Մանվել Կյումուշխանեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մանվել Կյումուշխանեցի
Ծնվել էհունվարի 1, 1768(1768-01-01)
ԾննդավայրԳյումուշխանե, Թուրքիա
Մահացել էդեկտեմբերի 4, 1843(1843-12-04) (75 տարեկան)
Մահվան վայրՀին Ղրիմ, Թեոդոսիայի գավառ, Տավրիկյան նահանգ, Ռուսական կայսրություն
Մասնագիտությունմատենագիր և հասարակական գործիչ

Մանվել (Ստեփանոս) Կյումուշխանեցի, Գյումուղխանեցի (հունվարի 1, 1768(1768-01-01), Գյումուշխանե, Թուրքիա - դեկտեմբերի 4, 1843(1843-12-04), Հին Ղրիմ, Թեոդոսիայի գավառ, Տավրիկյան նահանգ, Ռուսական կայսրություն (թաղվել է հայոց Սուրբ Խաչ վանքում)), հայ մատենագիր, եկեղեցական գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանվել Կյումուշխանեցին ծնվել է Գյումուշխանե քաղաքում (այժմ՝ Թուրքիա)։ Կրթությունն ստացել է ծննդավայրում, ապա՝ Կարինում։ Աշակերտել է Ամասիայի առաջնորդ Հովհաննես արքեպիսկոպոս Սեբաստացուն, որի «սրբազնագործ աջովն» էլ 1796 թվականին ձեռնադրվել է աբեղա, ապա՝ վարդապետ։ 1802 թվականին անցել է Ռուսաստան, աշխատել Պետերբուրգում (այժմ՝ ԼենինգրադԼազարյանների աջակցությամբ և նրանց ջանքերով Ռուսաց ցարը և կառավարությունը հակվել են Դանիել Ա Սուրմառեցու կողմը։ 1804 թվականին Եփրեմ արքեպիսկոպոս Ձորագեղցին Մանվել Կյումուշխանեցուն կարգել է Գրիգորիուպոլիս հայաբնակ քաղաքի առաջնորդական հաջորդ։ Դանիել Ա Սուրմառեցու մահից հետո կաթողիկոս է ընտրվել Եփրեմ Ա Ձորագեղցին, ով Մանվել Կյումուշխանեցու հետ ներկայացել է կայսրին։ Վերջինս Մանվել Կյումուշխանեցուն պարգևատրել է ադամանդազարդ խաչով։

Վերադառնալով Գրիգորիուպոլիս՝ Մանվել Կյումուշխանեցին բացել է ուսումնարան, կառուցել առաջնորդարան։ Ռուսահայոց թեմի նորընտիր առաջնորդ Հովհաննես արքեպիսկոսպոս Գառնակերյանի հրամանով նշանակվել է Ղրիմի Սուրբ Խաչ վանքի վանահայր՝ գաղթական բուլղարացիների խլած վանքապատկան հողերը հետ վերցնելու հանձնարարականով։ Տեղափոխվելով Սուրբ Խաչ վանք՝ բարեկարգել է վանքը, 15 տարի անդուլ պայքարից հետո հետ վերցրել խլված հողերը, Ղարասուբազար քաղաքում դպրոց բացել, 1819 թվականին իր ութ աշակերտներին ուղարկել Մոսկվա՝ Լազարյան ճեմարանում ուսանելու, միաժամանակ ճեմարանին նվիրաբերել 62 ընտիր ձեռագիր մատյան։ Ռուսաստանի հետ Արևելյան Հայաստանի միավորումից հետո, 1827 թվականին Ներսես Աշտարակեցու հրավերով մեկնել է Էջմիածին, նշանակվել վանական կառավարության և բարձրագույն խորհրդարանի՝ Սինոդի անդամ, ձեռագրատան տնօրեն, կարգավորել ձեռագրատունը, կորստից փրկել մշակութային արժեքներ։ Սակայն Ներսես Աշտարակեցու «պատվավոր» աքսորից հետո քաշվել է Խոր վիրապի, ապա՝ Սևանի վանքը, մտադրվել ընդմիշտ մնալ Սևանում, այնտեղ հայ առաջադեմ գործիչների հետ հաստատել գիտական միաբանություն, բայց չի կարողացել իրականացնել իր մտադրությունը։ Սևանից մեկնել է Թիֆլիս, 1836 թվականին վերադարձել Գրիգորիուպոլիս և Ղրիմ։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրել է պատմական («Կշիռ որպիսածանոյց», 1803, «Պատմութիւն եղելութեանց ընդ մէջ կաթողիկոսացն Դանիէլի և Դաւթի», 1803 «Պատմութիւն անցից անցելոց Սեւանայ վանուց», 1830, հրա. 1871), հուշագրական («Համառօտութիւն ծննդեան և դիպուածոց...», 1830-1839, «Աղէտ գիտելեաց մերոց», 1831), կրոնաբարոյախոսական («Դպրություն մանկանց», աշխարհաբար դասագիրք, 1821, «Լուծ արմատոյն մերոյ», 1832, հրտ. 1841), դավանաբանական («Դեղաթափ ընդդեմ լիւթերականաց աղանդին», 1836, Նամակ Մխիթարյաններին, 1814) և այլ երկեր, թղթեր, որոնք կարևոր սկզբնաղբյուրներ են և հարուստ նյութ են պարունակում 18-19-րդ դարերի հայ մշակութային, եկեղեցական ու քաղաքական կյանքի, հայ-ռուսական հարաբերությունների մասին։ Դրանց ինքնագրերը պահվում են Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում և այլուր։

Մանվել Կյումուշխանեցին հաճախ հանդես է եկել նաև Շահինյան, Ալթունյան ազգանուններով։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մահացել է Հին Ղրիմում։ Թաղված է Սուրբ Խաչ վանքում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխավոր խմբագիր Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան 2002։
  • Անձնական պատմութիւն Մանուէլ Կիւմուշխ անացի վարդապետի, Ալթունեանի կամ Շահինովի, «Դիվան Հայոց պատմութեան», գիրք 12, Թ., 1917:
  • Շահազիզ Ե., Շահինյան Մանվել ծայրագույն վարդապետ Գյումուշխանեցի, «Էջմիածին», 1946, դ 6–7:
  • Հակոբյան Պ., Խաչատուր Աբովյան. կյանքը, գործը, ժամանակը (1809–1836), Ե., 1967:
  • Հայ նոր գրականության պատմություն, հ. 1, Ե., 1962:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 241 CC BY-SA icon 80x15.png