Մանաս (հայ նկարիչների ընտանիք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մանաս (այլ կիրառումներ)

Մանաս, հայ նկարիչների ընտանիք։ Ապրել ու ստեղծագործել են Կոստանդնուպոլսում, 17—րդ դարի վերջից մինչև 1920-ական թվականները։ Եղել են սուլթանների պալատական նկարիչներ, վարել նաև դիվանագիտական պաշտոններ։ Մանասները թուրք, արվեստում առաջինն են, որ ստեղծել են դիմանկարներ, երփնագրել կտավի վրա, սկզբնավորել հաստոցային նկարչությունը։ Նրանց դիմանկարները կրել են եվրոպական դասական դիմանկարչության ուժեղ ազդեցությունը՝ զուգորդված տեղական գեղագիտական ըմբռնումներին։ Բնորոշվում են ոչ միայն վավերականությամբ, այլև դեկորատիվ տարրերի նրբագեղ վերարտադրումով, միջավայրի ու տարածության զգացողությամբ։ Նշանակալից է Մանասների ընտանիքի դերը հայ նոր կերպարվեստի ձևավորման շրջանում։ Ավագը՝ Բարս-ը (17-րդ դարի վերջից 18-րդ դարի սկիզբ), եղել է Ահմեդ Գ-ի պալատական նկարիչը։ Կատարել է մանրանկարչական դիմանկարներ։ Որդին՝ Ռաֆայը (18-րդդարի 1-ին կես), գեղարվեստական կրթություն է ստացել Իտալիայում, հայտնի է եղել որպես խոշոր գեղանկարիչ և ճարտարապետ։ Հայտնի են նրա «Երկու երիտասարդ», «Արտեմիս», «Աստղիկ աստվածուհին» նկարները։ Սրբանկարներ է կատարել Կոստանդնուպոլսի հայկական եկեղեցիների համար։ Պալատական գեղանկարիչներ էին նաև որդիները՝ Մանասը և Զենոբը (18-րդ դարի 2-րդ կես)։ Ռաֆայել Մանասի թոռը՝ Զենոբը (18-րդ դարի վերջից 19-րդ դարի սկիզբ), նաև դիվանագետ էր ու թարգմանիչ։ Վերջինիս որդիները ստեղծագործել են XIX դ.: Ալեքսանդրը 1893-ին ավարտել է Վիեննայի Գեղարվեստի ակադեմիան։ Գասպարը 32 տարի Թուրքիայի դեսպանատան առաջին քարտուղարն էր Վիեննայում, Մաքսուդը գեղարվեստական կրթություն է ստացել Իտալիայում, Ռուբենը Փարիզում Թուրքիայի դեսպանատան քարտուղարն էր, իսկ 1869-ից հյուպատոս՝ Միլանում։ Նա մանրանկար–դիմանկարների հեղինակ է («Ֆաթիմայի դիմանկարը»)։ Ծոռը՝ Սեպուհը (1816-1889), 1858-ին դեսպանատան 1-ին քարտուղար էր Շվեդիայում, ապա՝ 30 տարի Փարիզում։ Նրա նկարներից հայտնի են Աբդուլ Ազիզ և Աբդուլ Մեջիդ սուլթանների դիմանկարները, որոնք ունեն «Մանաս» և «Սեպուհ Մանաս» ստորագրությունները։ Տոհմի շնորհալի նկարիչներից էր նաև Ժոզեֆ Մկրտչի Մ. (1835-1916), որը նույնպես վարել է դիվանագիտական պաշտոններ։ Նրա գործերից են Վիկտորիա թագուհու և Դելի Ֆուատ փաշայի դիմանկարները։ Մ–ների ստեղծագործությունները պահպանվում են Կ. Պոլսի թանգարաններում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 213