Մագնիսահետախուզություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ԱՄՆ Այովա նահանգի Մագնիսական դաշտի ինդուկցիայի քարտեզ

Մագնիսահետախուզություն, հետախուզության երկրաֆիգիկական մեթոդ, հիմնված է ապարների մագնիսական հատկությունների տարբերության վրա։ Կիրառվում է երկրաբանական հետազոտությունների բոլոր փուլերում և ընդգրկում է՝ Երկրի մագնիսական դաշտի կամ նրա տարրերի լարվածության չափումները, մագնիսական քարտեզների կազմումը, չափումների արդյունքների երկրաբանական մեկնաբանումը ըստ ապարների մագնիսական բնութագրումների։ Մագնիսահետախուզությունը ուսումնասիրում է երկրաբանական մարմինների ստեղծած մագնիսական անոմալիաները, որոնք մագնիսացված են Երկրի ժամանակակից և հին մագնիսական դաշտերով։ Ապարների մագնիսացումը որոշվում է նրանց մեջ ֆեռոմագնիսական միներալների (մագնետիտ, պիրրոտին) առկայությամբ։ Առանձնապես ինտենսիվ մագնիսական անոմալիաներ են ստեղծում հիմքային և գերհիմքային հրային ապարները, մագնետիտային երկաթային հանքաքարերը։ Մագնիսահետախուզության դեպքում չափումները կատարվում են Երկրի մակերևույթին, ինքնաթիռներից կամ ուղղաթիռներից (աերոմագնիսական հանույթ), շարժվող նավերից (հիդրոմագնիսական հանույթ կամ ծովային Մագնիսահետախուզություն), հանքափորվածքներում (ստորգետնյա Մագնիսահետախուզություն), հորատանցքերում (հորատանցքային Մագնիսահետախուզություն)։ Չափումների համար օգտագործվում են տարբեր տիպի մագնիսամետրեր։ Երկրի մակերևույթին հանույթը, որպես կանոն, կատարվում է ուղղագիծ պրոֆիլներով, ընդ որում պրոֆիլների և դիտման կետերի միջև եղած հեռավորությունների հարաբերությունը կազմում է 10։ 1-ից մինչև 1։ 1։ Աերոմագնիսական և հիդրոմագնիսական հանույթի ընթացքում չափումները կատարվում են անընդհատ կամ դիսկրետ ուղղագիծ, իսկ երբեմն՝ կորագիծ (լեռնային վայրերում), պրոֆիլների ցանցի երկարությամբ շարժվելիս։ Մագնիսահետախուզությունը ինքնուրույն, ինչպես նաև երկրաֆիզիկական և երկրաբանական մեթոդների հետ, կիրառվում է երկրակեղևի ռեգիոնալ խորքային կառուցվածքի ուսումնասիրման, այդ թվում՝ պլատֆորմների հիմքի տեղադրման խորության որոշման (նավթ և գազ որոնելու դեպքում), երկաթի հանքաքարի մագնիսական տարատեսակների, ինչպես նաև հիմքային և գերհիմքային ապարների հետ կապված մետաղային ու ոչ մետաղային հանքավայրերի, աքցեսոր մագնիսական միներալներ պարունակող գունավոր, հազվագյուտ, ազնիվ մետաղների որոնման և երկրաբանական քարտեզագրման համար։ Երկաթի հանքաքարի հետախուզության դեպքում Մագնիսահետախուզությունը հանքափորվածքներում և հորատանցքերում ապարների մագնիսական ընկալունակության չափումների զուգակցմամբ հնարավորություն է ընձեռում ճըշտել երկաթահանքային մարմինների դիրքը և գնահատել մագնիսական երկաթի տոկոսային պարունակությունը հանքաքարում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 119