Մամլում
Մամլում, ճնշման միջոցով նյութերի մշակման պրոցես, որի հետևանքով տեղի է ունենում նյութի խտացում, ձևի փոփոխություն, հեղուկ և պինդ ֆազերի անջատում, մեխանիկական և այլ հատկությունների փոփոխություն։ Սովորաբար կատարվում է մամլիչներով։ Մամլումով ստանում են նախապատրաստուկներ և շինվածքներ մետաղներից, պոլիմերային նյութերից, փայտանյութից և այլն։ Մամլում կիրառում են նաև ծավալային փխրուն նյութերի (բամբակ, մանվածք, խոտ) փաթեթավորման և երկրորդային հումքի (տաշեղ, աղբ, մնացուկներ) վերամշակման համար։ «Մամլում» տերմինը չի վերաբերում մամլիչների վրա կատարվող կռման և դրոշմման պրոցեսներին։ Մետաղների Մամլման հետևանքով ստացվում են կիսաֆաբրիկատներ և շինվածքներ՝ ձողերի, խողով սկների, բարակապատ բաժակների և կափույրների տեսքով։ Պրոցեսի ընթացքում փակ խոռոչում գտնվող նյութը արտասեղմվում է մամլամայրի անցքի միջով։ Ձողիկների և խողովակների Մամլումը հիմնականում կատարվում է հորիզոնական մամլիչներով, իսկ ձևավոր շինվածքներինը՝ ուղղաձիգ շուռտվիկային մամլիչներով։ Պոլիմերային նյութերի Մամլում իրականացվում է մամլիչների վրա տեղադրված մամլակաղապարներում։ Ըստ Մամլման պրոցեսի ջերմաստիճանի տարբերում են տաք և սառը Մամլում։ Խոտի Մամլման հետևանքով ցրուն խոտից մեխանիկական խտացման եղանակով ստացվում են տարբեր չափսերի և խտության կապոցներ։ Մամլված խոտի ծավալը 5-8 անգամ փոքր է ցրուն խոտի ծավալից։ Կապոցներում ավելի լավ են պահպանվում բույսի հեշտ փշրվող և առավել նուրբ ու արժեքավոր մասերը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 195)։ |