Ճառագայթային ռեժիմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արեգակ

Ճառագայթային ռեժիմ, կլիմայի բաղկացուցիչ մաս, տվյալ աշխարհագրական վայրում Արեգակի ճառագայթային էներգիայի մուտքի ու ելքի առանձնահատկություն։ Որոշվում է արեգակնային ճառագայթային էներգիայի այն մասով, որ երկրի մակերևույթ է հասնում Արեգակից ուղիղ ճառագայթմամբ՝ 0,3-4 միկրոն երկարության ալիքի սահմաններում, արեգակնային ճառագայթային էներգիայի մյուս մասն էլ երկրի մակերևույթ է հասնում մթնոլորտում ցրվելուց հետո (ցրված ճառագայթում)։

Ուղիղ ճառագայթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուղիղ ճառագայթման ուժգնությունը առավելագույնին է հասնում Արեգակի՝ հորիզոնից ամենաբարձր դիրքում գտնվելու պահին՝ մաքուր մթնոլորտի պայմաններում։ Հայաստանի տարածքում այն տարվա ընթացքում ուղղահայաց մակերևույթի համար 12264 ՄՋ/մ2 է։ Ուղիղ և ցրված ճառագայթների գումարը՝ գումարային ճառագայթումը, ամենաքիչը (768 ՄՋ/մ2) դիտվում է նոյեմբեր-հունվարին, ամենաշատը (2180 ՄՋ/մ2)՝ հունիս-օգոստոսին։

Արդյունարար ճառագայթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաշվեկշռի հիմնական տարրերից է արդյունարար ճառագայթումը, որը երկրագնդի և մթնոլորտի հանդիպակաց ճառագայթային էներգիայի տարբերությունն է։ Դրական հաշվեկշռի դեպքում երկրի մակերևույթը ստանում է ջերմություն, տաքանում են օդն ու հողը, և կատարվում է գոլորշացում, բացասականի դեպքում երկրի մակերևույթից անջատվող ջերմության հետևանքով տեղի են ունենում հողի ու օդի սառեցում և ցրտահարություն։ Մթնոլորտի խոնավությունը և ամպամածությունը խիստ նվազեցնում են արդյունարար ճառագայթումը։ Մասնավորապես դրանով են բացատրվում ցրտահարությունները պարզկա գիշերներին (գարնանը և աշնանը)։

Հայաստանում ճառագայթման տարեկան հաշվեկշիռը դրական է, սակայն լեռնային ռելիեֆի պատճառով, սկսած մոտ 3200 մ բարձրությունից, այն դառնում է բացասական։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։