Ճարմանայի ճակատամարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ճարմանայի ճակատամարտ
Թվական482 թվական
Մասն էՎահանանց պատերազմ
ՎայրՃարմանայն դաշտ
ԱրդյունքՍասանյան Պարսկաստանի հաղթանակ
Հակառակորդներ
Մարզպանական Հայաստան Մարզպանական Հայաստան
Վրաց մարզպանություն
Սասանյան Պարսկաստան
Հրամանատարներ
Մարզպանական Հայաստան Վահան Մամիկոնյան, Սահակ Բագրատունի, Վախթանգ թագավոր Միհրան հրամանատար
Կողմերի ուժեր
Ռազմական կորուստներ
ԾանրԹեթև

Ճարմանայի ճակատամարտ, ռազմական բախում մի կողմից Մարզպանական Հայաստանի և Վրաց մարզպանության, իսկ մյուս կողմից Սասանյան Պարսկաստանի միջև, որը տեղի է ունեցել 482 թվականին Ճարմանայն դաշտում։ Վրաց մարզպանությունը վերստին նվաճելու և Վախթանգ թագավորի ապստամբությունը ճնշելու նպատակով, 482 թվականի ամռանը պարսկական մի խոշոր զորաբանակ, Միհրանի հրամանատարությամբ, Աղվանքի վրայով ներխուժում է Վրաստան և բանակում Ճարմանայն դաշտում։ Վախթանգ թագավորը ռազմական օգնություն է խնդրում դաշնակից հոներից և հայերից։ Հայկական զորքը, Վահան Մամիկոնյանի և Սահակ Բագրատունու գլխավորությամբ, անցնում է Կուրը և վրաց ուժերի հետ բանակում հակառակորդի զորաճամբարի դիմաց։ Հոները հրաժարվում են խոստացած օգնությունից։ Վահան Մամիկոնյանը հայ-վրացական փոքրաթիվ զորքերի մարտակարգը դասավորում է աջ և ձախ թևերի, կենտրոնի և պահեստազորի։ Ճակատամարտը վերջանում է հայերի և վրացիների պարտությամբ[1]։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևելյան Վրաստանում թագավոր Վախթանգ Գորգասալ ապստամբում է պարսիկների դեմ և սպանում Աշուշա բդեշխի որդուն՝ պարսից դրածո բդեշխ Վազգենին։ Նա նաև Վարդան Մամիկոնյանի փեսան էր՝ Շուշանիկի ամուսինը, որն ուրացել էր քրիստոնեությունը և ընդունել զրադաշտականություն, ապա փորձել էր ստիպել, որ Վարդանի աղջիկը՝ Շուշանիկը, նույնպես կրոնափոխ լինի, բայց նա չէր ուրացել և նահատակվել էր դրա համար։ Այս սպանությունից հետո ոչ միայն Վրաստանում, այլ նաև Հայաստանում սկսվում է ապստամբություն։ 481 թվականին հայ նախարարները Վահան Մամիկոնյանի ղեկավարությամբ հավաքվում են Շիրակ գավառում և որոշում ապստամբել։ Ստեղծվում է նոր կառավարություն՝ երկրի մարզպան է դառնում Սահակ Բագրատունին, իսկ սպարապետ՝ Վահան Մամիկոնյանը։ Այս ամենի հետևանքով Ատրվշնասպը Ատրպատականում զորք է հավաքում և ներխուժում Հայաստան[2]։

Ատրվշնասպի զորքի թիվը հասնում էր 7 հազարի, իսկ հայ ապստամբներինը՝ 400-ի։ Հայ ապստամբներին առաջնորդում էր Վահան Մամիկոնյանի եղբայրը՝ Վասակը, որը հասկանալով, որ անհնար է բաց տեղանքում պարսիկների այսպիսի թվային առավելության դեպքում հաղթանակ տանել, ընտրում է մի հարմար տեղանք՝ Մասիսի լանջին գտնվող Ակոռի գյուղը։ Տեղի ունեցած ճակատամարտում հայերը լիակատար հաղթանակ են տոնում, սպանվում է նաև պարսից հրամանատար Ատրվշնասպը, իսկ Վասակը հանդիսավոր վերադառնում է Դվին[3][4]։ Ակոռիի ճակատամարտից հետո հայոց իշխանական զորքը շտապ առաջխաղացում է ցուցաբերում՝ փորձելով թույլ չտալ պարսիկներին ներխուժել երկրի Միջնաշխարհ։ Հաջորդ ճակատամարտը տեղի է ունենում Ավարայրի դաշտից քիչ հեռու գնվող Ներսեհապատ գյուղում, որտեղ պարսիկները նախահարձակ են լինում։ Սակայն հայկական զինված ուժերը կարողանում են հակահարված տալ հակառակորդին և հաղթանակ տոնել[4]։

Ճակատամարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վահանանց պատերազմի երկրորդ ճակատամարտից հետո, Վրաց մարզպանությունը վերստին նվաճելու և Վախթանգ թագավորի ապստամբությունը ճնշելու նպատակով, 482 թվականի ամռանը պարսկական մի խոշոր զորաբանակ, Միհրանի հրամանատարությամբ, Աղվանքի վրայով ներխուժում է Վրաստան և բանակում Ճարմանայն դաշտում։ Վրաց արքա Վախթանգը, իմանալով այդ մասին, օգնության է կանչում հայերին։

Հանգստության այդ միջոցին էր, որ վրա հասավ վրաց Վախթանգ թագավորի սուրհանդակը։ Վախթանգը հայերին շուտով օգնության էր կանչում, որովհետև, ասում էր, պարսից մի ուժեղ գունդ եկավ մեր աշխարհը, և ես, տեսենլով, որ չպիտի կարողանամ մենակ դիմադրել նրան, քաշվել եմ Հայոց լեռները՝ Վրաստանի սահմանի մոտ։ Նորից վրաց թագավորը հայերին գրավում էր իր դաշնակից հոների անունով, ասելով թե ինքն արդեն հրաման է տվել հոներին ուժեղ գնդով օգնության գալ, և նրանց գալու հասնելուց հետո հայերին ու վրացիներին իսկապես ոչինչ չի մնում անելու, բայց միայն հանգիստ հանդիսատես լինել նրանց կռիվներին։
- Լեո «Հայոց Պատմություն» երկրորդ հատոր, էջ 116

Վահան Մամիկոնյանը չի կարողանում մերժել վրաց թագավորի խնդրանքը, ուստի հայոց բանակն ամռանն ուղևորվում է Վրաստան։

Վահան Մամիկոնյանը չկարողացավ անտես անել Վախթանգի դիմումը, ելնելով դաշնակցի պարտաճանաչությունից։ Դաշնակցության ուխտն ավետարանի վրա էր արված, և հայերն անկարելի համարեցին դրժել այդ նվիրական ուխտին։ Ուստի ամառվա մեջ թողին իրենց ծաղկափթիթ հովոցը և ամբողջ բանակով ճանապարհվեցին Վրաստան։ Այստեղ նրանց սպասում էին դառն անհաջողություն և ծանր կորուստներ…
- Լեո «Հայոց Պատմություն» երկրորդ հատոր, էջ 116

Ճակատամարտից առաջ հայոց սպարապետը զորքը բաժանում է 3 մասի․

  • Կենտրոնի հրամանատարությունը հանձնվում է Ներսեհ և Հրահատ Կամսարականներին, իսկ որպես օգնական նշանակվում է Դնունյաց իշխանը։
  • Ձախ թևը հանձնվում է Վախթանգ թագավորին։
  • Աջ թևը հանձնվում է Բարշղ Վահունուն, իսկ որպես օգնական նշանակվում է Սոտոնի Գաբեղյանը։
  • Պահեստազորի հրամանատարությունը հանձնվում է Սահական Բագրատունուն, իսկ որպես օգնական՝ Բաբկեն Սյունուն։

Ճակատամարտը սկսվում է փոխադարձ գրոհներով։ Կամսարականները, զարգացնելով կենտրոնի նախաձեռնությունը, հաղթում են իրենց դեմ կռվող զորամասին և նվաճում Կուրի աջ ափը։ Սակայն աջ և ձախ թևերը չեն կարողանում զարգացնել այդ հաջողությունը։ Ձախ և աջ թևերը, առանց լուրջ դիմադրության, խուճապահար նահանջում են։ Օգտվելով իրավիճակից՝ պարսից Միհրան զորավարը վերադասավորում է ուժերը և կարողանում հաղթել ճակատամարտը։ Կռվի ընթացքում զոհվում են Վահան Մամիկոնյանի եղբայր Վասակը և սպարապետ Սահակ Բագրատունին, գերի են վերցվում Հրահատ Կամսարականը, Սյունյաց սեպուհ Յազդը և ուրիշներ։ Հայկական զորքերը պարտությունից հետո նահանջում են Տայք։ Հաջորդ հանդիպումը տեղի է ունենում Բասենի Դու գյուղի մոտ, որտեղի բանակցությունների ընթացքում Միհրանը ցանկանում էր համոզել Վահանին, որպեսզի նա վերջ տա հայերի և պարսիկների միջև թշնամությանը և հնազանդվի նրան՝ խոստանալով բարձր պաշտոններ և պատիվներ։ Միհարնը հայոց սպարապետի կողմից մերժում է ստանում, սակայն նրանց միջև կռիվ տեղի չի ունենում, քանի որ Միհրանը կանչվել էր հեփթաղների դեմ ուղարկվելու համար։ Ներսեհ Կամսարականը, հետապնդելով Պարսկաստան վերադարձող զորաբանակին, Բագրևանդ գյուղի մոտ անսպասելի գրոհով կարողանում է ազատել եղբորը՝ Հրահատին։ Պարսից ուժերի հեռանալուց հետո Վահան Մամիկոնյանը աշնանը վերադառնում է Դվին և վերակառուցում բանակը։

արդյունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկական զորքերի հրամանատար Վահան Մամիկոնյանի տուն վերադարձ ճակատամարտից հետո (481-484)։ Ջուլիան Զասսոյի նկար, 19-րդ դար

Այս և ապստամբության այլ ճակատամարտերի արդյունքում (Ներսեհապատի, Դվինի) կնքվում է Նվարսակի պայմանագիրը, ըստ որի[5]՝

  • Վերացնել կրոնափոխության հարկադրանքը, քանդել Հայաստանում կառուցված կրակատները և դժվարություններ չստեղծել հայկական եկեղեցու գործունեության համար։
  • Սասանյան Պարսկաստանի թագավորի և հայերի միջև այսուհետ միջնորդներ չպետք է լինեին։
  • Չմիջամտել հայ նախարարների ներքին գործերին, չհավատալ «երկերեսանի, բախտախնդիր անձանց» ամբաստանություններին, ունկնդրել «ուղղամիտ» մարդկանց խորհուրդները։
  • Վահան Մամիկոնյանը պարտավորվել է հեծելագունդ ուղարկել Պարսկաստան՝ գահի հավակնորդ Զարեհի դեմ։ Հայոց հեծելագունդը կարևոր դեր է խաղացել գահակալական կռիվներում՝ պարտության մատնելով ու սպանելով Զարեհին[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հ․ Գ․ Ժամկոչյան, Ա․ Գ․ Աբրահամյան, Ս․ Տ․ Մելիք-Բախշյան, Ս․ Պ․ Պողոսյան «Հայ ժողովրդի պատմություն․ սկզբից մինչև XVIII դարի վերջ», էջ 291
  2. Լեո «Հայոց Պատմություն։ Միջին դարեր» երկրորդ հատոր. Երևան: «Հայաստան» հրատարակչություն. 1967. էջ 113.
  3. Լեո «Հայոց Պատմություն։ Միջին դարեր» երկրորդ հատոր. Երևան: «Հայաստան» հրատարակչություն. 1967. էջ 114.
  4. 4,0 4,1 «Մեր հաղթանակները», հատոր Բ. Երևան: «Նորավանք» հրատարակչություն. 2009. էջեր 79–85.
  5. Կարեւորագույն պայմանագրերը Հայաստանում սկզբից մինչև XIV դարը, էջ 27-33
  6. Լեո, Երկեր, հ. 2, Երևան, 1967թ., էջ 126-128։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]