Մահամբեթ Ուտեմիսովը ծնվել է Բուկևսկայա Օրդայում։ Նախնական գիտելիքներ ստացել է մեդրեսեում, այնուհետև կրթությունը շարունակել է Օրենբուրգում, որտեղ, արդեն որպես հայտնի աշուղ, 1824 թվականին նրան ուղարկել էր Ժանգիր խանը որպես իր որդու՝ Զուլկարանի դաստիարակ։ Օրենբուրդում ուսանել է ռուսաց լեզու։ Եղել է բարեպաշտ մարդ։ Շուրջ հինգ տարի եղել է Խանի ժառանգորդի ուսուցիչը, այնուհետև Մահամբեթի և խանի միջև կոնֆլիկտ է ծագել։ Բռնակալության և կամայականության մասին սուր և կծու արտահայտությունների համար, արտաքսվելով խանի կողմից, նա մտերմացել է Իսաթայ Թայմանովի հետ, որը ցարի, խանի, բիերի և մյուս ճնշողների դեմ ապստամբության կազմակերպիչն է եղել։ 1829 թվականին ցարական զորքերը Մահամբեթին բռնել և նետել են բանտ, որտեղից 1831 թվականին փախչել է և շարունակել ապստամբության ագիտացիան, ժողովրդին ոգեշնչել իր երգերով։ Ցարական-խանական զորախմբերի դեմ մղած մարտերում կորցնելով ընկերոջը՝ Իսաթային, Մահամբեթը շարունակել է նրա գործը։ 1841 թվականին երկրորդ անգամ նետվել է բանտ, որտեղից հաջողվել է կրկին փախչել։ Նրան հանձնելու համար 2000 ռուբլու պարգևը չի գայթակղել ժողովրդին, որը չորս տարի շարունակ թաքցրել է Մահամբեթին։ 1846 թվականին բանաստեղծին դավաճանաբար սպանել է Խան Ժանգիրի գործակալ Իխլասը[3]։
Մահամբեթը թողել է շուրջ 40 երգեր և պոեմներ, որոնք մեծ ազդեցություն են գործել ինչպես նրա ժամանակակից, այնպես էլ հետագա ակինների վրա։ Մահամբեթի ամբողջ ստեղծագործությունն ուղղված է ժողովրդին ճնշողների դեմ։