Մասնակից:Արարատ Թրվանց/Ավազարկղ1

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

[1][2]

Թեմային խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • տեղանքի տարր, երևույթ՝ գետի, լճի, աղբյուրի, անձուկի ու լեռան պատկերանշանները։ Լեռ-եռանկյունը և գետ-ալիքագիծը լայնորեն օգտագործվել են տարբեր ոլորտների իրերի նախշազարդերում
  • երկնային լուսատու և երևույթ՝ գերիշխում է Արևը: Առկա է աստղի և աստղաբույլերի, համաստեղությունների, Ծիր Կաթնի, մոլորակների, նաև՝ Լուսնի մահիկաձև նկարներ
  • երկրագունդ՝ պատկերված է օղակաձև խաչամիջուկ նշաններ
  • երկրային երևույթ՝ Վարդենիսի լեռների Փորակ հրաբխի ժայթքումը ներկայացնող ժայռապատկերն է, այդպիսի մի գունանկար կա Հայաստանից արևմուտք՝ Չաթալհույուքում (մ. թ. ա. 6150 թ.)
  • օդերևույթ՝ գերակշռում է կայծակը, առկա են ամպ, անձրևի շիթեր ու ծիածանի հիշեցնող պատկերներ
  • բույս՝ սակավաթիվ է, կազմված է ծառի, տերևի, ծաղկի ու պտղի նկարներից, խմբին կարելի է դասել որոշ զարդանախշեր (վարսանդա-պտղային, ծաղկային, հատիկա-սերմային), նաև՝ Կենաց Ծառ խորհրդանշող ժայռափորագրերը
  • կենդանի՝ ամենատարածվածն է, գերակշռում են քարայծը, մուֆլոնը, եղջերուն, վայրի ցուլը, ցուլը, ձին, օձը, կան վարազի, զուբրի, եղնիկի, որմզդեղնի (իշայծյամ, ճղնեղնիկ), վայրի էշի (ցիռ), այծյամի, վիթի, ուղտի, նապաստակի նկարներ, թռչունների նկարները հիմնականում ջրային են՝ բադ, ջրահավ, ձկնկուլ, սագ, կարապ, արծիվ, արագիլ, կռունկ, կաքավ, մեծ արոսի պատկերումներն ավելի ավելի քիչ են: Որսի կենդանիների այսպիսի բազմազանության դեպքում կան նաև գիշատիչների

հարուստ տեսակներ՝ հովազ, վագրակատու (հեպարդ), գայլ, աղվես, արջ, առյուծ: Որսի տեսարաններում մարդու կողքին հաճախ նկարված է շուն[3]։ Այս խմբում առանձնանում է հովազի, գայլի և առյուծի՝ խոտաճարակ կենդանի, հիմնականում՝ քարայծ, այծյամ, եղջերու, ցուլ որսալու տեսարանը: Հատկապես դիտարժան է երկու արուների պայքարի սյուժեն։

  • գյուղատնտեսություն՝ ժայռապատկերները բազմաբնույթ են, ներկայացնում են կենսապահովման այդ կարևոր բնագավառի մի շարք զբաղմունքներ: Կան անասնապահական և երկրագործական՝ ընտելացման, վարժեցման, լծելու անասունի օգտագործման ու վարուցանքի մանրակրկիտ տեսարաններ, կան նաև իր աշխատանքն ու առօրյան զենքով պաշտպանելու բազմազան ժայռապատկերներ։
  • որս՝ ներկայացված է զանազան որսեղանակներով՝ չզինված (որսահալածում) ու զինված, միայնակ ու խմբային, ձիավոր ու որսաշներով որս: Պատկերներում երբեմն երևում է շարժունություն ու լարվածություն: Ուշագրավ է խաբուսիկ հնարքի միջոցով դիմակավորված որսը: Խմբական գործունեություն՝ շուրջկալ, ծուղակում, դարանակալում ցուցադրող բազմատարր նկարներում կան գործընթացի որոշակի տարածական կազմակերպում: Այդ ժայռափորագիր գործողությունների զարգացումը, ավելի կանոնական ու ներդաշնակ լուծումներով, ներառվել են արձանիկների, խեցեղենի ու բրոնզե իրերի, հարթաքանդակի, մանրանկարի հորինվածքում և զենքերի նախշազարդում։
  • գազանամարտ՝ արտացոլում է կենսապահպանման ևս մի էական ոլորտ՝ վտանգավոր վայրի կենդանու դեմ պայքարը, անձնապաշտպանության կամ որսակենդանուն գազանից ազատելու նպատակով։ Կան նաև որսի կամ ընտանի կենդանուն պահպանելու ժայռանկարներ: Այդ ամենը ոչ միայն իրապաշտության ցուցաբերում է, այլ նաև ծիսական մարտի, կենդանուն կախարդությամբ շեղելու, թուլացնելու, վնասազերծելու հավատալիքի արդյունք: Գազանամարտ կամ ծիսական որս է դրվագված բրոնզե գոտու և քարե կնիքի վրա: Ցլի, արջի և առյուծի դեմ մարդու պայքարի փորագրություն կա Աղթամարի որթագալարի գոտում: Ավելի վաղ (VII դ.) առյուծի դեմ զինված մարտի երկու հարթաքանդակ կա Պտղնավանքում, անզեն մարտի տեսարան՝ Զվարթնոցում, որոնք կարող են լինել գազանամարտի առաջին բանահյուսական վկայության՝ Առյուծաձև Մհերի հերոսական գործի ապացույցներ: Վաղ միջնադարում ցլամարտի և առյուծամարտի հմտությունը արտացոլվել է հայոց արքաների դյուցազունների մարզա-ցուցադրական մենամարտերում. Տրդատ Մեծը տապալում է ցուլին, Վարազդատ Արշակունին՝ հաղթում առյուծներին: Գազանամարտի սովորույթի հնարքների կիրառման օրինակ է իշխան Սմբատ Դ Բագրատունու տարած հաղթանակը արջի, ցլի և առյուծի դեմ: Այդ խմբում է դասված և ժայռանկարներում շատ տարածված դիցաբանական սյուժեն՝ վիշապամարտը, որն այնուհետ արտահայտվել է ճարտարապետական փոքր ձևերի (խոյակ՝ Դվին), տապանաքարի (Մեծ Մասրիկ), Անիի և Աղթամարի որմնաքանդակներում, մանրանկարնեում և գորգերում։
  • մարտարվեստ՝ սպառազեն ռազմիկի և խմբերի, մարտաձևի ու զինատեսակի պատկերներով։ Մարտատեսակի պատկերումը արտահայտիչ ու ճշգրիտ է՝ համայնապատկերի ոճով: Մարտիկը հարձակողական դիրքով է, կերպարը հաճախ նկատելի չափազանցված է, չափային անհամամասնություն, շարժունություն, կեցվածքի և գործողության լարվածություն (նկ. 8–12): Ոճի և սյուժեի առանձնահատկությունները փոխանցվել են բրոնզե գոտու և Վանի թագավորության զինական իրերի զարդարիկ հորինվածքին, արտահայտվել արձանիկի կատարման ձևերում, որսի տեսարնների պես՝ ավելի կանոնական ու համաչափ: Մարտարվեստի պատկերագրությունը նույնանման է այլ ոլորտներում արված բովանդակային լուծումներին, համապատասխանելով նաև ռազմախաղերի ազգագրական նկարագրության։ Արժեհամակարգի և դատելաձևի առումով (յուրային- թշնամի) բնութագրական է, որ, ինչպես որսի պատկերազարդումներում, այստեղ ևս չկա սպանելու ուղղակի տեսարան։ Ռազմի տեսարաններով այդքան հարուստ բրոնզե գոտիներից միայն մեկում կա զինվորի նետահարման դրվագ, այն էլ՝ առանց խոցման (Ստեփանավան)։
  • մարզում՝ որոշ պատկերներում մարդու (հատկապես՝ միայնակի) դիրքը, թեև լարված՝ բայց հարձակողական չէ: Ըստ երևույթին, դրանք վարժանքի և մրցամարտի տեսարան են՝ նկատելի են մարզաձևերի տարրեր՝ վազք, թռիչք ու ոստյուն, ձողացատկ, քարանետում (նաև քարպարանով), լող, ջրացատկ և այլն: Այդ և հարակից թեմաներով (բներևույթ, որս, մարտ, մարզախաղ, պար, պաշտամունք) պատկերների գեղարվեստականությունն անիմաստ է առանց շարժման արտացոլման: Նման պատկերումը դիրքա-կեցվածքային առումով նաև պար է հիշեցնում, որը կարևոր էր և՛ որպես նախավարժանք, և թե՛ ծիսա-պաշտամունքային առումով, քանի որ «պարն իսկապես ամենաբնական մարզաձևն է» : Նշված չորս թեմայով ժայռապատկերներում առկա տարատեսակ ռազմա-որսորդական պարագաները (քար, նետաղեղ, կապարճ, նիզակ, տեգ, եռաժանի, տապար, կացին, գուրզ, մահակ, դանակ, վահան, օղապարան, եռածայր կեռիկ, պարսատիկ, քարպարան և այլն) հավասարապես օգտագործվել են են որսի, մարտի, նաև՝ մարզական ոլորտներում: Գործիքը գրեթե միշտ պատկերված է մարդու ձեռքին կամ մարմնի մոտ: Մյուս դեպքերում այն հարկ է համարել խորհրդանշան: Ըմբշամարտի և բռնցքամարտի ոչմարտական տեսարան կա Տանձատափի (Արցախ) բրոնզե գոտու, Աղթամարի որմնաքանդակների, կնիքի, մանրանկարի և տապանաքարի հորինվածքներում։
  • մրցախաղ՝ սովորական որսապատկերներում կա ռազմամարզական գործողությունների պատկերներ: Խմբային որսի նկարներում մարդը (հաճախ՝ նետաձիգը) ազատ կանգնած է ձիու, ցուլի վրա: Սա նշանակում է, որ կենդանին ընտելացված է, վարժեցված է, և մարդը ցուցադրում է ձիախաղի և ցլախաղի հմտություն ու հնարքներ: Մարզախաղը գազանամարտից տարբերվում է մի շարք առումներով. նախ, վայրի կենդանու փոխարեն ընտելացված կենդանի է, մարդը և կենդանին կեցվածքով լարված չեն, առավել խաղաղ են, հորինվածքում շարժունությունը պակաս է, առկա է չափազանցված պատկերում, երբեմն՝ համայնապատկերի ոճով։ Հայաստանը ձիու ընտելացման, տնտեսական ու ռազմական ասպարեզներում կիրառման առաջնային օջախներից է եղել: Այդ են վկայում IV–III հազարամյակի ոսկրաբանական նյութը, լծասարքը, սանձն ու ձիազարդը, ժայռապատկերը, նկարազարդ խեցեղենը , որմնանկարը, արձանիկն ու գոտին: Տարածված էին ձիասպորտի տեսակներ, ինչպիսիք են՝ ձիացատկ, հեծյալ մականախաղ (ձիագնդակ) և կառարշավ։ Հայտնի ձիարշավարաններ էին Հայկավանի, Սղգայի, Տիգրանակերտի, Արտաշատի, Դվինի, Անիի, Ադանայի և այլ քաղաքների ձիարշավարանները: Հին աշխարհում հռչակված էր հայոց հեծելազորը: Ասորեստանյան և տեղական սեպագրերում հիշատակումներ կան Վանի թագավորության մարտական ձիերի և սպառազեն մարտակառքերի վերաբերյալ: Ուշագրավ է Մենուա արքայի՝ Արծիբի ձիով 22 կուղ (11.4 մ) երկարության ցատկը: Հերոդոտոսի և Քսենոփոնի տեղեկությունները ևս վկայում են Հին Հայաստանում ձիաբուծության, մարտաձիերի վարժեցման ու հեծելազորի պատրաստականության բարձր մակարդակի մասին: Հայ մատենագրության մեջ ևս մարզախաղերի ուշագրավ հիշատակումներ կան: Արամազդյան տոներից մեկի՝ Նավասարդի օրերին արքայական որսարշավ, ձիախաղ ու մրցույթ էին կազմակերպում: Նավասարդյան տոնահանդեսը կարոտով է հիշում Արտաշես Ա թագավորը Գողթան գուսանների երգում, որը պահպանել է Գրիգոր Մագիստրոս Պահլավունին. «Ո՜ տայր ինձ զծուխ ծխանի, և զառաւօտն Նաւասարդի, զվազելն եղանց և զվարգելն եղջերուաց: Մեք փող հարուաք և թմբկի հարկանեաք, որպէս օրէն է թագաւորաց»։ Ժայռապատկերներին համահունչ են ձեռագրերի նկարազարդման դրվագները. նետում (նիզակի, գուրզի, մահակի), գլարձակում (քարի, վեգի), պարանամարտ, մահակամարտ, կոխ, կռփամարտ, հոլախաղ, ոտնացուպերով քայլք, լարախաղացություն ու սյունախաղացություն, ազգային այլ մարզաձևերի ու մրցախաղերի պատկերումներ: Որոշ տեսակներ արտացոլված են հնագույն գտածոներում (խեցեղեն, բրոնզե գոտի, վահան, արձանիկ, կնիք և այլն): Այս ամենը բազմակողմանիորեն վկայված է նաև բանահյուսական ժառանգության և ազգագրական իրականության մեջ: Վարժանքա-խաղային ոլորտի որոշ պատկերումներ արտաքուստ հիշեցնում են Վանի թագավորության մշակույթում հանդիպող մի սյուժե՝ առյուծի կամ ցլի վրա կանգնած մարդ: Էրեբունու որմնանկարները, Հիրկանիսի և Վանի բրոնզե թիթեղները պատկերում են Հալդի աստծուն՝ առյուծի վրա: Արծկեի բարձրաքանդակում Թեյշեբան է՝ ցլի վրա, Անձավի վահանի վրա՝ նաև մյուս աստվածները: Հետևաբար, հայոց հավատքի դիցարանային փուլի հորինվածքներում արտացոլված են դիցահմայական ընկալումներ:
  • պար՝ առկա են մենապարի, զուգապարի, խմբապարի տեսակները: Ժայռապատկերներում նկատելի են շարժման հիմնական ձևերն ու դիրքերը՝ քայլը և ոտնաթաթի դիրքը, մարմնի պտույտը, թեքումը, ոտքի, սրունքի, ձեռքի ու արմունկի դիրքը և այլն: Նկարների մի մասը դիրքի ու կեցվածքի առումով նման է որսառազմական պարերի ու խաղերի: «Ամէնաբնական մարմնամարզի» միջոց պարը կարևորվել է թե՛ նախավարժանքի, և թե՛ ծիսապաշտամունքային առումով: Հնադարի մարդու ընկալումներում ծեսը, պարը և վարժանքը միահյուսված էին։
  • զենք
  • գործիք՝ արոր ու լծասարք, բրիչ, մուրճ, պարան, սանդուղք, ցանց, թակարդ և այլն, որոնք մարդու կենցաղի, տնտեսական գործունեության պարագաների և արտադրական հմտությունների պատկերներ են։
  • փոխադրամիջոց՝ քառանիվ սայլի, երկանիվ մարտակառքի, սահնակի, դահուկի պատկերներ են: Սրանք զուգահեռվում են XV դդ. Լճաշենի պեղածո փայտե սայլերի և Լոռի բերդի մարտակառքի բրոնզե մանրակերտի հետ: Երկձի, քառաձի երկանիվ մարտակառքը պատկերված է բիայնական շրջանի զինական իրերի, կնիքի և գոտու, ինչպես նաև անտիկ դրամի վրա, մանրանկարում ու հարթաքանդակում[4]
  • շինվածք՝ սրանք հիմնականում կացարաններ են, գերակշիռ է քառակողմ տեսակը, որի գծապատկերի վերին ձախ մասում նշված է մուտքը: Սա նկարագրել է Քսենոփոնը հայկական բնակարանի, իսկ շրջանաձև կացարանի (կամ բնակատեղիի) «հատակագծերը»՝ Շենգավթի կլոր կացարանների հետ: Պաշտամունքային կառույցի, բնակարանի ստեղծումն արդյունք է արդեն իսկ առկա պատկերացումների: Ուստի, եթե տվյալ կացարանը հնագիտորեն թվագրվել է VI– III հազ., ապա հնագույն ժայռապատկերներում արտահայտված դրա մտակերպարն ավելի վաղ է ձևավորվել: Հանդիպում են նաև քարանձավ, մուտք, դարպաս, փարախ, սյուն, երկթեք տանիք, ինչպես նաև կամուրջ հիշեցնող պատկերներ:
  • կիրառական պատկեր՝ ինչպիսիք են օրինակ մարդու ճանաչողական մտքի, կենսափորձի ու գիտական գիտելիքի արգասիքները. ա) Երկրի կողմեր ցուցանող նշան՝ ուղղակիորեն խաչի կամ արևածագի ու մայրամուտի կետերի դիրքերով, բ) տեղանքի կողմնորոշիչներ՝ արահետ, առու, աղբյուր, գետ, լիճ, անձավ, լեռ, բլուր (նկ. 1, 3), գ) տարածքի գործառութային նշանակություն ունեցող և կառուցապատման գծագիր՝ որսատեղ, դարան, ծուղակ, փարախ, տուն, բնակատեղի, մշակովի հանդակ, ոռոգման ցանց, դ) հաշվանքի միջոց՝ բուսա-երկրաչափական նշանների շարք, խումբ, ցանցահիմք փորագրություն, որևէ իրողության քանակի արտահայտման համար, ե) օրացույց՝ արեգակնա-լուսնային և աստղային հիմքերով, զ) աստղային երկնքի քարտեզ՝ Կենդանակերպի նշաններով կամ տարբեր չափերի օղակներով, է) աստղագիտական գրանցումներ (նկ. ): Վերջին երեքը՝ աստղագիտական իմաստով բացարձակ թվագրման հնարավորություն ընձեռող առայժմ միակ հավաստի աղբյուրն են:
  • ուսուցման միջոց՝ կետ, գիծ, անկյուն, զուգահեռ գծեր, օղակ, պարույր, աստղ, բազմանկյուն և այլ երկրաչափական նշաններով պատկերները : Պարզագույն հաշվողա-թվաբանական ունակությունների այս դրսևորումները կարող էի ծառայել որպես ուսուցման պարագա։
  • խաղի պարագա՝ երկրաչափական նույնակերպ, բազմակի կրկնված նշաններով լի ցանցահիմք պատկերները, որոնց մի մասը կարող էր կիրառված լինել որպես խաղատախտակ: Նմանօրինակ փորագրությունը հորինվածքային լուծմամբ նաև զարդանախշ է հիշեցնում: Սղերդի մոտ (Աղձնիք) 2007 թվականին հայտնաբերվել է բրոնզի դարի 49 քարե գտածո խաղաքար, Դվինի միջնաբերդում՝ X– XIII դդ. առյուծակերպ 12 խաղաքար: Պատկերատարրի բազմակի կիրառման առումով այս երկու հարակից խմբի պատկերներին մերձենում է կավե, մետաղե, փայտե և հյուսածո իրերի հարթաքանդակի և մանրանկարի նախշազարդը:
  • հագուստ
  • պաշտամունք՝ արտացոլում է մարդու ներաշխարհն ու դիցաառասպելական պատկերացումները: Փորագրվելիք քարաբեկորի և դրա տեղի ընտրությունը, պատկերումն ինքնին, և պատկերի մոտ իրականացվող արարողությունը միասնական ծիսապաշտամունքային գործընթաց էր: Հորինվածքներն արտահայտում են նախնադարյան հավատալիք ու ծես՝ վերին ուժերի, նախնիների, հերոսների, որսի և երկրագործության ոգիների, աստվածությունների, մայրության ու պտղաբերության, երկվորյակների ու ժամանակի պաշտամունք: Կա երկրպագության ծեսի ուղղակի պատկերում: Հնագույն հավատալիքի և դիցամտածողության առումով կարևոր են հմայական բովանդակության ժայռապատկերները: Դրանց մի մասում կենդանին կամ հակառակորդը պատկերված է բռնված, սպանված (մարմնի առանցքին ուղղահայաց գծիկ կամ հորիզոնական դիրք), կմախքով, հազվադեպ նաև՝ նետահար կամ նիզակահար: Որսից կամ մենամարտից առաջ նման պատկեր փորագրելով, մարդն ակնկալում էր ստանալ ոգիների և վերին, գերբնական ուժերի աջակցությունը։
  • երևակայական էակ՝ հիմնականում վիշապ են: Առկա են մեկուսի և խմբական տեսարաններում, խաղաղ դիրքում, մեծ մասամբ՝ երկարամարմին, ցլանման և օձանման, միագլուխ, հաճախ՝ բազմեղջյուր ու բազմոտն: Ժայռանկար վիշապն առնչակից է վիշապաքարին: Հայաստանում վիշապի մոտիվն ամենուր է՝ խեցեղենի, բրոնզե գոտու, կնիքի վրա, բերդի ու եկեղեցու քանդակազարդում, վիշապագորգի ու մանրանկարի հյուսվածքում, հատկապես՝ բանահյուսության ու մատենագրության մեջ: Կան ջրանույշի, ոգու, դևի ու հրեշակերպ այլ արարածների պատկերներ։
  • ներպատկեր՝ կմախքանման՝ «ռենտգեն» ոճով ժայռապատկերներն են, որոնք ներկայանում են որպես կենսափորձային գիտելիքի վառ դրսևորում: Երբ կենդանի էակը պատկերված է առավել մանրամասն, ներքին կառուցվածքով ու չերևացող մասերով՝ դրսևորված է ինտելեկտուալ ռեալիզմը, ի հակադրություն պարզագույն տեսողական ռեալիզմի։
  • դիմապատկեր՝ կերպարվեստի բարդագույն մի ժանրի նմուշ է Աստղաբերդի բարձրափորագիր պատկերը: Առհասարակ, կենդանի էակի դեմքը և մանրամասներն ուղիղ, դիմահայաց (en face) պատկերելը ժայռանկարում հազվագյուտ է, հավանաբար, առնչված էր որևէ հավատալիքի, սրբազան արգելքի կամ պատկերամարտության նախնական դրսևորման հետ։
  • անորոշ պատկեր՝ նման չէ որևէ հայտնի իրողության, անհասկանալի է: Այդպիսիք հանդիպում են քաջածանոթ առարկայի, երևույթի, կենդանի էակի հստակ պատկերի կողքին՝ կից կամ անջատ, փոքր-ինչ կամ բոլորովին չնմանվելով դրան: Չի բացառվում, որ անորոշ տեսքը պատահականության, սխալի և անկատար լինելու հետևանք է: Այդուհանդերձ, հավանական է, որ պատկերն իմաստալից է, քանզի ավելի հաճախ տեղադրված է առանձնակի, այսինքն, ունի ինքնուրույնություն՝ սեփական գործառույթ և իմաստ: Անորոշ պատկերը կարող է նաև հնագույն մարդու ենթագիտակցական ոլորտում առկա նախապաշարման արգասիք լինել։
  • զարդանախշ՝ կազմված է բնական (տեղանքի տարր, երկնային լուսատու, բույս, կենդանի) և մարդածին իրողության տեսքն ուղղակի, երկրաչափորեն, ընդհանրացված արտահայտող, հաճախ՝ բազմակի կրկնված, հակադրված ու վերադրված մասնիկներից: «Զարդարվեստը հայ ժողովրդի ստեղծած արվեստի ամենահին, բայց ամենակենսունակ բնագավառներից մեկն է» : Յուրաքանչյուր պատկերատարր ի սկզբանե ինքնուրույն իմաստ ու արտահայտչաձև ուներ: Ժամանակի ընթացքում փոխվեց պատկերակիր նյութը (քար, կավ, մետաղ, փայտ, գործվածք, մագաղաթ, թուղթ), իրար հաջորդեցին գաղափարախոսական հիմքերը: Սակայն, ձևափոխվելով հանդերձ՝ զարդանախշի ոլորտը պահպանեց հիմնական մոտիվներն ու բովանդակային կազմը, դառնալով պատկերագրական հաստատունների մի շտեմարան, որի համակարգումը ժայռափորագիր նախատիպերի ներքին էությունը ընկալելու հնարավորություն է ընձեռում: Անորոշ պատկերանշանների մի մասը ևս կարող է զարդանախշ լինել: Ի տարբերություն խեցեղենի և բրոնզե գոտու՝ ժայռանկարում հազվադեպ է զարդանախշի համաչափությունը:
  • տառանման նշան՝ այս նշանն իրական բառակազմ տարր (այբբենական տառ՝ հնչյունանշան) չէ, քանի որ գրեթե չկա բառ կազմող կցագիր, «տառակապակցություն»՝ զույգ, եռյակ և ավելի մեծ նշանաշարք, այն էլ՝ իմաստակիր: Տառանմաններն ունեն ձևաոճական տարբերակներ, որոնք կենտրոնացած են տվյալ նշանի միջին տեսքի շուրջ, նկատելի են անցումային ու զարգընթացային շարքեր: Ժայռանկարի պատկերագրական ոճը (սովորականից բացի) լինում է ինը այլ տեսակի՝ պատկերագրական հաստատունով, ճշգրիտ, սխեմային, այլագրում, դինամիկ, չափազանցված, երկակի արտապատկերում, հեռանկար և համայնապատկեր[5]:
  1. «ԺԱՅՌԱՊԱՏԿԵՐԱՐԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ». {{cite web}}: line feed character in |title= at position 35 (օգնություն)
  2. «Մեսրոպ Մաշտոց, Հրաչյա Աճառյան» (PDF).
  3. Որսորդական տեսարանների սյուժետային բովանդակությունը Մարտիրոսյան, Հ. Ա.
  4. «Գործիքը, փոխադրամիջոցը և կառույցները Հայաստանի ժայռապատկերներում, ԹՈԽԱԹՅԱՆ ԿԱՐԵՆ» (PDF).
  5. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺԱՅՌԱՊԱՏԿԵՐՆԵՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ, ԿԱՐԵՆ ԹՈԽԱԹՅԱՆ» (PDF).