Մազուրկա (պար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Մազուրկա (այլ կիրառումներ)
Մազուրկա, 1845 թ.

Մազուրկա (լեհ.՝ mazurek), լեհական ժողովրդական պար։ 18-րդ դարում արդեն եվրոպական ավանդական պար։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղանակն ունի արագ տեմպ, եռամաս չափ, կտրուկ շեշտավորված յուրահատուկ կետագծային ռիթմ։ Մազուրկան սրընթաց, դինամիկ պար է։ Պարում են զույգ-զույգ՝ շարժվելով շրջանաձև։ 19-րդ դարում եվրոպական երկրներում տարածվել է որպես պարահանդեսային պար, բեմական մշակմամբ տեղ գտել օպերաներում և բալետներում։ Մազուրկայի երաժշտական ձևը լայնորեն մշակվել է կոմպոզիտորների կողմից։ Ֆ. Շոպենի դաշնամուրային մազուրկաները (52) լեհական ազգային երաժշտական ոճի բարձրագույն արտահայտություններից են։ Հայտնի են Ս. Մոնյուշկոյի, Հ. Վենյավսկու, Պյոտր Չայկովսկու, Անատոլի Լյադովի, Ալեքսանդր Սկրյաբինի, Արամ Խաչատրյանի և ուրիշների մազուրկաները։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբնավորվել է Լեհաստանի հյուսիսարևելյան շրջաններում բնակվող մազուրների մոտ։ Պարը սկզբնավորվել է 16-րդ դարում Լեհաստանի հյուսիսում։ Դրա ծագման մասին կան բազմաթիվ վարկածներ։ Ովանք կարծում են, որ այն ծագել է Վարշավայում գտնվող Մազուրկա գյուղից, ոմանք էլ կարծում են, որ դրա հիմքում ընկած է «մազուր» բառը, որը թարգմաբար նշանակում է «լեհական գյուղերի բնակիչներ»: Եվ վերջապես, ոմանք հավատում են, որ «մազուրկա» բառը ծագել է այն շրջանի անվանումից, որտեղ այն առաջին անգամ «հայտնվել» է՝ Մեզովիայից։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մազուրկա» պարը 18-րդ դարում սկսել է տարածվել նաև Եվրոպայում։ Լեհաստանից այն տեղափոխվել է Ռուսաստան և Բուլղարիա, ապա Գերմանիա: Հաջորդ դարում այն տարածվում է նաև Ֆրանսիայում և Անգլիայում, որտեղ և հասնում է մեծ հաջողությունների։ 19-րդ դարում այն ադեն հավասարվել էր վալսին և պոլկային (պոլկան լեհական ազգային պար է)՝ դառնալով եվրոպական ամենահայտնի պարերից մեկը։ Դրան մեծապես նպաստել է լեհական էմիգրացիան և որոշ կոմպոզիտորների համընդհանուր հեղինակությունը։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 134 CC-BY-SA-icon-80x15.png