Մանազկերտի ժողով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մանազկերտի ժողով, 726 թ. տեղի ունեցած հայ-ասորական միացյալ եկեղեցական ժողով։ Հրավիրվել է Հայոց կաթողիկոս Հովհաննես Գ Օձնեցու և Ասորի Հակոբիկ եկեղեցու առաջնորդ, Անտիոքի Աթանաս պատրիարքի նախաձեռնությամբ։ Հայոց կողմից, կաթողիկոսից բացի, ժողովին մասնակցել են 31 եպիսկոպոս և 8 վարդապետ, որոնք ներկայացրել են Հայաստանի արևելյան և արևմտյան հատվածների գրեթե բոլոր թեմերը, իսկ ասորական կողմից՝ պատրիարքը՝ 6 եպիսկոպոսների հետ։ Մասնակիցների թվում հիշատակվում են ժամանակի նշանավոր հայ աստվածաբան վարդապետներ Խոսրովիկ Թարգմանիչը և Գրիգորիս Արշարունին, որոնք օգնել են Հայոց կաթողիկոսին դավանական կարևորագույն որոշումներ ընդունելիս։

Ժողովի նպատակն էր հարթել երկու Արևելյան եկեղեցիների դավանական տարաձայնությունները, որոնք ծագել էին հակաքաղկեդոնական աստվածաբաններ Հուլիանոս Հալիկառնասցու և Սևերոս Անտիոքացու՝ Հիսուսի մարմնի «անապականության» շուրջ ծավալված վեճից։ Ըստ XII դ. ասորի ժամանակագիր Միքայել Ասորու, երկու ասորի հոգևորական նամակ են հղել Հովհաննես Գ Օձնեցուն, որտեղ հայերին մեղադրել են Հուլիանոս Հալիկառնասցու ուսմունքին հարելու մեջ։ Հայերն էլ իրենց հերթին ասորիներին մեղադրել են Սևերիոս Անտիոքացու ուսմունքին հետևելու մեջ։ Նախապես որոշվել էր ժողովը հրավիրել Արծն քաղաքում, սակայն Արմինիայի արաբ կառավարիչը չի թույլատրել ժողովի գումարումն իր իշխանապետության սահմաններից դուրս։ Ժողովատեղիի ընտրության հարցում արաբ ոստիկանի միջամտությունը վկայում է, որ հայ-ասորական դավանական միությունը հովանավորել և թելադրել էր Արաբական խալիֆայությունը, որը նպատակ ուներ Արևելքի ամենամեծ ուղղափառ եկեղեցիների դավանական միությունն ուղղել ընդդեմ քաղկեդոնականության և Բյուզանդական կայսրության։

Պահպանվել են Մանազկերտի ժողովի արձանագրությունները հայերեն և ասորերեն, ինչպես նաև ժողովի սահմանած կանոններն ու նզովքները։ Ենթադրվում է, որ Հովհաննես Գ Օձնեցին ժողովում կարդացել է հուլիանոսականների դեմ ուղղված իր «Ընդդէմ երևութականաց» ճառը։

Մանազկերտի ժողովը սահմանել է 10 նզովք, որոնք դատապարտել են Հուլիանոս Հալիկառնասցու և Սևերիոս Անտիոքացու ուսմունքներն ու դրանց հետևորդներին, աֆտարտոդոցետիզմը, նեստորականությունը, մեկ անգամ ևս հաստատել Երրորդության ուղղափառ բանաձևումը։ Ժողովի որոշումների արդյունքում Հայ և Ասորի Հակոբիկ եկեղեցիների միջև կնքվել է դավանական միություն, որը, սակայն, չի հարատևել։ Մանազկերտի ժողովում քննարկվել են նաև ծիսական խնդիրներ։ Հայ և Ասորի եկեղեցիների համար սահմանվել է Քրիստոսի ծնունդը տոնել ոչ թե դեկտեմբերի 25-ին, ինչպես՝ քաղկեդոնականները, այլ՝ հունվարի 6-ին, նաև որոշվել է հացն անխմոր և գինին անխառն մատուցել Պատարագի ժամանակ։

Հովհաննես Գ Օձնեցու և Աթանաս Անտիոքացու միջև համաձայնություն է ձեռք բերվել երեք հայ հոգևորականների Ասորիք ուղարկելու մասին՝ այնտեղ բնակվող հայ քաղկեդոնականների գործունեությունը կանխելու նպատակով։ Հիշատակություն կա նաև, որ Ասորիք ուղարկված հայ հոգևորականները զբաղվել են ասորերենից հայերեն թարգմանություններով։ Մանազկերտի ժողովը մեծ նշանակություն է ունեցել Հայ եկեղեցու դավանական մի շարք կետերի հստակեցման գործում։ Նրա դավանական որոշումներն ամբողջացրել և վերջնական տեսքի են հասցրել Հայ եկեղեցու քրիստոսաբանական համակարգը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: