Ճարպ-սեռական սնուցախանգարում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ճարպ-սեռական սնուցախանգարում ադիպոզո-գևնիաալդիստրոֆիա, Պեխկրանցի-Բաբինսկու-Ֆրոյլիխի հիվանդություն, դիէնցեֆալ-հիպոֆիզային համակարգի ախտահարում, արտահայտվում է ճարպակալմամբ և սեռական օրգանների թերզարգացմամբ։ Առավելապես հանդիպում է վաղ մանկական տարիքում, երբեմն՝ ավելի ուշ։ Պատճառը դիէնցեֆալ շրջանի հանգույցների ախտահարումն է, որոնք արտադրում են հիպոֆիզի գոնադոտրոպ հորմոնների սեկրեցիան կարգավորող հատուկ գործոններ։ Հիվանդության առաջացմանը նպաստում են նաև ժառանգական նախատրամադրվածությունը, հիպոթալամուսային շրջանի բորբոքային, հազվադեպ՝ ուռուցքային բնույթի փոփոխությունները։ Ախտանշաններն ի հայտ են գալիս վաղ մանկական տարիքում։ Երեխաների մոտ սեռական օրգանները չեն զարգանում, հաճախ ամորձիները մնում են որովայնի խոռոչում (կրիպտօրխիզմ)։ ճարպակալումը լինում է կրծքագեղձերի, կոնքի, ազդրերի շրջանում։ Մաշկը գունատ է, սառը, բարակ, թափանցիկ, մազածածկը՝ նոսր։ Տղաների դեմքը չի մազակալում։ Գլխի մազերը բարակ են, փափուկ, մետաքսանման։ Հիվանդության ելքն առավելապես բարենպաստ է։ Բուժումը․ հորմոնային դեղամիջոցներ, ցածր կալորիականությամբ դիետա, ֆիզիկական բարձր ակտիվության ապահովում, դիէնցեֆալիտների առկայության դեպքում՝ հակաբորբոքային դեղամիջոցներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 89 CC-BY-SA-icon-80x15.png