Մայքլ Ջեքսոնի առողջությունը և արտաքին տեսքը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մայքլ Ջեքսոնը 1984 թվականի մայիսին

Մայքլ Ջեքսոն (1958 թվականի օգոստոսի 29 - 2009 թվականի հունիսի 25), ամերիկացի երաժիշտ, որն ավելի քան քառասուն տարի եղել է աշխարհի ամենահայտնի էստրադային արտիստներից մեկը (սկզբում որպես The Jackson 5 մանկական խմբի աստղ, հետո՝ որպես մենակատար)՝ այդ ամբողջ ընթացքում գտնվելով հանրության ուշադրության կենտրոնում։

Մայքլի մանկությունը շատ ծանր է եղել։ Ե՛վ նա, և՛ նրա հարազատ եղբայրներից մի քանիսը պատմել են, որ հայրը դաժան է վարվել իրենց հետ և վիրավորել[1]։ Երգչի արտաքինում առաջին փոփոխությունները սկսեցին տեղի ունենալ դեռևս 1979 թվականին, Off The Wall ալբոմի թողարկումից առաջ։ Սկսած 1980-ականների կեսերից Ջեքսոնի արտաքինը սկսեց կտրուկ փոխվել։ Նա նիհարեց, մաշկը գունաբացվեց, փոխվեցին քիթը և դեմքի ուրվագծերը։ Մաշկի գունաբացման նախնական պատճառները վիտիլիգո և համակարգային կարմիր գայլախտ հիվանդություններն էին, որոնք Ջեքսոնի մոտ ախտորոշվեցին 1986 թվականին, ինչպես նաև երգիչ կողմից մաշկի վրա բծերը քողարկելու համար կոսմետիկայի օգտագործումը[2]։ Վիրաբույժները կարծում են, որ նա կատարել է ռինոպլաստիկա, ճակատի բարձրացում, այտոսկրերի վիրահատություն, ինչպես նաև բարակացրել է շուրթերը[3][4]։

Հոգեկան առողջության փորձագետները պնդում էին, որ նա ունեցել է 10 տարեկան երեխայի միտք, մինչդեռ մյուս բժիշկները կարծում էին, որ նա տառապել է դիսմորֆոֆոբիայով։ Դիպակ Չոպրան՝ Ջեքսոնի բժիշկն ու ընկերը, 20 տարի շարունակ ասում էր՝ «Պատճառը, որ նա իրեն պլաստիկ վիրահատությունների էր ենթարկում, հակումն էր դեպի ինքնախեղումը և ինքն իր հանդեպ լիովին անհարգալից վերաբերմունքը»[5]։

1990-ական թվականներին, ինչ-որ պահի, պարզ դարձավ, որ Ջեքսոնը սկսել է կախված լինել դեղատոմսով բաց թողնվող դեղերից՝ հիմնականում ցավազրկող և հանգստացնող հզոր միջոցներից, ինչի պատճառով նրա առողջությունը կտրուկ վատացավ։ Նա 1993 թվականին Էլիզաբեթ Թեյլորի և Էլթոն Ջոնի օգնությամբ վերականգնողական փուլ անցավ[6], բայց կախվածությունը մնաց։ Մայքլ Ջեքսոնը մահացավ 2009 թվականի հունիսի 25-ին, սրտի կանգից։

Մանկությունը և հոգեկան առողջությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեքսոնը և նրա հարազատ եղբայրներից մի քանիսը հայտնել են, որ փոքր տարիքից ենթարկվել են ֆիզիկական և հոգեբանական դաժան վերաբերմունքի իրենց հոր՝ Ջոզեֆի կողմից, ինչն արտահայտվել է շարունակական փորձերով, վիրավորանքներով և այնպիսի նսեմացնող անուններով, ինչպիսիք են «մեծ քիթը» Մայքլի համար. նման վերաբերմունքն ազդել է Ջեքսոնի հետագա ողջ կյանքի վրա[7]։ Դատաքննություններից մեկի ժամանակ Ջեքսոնի եղբայր Մարլոնը հիշում էր, թե ինչպես էր Ջոզեֆը մի ոտքից բռնած գլխիվայր պահում Մայքլին և ձեռքով բազմաթիվ անգամներ հարվածում մեջքին ու հետույքին։ Ջոզեֆը հաճախ ոտք էր գցում տղաներին և հրում նրանց։ Մի գիշեր, երբ Մայքլը քնած է եղել, Ջոզեֆը պատուհանից բարձրացել է նրա սենյակ։ Նա սարսափելի դիմակ էր հագել, մտել է սենյակ և սկսել է աղաղակել։ Ջոզեֆը բացատրել է, որ դրանով երեխաներին ուսուցանել է, որ գիշերը բաց չթողնեն պատուհանները։ Հաջորդ տարիների ընթացքում Ջեքսոնին հետևել են մղձավանջները, թե իրեն առևանգում են ննջարանից[8]։ 1980-ականների սկզբին նա խորապես դժբախտ էր. Ջեքսոնն ասել է՝ «Նույնիսկ տանը ես միայնակ եմ։ Ես երբեմն նստում եմ իմ սենյակում և լաց եմ լինում։ Այնքան դժվար է ընկերներ գտնել... Ես երբեմն գիշերը տնից դուրս եմ գալիս միայն ինչ-որ մեկին գտնելու համար, ում հետ կարելի է խոսել։ Բայց ամեն ինչ ավարտվում է նրանով, որ ես վերադառնում եմ տուն[9]»:

Չնայած բազմաթիվ անգամ ասվել է այն մասին, որ Ջեքսոնը ծանր մանկություն է ունեցել, նա առաջին անգամ այդ մասին բացահայտ կերպով խոսել է հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆրիին 1993 թվականին տված հարցազրույցում։ Նա համարել է, որ իր մանկության մեծ մասը բաց է թողել՝ ընդունելով, որ հաճախ է լաց եղել միայնակությունից[10][11][12]։ Նույն հարցազրույցում, խոսելով հոր մասին՝ Ջեքսոնը խիստ հուզվելով ասել է՝ «Եղել են պահեր, երբ հայրս եկել է ինձ մոտ և ես միանգամից վատ եմ զգացել, ինձ մոտ սկսել է սրտխառնոց առաջանալ ... խնդրում եմ, ինձ խելացնոր մի համարեք ... բայց ես իսկապես սիրում եմ նրան»[13]։ Մեկ այլ՝ «Կյանքը Մայքլ Ջեքսոնի հետ» (2003 թվական) անկեղծ հարցազրույցում երգիչը դեմքը փակել է ձեռքով և լաց է եղել՝ պատմելով իր մանկության մասին[8]։ Ջեքսոնը հիշել է, թե ինչպես Ջոզեֆը փորձերի ժամանակ նստում էր աթոռին՝ ձեռքում պահելով իր գոտին։ Եվ եթե երեխաները ինչ-որ բան այն չէին անում, ապա նա ծեծում էր նրանց այդ գոտիով[14]։ 2003 թվականին հայրը խոստովանել է, որ ծեծել է իր երեխաներին[15][16]։ 2010 թվականի նոյեմբերին նա հաստատել է դա, սակայն հայտարարել է հետևյալը՝ «Ես չեմ կարծում, որ Մայքլը վախենում էր ինձանից։ Եթե նա նույնիսկ վախենում էր, ապա նրանից, որ ինչ-որ բան կարող էր սխալ անել, իսկ ես նրան կշտամբում եմ, բայց ոչ ծեծելու աստիճան։ Ես երբեք այնպես չեմ ծեծել նրան, ինչպես գրում են շատ լրատվամիջոցներ»[17][18]։

2003 թվականին Մայքլ Ջեքսոնը մեղադրվեց մանկապղծության մեջ և երկու տարի անց արդարացվեց։ Հետաքննության ընթացքում Ջեքսոնի կենսագրությունն ուսումնասիրել է Սթեն Կացը՝ պրոֆեսիոնալ հոգեբանը, ով նաև մի քանի ժամ անցկացրել է մեղադրողի հետ։ Ըստ Ջոն Ռենդի Տարաբորելիի կենսագրական գրքի՝ Կացը եզրակացրել է, որ Ջեքսոնը հոգեկան զարգացման մակարդակով մնացել է տասնամյա երեխայի տարիքում[19]։ Որոշ բժիշկներ հրապարակայնորեն կարծիք հայտնեցին, որ երգիչը դիսմորֆոֆոբիա ունի՝ հոգեբանական խանգարում, որի դեպքում մարդը չափազանց մտահոգված և զբաղված է իր մարմնի աննշան թերությամբ կամ առանձնահատկությամբ[2][20]։

Վիտիլիգո և գայլախտ, բուժումը և հետևանքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեքսոնը՝ իր մոտ վիտիլիգո հիվանդության ախտորոշումից երկու տարի անց

Ջեքսոնի մաշկը երիտասարդ տարիքում թուխ էր, բայց սկսած 1980-ական թվականների կեսերից ավելի ու ավելի գունատվում էր. ինչպես շատերը ենթադրում էին՝ դա տեղի էր ունենում, որովհետև Մայքլը հատուկ գունաբացում էր մաշկը[21] և փոխում էր դեմքի առանձնահատկությունները, որպեսզի նմանվի եվրոպացու։ Այս ամենը ժամանակին լայնորեն լուսաբանվել է ԶԼՄ-ներում[10]։ Տարաբորելիի տվյալներով՝ 1986 թվականին Ջեքսոնի մոտ վիտիլիգո և գայլախտ ախտորոշվեց։ Վիտիլիգոն մասամբ գունաբացել էր նրա մաշկը և զգայուն դարձրել արևի լույսի նկատմամբ։ Գայլախտը ռեմիսիայի (ժամանակավոր թուլացում) մեջ էր, բայց արևի լույսը, հնարավոր է, նպաստում էր դրա սրացմանը[2]։ Այդ հիվանդությունների դեմ պայքարելու համար Ջեքսոնն օգտագործում էր Solaquin (հիդրոքինոն), տրետինոին և բենոքին։ Նա նաև հիդրոքսիքլորոխին էր օգտագործում, որը պարբերաբար ներարկվում էր անմիջապես գլխամաշկի տակ[2]։ Հիվանդությունների, դեղերի, որոնց օգնությամբ նա պայքարում էր այդ հիվանդությունների, և մաշկի վրայի բծերը թաքցնող կոսմետիկայի պատճառով Ջեքսոնը շատ գունատ էր երևում[2]։

1993 թվականի փետրվարին Ջեքսոնը մեկուկես ժամանոց արտասովոր անկեղծ հարցազրույց տվեց Օփրա Ուինֆրիին. սա նրա առաջին հարցազրույցն էր հեռուստատեսությամբ՝ 1979 թվականից ի վեր։ Հարցազրույցի ժամանակ նա հայտարարեց, որ երբեք հատուկ չի սպիտակեցնում իր մաշկը՝ առաջին անգամ հրապարակավ հայտնելով, որ տառապում է վիտիլիգո հիվանդությամբ և մաշկի գույնը հարթեցնելու համար ստիպված է օգտագործել հզոր կոսմետիկա։ Հարցազրույցը դիտել են 62 միլիոն ամերիկացիներ[22]։ Դրանից հետո սկսվեցին ակտիվ հասարակական քննարկումներ այն ժամանակ անհայտ հիվանդության թեմայով[10][11][12][23]։ Ջեքսոնի մահից հետո անցկացված դիահերձումը հաստատեց, որ նա տառապում էր վիտիլիգոյով[24][25]։

Ի աջակցություն HIStory ալբոմի համաշխարհային շրջագայության ավստրալիական փուլում Ջեքսոնն ամուսնացավ իր մաշկաբանի բուժքույր Դեբի Ռոուի հետ[26][27][28]։ Առաջին անգամ նրանք հանդիպել են 1980-ականների կեսերին, երբ Ջեքսոնի մոտ վիտիլիգո ախտորոշվեց։ Երկար տարիներ նա բուժում էր հիվանդությունը և զգացմունքային աջակցություն ցուցաբերում, նրանք լավ ընկերներ էին՝ նախքան իրենց հարաբերությունները կտեղափոխվեին ռոմանտիկայի ոլորտ[29]։ Զույգը բաժանվեց 1999 թվականին, բայց նրանք մնացին ընկերներ[30][31]։

Պլաստիկ վիրահատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեքսոնը Կաննի կինոփառատոնում 1997 թվականին:

Նրա դեմքի ուրվագծերը նույնպես փոխվել են. որոշ վիրաբույժներ գտնում են, որ նա քթի, ճակատի, շրթունքների և այտոսկրերի ձևի փոփոխության բազմաթիվ վիրահատություններ է տարել[4]։ Ըստ Տարաբորելիի՝ 1979 թվականին Ջեքսոնը կատարել է իր առաջին ռինոպլաստիկան այն բանից հետո, երբ պարային բարդ էլեմենտի կատարման ժամանակ կոտրել էր քիթը։ Վիրահատությունն այնքան էլ հաջող չէր եղել, և Մայքլը բողոքել էր շնչառության դժվարություններից։ Նա ուղարկվել է Սթիվեն Հոֆլինի մոտ, ով 1980 թվականին 2-րդ ռինոպլաստիկան է կատարել[32]։ 1988 թվականին «Լուսնային քայլվածք» ինքնակենսագրության մեջ Ջեքսոնը գրում է, որ բացի քթի վիրահատությունից, նրան նաև փոսիկներ են արել կզակի վրա, և նա այլևս ոչ մի վիրահատություն չի արել[33]։ Այնուամենայնիվ, նրա մայրը պատմել է, որ Մայքլը ավելի քան երկու պլաստիկ վիրահատություններ է ունեցել, բայց նա դրանից շատ ամաչում էր՝ «Ես լսել եմ, որ պլաստիկ վիրահատություններից կարող է կախյալություն առաջանալ։ Ինձ թվում է՝ հենց դա է նրա հետ տեղի ունեցել։ Մի անգամ ես ասացի նրան. «Դե բավական է, ինչու՞ չես կարողանում կանգ առնել»։ Ես նույնիսկ զրուցել եմ նրա պլաստիկ վիրաբույժի հետ և խնդրել, որ երբ Մայքլը գալիս է, նա միայն ձևացնի, թե ինչ-որ բան է փոխում նրա դեմքին»[17][18]։ Բացի դա, սկսած 1986 թվականից Ջեքսոնը մաշկային ներարկումներում և ոչ վիրաբուժական կոսմետիկ միջամտություններում մասնագիտացված մաշկաբան Առնոլդ Կլեյնի մշտական հաճախորդն էր[34]։

Իր գրքում Ջեքսոնն իր դեմքի փոփոխությունները բացատրում է սեռական հասունացմամբ, բուսակերներին հատուկ խիստ սննդակարգով, քաշի կորստով, սանրվածքի փոփոխությամբ և բեմական լուսավորությամբ[33]։ Նա հերքել է շատերի կարծիքներն այն մասին, թե կոպերը ևս վիրահատված են[35]։ 1990 թվականին Մայքլի հետ տեղի ունեցած փոփոխություններն արդեն լայնորեն քննարկվում էին հանրության կողմից, երգչի մտերիմները հայտնել են, որ այդ ժամանակ նա դեմքի վրա մոտ տասը վիրահատության էր ենթարկվել[2][36]։ 1992 թվականի հունիսին The Daily Mirror հրատարակությունը առաջին պլանում զետեղեց մի նկար, ենթադրաբար դա Մայքլ Ջեքսոնի դեմքն էր, որը նկարագրվում էր որպես պլաստիկ վիրաբուժության «սարսափելի այլանդություն»։ Ջեքսոնը այդ կապակցությամբ հայց ներկայացրեց և 1998 թվականին նրանք հաշտության գնացին։ Գերագույն դատարանում հրատարակության նախկին խմբագիրը հայտարարեց Ջեքսոնի դեմքին պլաստիկ վիրաբուժության հետքերի բացակայության մասին և հրապարակայնորեն ներողություն խնդրեց նրանից[37]։

Քաշը և կախվածությունը դեղերից[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա դեմքի փոփոխությունների պատճառը մասամբ նաև քաշի էական կորուստներն էին[38]։ Ջեքսոնը 1980-ականների սկզբին նիհարեց դիետայի փոփոխության և «պարողի մարմին» ունենալու ցանկության պատճառով[32]։ Արդեն 1984 թվականին Ջեքսոնը կորցրել էր 9 կիլոգրամ՝ իր քաշը հասցնելով 48 կիլոգրամի՝ 175 սմ հասակով. այդ քաշը նրա ողջ չափահաս կյանքի ընթացքում ամենափոքրն էր[39]։ Ականատեսները հայտնում էին, որ Ջեքսոնը հաճախ գլխապտույտ է ունենում, ենթադրություններ էին արվում, որ նա տառապում է նյարդային անորեքսիայից[39][40]։ Հաջորդող տարիներին երաժիշտը մի փոքր ապաքինվում է, բայց 1993 թվականին մանկապղծության մեջ մեղադրվելուց հետո դադարում է ուտել՝ կրկին զգալիորեն նիհարելով[41]։ 1995 թվականի վերջին նա շտապ տեղափոխվում է հիվանդանոց հեռուստատեսային ելույթի փորձի ժամանակ տեղի ունեցած կոլլապսից հետո. փորձը հետագայում չեղյալ հայտարարվեց. անկախ հեղինակը պնդում էր, որ միջադեպը պայմանավորված էր սթրեսային խուճապի նոպայով[42], այն դեպքում, երբ բժիշկները դա կապում էին սրտի սխալ ռիթմի, ստամոքս-աղիքային բորբոքման, ջրազրկման և երիկամների ու լյարդի սխալ աշխատանքի հետ[43]. ոչ մի հոսպիտալացման, այդ թվում՝ նաև սրա, Ջեքսոնի օրգանիզմում թմրանյութ չի հայտնաբերվել[44][45]։ BBC հայտնել է, որ 2005 թվականին դատի ժամանակ նույնպես երգիչը տառապում էր սթրեսով պայմանավորված հիվանդություններից և քաշի լուրջ կորստից[46]։

Jackson shielded from the sun by a black umbrella wearing a black shirt with long sleeves, black pants and sun glasses. The legs are not visible.
Հովանոցով արևից պաշտպանվող Ջեքսոնը (Փարիզ, 2006 թվականի հունիս)

Կենսագիրը պնդում է, որ 1993 թվականին արտիստը համաձայնել է կիրառել ցավազրկողներ, դիազեպամ, ալպրազոլամ և լորազեպամ, որպեսզի պայքարի սթրեսի դեմ, որն առաջացել էր իր հանդեպ հնչեցրած մանկապղծության մեղադրանքի պատճառով[47]։ Դրանից մի քանի ամիս անց, ինչպես պնդում էին լուրերում, Ջեքսոնը կորցրել է մոտավորապես 4,5 կգ քաշ և դադարել է ուտել[41]։ Դատարանում գրավոր ցուցմունքներ տալու ժամանակ Ջեքսոնը շատ քնկոտ է եղել, չի կարողացել կենտրոնանալ, խոսել է անորոշ։ Նա չի կարողացել հիշել իր նախորդ ալբոմների թողարկման ամսաթվերը կամ այն մարդկանց անունները, որոնց հետ աշխատել է։ Նրանից մի քանի րոպե է պահանջվել՝ իր վերջին ալբոմներից մի քանիսի անունները նշելու համար[48]։

Ջեքսոնի առողջությունն այնքան է վատանում, որ նա չեղյալ է հայտարարում իր համաշխարհային շրջագայության վերջին մասը և իր ընկերուհու՝ Էլիզաբեթ Թեյլորի և նրա ամուսնու հետ մեկնում է Լոնդոն։ Օդանավակայանում երկու ընկերները աջակցում էին նրան, որպեսզի չընկնի, նրան շտապ ուղարկում են Էլթոն Ջոնի մենեջերի տուն, իսկ հետո՝ կլինիկա։ Մուտքի մոտ նա խուզարկվում է թմրանյութերի համար, ճամպրուկում հայտնաբերվում են դեղամիջոցներով ամպուլաներ։ Նա տեղափոխվում է հիվանդանոցի չորրորդ հարկ՝ ներերակային ներարկումով հիվանդասենյակ, որպեսզի նվազեցվի ցավազրկողներից ունեցած նրա կախվածությունը։ Երգչի ներկայացուցիչն այն ժամանակ լրագրողներին ասել է, որ Ջեքսոնը հազիվ էր շարժվում և խոսում[6][49]։ Ջեքսոնը կլինիկայում խմբակային և անհատական թերապիայի սեանսներ է անցկացնում[49]։ Ըստ Տարաբորելիի՝ 2004 թվականի հունվարին, երբ ավարտվեց դատաքննությունը, Ջեքսոնը կախված էր մորֆինից և դեմերոլից[50][51][52]։

Ջեքսոնի մահից հետո նրա անձնական բժիշկ Կոնրադ Մյուրեյի դեմ ուղղված ոստիկանական հետաքննությունը ցույց է տվել, որ Ջեքսոնի բժիշկները օգտագործել են 19 տարբեր կեղծանուններ, այդ թվում՝ «Omar Arnold», «Josephine Baker», «Fernand Diaz», «Paul Farance», «Peter Madonie», «Faheem Muhammad», «Roselyn Muhammad», «Blanca Nicholas», «Jimmy Nicholas», «Bryan Muhammad», «Jimmy Nicholas Singleton» և «Frank Tyson». նրանք Ջեքսոնի համար դեղամիջոցներ են դուրս գրել։ Վերջինս, իր հերթին, դեղատոմսեր է ստացել է «Prince», «Michael Amir» և «Kai Chase» մականուններով բժիշկներից. այս անունները համապատասխանաբար նրա որդիներից մեկի, ներկայացուցչի և նախկին անձնական խոհարարի անուններն են[53]։ Ոստիկանությունը Լաս Վեգասում Կոնրադ Մյուրեյի տան և գրասենյակի խուզարկության ժամանակ հայտնաբերել է խտասավառակ, որի հիշատակված էր «Omar Arnold» կեղծանունը[54][55]։ Հայտնի բժիշկների կողմից կեղծանունների օգտագործումը սովորական պրակտիկա է. դա արվում է հիվանդի հիվանդության պատմության գաղտնիությունը պահպանելու համար[56], և պարտադիր չէ, որ դա վկայի թմրամոլության մասին[57]։

Մահը[խմբագրել | խմբագրել կոդը]

Չերիլին Լին՝ Ջեքսոնի սննդակարգին հետևող բուժքույրը ասել է, որ 2009 թվականի մայիսին երգիչը խնդրել էր իրեն պրոպոֆոլ ներարկել քրոնիկ անքնության դեմ պայքարելու համար[58][59]։ Լին մերժել է՝ ասելով, որ այս դեղամիջոցի օգտագործումը վտանգավոր է իր կյանքի համար։ Ջեքսոնը անտեսել է այս նախազգուշացումը և ասել, որ նա իրեն տա այդ դեղամիջոց, քանի որ բժիշկը նրան ասել է, որ դա անվտանգ է[60]։ Բժշկի անունը նա չի տվել։ Պրոպոֆոլի գերդոզավորման պատճառով հիվանդը կարող է դադարեցնել շնչառությունը, ինչը կհանգեցնի թթվածնի պակասին և մարմնում ածխաթթու գազի կուտակման, ինչը, իր հերթին, կարող է հանգեցնել առիթմիայի և սրտի կանգի[60]։ Լիի պնդումների համաձայն՝ 2009 թվականի հունիսի 21-ին իրեն զանգահարել է Ջեքսոնի օգնականը և հայտնել, որ նա իրեն շատ վատ է զգում (օգնականի խոսքով՝ նրա մարմնի մի կողմը տաք է, իսկ մյուսը՝ սառը)։ Լին ենթադրել է, որ ինչ-որ մեկը նրան դեղամիջոց է տվել, որն ազդել է կենտրոնական նյարդային համակարգի վրա, և խորհուրդ է տվել օգնականին Մայքլին հասցնել հիվանդանոց[59][60]:

Black & white photo of Jackson as a chubby-cheeked teenager with afro hairstyle. He has a wide nose.
Ջեքսոնը պատանեկության տարիներին (ամենավաղ ամսաթիվը՝ 1974 թվականի օգոստոս):

2009 թվականի հունիսի 25-ի առավոտյան Կոնրադ Մյուրեյը Մայքլին պրոպոֆոլի ներարկում է անում և երգչին մենակ է թողնում։  Մոտ 2 ժամ անց Մյուրեյը վերադառնւոմ և իր հիվանդին տեսնում է մահճակալի վրա պառկած՝ բաց աչքերով և բերանով։ Բժիշկը փորձում է վերակենդանացնել երգչին, սակայն փորձերը հաջողությամբ չեն պսակվում։ Ժամը 12:21-ին տեղի խաղաղօվկիանոսյան ժամանակով ժամը 12:21-ին ահազանգ է ստացվել 911 հեռախոսահամարին[61]։ 3 րոպե և 17 վայրկյան անց ժամանած բժիշկները հայտնաբերել են այլևս չշնչող Ջեքսոնին՝ կանգ առած սրտով[62] և անմիջապես սկսում են սիրտ-թոքային վերակենդանացում իրականացնել[62]։ Ջեքսոնին կյանք վերադարձնելու փորձերը շարունակվում են ճանապարհին և ժամը 13:14-ին Կալիֆոռնիայի համալսարանի բժշկական կենտրոն ժամանելուց մեկ ժամ շարունակ[63]։ Այդ փորձերն ապարդյուն էին[64]։ Մահն արձանագրվում է տեղական ժամանակով ժամը 14:26-ին[65]: Որոշ մարդիկ ենթադրում էին, որ Ջեքսոնի մահը տեղի է ունեցել մաշկի քաղցկեղից, Ջերմեյն Ջեքսոնը, եղբոր մահից անմիջապես հետո, ենթադրել է, որ Մայքլը մահացել է սրտի կաթվածից։ Ինչպես հաղորդվել է 2009 թվականի հունիսին, նա դադարել է շնչել ցավազրկող դեղամիջոցի՝ դեմերոլի հերթական ներարկումից հետո[66]։

Հետմահու դիահերձումը ցույց է տվել, որ Մայքլ Ջեքսոնը ուժեղ սիրտ է ունեցել և միանգամայն առողջ հիսունամյա տղամարդ է եղել։ Ըստ BBC-ի՝ նրա քաշը եղել է իր հասակի մարդու համար ընդունելի միջակայքում, բայց նա ձեռքերի վրա ունեցել է ներարկումների բազմաթիվ հետքեր, կյանքի համար ոչ վտանգավոր թոքի թեթև դեֆեկտ և թեթև արթրիտ[67][68]։ Ջեքսոնի առողջության հետ կապված ամենալուրջ խնդիրը նրա քրոնիկ բորբոքված թոքերն էին, բայց դա այնքան էլ լուրջ չէր՝ մահվան պատճառ դառնալու համար։ Բացի այդ, լուրջ ֆիզիկական խնդիրներ չեն հայտնաբերվել, որոնք կարող էին խանգարել Ջեքսոնին կյանքի ընթացքում բեմի վրա ելույթ ունենալուն[68]։ «Ընդհանուր առմամբ, նրա առողջությունը լավ վիճակում էր", — ասել Է Կալիֆոռնիայի համալսարանի դոկտոր Զեև Քեյնը, ով վերլուծել է դիահերձման հաշվետվությունը, սակայն դիահերձմանը չի մասնակցել՝ «Արդյունքները նորմայի սահմաններում են»[68]։

Երգչի լավ վիճակը նրա մահվան նախօրեին նշել է նաև փորձագետ-քրեագետների խմբի ղեկավար Քրիստոֆեր Ռոջերսը։  Նա Մայքլ Ջեքսոնին համարում է «սպանության զոհ»։ Փորձագետ-քրեագետների աշխատանքի արդյունքում հայտնի է դարձել, որ երգիչը մահացել է անքնության դեմ ուժեղ ներգործող դեղամիջոցի՝ պրոպոֆոլի գերդոզավորումից, որը նրան նշանակել էր Կոնրադ Մյուրեյը։ Բժիշկը Ջեքսոնին մի քանի ներարկումներ է արել մահից մի քանի օր առաջ։ Նախնական լսումների արդյունքում Լոս Անջելեսի դատարանը որոշում է կայացրել Մյուրեյին դատապարտել չկանխամտածված սպանության համար։ Մյուրեյը չի ընդունում իր մեղքը[69]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Британский таблоид нашел неизвестные интервью Майкла Джексона» (ռուսերեն). Lenta.ru. 21 сентября2009. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 3-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Taraborrelli J. Randy. The Magic and the Madness. — Terra Alta, WV: Headline, 2004. — С. 434—436.
  3. Игнат Беловский. (2 октября 2009). «Лысый, в белых пятнах, с регулярной эрекцией» (ռուսերեն). Газета.ru. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 3-ին.
  4. 4,0 4,1 «Surgeon: Michael Jackson A 'Nasal Cripple'» (անգլերեն). ABC News. 8 февраля 2003. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2001 թ․ հունվարի 5-ին.
  5. Gerald Posner. (2 июля 2009). «Chopra: Michael Jackson Could Have Been Saved» (անգլերեն). The Daily Beast. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 3-ին.
  6. 6,0 6,1 Lisa Campbell. Michael Jackson: The King of Pop's Darkest Hour. — Branden, 1995. — С. 89-93.
  7. «Michael Jackson's Secret Childhood» (անգլերեն). VH1. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 20-ին.
  8. 8,0 8,1 Taraborrelli J. Randy. The Magic and the Madness. — Terra Alta, WV: Headline, 2004. — С. 20-22.
  9. Taraborrelli J. Randy. The Magic and the Madness. — Terra Alta, WV: Headline, 2004. — С. 206.
  10. 10,0 10,1 10,2 Lisa Campbell. Michael Jackson: The King of Pop's Darkest Hour. — Branden, 1995. — С. 14-16.
  11. 11,0 11,1 Jel Lewis. Michael Jackson, the King of Pop;: The Big Picture: the Music! the Man! the Legend! the Interviews! — Amber Books Publishing. — С. 165-168.
  12. 12,0 12,1 George, Nelson. Michael Jackson: The Ultimate Collection booklet. — Sony BMG, 2004. — С. 45-46.
  13. Taraborrelli J. Randy. The Magic and the Madness. — Terra Alta, WV: Headline, 2004. — С. 620.
  14. Taraborrelli J. Randy. The Magic and the Madness. — Terra Alta, WV: Headline, 2004. — С. 602.
  15. Елена Лаптева. (9 ноября 2010). «Отец Майкла Джексона впервые признался, что бил своих детей» (ռուսերեն). Կոմսոմոլսկայա պրավդա. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 3-ին.
  16. «Can Michael Jackson's demons be explained?» (անգլերեն). BBC. 27 июня 2009. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 3-ին.
  17. 17,0 17,1 Дарья Шамина (10 ноября 2010). «Интервью Джексонов Опре Уинфри: воспоминания Джо и Кэтрин» (ռուսերեն). Сплетник. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 10-ին.
  18. 18,0 18,1 «'I don't regret it': Joe Jackson confesses to beating Michael after wife Katherine demands he reveal truth about abuse» (անգլերեն). Daily Mail. 9 ноября 2010. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 10-ին.
  19. Taraborrelli J. Randy. The Magic and the Madness. — Terra Alta, WV: Headline, 2004. — С. 648.
  20. «Майклу Джексону посоветовали сменить пластических хирургов на психиатров» (ռուսերեն). rol.ru. 19 ноября 2002 г. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 3-ին.
  21. «В доме Джексона найден отбеливающий кожу крем» (ռուսերեն). Газета.ru. 27 марта 2010. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 3-ին.
  22. «Thriller for Diane Sawyer: Interview with Jackson Two». Daily News (անգլերեն). Нью-Йорк. 18 мая 1995. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 3-ին.
  23. Corey Williams. (18 декабря 2007). «'I'm a black man turning white on television'» (անգլերեն). brisbanetimes.com.au. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 3-ին.
  24. Мария Голова. (10 февраля 2010). «Майкл Джексон страдал от аденомы простаты» (ռուսերեն). infox.ru. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 3-ին.
  25. Siemaszko, Corky (10 февраля 2010). «Michael Jackson autopsy report confirms singer suffered from vitiligo, wore wig, had tattooed makeup». Daily News (անգլերեն). Нью-Йорк. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 25-ին.
  26. «Третий брак Майкла Джексона оказался розыгрышем» (ռուսերեն). Lenta.ru. 28 сентября 2007. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 3-ին.
  27. Taraborrelli J. Randy. The Magic and the Madness. — Terra Alta, WV: Headline, 2004. — С. 580—581.
  28. Taraborrelli J. Randy. The Magic and the Madness. — Terra Alta, WV: Headline, 2004. — С. 597.
  29. Taraborrelli J. Randy. The Magic and the Madness. — Terra Alta, WV: Headline, 2004. — С. 570.
  30. «Личная жизнь Майкла Джексона» (ռուսերեն). Вести.ру. 26 июня 2009. Վերցված է 2011 թ․ հունվարի 3-ին.
  31. Taraborrelli J. Randy. The Magic and the Madness. — Terra Alta, WV: Headline, 2004. — С. 599-600.
  32. 32,0 32,1 Taraborrelli J. Randy. The Magic and the Madness. — Terra Alta, WV: Headline, 2004. — С. 205-210.
  33. 33,0 33,1 Michael Jackson. Moon Walk. — Doubleday, 1988. — С. 229-230.
  34. Larry King. (8 июля 2009). «Interview with Michael Jackson's Doctor». CNN Larry King Live (անգլերեն). CNN. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 24-ին.
  35. Michael Jackson. Moon Walk. — Doubleday, 1988. — С. 256.
  36. «Настоящее лицо Майкла Джексона: каким бы оно было без пластических операций?» (ռուսերեն). Аргументы и факты. 28 августа 2008. Վերցված է 2011 թ․ հունվարի 3-ին.
  37. «Mirror says sorry for Jackson libel» (անգլերեն). BBC. 9 ноября 1998. Վերցված է 2008 թ․ հուլիսի 29-ին.
  38. Taraborrelli J. Randy. The Magic and the Madness. — Terra Alta, WV: Headline, 2004. — С. 138-144.
  39. 39,0 39,1 Taraborrelli J. Randy. The Magic and the Madness. — Terra Alta, WV: Headline, 2004. — С. 312-313.
  40. ««Майкл Джексон. Без маски. Последние годы жизни»» (ռուսերեն). ripol.ru. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 3-ին.
  41. 41,0 41,1 Taraborrelli J. Randy. The Magic and the Madness. — Terra Alta, WV: Headline, 2004. — С. 514-516.
  42. Taraborrelli J. Randy. The Magic and the Madness. — Terra Alta, WV: Headline, 2004. — С. 576-577.
  43. «Irregular heartbeat may have caused Jackson's collapse» (անգլերեն). CNN. 8 декабря 1995. Վերցված է 2010 թ․ փետրվարի 23-ին.
  44. «Rock Hill doctor helped saved Michael Jackson's life after 1995 rehearsal collapse» (անգլերեն). HeraldOnline. 8 июля 2009. Վերցված է 2010 թ․ փետրվարի 23-ին.(չաշխատող հղում)
  45. «Rock Hill doctor helped saved Michael Jackson's life after 1995 rehearsal collapse» (անգլերեն). HeraldOnline. 8 июля 2009. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 23-ին.
  46. Davis, Matthew (6 июня 2005). «Michael Jackson health concerns» (անգլերեն). BBC. Վերցված է 2008 թ․ ապրիլի 14-ին.
  47. Taraborrelli J. Randy. The Magic and the Madness. — Terra Alta, WV: Headline, 2004. — С. 518-520.
  48. Lisa Campbell. Michael Jackson: The King of Pop's Darkest Hour. — Branden, 1995. — С. 96-97.
  49. 49,0 49,1 Taraborrelli J. Randy. The Magic and the Madness. — Terra Alta, WV: Headline, 2004. — С. 524-528.
  50. Taraborrelli J. Randy. The Magic and the Madness. — Terra Alta, WV: Headline, 2004. — С. 661.
  51. «Названа вероятная причина смерти Майкла Джексона» (ռուսերեն). Lenta.ru. 26 июня 2009. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 3-ին.
  52. Staff Writer (27 июня 2009). «UPDATE 3 - Jackson's family seeks second autopsy» (անգլերեն). Reuters. Վերցված է 2009 թ․ հուլիսի 2-ին.
  53. Sean Michaels. (30 июля 2009). «Michael Jackson aliases revealed» (անգլերեն). The Guardian. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 3-ին.
  54. Дмитрий Карелин. (2 июля 2009). «Майкл Омар Лондон» (ռուսերեն). Газета.ru. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 3-ին.
  55. Harriet Ryan (29 июля 2009). «Police seize medical CD labeled with Jackson pseudonym» (անգլերեն). Los Angeles Times. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 3-ին.
  56. Harriet Ryan и Kimi Yoshino (17 июля 2009). «Investigators target Michael Jackson's pseudonyms» (անգլերեն). Los Angeles Times. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 3-ին.
  57. «Dr. Allen Metzger Prescribed Medications for Both Michael and Janet Jackson!» (անգլերեն). industryfinest.com. 7 июня 2009. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 3-ին.
  58. «В доме Майкла Джексона найден сильнодействующий препарат» (ռուսերեն). Lenta.ru. 3 июля 2009. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 3-ին.
  59. 59,0 59,1 «Michael Jackson "Desperately" Sought Sedative, Nutritionist Says». Associated Press (անգլերեն). Rolling Stone. 30 июня 2009. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 1-ին.
  60. 60,0 60,1 60,2 Elber, Lynn (30 июня 2009). «AP Exclusive: Michael Jackson, bedeviled by insomnia, begged for drug, says nurse-nutritionist». Associated Press (անգլերեն). Metromix Los Angeles. Վերցված է 2009 թ․ հուլիսի 1-ին.
  61. «Michael Jackson, pop music legend, dead at 50» (անգլերեն). CNN. 2009 թ․ հունիսի 25. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 25-ին.
  62. 62,0 62,1 «Singer Michael Jackson dead at 50-Legendary pop star had been preparing for London comeback tour» (անգլերեն). MSNBC. 2009 թ․ հունիսի 25. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 25-ին.
  63. Michael Harvey. (26-06-2009). «Fans mourn artist for whom it didn't matter if you were black or white». The Times. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 26-ին.
  64. Andrew Blankstein, Phil Willon. (2009 թ․ հունիսի 25). «Michael Jackson is dead (Updated)» (անգլերեն). The Los Angeles Times. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 31-ին.
  65. «King of pop Michael Jackson is dead» (անգլերեն). The Guardian. 2009 թ․ հունիսի 25. Վերցված է 2009 թ․ հունիսի 27-ին.
  66. «Новые подробности смерти Майкла Джексона» (անգլերեն). Дни.ру. 26 июня 2009. Վերցված է 2011 թ․ հունվարի 10-ին.
  67. «Майкл Джексон перед смертью был здоров» (ռուսերեն). Lenta.ru. 1 октября 2009. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 3-ին.
  68. 68,0 68,1 68,2 Staff Writer (1 октября 2009). «Jackson autopsy details revealed» (անգլերեն). BBC. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 20-ին.
  69. «Врача Майкла Джексона временно лишили лицензии» (ռուսերեն). РБК. 12 января 2011. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 10-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]