Jump to content

Ճապոնիայի ֆինանսական ծառայություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ճապոնիայի բանկ Տոկիոյում

Ճապոնիայի Ֆինանսական ծառայությունների ոլորտ, ներառում է մի շարք կազմակերպություններ, որոնք զբաղվում են փողի հետ առնչվող գործունեությամբ՝ բանկեր, ապահովագրական ընկերություններ, հաշվապահական ընկերություններ, ֆինանսական կազմակերպություններ, հարկային մարմիններ, ներդրումային ֆոնդեր, վարկային կազմակերպություններ և որոշ պետական հիմնարկներ։ Այդ ոլորտում առկա գործունեությունը կամ ծառայությունները, որոնք ուղղված են երկրի տնտեսությանը, կոչվում են ֆինանսական ծառայություններ։ Այսպիսով, Ճապոնիայի ֆինանսական ոլորտի կողմից մատուցվող տնտեսական ծառայությունները կոչվում են «ֆինանսական ծառայություններ Ճապոնիայում»։ Այս ծառայությունները գոյություն ունեն ամբողջ աշխարհում՝ տարածաշրջանային, ազգային և միջազգային մակարդակներում՝ զարգացած տնտեսություն և ժողովրդագրություն ունեցող շրջաններում, ինչպիսիք են Սիդնեյը, Նյու Յորքը, Լոնդոնը, Տոկիոն և այլն[1]։

Ճապոնիան լինելով աշխարհի խոշոր արդյունաբերական զարգացած երկրներից մեկը, ունի հիմնական ֆինանսական մարմիններ՝ առևտրային բանկեր։ Ճապոնիայում գործում են նաև արտարժույթի առք ու վաճառքով զբաղվող կազմակերպություններ, արժեթղթերի և կապիտալի շուկաներ։ Պետական սեփականություն հանդիսացող հիմնարկները միջոցներ են ներարկում տնտեսության և դրամական շուկաների մեջ՝ ապահովելու իրացվելիություն և աջակցում են Ճապոնիայի կենտրոնական բանկին՝ դրամավարկային քաղաքականության իրականացման գործում[2]։

Ճապոնական արժույթի պատմություն և արտարժույթ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճապոնիայի ազգային արժույթն է ճապոնական իենն է։ Ճապոնական իենի և եվրոպական ֆունտի փոխանակման հարաբերակցությունը ամենատարածվածներից մեկն է։ Ճապոնական իենի միջազգային կոդն է JPY, իսկ սիմվոլը՝ ¥։ Իենը ունի մանր միավոր՝ 1/100, որը կոչվում է սեն, սակայն ներկայումս սենը գործածությունից դուրս է եկել։ Ճապոնիայի կենտրոնական բանկի տոկոսադրույքը ներկայումս կազմում է -0.10%, իսկ ինֆլյացիայի մակարդակը՝ 0.50% (որը կարող է փոփոխվել՝ կախված շուկայի շարժից)։

Ճապոնական իենի մետաղադրամների անվանական արժեքներն են՝ ¥1, ¥5, ¥10, ¥50, ¥100 և ¥500, իսկ թղթադրամները՝ ¥1000, ¥5000, ¥10000 և ¥2000 (վերջինս հազվադեպ է օգտագործվում)։ Ճապոնիայի կենտրոնական բանկն է՝ Ճապոնիայի բանկը (անգլ.՝ Bank of Japan

Ճապոնական իենը Ասիայում ամենաշատ վաճառվող արժույթն է և աշխարհում՝ երրորդը՝ հիմնականում ցածր տոկոսադրույքների պատճառով։ Երբ ցածր տոկոսադրույք ունեցող արժույթը վաճառվում է՝ բարձր տոկոսադրույք ունեցող արժույթ գնելու նպատակով, դա կոչվում է տեղափոխման առևտուր (անգլ.՝ carry trade)։ Ճապոնական իենն ամենաշատ օգտագործվում է տեղափոխման առևտրի համար՝ ԱՄՆ դոլարի և ավստրալական դոլարի նկատմամբ[3]։

Արժույթի փոխանակման կետերը կարելի է գտնել գրեթե բոլոր խոշոր օդանավակայաններում։ Ճապոնիան ունի կանխիկի վրա հիմնված հասարակություն, և կարևորում է ծանր դրամապանակը։ Այնուամենայնիվ, հնարավոր է օգտագործել միջազգային վարկային քարտեր՝ տաքսիներում, երկաթուղային տոմսերի գնելիս և որոշ այլ ծառայությունների դեպքում[4]։

Բանկային համակարգ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանկերն իրենց մեջ ներառում են Ճապոնիայի ֆինանսական ծառայությունների ամենամեծ և կարևոր հատվածը։ Ճապոնիայի բանկային համակարգը կարելի է բաժանել՝

  • Առևտրային բանկային համակարգի
  • Ներդրումային բանկային համակարգի

Առևտրային բանկեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առևտրային բանկերն ավելի անմիջականորեն են գործում խնայողությունների և վարկերի տրամադրման ոլորտում, մինչդեռ ֆինանսական ծառայությունները կարող են ներառել նաև ապահովագրություն, ռիսկի բաշխում, ներդրումներ և այլն։ Առևտրային բանկերն են թողարկում դեբետային և վարկային քարտեր, պահպանում ավանդներ և վարկեր են տրամադրում հանրությանը։ Նրանք հիմնականում գործում են ընդհանուր բնակչության հետ։ Բանկերի հիմնական եկամտի աղբյուրներն են՝ վարկերի տոկոսադրույքները, վճարները, միջնորդավճարները[5]։

Ներդրումային բանկեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներդրումային բանկերն ապահովում են արժեթղթերի առքուվաճառք, ունեցվածքի կառավարում, հարկային խորհրդատվություն, միավորումների և գնումների խորհրդատվություն (անգլ.՝ merger and acquisition) և այլն։ Այս բանկերը սովորաբար նախատեսված չեն լայն հասարակության, այլ՝ բարձր եկամուտ ունեցող հաճախորդների և մեծ գործարքներ իրականացնող կազմակերպությունների համար[5]։

Ճապոնիայի բանկային համակարգը համարվում է համեմատաբար կայուն, քանի որ բանկերի իրացվելիությունը, ակտիվների ռիսկերը և գործառնական միջավայրը փոխհատուցում են մյուս բացասական գործոնները։ Ճապոնիայում գործում է մոտ 200 բանկ։ Ճապոնիայի բանկը վերահսկում է դրամաշրջանառությունը երկրի ներսում և վերջինի միջոցով կարող է ֆինանսավորում տրամադրել բանկերին։ Ներքին լիցենզավորված բանկերն են՝ քաղաքային բանկեր, տարածաշրջանային բանկեր և վստահության բանկեր, ինչպես նաև կան շատ օտարերկրյա բանկեր[6]։

Ճապոնիայի խոշոր բանկերը

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Mitsubishi UFJ Financial group» – հիմնադրվել է 1880 թ.-ին։ Գործունեությունը ներառում է մանրածախ բանկային ծառայություններ, կորպորատիվ բանկինգ, վստահության ակտիվներ և գլոբալ բիզնես։ Ունի 2901 միլիարդ ԱՄՆ դոլարի ակտիվներ և 14 միլիարդ դոլարի եկամուտ՝ ըստ 2016 թվականի։ Ունի 140,000 աշխատակից և ներկայացված է 50 երկրում[6]։

«Japan Post Bank» –սպասարկում է կորպորատիվ և մանրածախ հաճախորդներին Ճապոնիայում և ամբողջ աշխարհում։ Ունի 714.4 միլիարդ դոլարի ակտիվներ և 3 միլիարդ դոլարի եկամուտ՝ ըստ 2016 թվականի[6]։

«Mizuho Financial Group» – տրամադրում է ֆինանսական և բանկային ծառայություններ տարբեր ոլորտներում՝ մանրածախ և բիզնես, կորպորատիվ և ինստիտուցիոնալ, գլոբալ շուկաներ և այլն։ Ունի 400 միլիարդ դոլարի ակտիվներ և 5 միլիարդ դոլարի շահույթ՝ ըստ 2016 թվականի[6]:

Բացի այդ, Ճապոնիայի բանկային ոլորտում գործում են նաև այլ քաղաքային, տարածաշրջանային և վստահության բանկեր (անգլ.՝ trust banks), ինչպիսիք են՝ «Sumitomo Mitsui Financial Group»,

«Norinchukin Bank», «Resona Holdings», «Concordia Financial Group», «Fukuoka Financial Group», «Chiba Bank» and «Hokuhoku Financial Group» և այլն[6]:

Սակայն, համաձայն Ճապոնիայի ֆինանսական ծառայությունների վերաբերյալ 2019/2020թ․ զեկույցի, բանկերի եկամտաբերությունը ցածր մակարդակի վրա է, քաղաքային բանկերը չեն աճում, այդ իսկ պատճառով բանկերը սկսել են վերանայել իրենց բիզնես մոդելները՝ հարմարվելու նոր պայմաններին[7]։

Ճապոնական օրենքը սահմանում է մի քանի տեսակի ֆինանսական հաստատություններ՝

  • Կենտրոնական բանկ ()՝ ներկայումս դա է Ճապոնիայի բանկը (անգլ.՝ Bank of Japan
  • Առևտրային բանկեր (ճապոներեն՝ 市中銀行), որոնք բաժանվում են երեք տիպի՝
    • Երկարաժամկետ վարկային բանկեր (ճապոներեն՝ 長期信用銀行)՝ այժմ չգործող դասակարգում,
    • Վստահության բանկեր (ճապոներեն՝ 信託銀行),
    • Սովորական բանկեր (ճապոներեն՝ 普通銀行), որոնք իրենց հերթին բաժանվում են չորս տիպի՝
      • Ֆինանսական կենտրոնի բանկեր (ճապոներեն՝ 都市銀行)՝ կենտրոնակայանով Տոկիոյում կամ Օսակայում և սպասարկում են ամբողջ Ճապոնիան։ 1990-ականների ֆինանսական ոլորտի միավորումների արդյունքում այս սեկտորը ներկայում ներառում է երեք «մեգաբանկ՝
        • «Bank of Tokyo Mitsubishi UFJ»
        • «Sumitomo Mitsui Banking Corporation»
        • «Mizuho Financial Group» ինչպես նաև երեք փոքր բանկ՝
        • «Aozora Bank»
        • «Resona Holdings»
        • «Shinsei Bank»
      • Տարածաշրջանային բանկեր (ճապոներեն՝ 地方銀行)
      • Երկրորդային տարածաշրջանային բանկեր (ճապոներեն՝ 第二地方銀行)
  • Այլ բանկեր, որոնք ներառում են մի շարք ոչ պաշտոնական դասակարգումներ՝
    • Ուղիղ բանկեր (ճապոներեն՝ ネット銀行)՝ հիմնականում ինտերնետային ծառայություններ մատուցող բանկեր
    • Արտասահմանյան բանկերի տեղական մանրածախ դուստր ձեռնարկություններ, ինչպես օրինակ՝ «Citibank» և «Shinhan Bank»
  • Այլ կառավարական արտոնագրված բանկեր, որոնց թվում են՝
    • Ճապոնիայի փոստային բանկը (անգլ.՝ Japan Post Bank)
    • Ճապոնիայի զարգացման բանկը (անգլ.՝ Development Bank of Japan)
    • Փուլային բանկեր (ճապոներեն՝ 承継銀行)՝ ժամանակավոր կառավարական կառույցներ, որոնք ստեղծվում են ձախողված բանկերի գործունեությունը շարունակելու նպատակով։

Ճապոնիայի և օտարերկրյա քաղաքացիները կարող են դիմել միջազգային քարտի (անգլ.՝ ATM card) համար, որը համապատասխանում է «Cirrus» կամ «PLUS» միջբանկային ցանցերին։ Օտարերկրյա քաղաքացիները պետք է ներկայացնեն օտարերկրացու գրանցման քարտ (անգլ.՝ Alien Registration Card)՝ հաշիվ բացելու համար։

Միջբանկային բանկոմատները (անգլ.՝ Interbank ATMs) տարածված են ամբողջ երկրում, հատկապես խիտ բնակեցված քաղաքային շրջաններում։

Ճապոնիայի ֆինանսական հատվածում առկա խնդիրներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հմտությունների զարգացման քաղաքականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականի ֆինանսական ճգնաժամի հետևանքով ընկերությունների կողմից նախաձեռնած հմտությունների զարգացման ծրագրերը զգալիորեն կրճատվել են։ Բացի այդ, քանի որ ճապոնական ֆինանսական հաստատությունները ունեն երկարատև հմտությունների ուսուցման գործընթացներ, աշխատակիցների մասնակցության մակարդակը նվազել է, ինչի հետևանքով հաստատությունները այժմ հարկադրված են քիչ թվով աշխատակիցներ վարձել[8]։

Կանանց աշխատանքային ուժը Ճապոնիայի աշխատանքային շուկայում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուշադրություն է դարձվել կանանց աշխատուժին՝ աշխատանքային ռեսուրսների պակասի և տարեց բնակչության աճի պատճառով։ Ֆինանսական ոլորտում օգտագործվում է կանանց աշխատանքային ուժը ավելի շատ, քան Ճապոնիայի որևէ այլ ոլորտում։ Հատկապես 34–44 տարեկանում կանանց թիվը մեծ է, սակայն այդ տարիքում կանոնավոր աշխատող կանանց թիվը նվազում է մայրական արձակուրդի պատճառներով։ Հետևաբար, ֆինանսական հաստատությունները կարող են կարիք ունենալ աջակցելու կանանց՝ աշխատանք վերադառնալու համար նույնիսկ մայրական արձակուրդից հետո[8]։

Ֆինանսական հատվածի աշխատակիցների հոգեկան առողջությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համեմատած շինարարության, արտադրության, կրթության և առողջապահության ոլորտների հետ՝ ֆինանսական հատվածում ավելի տարածված են հոգեկան առողջության խնդիրները։ Ճապոնիայում հոգեկան խնդիրներ ունեցող աշխատողների թիվը գնալով աճում է, հատկապես ֆինանսական ծառայությունների ոլորտում։ Ուստի, պետք է լրջորեն քննարկել և արդյունավետորեն կառավարել աշխատակիցների հոգեկան առողջության հարցերը, քանի որ այդ խնդիրներն ուղիղ ազդեցություն ունեն ֆինանսական հաստատությունների վրա, որոնք հաճախ երկարաժամկետ աշխատակիցներ են ներգրավում[8]։

Աշխատանք–կյանք հավասարակշռություն և կառավարման մեթոդներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճապոնիայի ֆինանսական հաստատություններում երկար աշխատանքային ժամերը սովորական երևույթ են։ Այս պատճառով 30 տարեկանից բարձր կանանց թիվը քիչ է։ Տղամարդ և կին աշխատողների միջև աշխատանքային ժամերի մեծ տարբերություն կա․ որոշ տղամարդիկ աշխատում են ամսական 180–200 ժամ, մինչդեռ կանայք՝ 140 ժամից պակաս՝ ոչ կանոնավոր կամ ժամանակավոր աշխատանքային պայմանագրով։ Այս տարբերությունները ցույց են տալիս, որ կանայք հաճախ խուսափում են մշտական աշխատող լինելուց, քանի որ նրանցից պահանջվում է շատ երկար աշխատել՝ տղամարդ գործընկերների հետ մրցակցելու համար[8]։

Կառավարումը պետք է վերափոխի իր մեթոդներն ու միջավայրը՝ թույլ տալով ավելի քիչ ժամեր աշխատել՝ միևնույն ժամանակ արժեք ավելացնել ֆինանսական ծառայություններին։ Պետք է գնահատել աշխատակիցներին ոչ թե ըստ աշխատած ժամերի, այլ ըստ արժեքի, որն իրենք բերում են ընկերությանը՝ այդ կերպ պահպանելով տաղանդները՝ անկախ սեռից[8]։

Ապահովագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2001-02, 2008 և 2011 թվականներին՝ Հյուսիս-Արևելյան Ճապոնիայի երկրաշարժի, 2008 թվականի ֆինանսական ճգնաժամի և սեպտեմբերի 11-ի հարձակումների հետևանքով, Ճապոնիայի ապահովագրական ոլորտը ֆինանսական կորուստներ է ունեցել։ Սակայն այս տարիներից բացի, ոլորտը ցուցաբերել է բացառիկ արդյունքներ 2000 թվականից ի վեր՝ տարեկան զուտ և ընդհանուր շահույթներ գրանցելով։ Այնուամենայնիվ, հիմնական ապահովագրական գործունեությունը մեծ շահութաբերությամբ աչքի չի ընկել[9]։

Ճապոնիայում ժողովրդագրական փոփոխությունները, բնական աղետների հաճախականության աճի հավանականությունը և սպառողների վարքագծի փոփոխությունները այն գործոններն են, որոնք ձևավորում են ապահովագրական ոլորտի միջավայրը։ Այս փոփոխությունները ենթադրում են, որ ապահովագրական բիզնեսի ապագան կարող է պահպանվել՝ ապահովագրական ապրանքների անհատականացման, ոլորտների միջև փոխկապակցված էկոհամակարգի ստեղծման և մարդկային դերի վերանախագծման միջոցով[9]։

Ճապոնիայի ապահովագրական ոլորտը աշխարհի ամենամեծներից մեկն է՝ տարեկան 35 տրիլիոն իեն ծավալով՝ երկրորդ տեղում ԱՄՆ-ից հետո։ Տարեց բնակչության աճը, ծնելիության նվազումը և տոկոսադրույքների անկումը լուրջ խնդիրներ են առաջացնում կյանքի և ոչ կյանքի ապահովագրության շուկաներում[10]։

Ճապոնիայի կյանքի ապահովագրության շուկան աշխարհում երրորդ տեղում է՝ ԱՄՆ-ից և Չինաստանից հետո։ Ճապոնացիների մոտ 90 տոկոսն ունի կյանքի ապահովագրության քաղաքականություն։ Ապահովագրական ակտիվ պայմանագրերի ծավալը նվազել է 1990-ականների վերջի 1.5 տրիլիոնից՝ պայմանավորված աշխատանքային ուժի նվազումով, այսինքն՝ տարեց բնակչության աճով[10]։

Կյանքի ապահովագրության օգտագործողներին կարող են օգուտներ տալ այն ապահովագրական ընկերությունները, որոնք կենտրոնանում են շահութաբեր արտադրանք ունեցող ներկա հաճախորդների վրա, ստեղծում են նոր արժեքներ ունեցող ծառայություններ և ապրանքներ՝ տարբեր տեսակի հաճախորդների համար, մշակում են մոդելներ՝ հաճախորդի ողջ կյանքի արժեքը բարձրացնելու համար, պատրաստում են էլեկտրոնային առևտրով հասանելի արտադրանքներ՝ համագործակցելով այլ կազմակերպությունների հետ և կիրառում արհեստական բանականություն, մեծ տվյալներ և ամպային տեխնոլոգիաներ (անգլ.՝ cloud technologies)՝ ֆունկցիոնալությունն ու ճկունությունը բարձրացնելու համար[10]։

Օտարերկրյա ընկերություններ և բանկեր Ճապոնիայում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճապոնիայում գործում է ավելի քան 50 օտարերկրյա բանկ, այդ թվում՝ «Citibank», «JPMorgan Chase», «HSBC», «Deutsche Bank», «Credit Suisse», «ABN AMRO», «ING Group»։

Ճապոնիայի ֆինանսական ծառայությունների ոլորտին աջակցում են մի շարք օտարերկրյա ֆինանսական ծառայությունների ընկերություններ և բանկեր, այդ թվում՝ «KPMG», «Deloitte», «PwC», ինչպես նաև՝ «Bank of China», «Bank of Taiwan»։ Օրինակ՝

  • «KPMG» Ճապոնիայում իր փորձով օգնում է ֆինանսական կազմակերպություններին՝ Ճապոնիայում և դրա սահմաններից դուրս իրենց նպատակներին հասնելու մեջ։ Ծառայությունները ներառում են աուդիտ և վերահսկողություն, իրավաբանական, ռիսկի, ֆինանսական, խորհրդատվական և հարկային ծառայություններ[11]։
  • «Deloitte-ի» մասնագետները համապարփակ աջակցություն են ցուցաբերում Ճապոնիայի ֆինանսական ոլորտին՝ աուդիտի, իրավաբանական, ռիսկի կառավարման, ֆինանսական խորհրդատվության և հարկային ոլորտներում՝ լուծելով հաճախորդների յուրահատուկ խնդիրները[12]։
  • «PwC» Ճապոնիայում առաջարկում է բազմաթիվ ծառայություններ՝ ռիսկի վերլուծություն, գնագոյացում, հարկային խորհրդատվություն, միաձուլումների և ձեռքբերումների խորհրդատվություն և այլն՝ ֆինանսական ծառայությունների ոլորտում, օգտագործելով իր փորձը Ճապոնիայում և դրա սահմաններից դուրս[13]։

Ճապոնիայի ֆինանսական շուկայում մոտ 50 օտարերկրյա բանկ է գործում։ «ANZ», «National Australia Bank» և «Commonwealth Bank-ը» Ավստրալիական բանկերից են, որոնք գործում են Ճապոնիայում՝ հիմնականում Տոկիոյում և մասնաճյուղեր ունեն նաև Օսակայում։ Միջազգային բանկային փոխանցումների համար Ճապոնիայում առավել տարածված մեթոդը բանկային փոխանցումն է՝ ինչպես բանկի միջոցով, այնպես էլ առցանց։ 1 միլիոն իենից բարձր գործարքների դեպքում անհրաժեշտ է տեղեկացնել Ճապոնիայի մաքսային ծառայությանը[14]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Finance & Development». Finance & Development | F&D (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020-05-31-ին.
  2. «About this Collection | Country Studies | Digital Collections | Library of Congress». Library of Congress. Վերցված է 2020-05-31-ին.
  3. «JPY - Japanese Yen rates, news, and tools». www.xe.com. Վերցված է 2020-05-29-ին.
  4. Organization, Japan National Tourism. «Japan Currency Exchange | Travel Japan Currency Exchange | JNTO». Japan Travel (անգլերեն). Վերցված է 2020-05-29-ին.
  5. 1 2 Investopedia. «Financial Services Sector». Investopedia (անգլերեն). Վերցված է 2020-05-29-ին.
  6. 1 2 3 4 5 «Top Banks in Japan - Overview and Guide to Top 10 Banks in Japan». Corporate Finance Institute (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020-05-29-ին.
  7. «Financial services in Japan 2019/2020». NRI. Վերցված է 2020 թ․ հունվարի 22-ին.
  8. 1 2 3 4 5 Yamamoto, Isamu. «An assessment of the Japanese financial services sector» (PDF). Վերցված է 2020 թ․ մարտի 21-ին.
  9. 1 2 «Financial services in Japan 2019/2020» (PDF). NRI. Վերցված է 2020 թ․ հունվարի 22-ին.
  10. 1 2 3 «2020 Japan insurance outlook» (PDF). EY. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2024-02-26-ին. Վերցված է 2025-05-02-ին.
  11. «Financial Services - KPMG Japan». KPMG (ամերիկյան անգլերեն). 2020-03-23. Վերցված է 2020-05-29-ին.
  12. «Financial Services». Deloitte Japan (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020-06-05-ին. Վերցված է 2020-05-29-ին.
  13. PricewaterhouseCoopers. «Financial Services». PwC (անգլերեն). Վերցված է 2020-05-29-ին.
  14. «Banking and Finance in Japan». Asialink Business (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2022-08-07-ին. Վերցված է 2020-05-29-ին.