Մայքլ Դոնալդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մայքլ Էնթոնի Դոնալդ
Michael Anthony Donald
Դիմանկար
Մայքլ Դոնալդը 1980 թվականին
Ծնվել է1961 թվականի հուլիսի 24
ԾննդավայրՄոբիլ, Ալաբամա, ԱՄՆ
Մահացել է1981 թվականի մարտի 21
Մահվան վայրՄոբիլ, Ալաբամա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Ազգությունաֆրոամերիկացի
ԱշխատավայրPress-Register?
Ծնողներմայր՝ Beulah Mae Donald?
 Michael Donald Վիքիպահեստում

Մայքլ Էնթոնի Դոնալդ (անգլ.՝ Michael Anthony Donald; հուլիսի 24, 1961(1961-07-24), Մոբիլ, Ալաբամա, ԱՄՆ - մարտի 20, 1981(1981-03-20), Մոբիլ, Ալաբամա, ԱՄՆ[1]), երիտասարդ աֆրոամերիկացի, որը դաժանորեն սպանվել է 1981 թվականի մարտի 21-ին Ալաբամա նահանգի Մոբիլ քաղաքում Կու-կլուքս-կլանի երկու անդամների կողմից և ենթարկվել է Լինչի դատաստանի: Համարվում է սևամորթ մարդուն Լինչի դատաստանի ենթարկելու վերջին հաստատված դեպքը ԱՄՆ-ում[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայքլ Դոնալդը ծնվել է 1961 թվականի հուլիսի 24-ին, Բելլո Մեյ Դոնալդի և Դեյվիդ Դոնալդի ընտանիքում։ Մայքլը ընտանիքի յոթերորդ և ամենակրտսեր երեխան էր։ Ծնվելուց կարճ ժամանակ անց նրա հայրը լքել է ընտանիքը, և մայրը միայնակ է մեծացել նրան։ Մայքլը մեծացել է Մոբիլ քաղաքում, նա լավ է սովորել դպրոցում և, նրա մոր խոսքերով, երբեք տհաճությունների մեջ չի հայտնվել[3]։ Հաճախել է Murphy High School դպրոցը, որն ավարտել է 1979 թվականին[4]։ Դպրոցն ավարտելուց հետո երիտասարդը ընդունվել է Carver State Technical College քոլեջը, որտեղ խաղացել է քոլեջի բասկետբոլի թիմում։ Նա լավ հարաբերություններ է ունեցել հասարակության հետ, հանդիպել է աղջկա հետ, ազատ ժամանակ աշխատել է փոստում։ Լինելով ուսանող՝ Դոնալդը շարունակել է ապրել իրենց տանը՝ մոր հետ[5]։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

1981 թվականի մարտի 20-ի երեկոյան Մայքլը տնից դուրս է եկել խանութից գնումներ կատարելու համար և անհետ կորել է։ Նրա մարմինը հայտնաբերվել է հաջորդ առավոտյան՝ ծեծի ենթարկված և ծառից կախված այն տան դիմաց, որտեղ ապրում էր Բեննի Ջեք Հեյսը՝ Կու–կլուքս–կլանի կազմակերպություններից ամենամեծը համարվող United Klans of America Inc կազմակերպության (UKA) տարածաշրջանային ղեկավարը[6]։ Չնայած նրան, որ անմիջապես կասկածներ են առաջացել, որ տղան Լինչի դատաստանի է ենթարկվել կլանի ներկայացուցիչների կողմից, սպանության բացահայտման հետաքննությունն անմիջապես փակուղի է մտել։ Ձերբակալվել են երեք կասկածյալներ, որոնք շուտով ազատ են արձակվել։ Ոստիկանությունը հայտարարել է, որ սպանության դրդապատճառը եղել է թմրանյութերի վաճառքի մեջ Դոնալդի ներգրավվածությունը, թեև զոհվածի հարազատներն ու ծանոթները հերքել են այն փաստը, որ Դոնալդը գործ է ունեցել թմրանյութերի հետ[3]։

Հետաքննություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեսսի Ջեքսոն

Հետաքննությունը վերսկսվել է ոստիկանական պաշտոնյաների կամայականությունների դեմ բողոքի երթից հետո, որը կազմակերպել էին Մայքլ Դոնալդի հարազատները։ Պիկետին աջակցելու էր եկել սևամորթների իրավունքների հայտնի մարտիկ Ջեսսի Ջեքսոնը։ Բազմահազարանոց երթի հետևանքով առաջացած հասարակական հնչեղությունից հետո Մոբիլի իրադարձությունները ձեռք են բերել ազգային ճանաչում։ 1983 թվականին վկաների ցուցմունքների հիման վրա ձերբակալվել են Կու–կլուքս–կլանի երկու անդամներ՝ Ջեյմս Նոուլզը և Բեննի Հեյսի որդին՝ 29-ամյա Հենրի Ֆրենսիս Հեյսը։ Նոուլզը չի դիմացել ճնշմանը և գործարքի է գնացել արդարադատության հետ[3]։ Նա խոստովանել Է Դոնալդի սպանությունը, մանրամասն պատմել այն մասին, թե ինչպես են զարգացել իրադարձությունները 1981 թվականի մարտի 20-ի երեկոյան, և պատմել Է Դոնալդի առևանգման և սպանության մանրամասները։ Նոուլզը ցուցմունք է տվել Հենրի Հեյսի դեմ, որի հիման վրա վերջինիս սպանության մեղադրանք է առաջադրվել[7][8]։

Մայքլ Դոնալդը ծանոթ չի եղել իր մարդասպաններին, և պատահական կերպով զոհ էր ընտրվել՝ որպես վրեժխնդրություն աֆրոամերիկացի Ջոզեֆ Անդերսոնի՝ հնարավոր ազատ արձակման համար, որին դատել էին 1981 թվականի գարնանը Մոբիլ քաղաքում ոստիկանի սպանության համար[9]։ Անդերսոնը մոտ էր արդարացմանը, և Բեննի Հեյսը կարգադրել էր սպանել որևէ սևամորթ մարդու՝ վրեժ լուծելու համար[10]։ 1984 թվականին Հենրի Հեյսը մահապատժի Է դատապարտվել[11], Ջեյմս Նոուլզը հետաքննության հետ համագործակցության շնորհիվ ցմահ ազատազրկման է դատապարտվել։ Սպանության պահին Նոուլզուն ընդամենը 17 տարեկան էր[12]։

Հետևանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայքլ Դոնալդ Ավենյուի ցուցանակը

Դոնալդի սպանությունը Ալաբամայի նահանգում Կու–կլուքս–կլանի կազմակերպության համար ճակատագրական հետևանքներ է ունեցել։ Սպանվածի մայրը՝ Բելլո Դոնալդը 1984 թվականին[13] դատի է տվել United Klans of America Inc (UKA) կազմակերպության ղեկավարներին և 1987 թվականին շահել է այն։ Դատարանը պարտավորեցրել է 7 000 000 դոլար վճարել զոհվածի ընտանիքին և նրանց տնօրինման փոխանցել տարատեսակ սեփականություններ, ինչը հանգեցրել է նրան, որ կազմակերպությունը լքել է նրա անդամների մեծ մասը[14]։ Դատավարությունից հետո Բենի Հեյսին մեղադրանք է առաջադրվել Մայքլ Դոնալդի սպանությանը մասնակցելու համար, սակայն հիվանդության պատճառով նրա նկատմամբ դատը մշտապես հետաձգվել է։ Բենի Հեյսը մահացել է 1993 թվականին՝ մինչև դատավճռի կայացումը[15]։ Կազմակերպության վերջին առաջնորդ Ռոբերտ Շելթոնը 1994 թվականին խոստովանել է, որ կազմակերպությունը լիակատար անկման է հասել[16]։ Մայքլ Դոնալդի մարդասպան Հենրի Ֆրենսիս Հեյսը մահապատժի է ենթարկվել 1997 թվականի հունիսի 6-ին[17]։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականին, երիտասարդի մահվան 25-րդ տարելիցի կապակցությամբ, վերանվանվել է Հերդոն Ավենյուն, որի վրա նա սպանվել էր․ այն պաշտոնապես սկսել է կոչվել Մայքլ Դոնալդ Ավենյու՝ ի հիշատակ նրա մահվան[18]։

Դոնալդի սպանությունը որոշ գիտական և գեղարվեստական ստեղծագործություններ գրելու պատճառ է հանդիսացել։ Տեխասյան քաղաքական գործիչ Մոլլի Իվինսը էսսե է գրել Դոնալդի ընտանիքի վերաբերյալ[19]։ National Geographic հեռուստաալիքը Կու–կլուքս–կլանի մասին իր հաղորդման մեջ ներկայացրել է Դոնալդի մահվան հետաքննությունը[20]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Michael Anthony Donald».
  2. «The 'Last Lynching': How Far Have We Come? October 13, 2008».
  3. 3,0 3,1 3,2 «The Woman Who Beat The Klan. Published: November 1, 1987».
  4. «30 Years Later: The legacy of Michael Donald and the last lynching in the United States. August 31, 2015». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 11-ին.
  5. «The Long Crusade : Morris Dees Has Battled the Klan for More Than a Decade. Now His Target Is Tom Metzger and the White Aryan Resistance. December 03, 1989».
  6. «The United Klans of America. May 16, 2000». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 13-ին.
  7. «KLANSMAN TELLS OF ABDUCTING AND HANGING BLACK. Published: December 8, 1983».
  8. «Klansman describes revenge slaying of young black Dec. 7, 1983».
  9. «Josephus R. ANDERSON v. STATE. 1983».
  10. «The United States District Court» (PDF).
  11. «ALABAMA JUDGE OVERRULES JURY, SENTENCES A KLANSMAN TO DEATH. Published: February 3, 1984».
  12. «Klansmen sentencing to life in prison. 11 april 1985».
  13. «Donald v. United Klans of America Case Number: 84-0725».
  14. «U.S. JURORS AWARD $7 MILLION DAMAGES IN SLAYING BY KLAN. Published: February 13, 1987».
  15. «Bennie Hays, Actions Led To Klan Downfall. August 9, 1993».
  16. «The Decline of the United Klans of America». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 13-ին.
  17. «Klan Member Put to Death In Race Death. Published: June 6, 1997».
  18. «Michael Donald, Last Noted African-American Man Lynched by the Ku Klux Klan. September 19, 2015». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 11-ին.
  19. Ivins, Molly[en] Beulah Mae Donald // Molly Ivins Can't Say That, Can She?. — Vintage[en], 1991. — С. 255—262. — ISBN 9780679741831
  20. «Michael Donald clip on KKK: Inside American Terror». National Geographic. 2008. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 18-ին.