Ճնշող փոքրամասնություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ճնշող փոքրամասնություն (ֆր.՝ La minorité réprimant), սոցիալ-հոգեբանական գիտափորձերի շարք, որի նպատակն էր ուսումնասիրել ակտիվ փոքրամասնության սոցիալական ազդեցության հայեցակարգը։ Անցկացվել է ֆրանսիացի հոգեբան Սերժ Մոսկովիչիի կողմից 1969 թվականին։ Հետազոտությունը հիմնվել է Աշի գիտափորձի վրա՝ սակայն հետապնդելով հակառակ արդյունքներ։

Ներածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս գիտափորձերի ժամանակ փոքրամասնությունը բնորոշվում է որպես խմբի համեմատաբար փոքր (կեսից քիչ) մաս կամ առանձին անհատ, ով ունի մեծամասնությունից տարբերվող նորմեր և արժեքներ, ընդ որում, չունի հեղինակություն, ուժ կամ ազդեցություն, որոնք նրան հնարավորություն կտան տարածել իր գաղափարները։ Փոքրամասնության ազդեցության ուսումնասիրության հիմնական մեթոդի՝ լաբորատոր գիտափորձի ժամանակ փոքրամասնության դերը ստանձնում է մեկ-երկու մասնակից, ովքեր հանդես են գալիս որպես փորձարկողի համախոհներ, և իբրև ինքնաբուխ կերպով դրսևորում են յուրահատուկ, մեծամասնությունից տարբերվող վարքագիծ[1]։

Գիտափորձի նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին փուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնակցում էր վեց անձից բաղկացած երկու խումբ։ Առաջինը վերահսկող խումբն էր, իսկ երկրորդի մեջ ընդգրկված էր չորս «նորմալ» անդամ և հետազոտողի երկու օգնական, ովքեր պետք է խումբը ենթարկեցնեին փոքրամասնության ազդեցությանը։ Բոլոր հետազոտվողները պետք է նախապես անցնեին գույների ճանաչման թեստ, որի արդյունքում կհամոզվեին, որ խմբի բոլոր անդամները կարողանում են լավ տարբերակել գույները։ Փորձարկողը նշեց, որ ցույց կտա դիապոզիտիվների շարք, և խմբի անդամների խնդիրը կլինի բարձրաձայն անվանել իրենց տեսած գույնը (ընդ որում, միայն պարզ, այլ ոչ թե համակցված գույներ) և վեց բալանոց սանդղակով որոշել դրա խտությունը։ Դրան հաջորդեց երկնագույնի 36 դիապոզիտիվների ցուցադրությունը։ Փորձարարական խմբում օգնականները պետք է այդ գույնն անվանեին «կանաչ» և մյուսներին ապացուցեին իրենց ճշմարտացիությունը՝ չփոխելով իրենց տեսակետը, մինչդեռ մյուս չորս հետազոտվողները տեսնում էին երկնագույն։

Երկրորդ փուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիապոզիտիվների ցուցադրությունից հետո մասնակցիներին խնդրեցին մասնակցել ևս մեկ գիտափորձի, որը իբրև ոչ մի կապ չուներ առաջինի հետ։ Նրանց ցույց տվեցին Ֆարնսվորտի գունաընկալման թեստի կանաչա-երկնագույն հատվածից 16 սկավառակ, որոնք ներառում էին 100 գունային երանգի սկավառակներ։ Դրանցից 3-ը անվիճելիորեն երկնագույն էին, իսկ 3-ը՝ կանաչ։ Մնացած սկավառակների գույները շատ ակնհայտ չէին․ դրանք կանաչա-երկնագույն երանգի էին։ 16 սկավառակները տարբեր հերթականությամբ ցուցադրվեցին 10 անգամ, որից հետո փորձարկվողները գաղտնի հայտնեցին իրենց պատասխանը[2]։

Արդյունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոքրամասնությանը հաջողվեց ազդել խմբի կարծիքի վրա։ Մասնակիցներին ոչինչ չէր խանգարում անտեսել այդ «տարօրինակ» պատասխանները, քանի որ մեծամասնությունը տեսած գույնն անվանում էր «երկնագույն»։ Բացի այդ, խմբին ոչ ոք չէր պարտադրել համաձայնության գալ։ Այնուամենայնիվ, այդ անհասկանալի փոքրամասնության դիրքորոշումը, որն էականորեն տարբերվում էր մյուսների կարծիքից, անհետևանք չանցավ։ Օգնողների հակադիր պատասխանները հետազոտվողներին դրդում էին տատանվել սեփական համոզմունքի ճշմարտացիության մեջ, քանի որ նախնական թեստավորման արդյունքները թույլ չէին տալիս ենթադրել, որ այդ երկու մասնակիցներն ունեն գունային տեսողության խնդիրներ, իսկ նրանց համառությունը բացառում էր պատահաբար սխալվելու վարկածը։ Նմանատիպ ապատեղեկատվությունը նպատակ ուներ հետազոտվողներին դնել անհարմար իրավիճակում, ինչի արդյունքում նրանք կսկսեին կասկածել ոչ միայն իրենց, այլև խմբի համոզմունքների ճշմարտացիության վրա։ Արդյունքում «նորմալ» հետազոտվողների ավելի քան մեկ երրորդը առնվազն չորս անգամ ցուցադրվող գույնն անվանեց կանաչ (մեծամասնության պատասխանների 8,42%-ը կազմում էր «կանաչ» տարբերակը, այն դեպքում, երբ ստուգիչ իրադրությունում սխալների բաժինը կազմում էր ընդամենը 0,25%)։

Երկրորդ թեստի արդյունքները հետևյալն էին․ նույնիսկ այն հետազոտվողները, ովքեր ոչ մի անգամ ակնհայտորեն չէին ենթարկվել փոքրամասնության «պրովոկացիային», ավելորդ շտապողականությամբ (ի համեմատություն նույն առաջադրանքը կատարող մարդկանց, ովքեր չէին ենթարկվել փոքրամասնության ազդեցությանը) ցուցադրվող գույնը նշում էին որպես կանաչ[3]։

Հասարակության մեջ այլախոհների հաջողությունը պայմանավորող գործոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիտափորձերից հետո Մոսկովիչին եզրակացրեց, որ փոքրամասնությունն ի վիճակի է ներգործել խմբային մեծամասնության դիրքորոշման վրա, ընդ որում, այդ ներգործությունը կարող է կրել ինչպես ակնհայտ, այնպես էլ գաղտնի բնույթ։ Առաջ են քաշվել տարբեր գործոններ, որոնք պայմանավորում են հասարակության մեջ այլախոհների հաջողությունը․

  • Վստահություն և կարծիքի անփոփոխություն - ակտիվ փոքրամասնության կողմից սեփական կարծիքը համառորեն պաշտպանելը և վստահությունը կարող են դրդել մեծամասնությանը կասկածի տակ առնել սեփական տեսակետի ճշմարտացիությունը։ Որոշ դեպքերում ցույց տալով իր ուժն ու հաստատունությունը՝ փոքրամասնությունը կարող է դրդել մեծամասնությանը վերանայել սեփական տեսակետը։ Կարևոր է ընդգծել, որ սա վերաբերում է այն իրադրություններին, որտեղ խոսքը ոչ թե կարծիքի, այլ փաստի մասին է։ Փոքրամասնությունը հաղթելու ավելի մեծ շանսեր ունի այն դեպքում, երբ իր տեսակետը բոլոր հարցերում համընկնում է մեծամասնության տեսակետի հետ, սակայն չի համապատասխանում որևէ կետով (օրինակ՝ երբ «այլախոհները» մեծամասնության հետ լիովին համաձայն են գունաընկալման թեստի հարցերի պատասխանների հետ, սակայն մեկ եզակի նկարի գույնի դեպքում համառորեն պաշտպանում են իրենց տեսակետը)։
  • Աջակցություն - նպատակաուղղված փոքրամասնությունը կարող է ներգործել խմբի մեծամասնության միասնականության վրա։ Այն դեպքում, երբ փոքրամասնությունը պարբերաբար ցուցադրում է իր անհամաձայնությունը գերակայող խմբի տեսակետի հետ, մեծամասնության կազմում գտնվող այլախոհները սկսում են ազատորեն արտահայտել և զարգացնել իրենց կասկածները, ինչի արդյունքում մեծանում է փոքրամասնությանը նրանց միանալու հավանականությունը։ Շատ կարևոր է տարհամոզել մեծամասնության գոնե մեկ ներկայացուցչի։ Մի շարք գիտափորձերի արդյունքում պարզվել է, որ իրենց կարծիքը փոխածների ի հայտ գալուն պես շատ արագ նրանց հետևից գնում են մյուսները՝ առաջ բերելով ձնազանգվածի էֆեկտ[4]։
  • Ժամանակ - Մոսկովիչիի գիտափորձերն անցկացվել են 1969 թվականին, երբ Ֆրանսիայում, Գերմանիայում և այլ երկրներում ավարտվել էին ուսանողական հուզումները։ Սկսվել էր կանանց իրավունքների պաշտպանության, բնապահպանության և այլ շարժումների հերթական բռնկումը։ Դա հարմար ժամանակահատված էր ակտիվ փոքրամասնության ազդեցությունն ուսումնասիրելու համար, քանի որ հանրության շրջանում նկատվում էին քաղաքական և սոցիալական դժգոհություններ։ Հետևաբար փոքրամասնության արդյունավետ ներգործության համար անհրաժեշտ են նաև համապատասխան հասարակական պայմաններ[5]։

Այլընտրանքային տեսակետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոցիալական հոգեբանության ոլորտի հոգեբաններ Դեյվիդ Դոյչը և Հենրի Ջերարդը, համեմատելով փոքրամասնության և մեծամասնության հոգեբանական մեխանիզմները, դրանք մեկնաբանել են որպես ներգործության երկու տարբեր տեսակ՝ նորմատիվային (մեծամասնության կարծիքը անձի կողմից ընկալվում է որպես խմբային նորմա) և տեղեկատվական (փոքրամասնության կարծիքը որոշում ընդունող անձի համար հանդես է գալիս միայն որպես տեղեկատվություն)[6]։ Ներգործության մեխանիզմը երկու դեպքում էլ տարբեր է․ մեծամասնությունը բառի բուն իմաստով «ճնշում» է իր նորմերով՝ անձի կարծիքը ենթարկեցնելով իրեն։ Արդյունքում անձը փոխում է իր վարքագիծը՝ ցուցաբերելով համաձայնություն և մնալով խմբի անդամ, սակայն չփոխելով իր կարծիքը (արտաքին կոնֆորմիզմ)։ Փոքրամասնությունն անձին առաջարկում է նոր տեղեկատվություն, և միայն այդ տեղեկատվությանը վստահելու պարագայում է հավանական, որ անձը կփոխի իր տեսակետը և կընդունի նորը (ներքին կոնֆորմիզմ)։

Նորմատիվ ազդեցության դեպքում անձը նախընտրում է ընդառաջ գնալ խմբին, որպեսզի չմերժվի նրա կողմից։ Ինչպես լաբորատոր պայմաններում, այնպես էլ իրական կյանքում խումբը հաճախ մերժում է նրանց, ովքեր դեմ են գնում մեծամասնությանը։ Դրա պատճառով «այլախոհները» հաճախ պաշտպանում են այն տեսակետը, որի հետ համաձայն չեն, կամ թաքցնում են իրենց անհամաձայնությունը։ Որպես նորմատիվային ազդեցության աղբյուր՝ հանդես է գալիս սոցիալական կերպարը (իմիջը), այն դեպքում, երբ տեղեկատվական ազդեցության դեպքում անձը ձգտում է ձեռք բերել իրականությունն արտացոլող գիտելիքներ[7]։

Փոքրամասնության ազդեցության բնույթը դեռևս քննարկումների առարկա է հանդիսանում[8]։ Ակտիվ փոքրամասնության սոցիալական ներգործության հայեցակարգը շատ հարցեր է առաջացնում ոչ միանշանակության և կոնֆորմիզմի գաղափարներին հակասելու պատճառով։ Որոշ հետազոտողներ կարծում են, որ գունային հետազոտության արդյունքներն այնքան էլ արժանահավատ չեն։ Գիտափորձերի արդյունքում ստացված տվյալները չունեն հաստատող արդյունքներ, որոնց հիման վրա կարելի կլինի համոզված ասել, թե իրականում ինչ է «տեսնում» հետազոտվողը բանավոր կամ գրավոր պատասխան տալու ժամանակ։ Հայտնի չէ՝ փոքրամասնությունը, հակառակ տեսակետի հարելով, անմիջական ներգործություն ունեցել է հետազոտվողների պատասխանների վրա, թե ոչ։ Գիտափորձի արդյունքների ստուգման համար անցկացվել են այլ հետազոտություններ, սակայն դրանք ևս հիմք չեն հանդիսանում միանշանակ եզրակացություններ կատարելու համար[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 10 самых жестоких экспериментов в социальной психологии
  2. Токарева М. Ю. Меньшинство как источник социального влияния. // Научный журнал: Вопросы психологии. — Психологический словарь, 01.1996. — С. 51-54.
  3. 50
  4. Van Avermaet, E. (1996). "Social Influence in small groups". Introduction to Social Psychology: A European Perspective.https://books.google.am/books/about/Social_influence_in_small_groups.html?id=TDyCZwEACAAJ&redir_esc=y
  5. http://www.psychologyexpert.ru/psys-57-5.html
  6. Deutsch, M., & Gerard, H. B. (1955). «A study of normative and informational social influences upon individual judgment.» The Journal of Abnormal and Social Psychology, 51(3) http://web.comhem.se/u52239948/08/deutsch55.pdf Archived 2017-01-12 at the Wayback Machine.
  7. Эксперимент Московичи
  8. «Hidden Impact of Minorities: Fifteen Years of Minority Influence Research» Anne Maass, Russell D. Clark III - Psychological Bulletin 1984, Vol. 95, No. 3, 428-450 http://www.tusculum.edu/faculty/home/tharlow/Social%20221/working%20folder/Maass%20_%20Clark%201984.pdf Archived 2016-12-20 at the Wayback Machine.
  9. Социальный конформизм ver. 1.3: влияние меньшинства - Вольф Кицес

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Токарева М. Ю. Меньшинство как источник социального влияния. // Научный журнал: Вопросы психологии. — Психологический словарь, 01.1996. — С. 51-54.
  • Тернер Дж. Социальное влияние = Social Influence. — Brooks/cole Publishing Company, 1991. — С. 106. — 256 с.
  • Deutsch, M., & Gerard, H. B. A study of normative and informational social influences upon individual judgment = Social Influence. — The Journal of Abnormal and Social Psychology, 51(3), 1955. — 629-636 с.
  • Anne Maass, Russell D. Clark III. Hidden Impact of Minorities: Fifteen Years of Minority Influence Research = Social Influence. — 1984. — 428-450 с.