Մանկապատանեկան մարզական դպրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մանկապատաներկան մարզական դպրոց Սևաստոպոլում

Մանկապատանեկան մարզական դպրոց, (ռուս.՝ Детско-юношеская спортивная школа), նախկին Խորհրդային Միությունում, այնուհետև՝ Ռուսաստանում և ԱՊՀ այլ երկրներում արտադպրոցական հատուկ մարզական հիմնարկ, որոնց գլխավոր նպատակը բարձրորակ պատանի մարզիկներ պատրաստելն ու նրանց ֆիզիկական դաստիարակությունն է, ինչպես և հասարակական ֆիզկուլտուրային ակտիվի ստեղծումը դպրոցներում տարվող զանգվածային մարզական աշխատանքի համար։

Կան կոմպլեքսային (սպորտի մի քանի ձևեր) և մասնագիտացված (սպորտի մի ձև) մանկապատանեկան մարզական դպրոցներ։ Կարող են լինել շրջանային, քաղաքային, մարզային, հանրապետական։ Դպրոցներն ընդունվում են համապատասխան ֆիզիկական պատրաստություն ունեցող 8-14 տարեկան ընտրովի երեխաներն ու պատանիները՝ հանրակրթական դպրոցների երաշխավորությամբ։ Մանկապատանեկան մարզական դպրոցում, որպես կանոն, կազմակերպվում են նախապատրաստական, պատանեկան 2-րդ և 1-ին ու մեծահասակների 2-րդ և 1-ին սպորտային կարգերի, սպորտի վարպետության թեկնածուների, սպորտի վարպետների ծրագրերով խմբեր։ Ուսումնական ժամկետը 1-2 տարի է։ Յուրաքանչյուր տարվա համար սահմանված են ընդհանուր և հատուկ ֆիզիկական պատրաստության ու սովորողների սպորտային նվաճումների մակարդակին համապատասխան նորմաներ։

Խորհրդային Միությունում և սոցիալիստական ճամբարի երկրներում, մասնավորապես` Արևելյան Գերմանիայում (ԳԴՀ) մարզադպրոցները ֆիզիկական կուլտուրայի և մարզական կրթության հզոր համակարգի հիմքն էին համարվում։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 233
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մանկապատանեկան մարզական դպրոց» հոդվածին։