Մակերեսային էպիթելային-ստրոմալ ուռուցքներ
| Մակերեսային էպիթելային-ստրոմալ ուռուցքներ | |
|---|---|
Բրեների ուռուցքի՝ մակերեսային էպիթելային-ստրոմալ ուռուցքի տեսակի բարձր խոշորացման մանրադիտակային պատկեր: Հեմատոքսիլին–էոզինային ներկում: | |
| Տեսակ | հիվանդության տեսակը |
| Բժշկական մասնագիտություն | ուռուցքաբանություն |
| ՀՄԴ-9 | 183 և 220 |
| ՀՄԴ-10 | C56 և D27 |
Մակերեսային էպիթելային-ստրոմալ ուռուցքներ, ձվարանների նորագոյացությունների դաս, կարող են լինել բարորակ կամ չարորակ: Այս խմբի նորագոյացությունները ենթադրաբար առաջանում են ձվարանների մակերեսային էպիթելից (փոփոխված որովայնամիզ), էկտոպիկ էնդոմետրիումից կամ արգանդափողային (ֆալոպյան) հյուսվածքից: Այս տեսակի ուռուցքները կոչվում են նաև ձվարանի ադենոկարցինոմա[1]: Ուռուցքների այս խումբը կազմում է ձվարանի քաղցկեղի բոլոր դեպքերի 90%-ից 95%-ը, սակայն հիմնականում հանդիպում է միայն հետդաշտանադադարային շրջանում գտնվող կանանց շրջանում, բացառությամբ Ամերիկայի Միացյալ Նահանգների, որտեղ դեպքերի 7%-ը հանդիպում է 40 տարեկանից փոքր կանանց շրջանում[2][3][4][5][6][7]: Արյան շիճուկում CA-125-ը հաճախ բարձր է, բայց միայն 50%-ով է ճշգրիտ, ուստի այն օգտակար ուռուցքային մարկեր չէ բուժման ընթացքը գնահատելու համար: Ձվարանի քաղցկեղ ունեցող կանանց 75%-ը հայտնաբերվում է տարածված փուլերում, այնուամենայնիվ ավելի հավանական է, որ երիտասարդ հիվանդները ունենան ավելի լավ կանխատեսումներ, քան տարեց հիվանդները[8][9][10][11][12]:
Դասակարգում
[խմբագրել | խմբագրել կոդը]

Էպիթելային-ստրոմալ ուռուցքները դասակարգվում են էպիթելային բջիջների տեսակի, էպիթելի և հենքի հարաբերական քանակի, պապիլյար ելուստների առկայության և էպիթելային տարրերի տեղակայման հիման վրա: Մանրադիտակային հյուսվածքաբանական առանձնահատկությունները որոշում են, թե արդյոք մակերեսային էպիթելային-ստրոմալ ուռուցքը բարորակ է, սահմանային, թե չարորակ (չարորակության և հենքի ինվազիայի ապացույցներ): Սահմանային ուռուցքները անորոշ չարորակ ներուժ ունեն:
Այս խումբը բաղկացած է շճային (սերոզ), լորձային (մուցինոզ), էնդոմետրիոիդ, մաքուր բջջային և Բրենների (փոխանակային բջջային) ուռուցքներից, չնայած կան մի քանի խառը, չտարբերակված և չդասակարգված տեսակներ։
Շճային ուռուցքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
- Այս ուռուցքները տարբերվում են չափերով՝ փոքրից և գրեթե աննկատելիից մինչև մեծ՝ լցնելով որովայնի խոռոչը։
- Շճային ուռուցքների բարորակ, սահմանային և չարորակ տեսակները կազմում են ձվարանի բոլոր ուռուցքների մոտ 30%-ը։
- 75%-ը բարորակ կամ սահմանային չարորակ են, իսկ 25%-ը՝ չարորակ։
- Այս ուռուցքի չարորակ ձևը՝ շճային ցիստադենոկարցինոման, կազմում է ձվարանի բոլոր կարցինոմաների մոտ 40%-ը և ձվարանի ամենատարածված չարորակ ուռուցքն է։
- Բարորակ և սահմանային չարորակ ուռուցքները ամենատարածվածն են 20-ից 50 տարեկան հասակում։
- Չարորակ շճային ուռուցքները միջինում առաջանում են կյանքի ուշ շրջանում, չնայած ընտանեկան դեպքերում՝ մի փոքր ավելի վաղ։
- Բարորակ ուռուցքների 20%-ը, սահմանային չարորակ ուռուցքների 30%-ը և չարորակ ուռուցքների 66%-ը երկկողմանի են (ազդում են երկու ձվարանների վրա)։
Բաղադրիչները կարող են ներառել՝
- կիստոզ հատվածներ
- կիստոզ և ֆիբրոզ հատվածներ
- հիմնականում ֆիբրոզ հատվածներ
Ուռուցքի չարորակացման հավանականությունը մեծանում է առկա սոլիդ հատվածների քանակի մեծացմանը զուգընթաց, ներառյալ և՛ պապիլյար կառուցվածքները, և՛ առկա ցանկացած մեռուկային հյուսվածք:
Ախտաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- երիզված է բարձր, գլանաձև, թարթչավոր էպիթելային բջիջներով
- լցված է թափանցիկ շճային հեղուկով
- «սերոզ» տերմինը, որը ծագել է որպես կիստոզ հեղուկի նկարագրություն, այժմ նկարագրում է այս ուռուցքներում հանդիպող էպիթելային բջիջների հատուկ տեսակը
- կարող է ընդգրկել ձվարանի մակերեսը
- բարորակ, սահմանային և չարորակ բաժանումը որոշվում է՝ գնահատելով՝
- բջջային ատիպիան (արդյոք առանձին բջիջները ոչ նորմալ տեսք ունեն, թե ոչ)
- ձվարանի շրջակա հենքի ինվազիա (արդյոք բջիջները ներթափանցում են շրջակա հյուսվածք, թե ոչ)
- սահմանային ուռուցքները կարող են ունենալ բջջային ատիպիա, բայց չունենալ ներխուժման նշաններ
- պսամոմային մարմնիկների առկայությունը ցիստադենոկարցինոմաների բնորոշ մանրադիտակային պատկեր է[15]
Կանխատեսում
[խմբագրել | խմբագրել կոդը]Շճային ուռուցքի, ինչպես այլ նորագոյացությունների մեծ մասի, կանխատեսումը կախված է հետևյալից՝
- տարբերակման աստիճան
- սա այն է, թե որքանով են ուռուցքային բջիջները նման բարորակ բջիջներին
- բարձր-տարբերակված ուռուցքը շատ նման է բարորակ ուռուցքներին
- ցածր-տարբերակված ուռուցքը կարող է ընդհանրապես նման չլինել ծագման բջջային տեսակին
- միջին-տարբերակված ուռուցքը սովորաբար նման է ծագման բջջային տեսակին, բայց մեծամասամբ չարորակի տեսք ունի
- ուռուցքի տարածումը այլ կառուցվածքների վրա
- հատկապես շճային չարորակ ուռուցքների դեպքում, չարորակ տարածման առկայությունը որովայնամզի վրա կարևոր է կանխատեսման համար։
Սահմանային ուռուցքների և ձվարաններով սահմանափակված չարորակ ուռուցքների 5-ամյա ապրելիության մակարդակը համապատասխանաբար 100% և 70% է: Եթե ներգրավված է որովայնամզը, այս ցուցանիշները դառնում են 90% և 25%:
Թեև սահմանային ուռուցքների 5-ամյա ապրելիության ցուցանիշները գերազանց են, սա չպետք է դիտարկել որպես բուժման ապացույց, քանի որ կրկնությունները կարող են առաջանալ տարիներ անց:
Լորձային ուռուցքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
- Շատ նման են իրենց շճային համարժեքներին, բայց քիչ հավանական է, որ երկկողմանի լինեն։
- Մի փոքր ավելի քիչ տարածված են՝ կազմելով ձվարանների բոլոր նորագոյացությունների մոտ 25%-ը։
- Որոշ դեպքերում շճային ուռուցքները բնութագրվում են տարբեր չափերի ավելի շատ կիստաներով և ձվարանի մակերեսի ընդգրկման հազվադեպությամբ՝ համեմատած շճային ուռուցքների հետ։
- Բացի այդ, համեմատած շճային ուռուցքների հետ, լորձային ուռուցքները քիչ հաճախությամբ են երկկողմանի լինում. առաջնային լորձային ուռուցքների միայն 5%-ն են երկկողմանի։
- Կարող են առաջացնել շատ մեծ կիստոզ զանգվածներ, որոնց գրանցված զանգվածը գերազանցում է 25 կգ-ը։
Ախտաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լորձային ուռուցքները բնութագրվում են բարձր գլանաձև էպիթելային բջիջների երիզով՝ գագաթային տեղակայված լորձով և թարթիչների բացակայությամբ, որոնք արտաքին տեսքով նման են արգանդի վզիկի բարորակ կամ աղիքային էպիթելի: Արտաքին տեսքով դրանք կարող են նման լինել հաստ աղիքի կամ ձվարանների քաղցկեղի, բայց սովորաբար առաջանում են կույր աղիքի ելունից: Սահմանային ուռուցքները չարորակ ուռուցքներից տարբերակելու համար ուշադրություն են դարձնում հենքի ինվազիային:
Կանխատեսում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ձվարաններով սահմանափակվող սահմանային ուռուցքների, ինվազիա չունեցող չարորակ ուռուցքների և ինվազիվ չարորակ ուռուցքների 10-ամյա ապրելիության ցուցանիշները գերազանցում են համապատասխանաբար 95%-ը, 90%-ը և 66%-ը: Ձվարանների լորձային նորագոյացությունների հետ կապված հազվադեպ, բայց նշանակալի վիճակ է որովայնամզի պսևդոմիքսոման (pseudomyxoma peritonei): Քանի որ ձվարանների առաջնային լորձային ուռուցքները սովորաբար միակողմանի են (մեկ ձվարանում), երկկողմանի լորձային ուռուցքների առկայության դեպքում անհրաժեշտ է բացառել ոչ ձվարանային ծագումը, սովորաբար կույր աղիքi ելունից ծագած լինելը:
Էնդոմետրիոիդ ուռուցքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Էնդոմետրիոիդ ուռուցքները կազմում են ձվարանի բոլոր քաղցկեղների մոտ 20%-ը և հիմնականում չարորակ են (էնդոմետրիոիդ կարցինոմաներ): Դրանք կազմված են խողովակավոր գեղձերից, որոնք շատ նման են բարորակ կամ չարորակ էնդոմետրիումին: Էնդոմետրիոիդ կարցինոմաների 15-30%-ը հանդիպում է էնդոմետրիումի կարցինոմա ունեցող անհատների շրջանում, և այս բուժառուներն ունեն ավելի լավ կանխատեսում: Դրանք նման են այլ մակերեսային էպիթելային-ստրոմալ ուռուցքներին՝ սոլիդ և կիստոզ հատվածներով: Այս ուռուցքների 40%-ը երկկողմանի են, երբ երկկողմանի են լինում, հաճախ առկա են մետաստազներ:
Ախտաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գեղձեր, որոնք մեծ նմանություն ունեն էնդոմետրիումի գեղձերին
- Բարորակ ուռուցքներն ունեն հասուն տեսք ունեցող գեղձեր՝ տեղակայված ֆիբրոզ ստրոմայում
- Սահմանային ուռուցքներն ունեն բարդ ճյուղավորման պատկեր՝ առանց հենքային ինվազիայի
- Կարցինոմաները (չարորակ ուռուցքներ) ունեն ինվազիվ գեղձեր՝ խիտ դասավորված, ատիպիկ բջիջներով, հաճախակի միտոզներով: Ավելի ցածր տարբերակման դեպքում ուռուցքը դառնում է ավելի սոլիդ։
Կանխատեսում
[խմբագրել | խմբագրել կոդը]Կանխատեսումը կրկին կախված է ուռուցքի տարածումից, ինչպես նաև ուռուցքի տարբերակման աստիճանից։ Ընդհանուր կանխատեսումը որոշ չափով ավելի վատ է, քան սերոզ կամ լորձային ուռուցքների դեպքում, և ձվարաններով սահմանափակված ուռուցքներով բուժառուների 5-ամյա ապրելիության մակարդակը կազմում է մոտավորապես 75%։
Մաքուր բջջային ուռուցքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Մաքուր բջջային ուռուցքները բնութագրվում են խոշոր էպիթելային բջիջներով՝ առատ թափանցիկ ցիտոպլազմայով և կարող են դիտվել ձվարանի էնդոմետրիոզի կամ էնդոմետրիոիդ կարցինոմայի հետ համատեղ՝ նմանվելով էնդոմետրիումի մաքուր բջջային քաղցկեղին: Դրանք հիմնականում կարող են լինել սոլիդ կամ կիստոզ: Եթե սոլիդ են, «թափանցիկ» բջիջները դասավորվում են շերտերով կամ խողովակներով: Կիստոզ տարբերակի դեպքում նորագոյացության բջիջները կազմում են կիստայի պատը:
Կանխատեսում
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս ուռուցքները հակված են ագրեսիվ լինելու, ձվարաններով սահմանափակված ուռուցքների հինգամյա ապրելիության մակարդակը մոտավորապես 65% է: Եթե ախտորոշման պահին ուռուցքը տարածվել է ձվարաններից դուրս, կանխատեսումը վատ է:
Բրեների ուռուցք
[խմբագրել | խմբագրել կոդը]
Բրեների ուռուցքները հազվադեպ հանդիպող մակերեսային-էպիթելային հենքաբջջային ուռուցքներ են, որոնցում էպիթելային բջիջը (որը սահմանում է այս ուռուցքները) անցումային բջիջ է: Սրանք արտաքին տեսքով նման են միզապարկի էպիթելին: Ուռուցքները կարող են լինել շատ փոքրից մինչև շատ մեծ չափերի և կարող են լինել սոլիդ կամ կիստոզ: Հյուսվածքաբանորեն ուռուցքը բաղկացած է վերը նշված անցումային բջիջների կուտակումներից շրջակա հյուսվածքում, որը նման է նորմալ ձվարանին: Բրեների ուռուցքները կարող են լինել բարորակ կամ չարորակ՝ կախված նրանից, թե արդյոք ուռուցքային բջիջները ներխուժում են շրջակա հյուսվածք:
Մանր բջջային ուռուցքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ձվարանի մանր բջջային քաղցկեղը (small cell ovarian cancer, SCCO) սովորաբար դասակարգվում է որպես էպիթելային ուռուցք[16], որը ունի տարբերակիչ էնդոկրին առանձնահատկություններ[17]:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) SCCO-ն ճանաչում է որպես երկու առանձին միավոր՝ ձվարանի հիպերկալցեմիկ տիպի մանր բջջային քաղցկեղ (Small Cell Ovarian Cancer of Hypercalcemic Type, SCCOHT) և ձվարանի թոքային տիպի մանր բջջային քաղցկեղ (Small Cell Ovarian Cancer of Pulmonary Type, SCCOPT)[17]:
Մանր բջջային ուռուցքները հազվադեպ են և ագրեսիվ, դրանք կազմում են բոլոր գինեկոլոգիական չարորակ ուռուցքների 2%-ից քիչ մասը[17]։ Ախտորոշման միջին տարիքը 24 տարեկանն է, և բուժառուների մեծ մասը նաև հիպերկալցեմիա ունի (62%)[18]։ Այն սովորաբար դրսևորվում է միակողմանի մեծ ուռուցքով[18]։ Կանանց մեծ մասը մահանում է ախտորոշումից հետո մեկ տարվա ընթացքում[18]։
Բուժում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավելի ընդհանուր տեղեկությունների համար տե՛ս ձվարանի քաղցկեղ։
Հետազոտությունները ցույց են տալիս, որ ձվարանի էնդոմետրիալ քաղցկեղի (Endometrial Ovarian Cancer, EOC) առաջին գծի բուժման մեջ պեգիլացված լիպոսոմային դոքսոռուբիցինը կարբոպլատինի հետ զուգակցված բավարարող այլընտրանք է կարբոպլատինի հետ պակլիտաքսելի համակցությանը[19]։ Պլատինային թերապիայի նկատմամբ զգայուն ռեցիդիվող EOC ունեցող մարդկանց շրջանում հետազոտությունները ցույց են տվել, որ պեգիլացված լիպոսոմային դոքսոռուբիցինը կարբոպլատինի հետ ավելի լավ բուժում է, քան պակլիտաքսելը կարբոպլատինի հետ[20]։ Կան նաև ապացույցներ, որ պլատինային թերապիայի նկատմամբ զգայուն ռեցիդիվող EOC ունեցող մարդիկ պեգիլացված լիպոսոմային դոքսոռուբիցինը կարբոպլատինի հետ ավելի լավ են տանում[20]։
Այս հյուսվածքաբանության տարածված քաղցկեղի դեպքում ԱՄՆ Քաղցկեղի ազգային ինստիտուտը խորհուրդ է տալիս քիմիաթերապիայի մեթոդ, որը համատեղում է դեղերի ներերակային (ն/ե) և ներորովայնամզային (ն/ո) կիրառումը[21]: Նախընտրելի քիմիաթերապևտիկ դեղամիջոցներից է տաքսանի հետ համակցված պլատինային խմբի դեղամիջոցը:
Մետաստազներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մակերեսային էպիթելային-ստրոմալ ուռուցքների դեպքում մետաստազի ամենատարածված տեղամասերն են պլևրալ խոռոչը (33%), լյարդը (26%) և թոքերը (3%)[22]:
Ազդեցությունը վերարտադրողականության վրա
[խմբագրել | խմբագրել կոդը]Մակերեսային էպիթելային-ստրոմալ ուռուցքների բուժումից հետո վերարտադրողականությունը հիմնականում կախված է ուռուցքի հյուսվածքաբանությունից և ախտորոշման պահին փուլից՝ վաղ սահմանային (կամ ավելի բարորակ) և տարածված սահմանային (կամ ավելի չարորակ)[23]: Վաղ փուլի սահմանային ուռուցքների պահպանողական բուժումը (առանց ձվարանների երկկողմանի հեռացման) հանգեցնում է ինքնաբուխ հղիության ավելի քան 50% հավանականության՝ ուռուցքի մահացու կրկնության ցածր ռիսկով (0.5%)[23]: Մյուս կողմից, տարածված սահմանային ուռուցքների պահպանողական բուժման դեպքում ինքնաբուխ հղիության մակարդակը գնահատվում է 35%, իսկ ուռուցքի մահացու կրկնության ռիսկը՝ 2%[23]:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Kosary CL (2007). «Chapter 16: Cancers of the Ovary» (PDF). In Baguio RN, Young JL, Keel GE, Eisner MP, Lin YD, Horner MJ (eds.). SEER Survival Monograph: Cancer Survival Among Adults: US SEER Program, 1988-2001, Patient and Tumor Characteristics. Vol. NIH Pub. No. 07-6215. Bethesda, MD: National Cancer Institute. էջեր 133–144.
- ↑ Centers for Disease Control and Prevention, CDC WONDER. United States and Puerto Rico cancer statistics, 1999–2013 inci- dence incidence request.Available at: http://wonder.cdc.gov/ cancer-v2013.html. Retrieved December 1, 2016.
- ↑ Kashima K, Yahata T, Fujita K, Tanaka K. Outcomes of fertility-sparing surgery for women of reproductive age with FIGO stage IC epithelial ovarian cancer. Int J Gynaecol Obstet 2013;121:53–5.
- ↑ Rauh-Hain JA, Foley O, Winograd D, Andrade C, Clark RM, Vargas RJ, et al. Clinical characteristics and outcomes of pa- tients with stage I epithelial ovarian cancer compared to fallo- pian tube cancer. Am J Obstet Gynecol 2015;212:600.e1–8.
- ↑ Wright JD, Shah M, Mathew L, Burke WM, Culhane J, Gold- man N, et al. Fertility preservation in young women with epi- thelial ovarian cancer. Cancer 2009;115:4118–26.
- ↑ Melamed A., Rizzo A.E., Nitecki R., et al All-cause mortality after fertility-sparing surgery for stage i epithelial ovarian cancer. Obstet. Gynecol.. 2017;130(1):71-79.
- ↑ Bradshaw KD, Schorge JO, Schaffer J, Lisa M H, Hoffman BG (2008). Williams' Gynecology. McGraw-Hill Professional. ISBN 978-0-07-147257-9.
- ↑ Smedley H, Sikora K. Age as a prognostic factor in epithelial ovarian carcinoma. Br J Obstet Gynaecol 2016;92:839–42.
- ↑ Ghezzi F, Cromi A, Fanfani F, Malzoni M, Ditto A, De Iaco P, et al. Laparoscopic fertility-sparing surgery for early ovarian epithelial cancer: a multi-institutional experience. Gynecol On- col 2016;141:461–5.
- ↑ Melamed A, Keating NL, Clemmer JT, Bregar AJ, Wright JD, Boruta DM, et al. Laparoscopic staging for apparent stage I epithelial ovarian cancer. Am J Obstet Gynecol 2017;216:50. e1–50.e12.
- ↑ Kashima K, Yahata T, Fujita K, Tanaka K. Outcomes of fertility-sparing surgery for women of reproductive age with FIGO stage IC epithelial ovarian cancer. Int J Gynaecol Obstet 2013;121:53–5.
- ↑ Melamed A., Rizzo A.E., Nitecki R., et al All-cause mortality after fertility-sparing surgery for stage i epithelial ovarian cancer. Obstet. Gynecol.. 2017;130(1):71-79.
- ↑ - Vaidya, SA; Kc, S; Sharma, P; Vaidya, S (2014). «Spectrum of ovarian tumors in a referral hospital in Nepal». Journal of Pathology of Nepal. 4 (7): 539–543. doi:10.3126/jpn.v4i7.10295. ISSN 2091-0908. - Minor adjustment for mature cystic teratomas (0.17 to 2% risk of ovarian cancer): Mandal, Shramana; Badhe, Bhawana A. (2012). «Malignant Transformation in a Mature Teratoma with Metastatic Deposits in the Omentum: A Case Report». Case Reports in Pathology. 2012: 1–3. doi:10.1155/2012/568062. ISSN 2090-6781. PMC 3469088. PMID 23082264.
- 1 2 Baradwan, Saeed; Alalyani, Haneen; Baradwan, Amira; Baradwan, Afnan; Al-Ghamdi, Maram; Alnemari, Jameel; Al-Jaroudi, Dania (2018). «Bilateral ovarian masses with different histopathology in each ovary». Clinical Case Reports. 6 (5): 784–787. doi:10.1002/ccr3.1466. ISSN 2050-0904. PMC 5930217. PMID 29744056. - Creative Commons Attribution 4.0 International (CC BY 4.0) license
- ↑ Cotran RS, Kumar V, Nelson F, Robbins SL, Abbas AK (2005). Robbins and Cotran pathologic basis of disease (7th ed.). St. Louis, Mo: Elsevier Saunders. ISBN 978-0-7216-0187-8.
- ↑ Atlas of Genetics and Cytogenetics in Oncology and Haematology - Ovary: Epithelial tumors. Retrieved June 2014. By Lee-Jones, L. Atlas Genet Cytogenet Oncol Haematol. 2004;8(2):115-133.
- 1 2 3 Kaphan AA, Castro CM (2014-01-01). MPH rG, FRCPATH RH, MD JO, MD MJ (eds.). Small Cell and Neuroendocrine Cancers of the Ovary (անգլերեն). John Wiley & Sons, Ltd. էջեր 139–147. doi:10.1002/9781118655344.ch12. ISBN 978-1-118-65534-4.
- 1 2 3 Bakhru A, Liu JR, Lagstein A (2012). «A case of small cell carcinoma of the ovary hypercalcemic variant in a teenager». Gynecologic Oncology Case Reports. 2 (4): 139–42. doi:10.1016/j.gynor.2012.09.001. PMC 3861231. PMID 24371647.
- ↑ Lawrie TA, Rabbie R, Thoma C, Morrison J, և այլք: (The Cochrane Collaboration) (2013 թ․ հոկտեմբեր). Lawrie TA (ed.). «Pegylated liposomal doxorubicin for first-line treatment of epithelial ovarian cancer». The Cochrane Database of Systematic Reviews. John Wiley & Sons, Ltd (10) CD010482. doi:10.1002/14651858.cd010482.pub2. PMC 6457824. PMID 24142521.
- 1 2 Lawrie, Theresa A.; Bryant, Andrew; Cameron, Alison; Gray, Emma; Morrison, Jo (2013-07-09). «Pegylated liposomal doxorubicin for relapsed epithelial ovarian cancer». The Cochrane Database of Systematic Reviews. 2013 (7) CD006910. doi:10.1002/14651858.CD006910.pub2. ISSN 1469-493X. PMC 6457816. PMID 23835762.
- ↑ «NCI Issues Clinical Announcement for Preferred Method of Treatment for Advanced Ovarian Cancer». National Cancer Institute. 2006 թ․ հունվար. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 13-ին.
- ↑ Kolomainen DF, Larkin JM, Badran M, A'Hern RP, King DM, Fisher C, և այլք: (2002 թ․ փետրվար). «Epithelial ovarian cancer metastasizing to the brain: a late manifestation of the disease with an increasing incidence». Journal of Clinical Oncology. 20 (4): 982–6. doi:10.1200/JCO.2002.20.4.982. PMID 11844820.
- 1 2 3 Daraï E, Fauvet R, Uzan C, Gouy S, Duvillard P, Morice P (2012). «Fertility and borderline ovarian tumor: a systematic review of conservative management, risk of recurrence and alternative options». Human Reproduction Update. 19 (2): 151–66. doi:10.1093/humupd/dms047. PMID 23242913.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Braunwald E (2001). Harrison's principles of internal medicine (15th ed.). New York: McGraw-Hill. ISBN 978-0-07-913686-2.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Դասակարգում |
|---|