Մանրբուրժուական քաղաքատնտեսություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ուշադրություն․ հոդվածը կամ հոդվածի բաժինը փոխադրված է Հայկական սովետական հանրագիտարան-ից և կարող է շարադրված լինել խորհրդային գաղափարախոսության տեսանկյունից

Մանրբուրժուական քաղաքատնտեսություն, բուրժուականքաղաքատնտեսության ուղղություն, որն արտահայտում է մանր բուրժուազիայի շահերը։ Ձևավորվել է XIX դարի սկզբներին, հիմնադրել են Ժ. Սիսմոնդին և Պ. Պրուդոնը։ Բնույթը որոշվում է մանր բուրժուազիայի սոցիալ-տնտեսական էությամբ։ Մանրբուրժուական քաղաքատնտեսությունը քննադատում է կապիտալիստական արտադրաեղանակի հավերժականության բուրժուական դոգման և նշում կապիտալիստական ինդուստրիայի հակասությունները, նրա զարգացման կործանիչ հետևանքները մանր արտադրողների համար։ Սակայն Մանրբուրժուական քաղաքատնտեսությունկապիտալիզմի հակասությունների գիտական վերլուծության փոխարեն «...սահմանափակվում է կապիտալիզմի սենտիմենտալ քննադատությամբ՝ մանր բուրժուազիայի տեսակետից...» , իսկ «...մանր արտադրության վրա նայում էր իբրև բնական հասարակարգի վրա, ընդվզելով խոշոր կապիտալի դեմ...» ։ Վերջինը նույնացնում է առևտրական ու փոխատվական կապիտալների հետ, իսկ շահագործումը պատճառաբանում անհամարժեք փոխանակությամբ, որը խախտում է արժեքի օրենքը։ Մանրբուրժուական քաղաքատնտեսության ներկայացուցիչները, գերարտադրության տնտեսական ճգնաժամը համարելով կապիտալիստական արտադրաեղանակի գլխավոր ) արատներից մեկը, չկարողացան, սակայն, բացահայտել դրա բուն պատճառի՝ արտադրության հասարակական բնույթի և յուրացման մասնավոր կապիտալիստական ձևի միջև հակասության էությունը։ ) Բաշխման հարաբերությունների կարգավորումը պայմանավորում են պետության օգնությամբ սպառողական ու վարկային կոոպերատիվ ընկերությունների կազմակերպմամբ, որով, իբր, կբարձրանա մանր արտադրողների վարկունակությունը, կապահովվի արտադրության զարգացումը։ Շրջանառության, իսկ երբեմն սպառման ու բաշխման ոլորտները մանրբուրժուական քաղաքատնտեսության ներկայացուցիչները համարում են քաղաքատնտեսության ուսումնասիրության առարկա։ Մանրբուրժուական քաղաքատնտեսության ժամանակակից տեսությունները մի կողմից քարոզում են կապիտալիստական հակասությունների ռեֆորմիստական լուծում, համաձայնություն իմպերիալիզմի հետ, հասարակության զարգացման նոր ուղու որոնում, մյուս կողմից՝ հաճախ սուր, բայց ոչ միշտ հետևողականորեն քննադատում են իմպերիալիզմի առավել անցանկալի հակասությունները, հիմնավորում դեմոկրատական իրավունքների ապահովման, մոնոպոլիաների իշխանության սահմանափակման, ազգային անկախության և զարգացման ոչ կապիտալիստական ուղու համար պայքարի անհրաժեշտությունը։

Ռուսաստանում մանրբուրժուական քաղաքատնտեսության ներկայացուցիչները նարոդնիկներն էին, որոնք կապիտալիստական արտադրահարաբերությունները քննադատում էին գյուղացիական սոցիալիզմի դիրքերից, պաշտպանում մանր արտադրողների շահերը։ Հայ իրականության մեջ մանրբուրժուական քաղաքատնտեսության դրույթներն արտահայտվել են մանրբուրժուական կուսակցությունների (Հնչակյան կուսակցություն , «Սոցիալ-դեմոկրատական բանվորական հայ կազմակերպությունն (սպեցիֆիկներ)) գաղափարախոսության մեջ։ Հնչակյանները (Ա. Նազարբեկյան, Մ. Նազարբեկյան, Գ. Կաֆյան և ուրիշներ) սկզբում ժխտում էին Հայաստանում կապիտալիզմի զարգացման անխուսափելիությունը, հայ համայնքը համարում սոցիալիզմի նախադրյալների կրող։ Միապետական կարգերի տապալման հարցում անտեսում էին դասակարգային պայքարը, բանվոր դասակարգի պատմական դերը և իրենց քաղաքական գործունեությունը կապում գյուղացիության ու մյուս մանր սեփականատերերի հետ։ Հետագայում որոշ վերագնահատում է կատարվել հնչակյան կուսակցության գաղափարախոսության մեջ. կապիտալիզմն արդեն ընդունվել է որպես անհրաժեշտ և սոցիալիզմին անցնելու համար նյութական պայմաններ ստեղծող փուլ։ Փորձեր են կատարվել նաև կապիտալիզմի հիմնական հակասությունը բացահայտելու ուղղությամբ, կապիտալիստական շահագործման վերացման ուղին հայտարարվել է սոցիալիստական հեղափոխությունը, սակայն նորից անտեսվել է պրոլետարիաւոի դիկտատուրայի ու նրա ղեկավար դերի հարցը։ Սպեցիֆիզմը մենշևիզմի ու բունդականության հայկական տարբերակն էր։ Այս ուղղության գաղափարախոսների (Դ. Անանուն, Բ. Իշխանյան) կարծիքով Հայաստանն ու հայ ժողովուրդը բացառիկ առանձնահատկություն ունեն, և հայ պրոլետարիատը պետք է գործի միջազգային բանվորական շարժումից անկախ, ստեղծի անջատ քաղաքական կազմակերպություններ։ Սպեցիֆիկները ժխտում էին հայ գյուղացիության շահագործման, դասակարգային շահերի հակամարտ հակասության փաստը, կալվածատերերին ու մելիքներին համարում ժողովրդի «հոգատար հայր ու փրկիչ». գյուղացիությանը՝ վերադաս ուժերի սոցիալական հենարան։ Սոցիալիստական հեղափոխությունը նույնացնում էին սահմանափակ բարենորոգումների հետ, դասակարգային հաշտություն քարոզելով, ձգտում ստեղծել «հայության հավաքական դեմք»՝ բուրժուազիայի գլխավորությամբ։ Իրենց ծրագրերի բուրժուա-ազգայնական բովանդակությունը սպեցիֆիկները քողարկում էին սոցիալիստական, մարքսիստական ֆրազներով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 249 CC-BY-SA-icon-80x15.png