Մապունգուբվե (ազգային պարկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մապունգուբվե ազգային պարկ
Տեղագրություն Լիմպոպո, Հարավային Աֆրիկա
Ամենամոտիկ քաղաք Մասինա
Տարածք 280 կմ2
Հիմնադրված է 1995
Ղեկավարող
կազմակերպություն
Հարավային Աֆրիկայի ազգային պարկեր
Համաշխարհային
 ժառանգության օբյեկտ
2003
Կայք www.sanparks.org

Մապունգուբվե ազգային պարկ (անգլ.՝ Mapungubwe National Park), ազգային պարկ ՀԱՀ հյուսիսում, Լիմպոպո գավառում: Պարկը գտնվում է Զիմբաբվեի հետ սահմանին, որտեղ պահպանվում են 10-րդ դարում ձևավորված և 1200-1270 թվականներին բարգավաճման հասած Մապունգուբվե թագավորության մայրաքաղաքի տեղում կատարված հնագիտական պեղումները[1]: 2003 թվականին տարածաշրջանի մշակութային լանդշաֆտը ներառվեց ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկի մեջ[2]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոսկեգույն ռնգեղջյուր Մապունգուբվեից

900 թվականին Լիմպոպո և Շաշե գետերի ավազանում հիմնադրվեց Մապունգուբվե թագավորությունը և նրա մայրաքաղաքը: Շուրջ 500 մարդ զբաղվում էր անասնապահությամբ, հացահատիկային կուլտուրաների մշակությամբ և փղերի որսով: Սկզբում այստեղի բնակիչները համարվում էին զիզո (Zhizo) ցեղի ներկայացուցիչները, որոնք զբաղվում էին արաբների հետ առևտրով և վերահսկում էին տարածաշրջանը, սակայն մոտավորապես 1020 թվականից նրանց սկսեցին ճնշել Leopard’s Kopje –ի մարդիկ: Հնագիտական պեղումները հնարավորություն տվեցին հայտնաբերել նոր մայրաքաղաք, որտեղ բնակվել էին շուրջ 1500 մարդ: Պեղումների վայրում հանդիպում են պղնձի և երկաթի, ինչպես նաև փղոսկրի գործեր և ներկրված ապակե ուլունքահատիկներ[3]:

Հնագիտական պեղումներ

Այդ ժամանակ կլիման ավելի խոնավ էր, Լիմպոպո գետը հոսում էր ամբողջ տարին, ինչը հնարավորություն էր տալիս մշակել տարբեր գյուղատնտեսական մշակաբույսեր: Թագավորության բարգավաճումը հանգեցրեց սոցիալական շերտավորման: Այդ ժամանակ պետության վերնախավը թագավորի գլխավորությամբ բնակվում էր Մապունգուբվե բլրի վրա և նրա մերձակայքում, իսկ մնացած բնակչությունը` հովտում: Ընդհանուր առմամբ թագավորությունում բնակվում էին 5-ից 9 հազար մարդ: Թագավորության անկումը սկսվել է 1270 թվականից հետո: Քանի որ զինված հարձակման հետքեր չեն հայտնաբերվել, գիտնականները ենթադրում են անկման պատճառը եղել է սառեցումը, ինչն էլ հանգեցրել է հողերի դեգրադացիայի: Մարդիկ թողել են թագավորության տարածքը և հեռացել անհայտ ուղղությամբ[3]:

Թագավորության մայրաքաղաքը հայտնաբերվել է 1932 թվականին, երբ Մապունգուբվե լեռան գագաթին հայտնաբերվել են 23 գերեզմաններ, որոնցից 3-ը էականորեն տարբերվում էին մնացածից, հավանաբար դրանք պատկանում էին վերնախավին:

Բուսական և կենդանական աշխարհ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիմպոպոյի և Շաշեի գետերի միաձուլումը
Երթուղիներ այգու տարածքում

Շնորհիվ այն հանգամանքի, որ հիմնական ուշադրությունը նվիրվել է պատմական օբյեկտներին, պարկի տարածքի բուսական և կենդանական աշխարհը վատ է ուսումնասիրված: Այնուամենայնիվ, բուսական աշխարհը շատ բազմազան է, այն ներառում է առնվազն 24 տեսակի ակացիա և 8 տեսակ կոմիֆորներ: Լիմպոպո գետի ջրառատությունը ապահովում է առանձին ծառատեսակների աճի համար բավարար պայմաններ, մասնավորապես սպիտակ ակացիայի: Պարկի տարածքի բաոբաբների բարձրությունը հասնում է մինչև 31 մետրի[4]:

Պարկի տարածքի կենդանիները հաճախակի անցնում են Զիմբաբվեի սահմանը: Պարկի տարածքի կենդանական աշխարհը ևս բազմազան է, հանդիպում են եզնայծը, կուդուն, զեբրը, իմպալան, ջրայծը, կապույտ գնուն, բուշբոկը, ընձուղտը, փիղը, ընձառյուծը, սովորական ստենբոկը, դուկերը, գորշ ցուլը, վարազը, աֆրիկյան գառնանգղը, պավիանները, երկարատամը և այլն: Պարկի տարածքում հազվադեպ են հանդիպում սպիտակ ռնգեղջյուրը, առյուծը, հովազը, բծավոր բորենին, գորշ բորենին, հարավաֆրիկյան կոնգոնին: Բացի այդ պարկի տարածքում բնակվում են փոքր կաթնասուններ, սողուններ և միջատներ[5]:

Պարկի համայնապատկերը Մապունգուբվե բլրից

Տարածքի պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մապունգուբվե բլրի քարտեզ

1940-ականների սկզբներին տարածքի մի մասը, որտեղ պեղումներ էին կատարվում անցավ Դոնգոլի արգելոցին: Բացի այդ առաջ քաշվեց արգելոցի բազայի վրա ազգային պարկի ստեղծման գաղափար, որը նախնական տարբերակում ներառում էր Ռոդեզիայի հողերը: Առաջարկությունը ստացավ վարչապետի և հողային նախարարի աջակցությունը, բայց մերժվեց ազգային պարկերի հանձնաժողովի կողմից: Բորբոքված քաղաքական քննարկումները ստացան դոնգոլյան ճակատամարտ անվանումը և իրենց ազդեցությունը ունեցան երկրում անցկացվող ընտրությունների վրա: 1947 թվականին հիմնադրվեց թռչնային արգելոց 920 կմ² մակերեսով, որը համարյա երեք անգամ պակաս էր նախատեսվածից և փակվեց 1949 թվականի ընտրություններից հետո, իսկ Լիմպոպո գետի հովտի հողերը հատկացվեցին գյուղատնտեսական մշակության նպատակով[6]:

Մապունգուբվե բլուրը գիշերը

Երկար ժամանակ համարվում էր, որ հնագիտական պեղումները վերաբերվում են ավելի վաղ ժամանակաշրջանի: Երբ 1960-ական թվականներին իրականացվեց գտածոների տարիքի վերաբերյալ ռադիոածխածնային վերլուծություն ազգային պարկի ստեղծման շուրջ քննարկումները բորբոքվեցին նոր թափով և երեք ֆերմաների տարածքում հիմնվեց գավառական բնական արգելոց: 1986 թվականին որոշվեց ընդլայնել պարկի տարածքը և այն դարձնել զբոսաշրջային կենտրոն: 1980-ական թվականներին տարածքը կոչվեց ազգային հուշարձան, իսկ հետագայում Դե Բիրս ընկերությունը գնեց Լիմպոպո գետի հովտում գտնվող ֆերմաները, Վենետիա (Venetia Diamond Mine) հանքավայրում ադամանդների արդյունահանման նպատակով[6]:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի դրոշը ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգություն ,
օբյեկտ № 1099
ռուս..անգլ..ֆր.

1995 թվականին մի շարք ֆերմաների վերահսկողությունն անցավ Հարավաֆրիկյան Հանրապետության ազգային պարկեր ընկերությանը[6]: 2003 թվականին Մապունգումբվե մշակութային լանդշաֆտը ընդգրկվեց ՀԱՀ-ում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության օբյեկտների ցանկի մեջ[2]: Բացի այդ, քանի որ Մապունգումբվե թագավորությունը գտնվել է ներկայիս ՀԱՀ-ի, Բոտսվանայի և Զիմբաբվեի տարածքում, որոշվեց ստեղծել Լիմպոպո-Շասե անդրսահմանային պահպանվող տարածքը[1], որի նախնական տարածքները գրեթե համընկնում են պարկի 1940-ական թվականների սկզբնական նախագծի հետ[6]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Mapungubwe National Park and World Heritage Site» (անգլերեն)։ South African National Parks։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-29-ին։ Վերցված է 2010-06-10 
  2. 2,0 2,1 «Mapungubwe Cultural Landscape» (անգլերեն)։ UNESCO։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-29-ին։ Վերցված է 2010-06-10 
  3. 3,0 3,1 «Mapungubwe National Park and World Heritage Site: Kings & Riches» (անգլերեն)։ South African National Parks։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-29-ին։ Վերցված է 2010-06-10 
  4. «Mapungubwe National Park and World Heritage Site: Vegetation» (անգլերեն)։ South African National Parks։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-29-ին։ Վերցված է 2010-06-10 
  5. «Mapungubwe National Park and World Heritage Site: Mammals» (անգլերեն)։ South African National Parks։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-29-ին։ Վերցված է 2010-06-10 
  6. 6,0 6,1 6,2 6,3 «Mapungubwe National Park and World Heritage Site: Park in Progress» (անգլերեն)։ South African National Parks։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-29-ին։ Վերցված է 2010-06-10 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]