ՄՃՓ գրքույկի կիրառմամբ բեռների միջազգային փոխադրման մասին մաքսային կոնվենցիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
     ՄՃՓ Կոնվենցիայի մասնակից երկրներ,1975      Երկրներ, որտեղ կարող են իրականացվել ՄՃՓ համակարգով միջազգային տրանզիտային փոխադրումներ[1]

ՄՃՓ գրքույկի կիրառմամբ բեռների միջազգային փոխադրման մասին մաքսային կոնվենցիա (ՄՃՓ Կոնվենցիա 1975 թ.), միջազգային համաձայնագիր, որն ընդունվել է 1975 թվականին ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի կողմից։ Կոնվենցիայի նպատակն է բեռների փոխադրման համակարգի ստեղծումը, որը կպարզեցնի բեռների ձևակերպումը այն սահմաններ հատելիս։

Պատմություն[2][խմբագրել | խմբագրել կոդը]

ՄՃՓ ցուցանակը

Այդպիսի տարանցիկ համակարգի ստեղծման ուղղությամբ աշխատանքներ սկսվեցին ՄԱԿ-ի Եվրոպական Տնտեսական Հանձնաժողովի հովանու ներքո Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից անմիջապես հետո։ 1949 թվականին մի քանի եվրոպական երկրներ ստորագրեցին առաջին Համաձայնագիրը միջազգային ճանապարհային փոխադրումների մասին (ՄՃՓ)։ Այդ տարածաշրջանային Համաձայնագիրը հաջողվեց և 1959 թվականին ՄԱԿ-ի ԵՏՀ ներքին տրանսպորտի կոմիտեի կողմից նախապատրաստվեց ՄՃՓ Կոնվենցիայի առաջին խմբագրությունը, որն ուժի մեջ մտավ 1960 թվականին։ Առաջին ՄՃՓ կոնվենցիան լրամշակվեց 1975 թվականին՝ հաշվի առնելով դրա կիրառման ընթացքում հավաքված փորձը, տեխնիկական նվաճումները, մաքսային և տրանսպորտային կանոնների փոփոխությունները, նրա համար, որ այն դառնա ավելի արդյունավետ, ավելի քիչ բարդ և միևնույն ժամանակ առավել անվտանգ մաքսային տեսանկյունից։ Կոնվենցիայի մոդիֆիկացիայի մյուս պատճառ դարձավ 60-ական թվականների սկզբում նոր տիպի տրանսպորտային սարքավորումների ի հայտ գալը՝ ծովային փոխադրումների համար բեռնարկղեր, քիչ ավելի ուշ՝ ավտոմոբիլային և երկաթուղային տրանսպորտով համակցված փոխադրումների համար բեռնարկղեր, որոնք նախատեսված էին դրանց արդյունավետության բարձրացման համար։

1975 թվականի նոյեմբերին ՄԱԿ-ի ԵՏՀ հովանու ներքո կայացավ կոնֆերանս ՄՃՓ Կոնվենցիայի վերանայման նպատակով։ Նոր խմբագրությունն ուժի մեջ մտավ 1978 թվականին։ Այդ պահից սկսած այն մնում է առավել կիրառելի միջազգային տրանսպորտային կոնվենցիաներից մեկը և փաստացի միակ գլոբալ մաքսային տարանցման համակարգը։

1975 թվականի ՄՃՓ Կոնվենցիայի և դրա տարանցիկ ռեժիմի հիմնական գաղափարները և սկզբունքները որպես հիմք են ընդունվել բազմաթիվ այլ տարանցիկ համակարգերի համար, և այդպիսով ուղղակի կամ անուղղակի 1975 թվականի ՄՃՓ Կոնվենցիան նպաստել է ընդհանրապես միջազգային փոխադրումների և մասնավորապես ավտոմոբիլային փոխադրումների պարզեցմանը, ընդ որում ոչ միայն Եվրոպայում և Մերձավոր Արևելքում, այն նաև այնպիսի տարածաշրջաններում, ինչպես Աֆրիկան և Լատինական Ամերիկան:

Գործնականում Կոնվենցիայի գործողությունը կարող է տեսնել Եվրոպայի ճանապարհներով ճամփորդող ցանկացած մարդ։ Հազարավոր բեռնատարներ և կիսակցորդներ, որոնք կիրառում են ՄՃՓ տարանցիկ համակարգը, մակնշված են TIR ցուցանակով, որն ամրացված է ավտոմոբիլի թափքի վրա։ TIR հապավումը ծագել է Կոնվենցիայի ֆրանսերեն անունին համապատասխան՝ «Transport international routier» (հայերեն թարգմանաբար «Միջազգային ճանապարհային փոխադրումներ», կարճ՝ ՄՃՓ)։ Վարորդների, փոխադրողների և բեռնառաքիչների համար, այդ սպիտակ գրերով կապույտ ցուցանակը յուրօրինակ անցաթուղթ է հանդիսանում, որը հեշտացնում և արագացնում է միջազգային ճանապարհային փոխադրումները։

1975 թվականից սկսած ՄՃՓ Կոնվենցիան 27 անգամ ենթարկվել է փոփոխությունների և լրացումների։ 1995 թվականին ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի մաքսային հարցերով աշխատանքային խումբը փորձագետների հատուկ մի քանի խմբերի աջակցությամբ սկսեց ՄՃՓ համակարգի լայնածավալ վերանայման աշխատանքներ։ 1997 թվականին ՄՃՓ վերանայման գործընթացի ավարտից հետո 1999 թվականի փետրվարի 17-ից ուժի մեջ մտավ Կոնվենցիայի նոր խմբագրությունը։ ՄՃՓ Կոնվենցիայի ճշգրտումների և լրացումների երկրորդ փաթեթը, որը նույնպես մշակվել էր ՄԱԿ-ի ԵՏՀ աշխատանքային խմբի կողմից (WP.30), ուժի մեջ մտավ 2002 թվականի մայիսի 12-ին։ Այդ ուղղումները ակնհայտ և միանշանակ սահմանում էին իրավական և վարչական պարտականությունները մաքսային մարմինների, փոխադրողների և այն միջազգային կազմակերպության համար, որի վրա լրացուցիչ պատասխանատվություն դրվեց երաշխիքների միջազգային համակարգի արդյունավետ կազմակերպման և գործունեության համար։ 2000 թվականին սկսվեցին ՄՃՓ վերանայման երրորդ փուլի աշխատանքները։ Դրա նպատակների թվում էին ՄՃՓ համակարգում տվյալների մշակման ժամանակակից էլեկտրոնային տեխնոլոգիաների ներդրումը՝ առանց Կոնվենցիայի հիմնական սկզբունքների և վերջերս նորացված իրավական և վարչական կառուցվածքի փոփոխության։ Վերջին փոփոխությունները, որոնք ուժի մեջ են մտել 2006 թվականի օգոստոսի 12-ին, նախատեսում են ՄՃՓ գրքույկների կիրառման նկատմամբ վերահսկողության միջազգային համակարգի ներդրում՝ այն տվյալների պահպանման համար, որոնք փոխանցվում են մաքսային միարմինների կողմից և հասանելի են միությունների և մաքսային վարչությունների համար, ինչպես նաև գործառնությունների դադարեցում տեղային նշանակության մաքսատներում։ Այդ միջազգային համակարգի նպատակն է տրամադրել տրանսպորտային ոլորտին և ՄՃՓ երաշխիքային շղթային ռիսկերի կառավարման կարևորագույն գործիք առևտրային նպատակներով ՄՃՓ ռեժիմի կիրառման ժամանակ, և պարզեցնել այն հետախուզման գործընթացները, որոնք կիրառվում են մաքսային մարմինների կողմից ՄՃՓ օպերացիաների դադարեցումից հետո։

Կոնվենցիայի սկզբունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ՄՃՓ Կոնվենցիայի սկզբունքների իրացումը

Բեռները ճանապարհին նվազագույն կանգառներով, առանց խոչընդոտների տեղափոխումը ապահովելու նպատակով և միևնույն ժամանակ առավելագույն մաքսային անվտանգություն ապահովելու համար, ՄՃՓ ռեժիմը պարունակում է հինգ հիմնական բաղադրիչ.

  1. Բեռները պետք է տեղափոխվեն անվտանգ (մաքսային ծառայությունների տեսանկյունից) տրանսպորտային միջոցներով կամ բեռնարկղերով,
  2. Մաքսային տուրքերի և հարկերի վճարումը, որոնց նկատմամբ կա չվճարման ռիսկ, պետք է ապահովված լինի միջազգային երաշխիքներով,
  3. Բեռները պետք է ուղեկցվեն Կոնվենցիայի բոլոր մասնակից-պետությունների ճանաչված մաքսային փաստաթղթով (ՄՃՓ գրքույկ), որը ձևակերպվում է ուղարկման երկրում և ծառայում է որպես վերահսկողության փաստաթուղթ ուղարկման, տրանզիտի և նշանակման վայրի երկրներում,
  4. Մաքսային վերահսկողության միջոցառումները, որոնք իրականացվում են ուղարկման երկրում, պետք է ճանաչվեն տրանզիտի և նշանակման վայրի բոլոր երկրների կողմից,
  5. ՄՃՓ գործընթացին մասնակցության թույլատվությունը ազգային միությունների (ՄՃՓ գրքույկների տրամադրման թույլատվություն) և ֆիզիկական ու իրավաբանական անձանց համար (ՄՃՓ գրքույկների կիրառման թույլատվություն) պետք է վերահսկվի լիազորված ազգային մարմինների կողմից։

Բեռնափոխադրումների անվտանգությունը ապահովելու նպատակով ՄՃՓ Կոնվենցիան սահմանում է, որ բեռները պետք է տեղափոխվեն այնպիսի բեռնարկղերի մեջ կամ տրանսպորտային միջոցների բեռնատար բաժիններում, որոնց կառուցվածքը բացառում է տրանսպորտային միջոցի կամ բեռնարկղի կապարակնքված մասի պարունակության հասանելիություն առանց տրանսպորտային միջոցների բեռնատար բաժինների, բեռնարկղերի բացման ակնհայտ հետքեր թողնելու կամ մաքսային կնիքների և կապարակնիքների վնասման։

ՄՃՓ գրքույկ[խմբագրել | խմբագրել կոդը]

ՄՃՓ գրքույկ (Carnet TIR), միջազգային մաքսային փաստաթուղթ, որն իրենից ներկայացնում է տարանցման համակարգի հիմնաքարը և հաստատում է, որ ՄՃՓ գործընթացով փոխադրվող ապրանքների նկատմամբ գործում է միջազգային երաշխիք։

Այսօրվա դրությամբ Ավտոմոբիլային տրանսպորտի միջազգային միությունը միակ միջազգային կազմակերպությունն է, որը ստացել է (ՄՃՓ Գործադիր խորհրդի վերահսկողությամբ) կենտրոնացված կարգով ՄՃՓ գրքույկների պատրաստման և տարածման իրավունք ազգային երաշխիքային միությունների շրջանում՝ համաձայն պայմանագրային պարտավորությունների, որոնք հաստատվել են ՄՃՓ Վարչական կոմիտեի կողմից։ Իր հերթին յուրաքանչյուր ազգային երաշխիքային միություն տրամադրում է ՄՃՓ գրքույկները իր երկրի փոխադրողներին այն պայմաններով, որոնք սահմանված են փոխադրողի հայտարարագիր-պարտավորագրի մեջ։

Շապիկի առաջին էջը, ինչպես նաև պոկվող էջերը և գրքույկի կոճղը, որոնք խմբավորված են երկուական, հանդիսանում են ՄՃՓ գրքույկի առավել կարևոր մասերը մաքսային վերահսկողության և երաշխիքային համակարգի գործողության համար։ Երկու պոկվող թերթիկներից և երկու կոճղերից կազմված կոմպլեկտը կիրառվում է յուրաքանչյուր պետության մեջ, որի տարածքում իրականացվում է ՄՃՓ օպերացիան։

Բեռնափոխադրողի կողմից ճիշտ ձևով լրացված անվանական ՄՃՓ գրքույկի ներկայացումը, որը պարունակում է միջազգային կազմակերպության և այն տրամադրող երաշխիքային միության ստորագրությունները և կնիքները, ինքն իրենով արդեն հանդիսանում է երաշխիքի գոյության և վավերականության ապացույց։ ՄՃՓ գրքույկը վավերական է մինչև ՄՃՓ փոխադրման ավարտը նշանակետ մաքսատանը, այն պայմանով, որ օպերացիան սկսվել է ուղարկման մաքսատանը այն ժամկետներում, որոնք սահմանվել են ՄՃՓ գրքույկ տրամադրող երաշխիքային միության կողմից։

2006 թվականին թողարկվել է ավելի քան 3,5 միլիոն ՄՃՓ գրքույկ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «TIR System Countries»։ United Nations Economic Commission for Europe։ Վերցված է հուլիսի 23, 2014 
  2. Справочник по Конвенции МДП/ ЕВРОПЕЙСКАЯ ЭКОНОМИЧЕСКАЯ КОМИССИЯ (ЕЭК ООН). Нью-Йорк, Женева: Издание ООН, 2007

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Внешнеэкономическая деятельность предприятия: Англо-русский словарь-справочник/ Под ред. проф. Л.Е. Стровского. - М: ЮНИТИ-ДАНА, 2002, с.508

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]