրո առաջացման գործում պետք է հաշվի առնել հետևյալ երևույթները. մենք սիրում, համակրում, հարգում ենք նրանց, ովքեր սիրում, հարգում և համակրում են մեզ: Ովքեր մեզ չեն սիրում, մեզանում իրենց նկատմամբ չեն կարող սեր առաջ բերել: Ընդ որում այս միտումն ուժեղանում է կյանքի այն փուլում, երբ մենք սիրված ու գնահատված լինելու, հատկապես մեծ պահանջ ենք զգում: Այդ պահանջմունքների ուժգնության պայմաններում ուրիշի կողմից սիրո կամ դրական գնահատականի դրսևորումներին տրվող պատասխանները ավելի ուժեղ են լինում, մինչդեռ բացասական վերաբերմունքը առաջ է բերում զայրույթ և ատելություն: Ինքնագոհ մարդիկ ավելի ցածր են գնահատում շրջապատողների դրական վերաբերմունքը: Այս օրինաչափությունները հաստատվում են փորձառական հետազոտությունների շնորհիվ: Պարզվում է նաև, որ համակրանքի առաջացմանը նպաստում է ուրիշին հաճախակի տեսնելը, հանդիպումների սովորական դառնալը: Ընդ որում համակրանքի առաջացմանը նպաստում է նաև երկար ժամանակ հանդիպելու անհրաժեշտությունը:

Սոցիալական ընկալումների մեջ պետք է ներառել առաջին տպավորությունը, հուզական վիճակների ընկալումը, փոխադարձ համակրանքի առաջացումը, ինչպես նաև ստերեոտիպերի ազդեցությունը մարդու կողմից մարդու ընկալման վրա: Այս բոլորը շատ հետաքրքիր ու բազմիցս հետազոտության առարկա դարձած թեմաներ են, առանց որոնց անհնար է պատկերացնել մեր կյանքն ու առօրյան: Վերը նշվածները թույլ են տալիս մեզ խորությամբ հասկանալ սոցիալական ընկալումների ողջ էությունը: