Մանկական երաժշտություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Cansons per la mainada երաժշտական գրքի շապիկը

Մանկական երաժշտություն, մանուկների կատարման կամ նրանց ունկնդրման համար նախատեսված երաժշտությունը։ Ընդգրկում է բազմազան ժանրեր՝ երգ, խմբերգ, կանտատ, գործիքային և նվագախմբային երկեր, օպերա, բալետ են։ Մանկական երաժշտության լավագույն նմուշներին հատուկ է կերպարների գունեղությունն ու կոնկրետությունը, արտահայտչամիջոցների պարզությունն ու ձեակառուցման հստակությունը, բովանդակության անկաշկանդ զարգացումը։ Ունի հնագույն ծագում ՝ կապված ժողովրդական երաժշտության հետ։ Մանկական երաժշտության մեջ որոշակի կերպով առանձնանում են ստեղծագործական երկու ոլորտներ, որոնցից մեկը կապված է մանուկներին հասցեագրված, բայց պրոֆեսիոնալ կատարման համար գրված ստեղծագործությունների հետ, մյուսը կապված է մանկական կատարման հատկացված, նրանց տարիքային առանձնահատկություններն ու կատարողական հնարավորությունները նկատի առնող ստեղծագործությունների հետ։ Մանուկների համար ստեղծագործություններ են գրել գրեթե բոլոր խոշորագույն դասականները՝ օր. Ս. Բախ, Հայդն, Մոցարտ, Բեթհովեն, Շուման («Ալբոմ պատանեկության համար», «Մանկական տեսարաններ»), Բրամս («Մանկական ժողովրդական երգեր»), Բիզե («Մանկական խաղեր»), Չայկովսկի («Մանկական ալբոմ», երգեր), Մուսորգսկի («Մանկական»), Դեբյուսի («Մանկական անկյուն»), Պրոկոֆև («Պետյան և գայլը», «Ձմեռային խարույկ», դաշնամուրային պիեսներ), Բարտոկ («Մանուկներին» դաշնամուրային պիեսները), որոնցից շատերը միաժամանակ հետապնդում են ուսուցողական նպատակներ։ XX դարում մանկական երաժշտության ասպարեզում առանձնակի նշանակություն են ստացել գերմանացի կոմպոզիտոր և մանկավարժ Կ. Օրֆի («Երաժշտություն մանուկների համար» են) և խորհրդային կոմպոզիտոր Դ. Կաբալևսկու (դաշնամուրային պիեսների ժողովածուներ, ջութակի, դաշնամուրի, թավջութակի կոնցերտներ նվագախմբի հետ, երգեր, խմբերգեր) գործունեությունը, որ ընդգրկում է նաև մանուկների երաժշտական դաստիարակության կարևորագույն մեթոդական հարցեր։

Հայաստանում մանկական երաժշտությունն իր ուրույն նշանակությունն ունի։ XIX դարի վերջին և XX դարի սկզբին այն հանդես եկավ իբրե ազգային պրոֆեսիոնալ երաժշտական դպրոցի գոյացման և զարգացման ուղիներից մեկը։ Կոմիտասը կարևոր նշանակություն էր տալիս մանկական երաժշտությանը՝ ստեղծելով ժողովրդական երգերի մշակումների պարզեցված տարբերակներ՝ դրանք նախատեսելով պատանիների համար, նաև հորինում էր հատուկ մանկական երգեր։ Նախախորհրդային շրջանում մանկական երաժշտության ասպարեզում աշխատող հայ կոմպոզիտորներից շատերը նաև մանկավարժներ էին։ Նրանք ոչ միայն հորինում էին երգեր ու երաժշտական-թատերականացված կենդանի պատկերներ, այլև զբաղվում մանուկների երաժշտական դաստիարակության գործնական խնդիրներով։ Կոմպոզիտորները զգալիորեն ընդլայնեցին մանկական երաժշտության շրջանակները, հարստացրին այն նոր կերպարներով, նոր բովանդակությամբ և երաժշտա-արտահայտչական միջոցներով, մասնավորապես թատերականացված երաժշտության նոր ձևերով։

Մանկական երաժշտության ասպարեզում նշանակալից ավանդ են ներդրել Ռ. Մելիքյանը, Ա. Մանուկյանը, Կ. Զաքարյանը, Մ. Մազմանյանը, Մ. Միրզոյանը, Ա. Մայիլյանը, Ս. Բարխուդարյանը, Դ. Ղազարյանը, Հ. Սաեփանյանը, Վ. Տալյանը, Ա. խաչաաըրյանը, Վ. Արարատյանը, Ս. Դալիկյանը, Ս. Ջրբաշյանը։ Ներկայումս ստեղծագործող կոմպոզիտորների մեծ մասը այս կամ այն չափով անդրադառնում է մանկական երաժշտության տարբեր ժանրերին։ Առանձնապես նշանակալից են Գ. Չթչյանի, Ա. Օհանյանի, Ա. Լուսինյանի, է. Միհրանյանի ստեղծագործություննը։