Մալմեզոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մալմեզոն
ֆր.՝  Malmaison
Երկիր`Ֆրանսիա Ֆրանսիա
Ճարտարապետական ոճ`ամպիր
Հիմնող`Նապոլեոն III[1]
Ճարտարապետ`Պիեռ Ֆրանսուա Լեոնար Ֆոնտեն
Քարտեզ
Քարտեզ

Մալմեզոն (ֆր.՝  Malmaison), կալվածք Փարիզից 20 կմ հեռավորության վրա։ Եղել է Նապոլեոն Բոնապարտի և Ժոզեֆին դը Բոհարնեի բնակավայրը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջին դարեր[խմբագրել | խմբագրել կոդը]

10–րդ դարում նորմանները, թալանելով Սենայի ափամերձ գյուղերն ու քաղաքները, այստեղ էին բերում իրենց ավարը։ Այստեղից էլ, լեգենդի համաձայն, առաջացել է տեղի անվանումը՝ «Մալմենեզոն»՝ «վատահամբավ տուն»։

Առաջին անգամ «Mala domus» անվանումը հանդիպում է 1244 թվականի աղբյուրներում։ Որպես կալվածք հիշատակվել է 14–րդ դարից։ 1390 թվականին տարածքը գնել է Կառլոս 6–րդի բանակի սերժանտ Գիյոմ Գուդեն։ Մինչև 1763 թվականը կալվածքին տիրել են Դավերն, Պերո և Բարանտեն տոհմերը։ Մալմեզոնի պալատը կառուցման հիմքը դրվել է 1610 թվականին՝ շարունակվելով մինչև 1686 թվականը։ 1737 թվականին պալատը հանձնվում է հարուստ ֆինանսիստների, ովքեր Մալմեզոնում հյուրընկալում են հասարակության վերնախավին։

1763 թվականին պալատը ձեռք է բերում կանցլերի որդի դը Արեսոն, իսկ 1771 թվականին՝ հարուստ բանկիր Ժան–Ժակ դե Կուտո դյու Մոլեն։ Բանկիրի ընտանիքը ընդարձակում է տան՝ դեպի այգի ձգվող թևերը։ Տիկին դյու Մոլեն Մալմեզոնում կազմակերպում էր գրական հավաքույթներ, ուր այցելում էին բանաստեղծ, թարգմանիչ Ժակ Դելիլը, նկարչուհի Վիժե Լեբրյոնը, լուսավորիչ–փիլիսոփա Ֆրիդրիխ Գրիմը և գրող Բեռնարդեն դե Սենտ–Պիեռը։

Ժոզեֆինա Բոնապարտի օրոք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժակ Լուի Դավիդ, «Ալպերը հատող Նապոլեոնը» Մալմեզոնի հավաքածուից

Ֆրանսիական հեղափոխության բուռն իրադարձությունները բանկիրին ստիպեցին վաճառել Մալմեզոնը։ Այն ձեռք բերեց Ժոզեֆինա Բոնապարտը 1799 թվականի ապրիլի 21–ին՝ վճարելով 15 հազար ֆրանկ կանխավճար։ Նապոլեոնը հաստատեց գործարքը՝ եգիպտական արշավանքից վերադառնալուց հետո վճարելով մնացած գումարը (ընդհանուր գումարը՝ 250–300 հազար ֆրանկ)։ Նապոլեոնը սիրում էր գալ այս կալվածք՝ հանգստանալու և աշխատելու։ Նա կալվածքում ձևավորել տվեց աշխատասենյակ–գրադարան և խորհրդակցությունների սենյակ։ 1800–1802 թվականներին Մալմեզոնը Թյուիլրի պալատի հետ դարձավ Ֆրանսիայի կառավարոթյան նստավայրը։

1802 թվականին Նապոլեոնի ընտանիքը տեղափոխվեց Սեն Կլու ամրոց, սակայն Ժոզեֆինան շարունակում էր այցելել Մալմեզոն։ Նապոլեոնը վարձակալում է ճարտարապետների, ովքեր ձեռնամուխ են լինում պալատը Ժոզեֆինայի ճաշակով վերանորոգելու գործին։

1809 թվականին՝ Նապոլեոնի ամուսնալուծությունից հետո, կայսրը պահպանում է Ժոզեֆինայի՝ կայսրուհու տիտղոսը՝ նրան հանձնելով Մալմեզոնը։ 1814 թվականի մայիսի 29–ին ամրոցի տիրուհին կնքում է իր մահկանացուն։

Ժոզեֆինայի մահից հետո կալվածքն անցնում է իշխան Եվգենի Բոհարնեին, որը ռուս կայսր Ալեքսանդր 1–ինին շտապում է վաճառել հավաքածուից որոշ նկարներ։ Այլ իրերի թվում Ժոզեֆինայի ունեցվածքից Էրմիտաժ են տեղափոխվում մի քանի արձանիկներ և Գոնզագի զարդաքանդակը։ Իշխանի մահից հետո նրա այրին վաճառում է Մալմեզոնը շվեդ բանկիր Իոնաս Հագերմանին։

Նոր շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիլիարդի սենյակ՝ կահավորված ամպիր ոճով

1842 թվականին կալվածքը ձեռք է բերում Քրիստինա Իսպանացին՝ Իսպանիայի թագավոր Ֆերդինանդ 7–րդի այրին։ 1861 թվականին Մալմեզոնն անցնում է ֆրանսիական Նապոլեոն 3–րդ կայսերը, որը միաժամանակ Նապոլեոն 1–ինի զարմիկն էր և Ժոզեֆինայի թոռը։

Մալմեզոնի խիստ տուժել է 1870-71 թվականների պրուս–ֆրանսիական պատերազմից։ Հոյակերտ պալատում որոշ ժամանակ հանգրվանել էր գերմանական զորամասը։

1896 թվականին կալվածքը ձեռք է բերում նապոլեոնյան շրջանի պատմաբան Դանիել Իֆլը (գրական կեղծանունը՝ Օզիրիս), ով ձևավորում է Նապոլեոնին նվիրված հավաքածու և Մալմեզոնը ժառանգություն թողնում պետությանը։

Թանգարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս Մալմեզոնը մերձակա Բուա Պրեո կալվածքի հետ ներկայացնում է նապոլեոնյան դարաշրջանի թանգարան։ Այն բացվել է 1906 թվականին։ Նրա վերջին վերանորոգումը ավարտվել է 1992 թվականին։ Սրահներում վերականգնված է առաջին կայսրության շունչը։ Ցուցադրված են կայսրական ընտանիքին պատկանող իրեր՝ մասնավորապես Նապոլեոնի գահը, արշավային նահճակալը, որում մահացել է կայսրը, Նապոլեոնի հետմահու դիմակը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մալմեզոն» հոդվածին։