Մադամ Տյուսո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Աննա Մարիա Գրոսհոլց-Տյուսո
Anna Maria Tussaud-Grosholtz
Madame Tussaud, age 42.jpg
Ծնվել է դեկտեմբերի 1, 1761(1761-12-01)[1]
Ծննդավայր Ստրասբուրգ, Ֆրանսիա
Մահացել է ապրիլի 16, 1850(1850-04-16)[2][1][3] (88 տարեկանում)
Մահվան վայր Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտություն քանդակագործ
Ամուսին Ֆրանսուա Տյուսո
Marie Tussaud Վիքիպահեստում

Աննա Մարիա Տյուսո (ֆր.՝ Anna Maria Tussaud, ի ծնե՝ Գրոսհոլց, գերմ.՝ Grosholtz, դեկտեմբերի 1, 1761(1761-12-01)[1], Ստրասբուրգ, Ֆրանսիա - ապրիլի 16, 1850(1850-04-16)[2][1][3], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), ֆրանսիացի քանդակագործ, Լոնդոնում Մադամ Տյուսոյի թանգարանի հիմնադիր:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կյանքի վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիան ծնվել է Մարի Գրոսհոլց անունով (գերմ.՝ Marie Grosholtz) 1761 թվականի դեկտեմբերի 1-ին Ստրասբուրգում (Ֆրանսիա)[4]՝ էլզասեցի սպա Յոզեֆ Գրոսհոլցի և շվեյցարացի Աննա-Մարիա Վալտերի ընտանիքում: Նրա հայրը մահացել է Յոթնամյա պատերազմում՝ Մարիի ծնվելուց քիչ ժամանակ անց: Հոր մահից հետո մայրը երեխաների հետ տեղափոխվել է Բեռն և սկսել որպես տնային տնտեսուհի աշխատել բժիշկ Ֆիլիպ Վիլհելմ Կուրտիուսի մոտ (1741-1794)[5]: Կուրտիուսը մոմից պատրաստում էր անատոմիական մոդելներ, հետագայում զբաղվել է մոմե քանդակների, դիմանկարների արտադրությամբ: 1765 թվականին նա տեղափոխվել է Փարիզ և այնտեղ հիմնել իր արվեստանոցը: Մարին մոր հետ 1767 մեկնել է Կուրտիուսի մոտ. մայրն առաջարկել է աշխատել որպես տնային տնտեսուհի, իսկ Մարին սկսել է սովորել մոմե քանդակներ պատրաստելու արվեստը:

Կուրտիուսը Փարիզում պատրաստել է մոմե մի քանի քնադակներ, որոնցից մեկը Լյուդովիկոս XV-ի սիրուհի մադամ Դյուբարիի քանդակն էր: Դա և բժշկի մյուս գործերը նրա ճանաչում բերեցին Փարիզում: Այդ քանդակի օրինակը պահպանվել է մոմե քանդակների թանգարանում: Կուրտիուսի աշխատանքներն առաջին ցուցահանդեսում (տեղի է ունեցել 1770 թվականին) անհավատալի ժողովրդականություն են ձեռք բերել, դա նրան հնարավորություն է տվել ցուցահանդեսներ բացել Փարիզի հայտնի այլ վայրերում:

Կուրտիուսը Մարիին սովորեցրել է մոմե քանդակներ ստեղծելու արվեստը, վերջինիս մոտ շատ վաղ է ի հայտ եկել այդ ժամանակների հայտնի մարդկանց կերպարները վերստեղծելու տաղանդը: Մարին այդ ժամանակ ստեղծել է հայտնի այնպիսի մարդկանց քանդակներ, ինչպիսիք են Վոլտերը, Ժան-Ժակ Ռուսոն, Բենջամին Ֆրանկլինը: Ժամանակի ընթացքում նրան սկսել են հրավիրել թագավորական ընտանիքի անդամների քանդակները պատրաստելու: Թագավորական ընտանիքի անդամների հետ Մարիի հարաբերություններն այնքան լավ էին, որ նրան նույնիսկ հրավիրել են ապրելու Վերսալում, որտեղ նա դասավանդել է արվեստ, մասնավորապես, Լուի XVI-ի քրոջը:

Ֆրանսիական հեղափոխություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուրտիուսի մոմե քանդակները որոշակի դեր են խաղացել Ֆրանսիական հեղափոխության ժամանակ: 1789 թվականի հուլիսի 12-ի՝ հեղափոխության սկսվելուց երկու օր առաջվա անկարգությունների ժամանակ ապստամբները փողոց են տարել Դյուկ Օռլեանցու և ֆինանսների ատելի նախարար Ժակ Նեկերի մոմե քանդակները: Իշխանափոխության հետ կապված Մարին ձերբակալվել է որպես նախորդ վարչակարգի ներկայացուցիչներից և նրանց համակիրներից մեկը: Կալանքի ժամանակ նա ծանոթացել է Ժոզեֆին դը Բոհարնեի՝ Նապոլեոն Բոնապարտի ապագա կնոջ հետ: Ահաբեկչության վարչակարգի ժամանակ Մարիին դատապարտել են գիլիոտինով մահապատժի, բայց այն չի իրականցվել միայն այն պատճառով, որ Ռոբեսպիեռի մահից հետո նրան հրավիրել են պատրաստելու հեղափոխականի ու նրան սպանողի հետմահու դիմաքանդակը: Ռոբեսպիեռից բացի Մարին պատրաստել է Մարի Անտուանետի, Ժան Պոլ Մարատի և շատ ուրիշների դիմաքանդակները:

Ազատվելով հետապնդումից՝ Մարին վերադարձել է Կուրտիուսի արվեստանոց: Վերջինիս մահից հետո (1794 թվական) Մարին ժառանգել էր նրա արվեստանոցն ու քանդակների հավաքածուն: 1795 թվականին Մարին ամուսնացել է ինժեներ Ֆրանսուա Տյուսոյի հետ, նրանք ունեցել են 1 աղջիկ, որը մահացել է ծնվելուց հետո և 2 որդի՝ Ժոզեֆը և Ֆրանսուան[6]: Մարիի քանդակների հավաքածուն զգալիորեն մեծացել ու մեծ ժողովրդականություն է վայելել փարիզեցիների շրջանում, սակայն նրա ամուսինն սկսել է ալկոհոլ օգտագործել: Բացի այդ, նա սկսել է թղթախաղ խաղալ գրեթե այն ամենով, ինչը Մարին աշխատում էր մոմե քանդակների ցուցադրություններով:

Կյանքը Մեծ Բրիտանիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

1802 թվականին Մերին որոշել է հեռանալ ամուսնուց և իր հետ վերցնելով 4 տարեկան ավագ որդուն՝ Ժոզեֆին, ու իր հավաքածուն՝ շրջագայության է մեկնել Մեծ Բրիտանիա: Նապոլեոնի իշխանության սկսվելով և երկու երկրների հարաբերությունների վատացման պատճառով նա չի կարողացել վերադառնալ և շարունակել է ճանապարհորդել Մեծ Բրիտանիայում ու Իռլանդիայում: Նապոլեոնի տապալոմից հետո Մարիի կրտսեր որդին՝ Ֆրանսուան, միացել է նրանց, և 1835 թվականին Մարին ներկայիս հայտնի Բեյքեր սթրիթում կազմակերպել է իր առաջին մշտական ցուցահանդեսը, որը նրա թանգարանի սկիզբն էր: Որոշ քանդակներ քանդվել են, բայց կրկին վերականգնվել են ձևանմուշների միջոցով, որոնք Մարին պահել էր: 1842 թվականին նա պատրաստել է իր քանդակը, որը մինչ օրս պահվում է Մադամ Տյուսոյի թանգարանում: Մադամ Տյուսոն մահացել է 1850 թվականի ապրիլի 18-ին՝ 88 տարեկան հասակում, Լոնդոնում: Նրա թանգարանը դարձել է Լոնդոնի տեսարժան վայրերից մեկը, այն իր բաժանմունքներն ունի Ամստերդամում, Հոնկոնգում, Լաս Վեգասում, Նյու Յորքում, վաշինգտոնում և մի շարք այլ քաղաքներում:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 SNAC — 2010.
  4. "Marie Tussaud". Encyclopædia Britannica. Accessed 19 August 2016.
  5. Pilbeam, 2006, էջ 17
  6. Graphico։ «Madame Tussauds»։ www.madametussauds.com։ Արխիվացված օրիգինալից-ից 10 April 2016-ին։ Վերցված է 28 March 2016 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]