Մասաչուսեթներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մասաչուսեթներ
Հնդկացիների ցեղերի բնակեցման քարտեզը հարավային Նոր Անգլիայում 1600-ական թվականներին
Ընդհանուր քանակ
Բնակեցում
Մասաչուսետս
Լեզու(ներ)
անգլերեն, մասաչուսեթերեն
Հավատք(ներ)
քրիստոնեություն

Մասաչուսեթներ, հնդկացիների ցեղ, բնակվում էր Հյուսիսային Ամերիկայում ժամանակակից Միացյալ Նահանգների Մասաչուսետս նահանգի տարածքում, որոնց անունից էլ անվանվել է այդ նահանգը։ Հատկացվում է Ալգոնկինյան ազգերի խմբին։ Մեր օրերում մնացել են այս հնդկացիների ցեղի շատ քիչ թվով ներկայացուցիչներ։ Խոսում էին Ալգկյան լեզվաընտանիքին պատկանող մասաչուսեթերեն լեզվով։

Անվանումը թարգմանվում է որպես՝ «մարդիկ, որոնք ապրում են մեծ բլրի կողքին», ինչը համաձայն առասպելների վերաբերվում է Բոստոնից ոչ հեռու գտնվող Կապույտ Բլուրներին։

Զբաղվում էին ձկնորսությամբ և հողագործությամբ։ Բնակվում էին ժամանակակից Մասաչուսետս նահանգի ափեզրի կենտրոնական մասում, այնտեղ, որտեղ հետագայում հիմնադրվել է Բոստոն քաղաքը։

Մասաչուսեթների հիմնական մասը ոչնչացվել է 17-րդ դարի ընթացքում, անգլիացիների կողմից նրանց հողերի գաղութականացման սկզբում։ 1616-ից 1619 թվականներին ցեղը մեծապես տուժել է ժանտախտից, որը բերվել էր Ամերիկա անգլիացիների հետ, իսկ 1623 թվականին մնացածների զգալի մասը արտաքսվել է իրենց հողերից նավապետ Մայլզ Ստենդիշի ղեկավարած գաղութականների խմբի կողմից, ապստամբության վտանգի պատճառով, որը նախապատրաստում էին ցեղի առաջնորդները։ 1630-ականներին Մասաչուսետսի հողերը բնակեցրեցին մոտ քսան հազար գաղութականների Անգլիայից։

Չնայած այն հանգամանքին, որ Մասաչուսեթների քանակը զգալիորեն նվազել էր, նրանք մասնակցություն ունեցան Թագավոր Ֆիլիպի պատերազմին 1675-ից 1676 թվականներին։

Մասաչուսեթները քրիստոնեական հավատ են ընդունել պուրիտանական միսիոներ Ջոն Էլիոտի ջանքերով։

1869 թվականին Մասաչուսետս նահանգը ընդունեց ակտ, որի համաձայն ցեղի անդամները դառնում էին ԱՄՆ քաղաքացիներ։ Մեր օրերում մնացել են մասաչուսեթների երկու ոչ մարդաշատ համայնքներ, մեկը բնակվում է Նեյտիկում, մյուսը՝ Բրոկտոնում (երկու քաղաքներն էլ գտնվում են Մասաչուսետս նահանգում)։

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]