Մադամ Ռեկամիեի դիմանկարը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մադամ Ռեկամիեի դիմանկարը
Madame Récamier
տեսակգեղանկար և անավարտ ստեղծագործական աշխատանք
նկարիչԺակ Լուի Դավիդ
տարի1800
բարձրություն174
լայնություն244
ուղղություննեոդասականություն
ժանրդիմապատկեր
նյութկտավ
գտնվում էՍենյակ 702
հավաքածուԼուվրի գեղանկարի բաժին
սեփականատերՖրանսիական պետություն
հիմնական թեմաԺյուլի Ռեկամիե
Madame Récamier
Ծանոթագրություններ
 Madame Récamier - Jacques-Louis David - Louvre INV 3708 Վիքիպահեստում

«Մադամ Ռեկամիեի դիմանկարը», նկարել է ֆրանսիացի նկարիչ Ժակ Լուի Դավիդը 1800 թվականին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փարիզյան սալոններից մեկի տիրուհին՝ Ժյուլի Ռեկամիեն, Դավիդին պատվիրեց նկարել իր դիմանկարը։ Նկարիչն անցավ գործի, սակայն մշտապես դժգոհ էր այն պայմաններից, որոնցում նկարում էր. մերթ սենյակն էր մութ, մերթ լույսի աղբյուրը շատ բարձր էր։ Աշխատանքն այնքան դանդաղ էր ընթանում, որ մադամ Ռեկամիեն չդիմացավ և Ֆրանսուա Ժերարին առաջարկեց ավարտին հասցնել դիմանկարը։ Զայրացած Դավիդը խորհուրդ տվեց Ժերարին ընդունել առաջարկը, և երբ Ժյուլի Ռեկամիեն հաջորդ անգամ գնաց Լուվր կեցվածք ընդունելու, Դավիդն ասաց.

«Կանայք իրենց քմահաճույքներն ունեն, նկարիչները` իրենցը։ Թույլ տվեք բավարարել իմ քմահաճույքը. ես Ձեր դիմանկարը թողնում եմ իր ներկայիս վիճակում»։

Դավիդն իր ամբողջ կյանքում զղջաց այդ քայլի համար։ Չնայած այդ անսպասելի դադարին, կամ, հնարավոր է, ի շնորհիվ դրա «Մադամ Ռեկամիեի դիմանկարը» իր նուրբ դեղնա-երկնագույն երանգով համարվում է Դավիդի վարպետության վառ օրինակը։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մադամ Ռեկամիեի դիմանկարը» առանձնանում է այն պարզությամբ, որը Դավիդը գնահատում էր հունական արվեստում։ Մադամ Ռեկամիեն պատկերված է ոտաբոբիկ, պարզ, սպիտակ զգեստով, որի ծայրերը ընկնում են հատակին։ Մազերը կապված են ժապավենով, որի տակից մի քանի խոպոպ ընկնում է ճակատին։ Դավիդը մադամ Ռեկամիեին պատկերել է ցանկասեր հարճի դիրքով, սակայն չնայած դրան՝ նա պահպանում է Վեստալուհու կուսական մաքրությունը։ Հորիզոնական և ուղղահայաց գծերի կոնտրապունկտը «Մարատի մահը» նկարի ֆոնի նման թրթռուն ֆոնի վրա ստեղծում է կնոջ մարմնի ոլորուն «արաբանախշ»։ Նկարի ավարտուն տարբերակում հավանաբար կլինեին այն ժամանակին բնորոշ նորաձև իրեր, սակայն աշխատանքի անսպասելի դադարի արդյունքում նկարում պատկերված է միայն ճյուղավոր մոմակալ, որն արել է Ժան Օգյուստ Դոմինիկ Էնգրը (ֆր.՝ Ingres), նստարան ոտքերի համար և թախտ (ֆր.՝ sofa), որի վրա պառկած է մադամ Ռեկամիեն։ Այս ասկետիզմը նրա արտաքին տեսքը դարձնում է առավել գրավիչ։ Ժյուլի Ռեկամիեն 23 տարեկան էր, երբ նկարի աշխատանքները դադարեցվեցին։

Գտնվելու վայր[խմբագրել | խմբագրել կոդը]

1826 թվականին դիմանկարը ձեռք է բերվել Դավիդի արվեստանոցից։ Ներկայումս գտնվում է Լուվրի Դենոն պատկերասրահի առաջին հարկի 75-րդ դահլիճում։ Կոդը՝ INV. 3708:

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թախտի այն տեսակը, որի վրա պառկած է մադամ Ռեկամիեն, նկարի ավարտից հետո կոչվել է նրա անունով՝ ռեկամիե։
  • 1955 թվականին նկարն ընդօրինակել է Ռենե Մագրիտը «Մադամ Ռեկամիեի հեռանկարը» (Perspective: Madame Récamier de David) անվանմամբ, որտեղ հերոսուհու կերպարը փոխարինված է դագաղով։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]