Ճանապարհորդական գրականություն
Ճանապարհորդական գրականություն, ներառում է արշավային գրականությունը, ճանապարհորդական ուղեցույցները, բնության մասին գրվածքները և ճանապարհորդական հուշագրությունները[1]: Պատմության ընթացքում բազմաթիվ հեղինակներ իրենց ներդրումն են ունեցել այս ժանրի զարգացման գործում՝ օգտագործելով գրական տարբեր ձևեր, ինչպիսիք են բանաստեղծությունները, գրքերը, հուշերը, կենսագրությունները, վեպերը, օրագրերը, առցանց բլոգները և այլն[2]: Պատմական կարևոր իրադարձությունների, օրինակ՝ ԱՄՆ-ում ստրկության մասին գիտելիքներն ընդլայնվել են անձնական ճանապարհորդական պատմությունների ու գրականության հրատարակման և բացահայտման շնորհիվ: Տվյալ վայրի բնիկ կամ արտերկրից ժամանած հեղինակները ճանապարհորդական գրականության միջոցով իրենց նպաստն են բերել տեղական զբոսաշրջությանը[3]: Ճանապարհորդական գրականության որոշ գործեր հանդիսանում են հեղինակի անձնական փորձից ազդված հորինված արկածներ, մինչդեռ մյուսները, ինչպիսիք են ուղեցույցները, պարունակում են միայն փաստացի տեղեկություններ տվյալ վայրի մասին[2]: Պատմականորեն ճանապարհորդական պատումների և ուղեցույցների մեծ մասը եղել է տպագիր տեքստ, սակայն ժամանակակից տարիներին ճանապարհորդական գրականության բազմաթիվ օրինակներ հայտնվել են համացանցում՝ ճանապարհորդական բլոգների և տեղեկատվական կայքերի տեսքով:
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Քրիստափոր Կոլումբոսի` Մարկո Պոլոյի ճանապարհորդությունների լատիներեն հրատարակության վրա արված ձեռագիր նշումները վկայում են այս ժանրի վաղեմի պատմության մասին: Ճանապարհորդական գրականության վաղ օրինակներից են «Էրիթրեական ծովի պերիպլուսը», Պավսանիասի «Հունաստանի նկարագրությունը», Նասիր Խոսրովի (1003-1077 թվականներ) «Սաֆարնամեն», Ջերալդ Վելսացու «Ճանապարհորդություն Ուելսով» (1191 թվական) և «Ուելսի նկարագրությունը» (1194 թվական) գործերը, ինչպես նաև Իբն Ջուբեյրի (1145-1214 թվականներ), Մարկո Պոլոյի (1254-1354 թվականներ) և Իբն Բատուտայի (1304-1377 թվականներ) ճանապարհորդական օրագրերը, որոնցից յուրաքանչյուրը մանրամասնորեն արձանագրել է իր ճանապարհորդությունները հայտնի աշխարհով մեկ: Դեռևս մ.թ. 2-րդ դարում Լուկիանոս Սամոսատցին քննարկել է պատմության և ճանապարհորդության այն հեղինակներին, որոնք իրենց գործերին ավելացրել են չափազանցված ու ֆանտաստիկ պատմություններ[4]: Ճանապարհորդական ժանրը բավականին տարածված է եղել միջնադարյան արաբական գրականության մեջ[5]:
Չինաստանում «ճանապարհորդական գրառումների գրականությունը» հանրաճանաչ է դարձել Սոնգ դինաստիայի ժամանակաշրջանում (960-1279 թվականներ[6]): Ճանապարհորդագիրներ Ֆան Չենգդան (1126-1193 թվականներ) և Սյու Սյակեն (1587-1641 թվականներ) իրենց գրվածքներում ներառել են հարուստ աշխարհագրական և տեղագրական տեղեկություններ, մինչդեռ հայտնի բանաստեղծ և պետական գործիչ Սու Շիի (1037-1101 թվականներ) «Քարե զանգի լեռան արձանագրությունը» էսսեն որպես հիմնական նպատակ ներկայացրել է փիլիսոփայական և բարոյական փաստարկներ։ Այս շրջանի չինական ճանապարհորդական գրականությունը գրվել է տարբեր ոճերով, ներառյալ պատումները, արձակը, էսսեները և օրագրերը, թեև մեծ մասը եղել է արձակ[7]: 13-րդ դարում Ժոու Դագուանի անդրադարձը Կամբոջային հանդիսանում է իր ծաղկման շրջանում գտնվող Անգկոր քաղաքի մասին հիմնական աղբյուրներից մեկը:
Ճանապարհորդությունից հաճույք ստանալու, հանուն ճանապարհորդության ճամփորդելու և այդ մասին գրելու առաջին հայտնի վկայություններից մեկը Ֆրանչեսկո Պետրարկայի (1304-1374 թվականներ) վերելքն է Վանտու լեռը 1336 թվականին։ Նա նշել է, որ բարձրացել է լեռան գագաթը՝ հայտնի բարձունքի տեսարանով հիանալու հաճույքի համար։ Ստորոտում մնացած իր ուղեկիցներին նա անվանել է frigida incuriositas («սառը հետաքրքրասիրության պակաս»): Այնուհետև նա գրել է իր վերելքի մասին՝ կատարելով այլաբանական համեմատություններ լեռը բարձրանալու և կյանքում իր սեփական բարոյական առաջընթացի միջև[8][9]:
Բուրգունդիայի դքսի բանաստեղծ Միշո Տայևանը 1430 թվականին ճանապարհորդել է Ժուրա լեռներով և արձանագրել իր անձնական խոհերը, սարսափած արձագանքը զառիթափ ժայռերին և լեռնային առվակների ահարկու որոտացող կասկադներին[10]: Անտուան դը լա Սալը 1407 թվականին բարձրացել է Լիպարյան կղզիների հրաբխի խառնարանը՝ թողնելով իր տպավորությունները։ «Խենթ երիտասարդության խորհուրդները» եղել են նրա նշած պատճառները գնալու համար։ 15-րդ դարի կեսերին Ժիլ լը Բուվիեն իր գրքում տվել է ճանապարհորդելու և գրելու իր պատճառը[11]:
16-րդ դարում դեպի Հնդկաստան և Պարսկաստան կատարած ճանապարհորդությունների պատմություններն այնքան սովորական են դարձել, որ դրանք հավաքվել են այնպիսի ժողովածուներում, ինչպիսիք են Սիմոն Գրինեուսի Novus Orbis ստեղծագործությունը («Նոր աշխարհ»), ինչպես նաև Ռամուզիոյի և Ռիչարդ Հաքլյույթի ժողովածուները[12]: 16-րդ դարում Պարսկաստան այցելած ճանապարհորդների թվում եղել են եղբայրներ Ռոբերտ և Էնթոնի Շիրլիները, իսկ Հնդկաստանում՝ Դուարտե Բարբոսան, Ռալֆ Ֆիտչը, Լուդովիկո դի Վարթեման, Չեզարե Ֆեդերիչին և Յան Հյուգեն վան Լինսխոտենը[12]։ Եվրոպայում հումանիստ ճանապարհորդները նույնպես ստեղծել են պատումներ՝ հաճախ նշելով հուշարձաններն ու արձանագրությունները[13]:
18-րդ դարում ճանապարհորդական գրականությունը սովորաբար հայտնի է եղել որպես «ճանապարհորդությունների գրքեր», որոնք հիմնականում բաղկացած են եղել ծովային օրագրերից[14]: 18-րդ դարի Մեծ Բրիտանիայում ճանապարհորդական գրականությունը մեծ ժողովրդականություն է վայելել, և գրեթե յուրաքանչյուր հայտնի գրող աշխատել է այս ժանրում[15]. օրինակ՝ «Գուլիվերի ճանապարհորդությունները» (1726) սոցիալական երգիծանք է, որը նմանակում է այն, իսկ նավապետ Ջեյմս Կուկի օրագրերը (1784) եղել են այսօրվա բեսթսելերների համարժեքը[16]: Ալեքսանդր ֆոն Հումբոլդտի անդրադարձն Ամերիկայի գիշերահավասարային շրջաններին, որն սկզբնապես հրատարակվել է ֆրանսերենով, թարգմանվել է բազմաթիվ լեզուներով և ազդել հետագա բնագետների, այդ թվում՝ Չարլզ Դարվինի վրա:
Ճանապարհորդական գրականության այլ ուշ օրինակներ ներառում են «Մեծ շրջագայության» պատմությունները, երբ արիստոկրատները, հոգևորականները և փող ու ազատ ժամանակ ունեցող այլ անձինք ճանապարհորդել են Եվրոպայով՝ ծանոթանալու անցյալի արվեստին և ճարտարապետությանը: Զբոսաշրջային գրականության ռահվիրաներից է եղել Ռոբերտ Լուիս Սթիվենսոնը (1850-1894)՝ «Ճանապարհորդություն ներքին ջրերով» (1878) և «Ճանապարհորդություն էշով Սևեններում» (1879) գործերով: Ֆրանսիայի Սևեններ տարածաշրջանում նրա ճանապարհորդությունների մասին գիրքն առաջին հանրամատչելի գործերից է, որը ներկայացրել է արշավն ու քեմփինգը որպես հանգստի գործունեություն, և պատմում է առաջին քնապարկերից մեկի պատվիրման մասին[17][18][19][20]:
19-րդ դարի ճանապարհորդական գրականության մյուս նշանավոր գրողների թվում են ռուս գրող Իվան Գոնչարովը, որը գրել է «Պալլադա» ֆրեգատը» (1858) շուրջաշխարհային ճանապարհորդության իր փորձի մասին, և Լաֆկադիո Հեռնը, որը խորաթափանցությամբ և զգայունությամբ մեկնաբանել է Ճապոնիայի մշակույթը[21]:
20-րդ դարի միջպատերազմյան շրջանը նկարագրվել է որպես ճանապարհորդական գրականության ծաղկման շրջան, երբ բազմաթիվ ճանաչված գրողներ, ինչպիսիք են Գրեհեմ Գրինը, Ռոբերտ Բայրոնը, Ռեբեկա Ուեստը, Ֆրեյա Սթարկը, Փիթեր Ֆլեմինգը և Իվլին Վոն, ճանապարհորդել են և գրել նշանավոր ճանապարհորդական գրքեր[22]:
20-րդ դարի վերջին տեղի է ունեցել ճանապարհորդական գրվածքների ժողովրդականության կտրուկ աճ, հատկապես անգլախոս աշխարհում՝ շնորհիվ այնպիսի գրողների, ինչպիսիք են Բրյուս Չաթվինը, Փոլ Թերուն, Ջոնաթան Ռեբանը, Քոլին Թաբրոնը և այլք: Եթե նախկինում ճանապարհորդական գրականությունը հիմնականում հետաքրքրում էր պատմաբաններին ու կենսագիրներին, ապա այժմ դրա քննադատական ուսումնասիրությունները վերածվել են ինքնուրույն ակադեմիական կարգի[23]:
Ճանապարհորդական գրքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ճանապարհորդական գրքերը լինում են տարբեր ոճերի՝ վավերագրականից մինչև գրական, ինչպես նաև լրագրողական, հուշագրականից մինչև հումորային ու լուրջ: Դրանք հաճախ կապված են զբոսաշրջության հետ և ներառում են ճանապարհորդական ուղեցույցներ[24]:
Ուղեգրությունները տեքստերի հատուկ տեսակ են, որոնք երբեմն անտեսվում են գրական աշխարհում: Դրանք միահյուսում են հուշագրության, վավերագրական և երբեմն նույնիսկ գեղարվեստական գրականության ասպեկտները: Ուղեգրությունը որպես նշանակալի երևույթ ի հայտ է եկել 19-րդ դարի վերջի թերթերում՝ մանրամասնորեն ներկայացնելով հեռավոր երկրներ կատարած այցելությունները։ Այդ դարաշրջանի պատմվածքի ժանրն անմիջականորեն կրել է ուղեգրությունների ազդեցությունը։ Հեղինակները, հատկապես Հենրի Ջեյմսը և Գի դը Մոպասանը, հաճախ զուգահեռաբար գրել են ուղեգրություններ և պատմվածքներ՝ օգտագործելով միևնույն երկրները որպես գործողության վայր:
Ճանապարհորդական գրականությունը հաճախ խաչվում է փիլիսոփայության կամ էսսեի հետ, ինչպես օրինակ՝ Վ. Ս. Նայփոլի «Հնդկաստան. վիրավոր քաղաքակրթություն» (1976) գրքում: Սա նույնպիսի դեպք է Ռեբեկա Ուեստի «Սև գառ և գորշ բազե» (1941) գրքում[25], որը կենտրոնացած է Հարավսլավիայով նրա ճանապարհորդության վրա[26]: Գեղարվեստական ճանապարհորդական պատումները նույնպես կարող են ցուցադրել այս միտումը, ինչպես Մարկ Տվենի «Հեքլբերի Ֆիննի արկածները» (1884) կամ Ռոբերտ Մ. Պիրսիգի «Զենը և մոտոցիկլետների սպասարկման արվեստը» (1974) գործերում:
Երբեմն գրողները երկար ժամանակով բնակություն են հաստատել որևէ վայրում՝ հարմարվելով տեղանքին, բայց միևնույն ժամանակ շարունակելով դիտարկումներ կատարել ճանապարհորդագիրների հատուկ զգայունությամբ: Այդպիսի գրվածքների օրինակներից են Լոուրենս Դարելի «Կծու լիմոններ» (1957) գործը, Բրյուս Չաթվինի մեծ ճանաչում ստացած «Պատագոնիայում» (1977) և «Երգի գծեր» (1987) աշխատությունները[27], Դեբորա Թոլի «Սպիտակ կովի կղզին. իռլանդական կղզու հուշեր» (1986) գիրքը[28], ինչպես նաև Փիթեր Մեյլի բեսթսելեր դարձած «Մեկ տարի Պրովանսում» (1989) ստեղծագործությունն ու դրա շարունակությունները:
Ճանապարհորդական և բնության մասին գրվածքները միախառնվել են Սալի Քարիգարի, Ջերալդ Դարրելի և Իվան Թ. Սանդերսոնի բազմաթիվ գործերում: Սալի Քարիգարի աշխատանքներից են «Մեկ օր Թեթոն ճահճուտում» (1965), «Տուն՝ դեպի վայրի բնություն» (1973) և «Վայրի ժառանգություն» (1965) գրքերը: Ջերալդ Դարրելի «Իմ ընտանիքը և այլ կենդանիներ» (1956) երկը բրիտանացի բնագետի ինքնակենսագրական աշխատանքն է: Այն պատմում է այն տարիների մասին, երբ նա մանկության տարիներին՝ 1935-1939 թվականներին, իր քույր-եղբայրների և այրի մոր հետ բնակվել է հունական Կերկիրա կղզում: Գիրքը հումորով նկարագրել է Դարրելների ընտանիքի կյանքը և ուսումնասիրել է կղզու կենդանական աշխարհը: Այն հանդիսանում է Դարրելի «Կերկիրայի տրիլոգիայի» առաջին և ամենահայտնի մասը՝ «Թռչուններ, գազաններ և ազգականներ» ու «Աստվածների պարտեզը» (1978) գրքերի հետ միասին:
Իվան Թ. Սանդերսոնը հրատարակել է «Կենդանական գանձ» աշխատությունը, որն իրենից ներկայացնում է հաշվետվություն այն ժամանակվա Բրիտանական Արևմտյան Աֆրիկայի ջունգլիներ կատարած արշավախմբի մասին. «Կարիբյան գանձ» գիրքը, որը պատմում է Տրինիդադ, Հայիթի և Սուրինամ կատարած արշավի մասին, ինչպես նաև «Կենդանի գանձ» աշխատությունը, որը նկարագրում է արշավախմբի ուղևորությունը դեպի Ճամայկա, Բրիտանական Հոնդուրաս և Յուկատան: Այս հեղինակները հանդիսանում են բնագետներ, ովքեր գրել են ի նպաստ իրենց ուսումնասիրության ոլորտների:
Մեկ այլ բնագետ՝ Չարլզ Դարվինը, գիտության, բնական պատմության և ճանապարհորդության հատման կետում շարադրել է «Բիգլ» նավի իր հայտնի ճանապարհորդության պատմությունը[29]:
Այլ ոլորտներում հայտնի մի շարք գրողներ նույնպես անդրադարձել են իրենց ճանապարհորդական փորձին: Օրինակներից են Սեմյուել Ջոնսոնի «Ճանապարհորդություն դեպի Շոտլանդիայի արևմտյան կղզիներ» (1775), Չարլզ Դիքենսի «Ամերիկյան նշումներ հանրային տարածման համար» (1842), Մարի Վոլսթոնքրաֆթի «Նամակներ՝ գրված Շվեդիայում, Նորվեգիայում և Դանիայում կարճատև բնակության ընթացքում» (1796), Հիլեր Բելոկի «Ճանապարհ դեպի Հռոմ» (1902), Դ. Հ. Լոուրենսի «Մթնշաղն Իտալիայում և այլ էսսեներ» (1916) ու «Առավոտները Մեքսիկայում և այլ էսսեներ» (1927), Ռեբեկա Ուեստի «Սև գառ և գորշ բազե» (1941) և Ջոն Ստայնբեքի «Ճանապարհորդություն Չարլիի հետ. Ամերիկայի փնտրտուքներում» (1962) գործերը[30]:
Բրիտանացի լեռնագնաց և հեղինակ Գվեն Մոֆատը, լինելով լեռնային ուղեկցորդի որակավորում ստացած առաջին կինը, բազմաթիվ վեպեր և հուշեր նվիրել է իր թափառաշրջիկ կենսակերպին ու մասնագիտական կարիերային: Մոֆատն օգտագործել է իր լեռնային ճանապարհորդությունների հին օրագրային գրառումները՝ գրելու համար երեք հուշագրություն տղամարդկանց կողմից տիրապետվող կարիերայում անարդարությունների և խտրականության դեմ իր պայքարի մասին՝ «Տարածություն իմ ոտքերի տակ» (1961), «Իմ սեփական հողի վրա» (1964) և «Գոյատևման հաշվարկ» (1972)[31]: Մոֆատը նաև հեղինակել է բազմաթիվ դետեկտիվ վեպեր, որոնք ակունքներ են առնում իր ճանապարհորդական կյանքից: «Միսս Փինքի դետեկտիվ շարքը» (1973-2002) 16 գրքից բաղկացած շարք է[31][32], որը հետևում է միջին տարիքի մի դետեկտիվի, երբ նա բացահայտում է սպանության գործեր տարբեր վայրերում՝ Արևմտյան Եվրոպայից մինչև ԱՄՆ-ի տարբեր քաղաքներ: Գլխավոր հերոսուհու՝ նոր միջավայրերին հարմարվելու կարողությունը կրում է Մոֆատի՝ որպես լեռնագնացի մասնագիտության ազդեցությունը[31]:
Հոլանդացի գրող Սեյս Նոթեբոմը բեղմնավոր ճանապարհորդագիր է: Նրա բազմաթիվ ճանապարհորդական գրքերից է ճանաչում գտած «Ճանապարհներ դեպի Սանտյագո» երկը[33]: Անգլիացիներ Էրիկ Նյուբին[34], Հ. Վ. Մորտոնը, ամերիկացիներ Բիլ Բրայսոնն ու Փոլ Թերուն և ուելսցի հեղինակ Յան Մորիսը լայնորեն ճանաչվել են որպես ճանապարհորդագիրներ[35]: Կանադացի ճանապարհորդագիր Ռոբին Էսրոկը գրել է գրքերի շարք՝ Կանադայում[36], Ավստրալիայում և ամբողջ աշխարհում եզակի փորձառությունների բացահայտման մասին:
Բիլ Բրայսոնը 2011 թվականին արժանացել է «Ոսկե արծիվ» մրցանակին Բացօթյա գրողների և լուսանկարիչների գիլդիայի կողմից[37]: 2012 թվականի նոյեմբերի 22-ին Դարհեմի համալսարանը պաշտոնապես վերանվանել է Գլխավոր գրադարանը Բիլ Բրայսոնի գրադարան՝ որպես համալսարանի 11-րդ ռեկտոր (2005-2011) նրա ունեցած ավանդի համար[38][39]: Փոլ Թերուն իր «Մոծակների ափը» վեպի համար 1981 թվականին ստացել է Ջեյմս Թեյթ Բլեքի հիշատակի մրցանակը, որի հիման վրա 1986 թվականին նկարահանվել է համանուն ֆիլմը: Նա նաև 1989 թվականին պարգևատրվել է Թոմաս Քուկի ճանապարհորդական գրքի մրցանակով՝ «Հեծնելով երկաթե աքաղաղը» գործի համար:
2005 թվականին Յան Մորիսը անգլիական PEN կենտրոնի կողմից արժանացել է «Ոսկե գրիչ» մրցանակին՝ «Գրականությանը ցուցաբերած ցմահ ակնառու ծառայության համար»[40][41]:
Ֆրանսիացի գրող Լյուսի Ազեման նշել է, որ ճանապարհորդական գրվածքների մեծ մասը պատկանում է տղամարդկանց, և նույնիսկ երբ կանայք գրել են ճանապարհորդական գրքեր, դրանք հակված են մոռացության մատնվելու։ Իր «Կանայք նույնպես ճանապարհորդում են» գրքում նա պնդել է, որ տղամարդկանց ճանապարհորդական գրականությունը տալիս է աշխարհի անհավասար, գաղութատիրական և կնատյաց տեսակետ[42]:
Արկածային գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Առագաստանավային սպորտի աշխարհում Ֆրենկ Քաուփերի «Առագաստանավային շրջագայություններ» (1892-1896)[43] և Ջոշուա Սլոքամի «Միայնակ առագաստանավով աշխարհի շուրջը» (1900) գործերը դարձել են բացօթյա արկածային գրականության դասական նմուշներ[44]:
Ժյուլ Վեռնի արկածային վեպերը արկածային գրականության դասական օրինակներ են։ Նրա ամենահայտնի վեպերից են «Քսան հազար լյո ջրի տակ» և «Աշխարհի շուրջը 80 օրում» գործերը:
Ճանապարհորդական ուղեցույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Ճանապարհորդական ուղեցույցը կամ տուրիստական ուղեցույցը «ինչ-որ վայրի մասին տեղեկատվական գիրք է, որը նախատեսված է այցելուների կամ զբոսաշրջիկների օգտագործման համար»[45]: Վաղ օրինակ է Թոմաս Ուեսթի ուղեցույցը անգլիական Լճային երկրամասի վերաբերյալ՝ հրատարակված 1778 թվականին[46]: Թոմաս Ուեսթը, ով եղել է անգլիացի քահանա, մասսայականացրել է հաճույքի համար քայլելու գաղափարը 1778 թվականի Լճային երկրամասի իր ուղեցույցում: Նախաբանում նա շարադրել է, որ իր նպատակն է.
խրախուսել լճեր այցելելու ցանկությունը՝ ճանապարհորդին տրամադրելով ուղեցույց. և այդ նպատակով հեղինակն այստեղ հավաքել ու նրա առջև է դրել բոլոր ընտրյալ կայաններն ու դիտակետերը, որոնք նկատվել են լճերով վերջին անգամ շրջագայած հեղինակների կողմից և հաստատվել են իր իսկ բազմակի դիտարկումներով[47]:
Այս նպատակով նա ներառել է տարբեր «կայաններ» կամ դիտակետեր լճերի շուրջ, որոնցից զբոսաշրջիկներին խրախուսվում էր գնահատել տեսարանները՝ դրանց գեղագիտական որակների տեսանկյունից[48]։ 1778 թվականին հրատարակված գիրքը մեծ հաջողություն է ունեցել[49]:
Մարիանա Սթարկը հանրայնացրել է այն, ինչը հետագայում վերածվել է ստանդարտ ճանապարհորդական ուղեցույցի՝ տեղեկատու գիրք, որը կարող է ներառել տեղեկություններ կացարանի, ռեստորանների, տրանսպորտի և զբաղմունքների վերաբերյալ: Հաճախ ներառվում են նաև տարբեր մանրամասնության քարտեզներ, պատմական և մշակութային տեղեկություններ: Գոյություն ունեն ուղեցույցների տարբեր տեսակներ, որոնք կենտրոնանում են ճանապարհորդության տարբեր ասպեկտների վրա՝ սկսած արկածային տուրիզմից մինչև հանգիստ, կամ նախատեսված են տարբեր եկամուտներ ունեցող ճանապարհորդների համար, կամ կենտրոնանում են սեռական կողմնորոշման կամ դիետաների տեսակների վրա: Ճանապարհորդական ուղեցույցները կարող են նաև ընդունել ճանապարհորդական կայքերի ձև:
Ճանապարհորդական օրագրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]
Ճանապարհորդական օրագիրը, որը նաև անվանվում է ճանապարհային օրագիր, ճանապարհորդի կողմից արված արձանագրություն է իր տպավորությունների մասին, որը գրվում է ուղևորության ընթացքում և հետագայում խմբագրվում հրատարակության համար: Սա վաղուց հաստատված գրական ձևաչափ է. վաղ օրինակ է Պավսանիասի (մ.թ. 2-րդ դար) գրվածքը, ով ստեղծել է իր «Հունաստանի նկարագրությունը»՝ հիմնվելով սեփական դիտարկումների վրա։ Ջեյմս Բոսուելը 1786 թվականին հրատարակել է իր «Ճանապարհորդություն դեպի Հեբրիդյան կղզիներ» օրագիրը, իսկ Գյոթեն 1816 թվականին հրատարակել է օրագրերի վրա հիմնված իր «Իտալական ճանապարհորդությունը»: Ֆրայ Իլարիոնե դա Բերգամոն[50] և Ֆրայ Ֆրանցիսկո դե Ախոֆրինը գրել են գաղութային Մեքսիկայի (Նոր Իսպանիայի փոխարքայության) ճանապարհորդական պատմությունները 1760-ականներին։ Ֆենի Կալդերոն դե լա Բարկան՝ 1839-1842 թվականներին Մեքսիկայում Իսպանիայի դեսպանի շոտլանդական ծագմամբ կինը, գրել է «Կյանքը Մեքսիկայում» աշխատությունը, որն իր ժամանակի կարևոր ճանապարհորդական պատումն է՝ տեղական կյանքի բազմաթիվ դիտարկումներով:
Բրիտանացի ճանապարհորդ տիկին Ալեք Թվիդին հրատարակել է մի շարք ուղեգրություններ՝ սկսած Դանիայից (1895) և Ֆինլանդիայից (1897), մինչև ԱՄՆ (1913), մի քանիսը Մեքսիկայի մասին (1901, 1906, 1917) և մեկը Ռուսաստանի, Սիբիրի ու Չինաստանի մասին (1926): Ավելի թարմ օրինակ է Չե Գևարայի «Մոտոցիկլիստի օրագիրը»։ Ուղեգրությունը ֆիլմ է, ճանապարհորդական օրագրից վերաշարադրված գիրք կամ պատկերազարդ զրույց, որը նկարագրում է ճանապարհորդի փորձառությունները և այցելած վայրերը[51]: Ամերիկացի գրող Փոլ Թերուն հրատարակել է ճանապարհորդական գրականության բազմաթիվ գործեր, որոնցից առաջին հաջողությունը եղել է «Մեծ երկաթուղային բազարը»:
Բացի հրատարակված ճանապարհորդական օրագրերից, արխիվային գրառումները ցույց են տալիս, որ պատմականորեն սովորական է եղել ճանապարհորդների համար իրենց ուղևորությունն արձանագրել օրագրի ձևաչափով՝ առանց ապագա հրատարակման ակնհայտ մտադրության, այլ որպես իրենց փորձառությունների անձնական գրառում: Այս պրակտիկան հատկապես նկատելի է 19-րդ դարի եվրոպական ճանապարհորդական օրագրերում[52][53][54]:
Անգլո-ամերիկացի Բիլ Բրայսոնը հայտնի է իր «Զբոսանք անտառում» գործով, որի հիման վրա նկարահանվել է հոլիվուդյան համանուն ֆիլմը[55]:
Ստրուկների ճանապարհորդական պատումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Փախուստի դիմած ստրուկների գրվածքները ստրկության մեջ իրենց փորձառության և դրանից փախուստի մասին հանդիսանում են ճանապարհորդական գրականության մի տեսակ, որը զարգացել է 18-րդ և 19-րդ դարերում՝ մանրամասնելով, թե ինչպես են ստրուկները խուսափել ԱՄՆ հարավային նահանգների և Կարիբյան ավազանի սահմանափակող օրենքներից ազատություն գտնելու համար: Ինչպես Ջոն Քոքսն է ասում «Ճանապարհորդություն դեպի հարավ» աշխատության մեջ. «ճանապարհորդությունը ստրուկի կողմից պատումի հրատարակման անհրաժեշտ նախերգանքն էր, քանի որ ստրկությունը չէր կարող միաժամանակ թե՛ վերապրվել, թե՛ գրի առնվել»[56]:
Հատկապես հայտնի ստրուկների ճանապարհորդական պատում է Ֆրեդերիկ Դուգլասի ինքնակենսագրական «Պատումը», որը խորապես միահյուսված է նրա ճանապարհորդական փորձառությունների հետ. այն սկսվում է նրա ճանապարհորդություններով, որոնք ամբողջությամբ կատարվել են իր տերերի հրամանով, և ավարտվում նրանով, որ նա ճանապարհորդում է այնտեղ և այն ժամանակ, երբ ինքն է ցանկանում[57]: Սոլոմոն Նորթապի «12 տարվա ստրկություն» գիրքն ավելի ավանդական ճանապարհորդական պատում է, և նա նույնպես հաղթահարում է հարավում օրենքի ու ավանդույթի սահմանափակումները՝ առևանգվելուց և ստրկացվելուց հետո փախչելու համար[58]: Հարիեթ Էն Ջեյքոբսի «Դեպքեր մի ստրուկ աղջկա կյանքից» գիրքը ներառում է զգալի ճանապարհորդություն, որն ընդգրկում է կարճ տարածություն, երբ նա փախչում է կյանքի մի իրավիճակից դեպի մի փոքր ավելի լավը, բայց հետագայում ներառում է նաև նրա փախուստը ստրկությունից դեպի ազատություն հյուսիսում[59]:
Գեղարվեստական գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Որոշ հորինված ճանապարհորդական պատմություններ կապված են ճանապարհորդական գրականության հետ: Թեև որոշ համատեքստերում կարող է ցանկալի լինել տարբերակել գեղարվեստական և ոչ գեղարվեստական գործերը, այդպիսի տարբերակումները գործնականում չափազանց դժվար եղել են, ինչպես Մարկո Պոլոյի կամ Ջոն Մանդևիլի ճանապարհորդական գրվածքների հայտնի դեպքում: Իրական ուղևորությունների վրա հիմնված ճանապարհորդական գրականության գեղարվեստական ստեղծագործությունների օրինակներ են՝
- Ջոզեֆ Քոնրադի «Խավարի սիրտը» (1899), որն իր ծագումն ունի Քոնրադի կատարած իրական նավարկությունից Կոնգո գետով[60]:
- Ջեք Քերուակի «Ճանապարհին» (1957) և «Դհարմայի թափառաշրջիկները» (1958) գործերը, որոնք 1490-ականների վերջին և 1950-ականների սկզբին Ամերիկայի Միացյալ Նահանգներով նրա կատարած ճանապարհորդությունների գեղարվեստականացված պատումներն են:
- Ճանապարհորդագիր Քիրա Սալակի «Սպիտակ Մարիամը» (2008) վեպը, որն իրական կյանքի ուղևորության՝ գեղարվեստական ստեղծագործության վերածվելու ժամանակակից օրինակ է, որի գործողությունները տեղի են ունենում Պապուա Նոր Գվինեայում և Կոնգոյում[61][62][63]:
Ճանապարհորդական բլոգներ
[խմբագրել | խմբագրել կոդը]21-րդ դարում ճանապարհորդական գրականությունը դարձել է սոցիալական մեդիայի ժանր՝ ճանապարհորդական բլոգների տեսքով, որտեղ բլոգերներն օգտագործում են այնպիսի հարթակներ, ինչպիսիք են անձնական բլոգները, Pinterest-ը, Twitter-ը (X), Facebook-ը, Instagram-ը և ճանապարհորդական կայքերը՝ իրենց արկածների մասին տեղեկատվություն փոխանցելու և որոշակի երկրներում կողմնորոշվելու կամ ընդհանուր առմամբ ճանապարհորդելու համար խորհուրդներ տրամադրելու նպատակով[64]։ Ճանապարհորդական բլոգները բլոգավարության առաջին դրսևորումներից են եղել, որոնք սկսվել են 1990-ականների կեսերին[64]:
Նշանավոր ճանապարհորդական բլոգերներից են Մեթյու Քեփնեսը[65], Ջոնի Ուորդը և Դրյու Բինսկին[66][67]:
Զբոսաշրջություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ճանապարհորդական գրականությունն ունի սոցիալական, տնտեսական և բնապահպանական ազդեցություն զբոսաշրջության վրա[3]: Այսօր այս ազդեցությունները դրսևորվում են ինչպես դրական, այնպես էլ բացասական ձևերով: Զբոսաշրջության ազդեցության վրա աճող ուշադրությունը, հատկապես տեղական միջավայրի նկատմամբ, պահանջել է հետազոտական խմբերից մշակել նոր մեթոդաբանություններ, ինչպիսիք են Ախտորոշիչ օրագրային գործընթացի մոդելը այն շահագրգիռ կողմերի համար, ովքեր ցանկանում են բացահայտել և խթանել կայուն զբոսաշրջության պրակտիկան ճանապարհորդական գրականության միջոցով[3]:
Գիտական ուսումնասիրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ճանապարհորդական գրականության համակարգված ուսումնասիրությունը որպես գիտական հետազոտության ոլորտ ի հայտ է եկել 1990-ականների կեսերին՝ իր սեփական համաժողովներով, կազմակերպություններով, ամսագրերով, մենագրություններով, անթոլոգիաներով և հանրագիտարաններով: Մինչև 1995 թվականը լույս տեսած կարևոր մենագրություններից են՝ Փոլ Ֆասելի «Արտերկրում» (1980) աշխատությունը, որը հետազոտում է բրիտանական միջպատերազմյան շրջանի ճանապարհորդական գրվածքները որպես էսկապիզմ. Մարիաննա Տորգովնիկի «Գնացած պրիմիտիվ. Ժամանակակից ինտելեկտներ, վայրի միտք» (1990) աշխատությունը, որը հետազոտություն է օտար մշակույթների պրիմիտիվիստական ներկայացումների վերաբերյալ. Դենիս Փորթերի «Հետապնդվող ճանապարհորդություններ. ցանկություն և իրավախախտում եվրոպական ճանապարհորդական գրականության մեջ» (1991) գիրքը, որը մոտիկից դիտարկում է ճանապարհորդության հոգեբանական փոխհարաբերությունները. Սառա Միլսի «Տարբերության դիսկուրսներ. կանանց ճանապարհորդական գրվածքների վերլուծություն» աշխատությունը, որն ուսումնասիրում է գենդերի և գաղութատիրության հատումը 19-րդ դարում. Մերի Լուիզ Փրատի ազդեցիկ ուսումնասիրությունը՝ «Կայսերական աչքեր. ճանապարհորդական գրվածքներ և տրանսկուլտուրացիա» (1992), որը վերաբերում է վիկտորյական ճանապարհորդական գրվածքների կողմից գաղութատիրական մտածելակերպի տարածմանը. և Ալի Բեհդադի «Ուշացած ճանապարհորդներ» (1994) աշխատությունը, որը գաղութատիրական տագնապի վերլուծություն է[68]:
Ճանապարհորդական մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ճանապարհորդական գրքերի համար ամեն տարի շնորհվող մրցանակների թվում եղել են Թոմաս Քուկի ճանապարհորդական գրքի մրցանակը, որը գործել է 1980-2004 թվականներին, Բորդման Թասկերի անվան լեռնային գրականության մրցանակը և Դոլմանի լավագույն ճանապարհորդական գրքի մրցանակը, որն սկսվել է 2006 թվականին: Լոուել Թոմասի ճանապարհորդական լրագրության մրցանակները, որոնք սկսվել են 1985 թվականին, շնորհվում են SATW հիմնադրամի կողմից և ներառում են երկու մրցանակ ճանապարհորդական գրքերի և ուղեցույցների համար, ինչպես նաև մրցանակներ հրապարակումներում, կայքերում և հեռարձակվող ու աուդիո-վիզուալ ձևաչափերով ճանապարհորդական լուսաբանման համար: Բացօթյա գրքերի ազգային մրցանակները նույնպես ճանաչում են ճանապարհորդական գրականությունը բացօթյա և արկածային ոլորտներում, ինչպես Բանֆի լեռնային գրքի մրցանակները: Հյուսիսամերիկյան ճանապարհորդական լրագրողների ասոցիացիան անցկացնում է ամենամյա մրցանակաբաշխություն՝ մեծարելով ճանապարհորդական լրագրությունը բազմաթիվ անվանակարգերում՝ տպագիր և առցանց լրատվամիջոցներում[69]:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Cuddon, J. A. (1999). The Penguin Dictionary of Literary Terms and Literary Theory. London: Penguin Books. էջ 937. ISBN 9780140513639.
- 1 2 «Travel literature | Literature and Writing | Research Starters». EBSCO (անգլերեն). Վերցված է 2026-04-13-ին.
- 1 2 3 Mansfield, Charlie; Séraphin, Hugues; Wassler, Philipp; Potočnik Topler, Jasna (2024). «Travel Writing as a Tool for Sustainable Initiatives: Proposing a Dialogue Journaling Process Model». Journal of Travel Research (անգլերեն). 64 (2): 485–493. doi:10.1177/00472875241269902. ISSN 0047-2875.
- ↑ Lucian of Samosata (1913). A True Story. Loeb Classical Library. Translated by A. M. Harmon. New York: G.P. Putnam's Sons. «Many others, with the same intent, have written about imaginary travels and journeys of theirs, telling of huge beasts, cruel men and strange ways of living.»
- ↑ El-Shihibi, Fathi A. (2006). Travel Genre in Arabic Literature: A Selective Literary and Historical Study (Originally presented as the author's thesis (Ph.D.--Boston University, 1998)). Boca Raton, Fla: Dissertation.com. ISBN 1-58112-326-4.
- ↑ Hargett 1985, pp. 67.
- ↑ Hargett 1985, pp. 67–93.
- ↑ Cassirer, Ernst (1943). «Some Remarks on the Question of the Originality of the Renaissance». Journal of the History of Ideas. 4 (1): 49–74. doi:10.2307/2707236. JSTOR 2707236.
- ↑ Halsall, Paul (August 1998). «Petrarch: The Ascent of Mount Ventoux». fordham.edu. Fordham University. Վերցված է 5 March 2014-ին.
- ↑ Deschaux, Robert; Taillevent, Michault (1975). Un poète bourguignon du XVe siècle, Michault Taillevent: édition et étude. Librairie Droz. էջեր 31–32. ISBN 9782600028318. Արխիվացված օրիգինալից 2021-03-01-ին. Վերցված է 2015-10-18-ին.
- ↑ Le Bouvier, Gilles (1908). Livre de la description des pays. Paris: E. Leroux. էջ 29.
- 1 2 Remy, Aruthur F. J. (2008). Influence of India and Persia on Poetry of Germany. էջ 9.
- ↑ Jong, Jan L. de (2019). «Review of Hernard 2017». Daphnis. 47: 679–687. doi:10.1163/18796583-04703003. hdl:11370/a2536452-9dca-480c-b820-6b224ae4f8fd. S2CID 186971253.
- ↑ Stolley 1992, p. 26.
- ↑ Fussell 1963, p. 54.
- ↑ Glyndwr Williams, Captain Cook's Voyages: 1768–1779. London: The Folio Society, 1997, p. xxxii.
- ↑ Adkins, Barbara; Eryn Grant (2007). «Backpackers as a Community of Strangers: The Interaction Order of an Online Backpacker Notice Board» (PDF). Qualitative Sociology Review. 3 (2): 188–201. doi:10.18778/1733-8077.3.2.10. S2CID 142306527. Արխիվացված (PDF) օրիգինալից December 20, 2016-ին. Վերցված է December 18, 2016-ին.
- ↑ «Global Grasshopper Travels». Արխիվացված օրիգինալից October 22, 2016-ին. Վերցված է December 18, 2016-ին.
- ↑ Travel with a Donkey in the Cevennes Արխիվացված 2011-08-16 Wayback Machine (1879); Re the first sleeping bag in 1876
- ↑ «The Inventor of Traveling – The First Backpacker in the World?». Արխիվացված օրիգինալից 12 December 2007-ին. Վերցված է December 18, 2016-ին.
- ↑ Nonfictional prose: Travel and epistolary literature Արխիվացված 2020-08-02 Wayback Machine Encyclopedia Britannica
- ↑ Casey Blanton Travel Writing, Routledge 2013
- ↑ Alasdair Pettinger Travel Writing Արխիվացված 2020-08-10 Wayback Machine Oxford Bibliographies
- ↑ Traveller, Unknown. Exploring the world through the experience of an unknown traveller: City of London - First in Series (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022-10-03-ին. Վերցված է 2018-12-14-ին.
- ↑ West, Rebecca, intr. Geoff Dyer, (2006). Black Lamb and Grey Falcon: A Journey Through Yugoslavia. Edinburgh.
- ↑ «Globetrotter chases one-of-a-kind adventures». 19 December 2016. Արխիվացված օրիգինալից 3 October 2022-ին. Վերցված է 12 January 2021-ին.
- ↑ Albin Krebs Bruce Chatwin, 48, Travel Writer And Author of 'Songlines,' Dies Արխիվացված 2020-09-20 Wayback Machine New York Times January 19, 1989
- ↑ Bonnie Gross, "'White Cow` Absorbing Account Of Irish Island The Island Of The White Cow: Memories Of An Irish Island. By Deborah Tall". March 2, 1986, News/Sun-Sentinel.
- ↑ "Review of Narrative of the Surveying Voyages of H.M.S. Adventure and Beagle between the Years 1826 and 1836 ... & Journal of Researches into the Geology and Natural History of the various Countries visited by H.M.S. Beagle ...". The Quarterly Review. 65: 194–234. December 1839.
- ↑ "Sorry, Charley" Արխիվացված 2017-07-02 Wayback Machine, Bill Steigerwald, Reason, April 2011 "A Reality Check for Steinbeck and Charley" Արխիվացված 2017-06-22 Wayback Machine, Charles McGrath, New York Times, April 3, 2011
- 1 2 3 Grandi, Roberta (February 2026). «A Woman's Angle: An interview with Gwen Moffat, novelist and the first female mountain guide in Europe». European Journal of Women's Studies (անգլերեն). 33 (1): 153–163. doi:10.1177/13505068251414351. ISSN 1350-5068.
- ↑ «Moffat, Gwen». www.encyclopedia.com. Վերցված է 2026-04-14-ին.
- ↑ Journeys of the mind Արխիվացված 2021-04-17 Wayback Machine The Guardian 25 March 2006
- ↑ "Eric Newby, 86, Acclaimed British Travel Writer, Dies", The New York Times, 24 October 2006. Արխիվացված 2017-10-12 Wayback Machine.
- ↑ Remember This (1 Sep 2018). Great Travel Writers Talk About Their Craft, Lives, and Inspiration. YouTube (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021-11-14-ին. Վերցված է 2021-09-03-ին.
- ↑ Pottinger, Dave (Jan 19, 2019). «Meet Robin Esrock author of the Great Canadian Bucket List». Vancouver Sun. Արխիվացված օրիգինալից 2019-02-02-ին. Վերցված է 2021-01-12-ին.
- ↑ «Bill Bryson Wins Prestigious Golden Eagle Award». Outdoor Writers and Photographers Guild. August 26, 2011. Արխիվացված է օրիգինալից 2016-08-09-ին.
- ↑ «The Main Library is being renamed 'The Bill Bryson Library'!». Durham University. 2012-09-25. Արխիվացված օրիգինալից 2012-10-28-ին. Վերցված է 2012-11-27-ին.
- ↑ «Bill Bryson Library renaming event, Tuesday 27 November 2012». Durham University. 2012-11-22.
- ↑ «Golden Pen Award, official website». English PEN. Արխիվացված օրիգինալից 21 November 2012-ին. Վերցված է 3 December 2012-ին.
- ↑ Gillian Fenwick (2008). «Chronology». Traveling Genius: The Writing Life of Jan Morris. Univ of South Carolina Press. էջ XX. ISBN 9781570037474. Արխիվացված օրիգինալից 26 February 2017-ին. Վերցված է 3 December 2012-ին.
- ↑ «Le avventuriere di Lucie Azema». Il Manifesto. 10 March 2023. Վերցված է 10 April 2024-ին.
- ↑ «Obituary: Frank Cowper». The Yachting Monthly. Vol. XLIX, no. 291. July 1930. Արխիվացված օրիգինալից 2016-04-05-ին. Վերցված է 2016-03-27-ին.
- ↑ Joshua Slocum Society Արխիվացված 2010-01-10 Wayback Machine.
- ↑ New Oxford American Dictionary
- ↑ Thomas West, (1821) [1778]. A Guide to the Lakes in Cumberland, Westmorland, and Lancashire. Kendal: W. Pennington.
- ↑ West. A Guide to the Lakes. էջ 2.
- ↑ «Development of tourism in the Lake District National Park». Lake District UK. Արխիվացված է օրիգինալից October 11, 2008-ին. Վերցված է 2008-11-27-ին.
- ↑ «Understanding the National Park — Viewing Stations». Lake District National Park Authority. Արխիվացված է օրիգինալից 2014-01-04-ին. Վերցված է 2008-11-27-ին.
- ↑ Daily Life in Colonial Mexico: The Journal of Friar Ilarione da Bergamo, 1761-1768. Translated by William J. Orr. Norman: University of Oklahoma Press 2000
- ↑ New Oxford American Dictionary.
- ↑ «UoB Calmview5: Search results». calmview.bham.ac.uk. Արխիվացված օրիգինալից 2021-04-17-ին. Վերցված է 2021-03-29-ին.
- ↑ «UoB Calmview5: Search results». calmview.bham.ac.uk. Արխիվացված օրիգինալից 2021-04-17-ին. Վերցված է 2021-03-29-ին.
- ↑ «UoB Calmview5: Search results». calmview.bham.ac.uk. Արխիվացված օրիգինալից 2021-04-17-ին. Վերցված է 2021-03-29-ին.
- ↑ McNary, Dave (April 8, 2015). «'99 Homes,' 'A Walk in the Woods' Set for September Releases». variety.com. Արխիվացված օրիգինալից April 10, 2015-ին. Վերցված է April 9, 2015-ին.
- ↑ Cox, John D. 2005, p. 65
- ↑ Cox, John D. 2005, pp. 66-67
- ↑ Cox, John D. 2005, p. 68
- ↑ Cox, John D. 2005, pp. 127-129
- ↑ Conrad, Joseph (1978). Najder, Zdzisław (ed.). The Congo Diary and Other Uncollected Pieces. Doubleday. ISBN 9780385007719.
- ↑ «Kira Salek: The White Mary». National Geographic Adventure. August 2008. Արխիվացված է օրիգինալից 4 October 2011-ին. Վերցված է 12 November 2010-ին.
{{cite web}}:|first=missing|last=(օգնություն) - ↑ Trachtenberg, Jeffrey A. (26 July 2008). «Imaginary Journey». The Wall Street Journal. Արխիվացված օրիգինալից 6 October 2018-ին. Վերցված է 12 November 2010-ին.
- ↑ Salak, Kira (5 August 2008). The White Mary: A Novel. Henry Holt and Company. ISBN 978-0805088472.
- 1 2 F. Hanusch, E. Fürsich, Travel Journalism: Exploring Production, Impact and Culture (2014), p. 100-101.
- ↑ «Top Travel Blogs of 2020 - Best Travel Blogs in the World». Everything Everywhere Travel Blog (ամերիկյան անգլերեն). 2019-01-15. Արխիվացված օրիգինալից 2021-07-29-ին. Վերցված է 2021-08-20-ին.
- ↑ «World's Top Male Travel Bloggers». HuffPost UK (անգլերեն). 2016-01-22. Արխիվացված օրիգինալից 2021-04-13-ին. Վերցված է 2021-04-03-ին.
- ↑ Francesca Street (21 June 2017). «World's top 10 travel influencers, according to Forbes». CNN (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022-05-30-ին. Վերցված է 2021-04-03-ին.
- ↑ Behdad, Ali (1994). Belated travelers: orientalism in the age of colonial dissolution. Durham, North Carolina: Duke University Press. ISBN 0822314711. OCLC 29468460.
- ↑ Leon, Yanira. «Competition Rules and Guidelines». natja.memberclicks.net (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2016-03-26-ին. Վերցված է 2017-05-07-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Adams, Percy G., ed. (1988). Travel Literature Through the Ages: An Anthology. New York and London: Garland. ISBN 0-8240-8503-5.
- Adams, Percy G. (1983). Travel Literature and the Evolution of the Novel. Lexington: University press of Kentucky. ISBN 0-8131-1492-6.
- Barclay, Jennifer and Logan, Amy (2010). AWOL: Tales for Travel-Inspired Minds: Random House of Canada. 9780307368416.
- Pleasurable Instruction: Form and Convention in Eighteenth-Century Travel Literature. Berkeley: University of California Press. 1978. ISBN 978-0-520-03260-6. OCLC 4419780.
- Chaney, Edward (1998). The Evolution of the Grand Tour: Anglo-Italian Cultural Relations Since the Renaissance. London: Frank Cass. ISBN 978-0-7146-4577-3. OCLC 38304358.
- Chatzipanagioti-Sangmeister, Julia (2006). Griechenland, Zypern, Balkan und Levante: eine kommentierte Bibliographie der Reiseliteratur des 18. Jahrhunderts (գերմաներեն). Eutin: Lumpeter and Lasel. ISBN 978-3-9810674-2-2. OCLC 470750661.
- Cox, Edward Godfrey (1935). A Reference Guide To The Literature Of Travel. Including Voyages, Geographical Descriptions, Adventures, Shipwrecks and Expeditions. Seattle: University of Washington. Vol. 1 via Internet Archive
- Cox, John D. (2005). Traveling South: Travel Narratives and the Construction of American Identity (անգլերեն). University of Georgia Press. ISBN 9780820330860.
- Diekmann, Anya and Hannam, Kevin (2010). Beyond Backpacker Tourism: Mobilities and Experiences: Channel View Publications. 1845412060.
- Abroad: British Literary Traveling Between the Wars. New York: Oxford University Press. 1980. ISBN 0195027671.
- Fussell, Paul (1963). «Patrick Brydone: The Eighteenth-Century Traveler As Representative Man». Literature As a Mode of Travel. New York: New York Public Library. էջեր 53–67. OCLC 83683507.
- Hargett, James M. (1985). «Some Preliminary Remarks on the Travel Records of the Song Dynasty (960-1279)». Chinese Literature: Essays, Articles, Reviews. 7 (1/2): 67–93. doi:10.2307/495194. JSTOR 495194.
- Henríquez Jiménez, Santiago J. Going the Distance: An Analysis of Modern Travel Writing and Criticism. Barcelona: Kadle Books. 1995.
- Henríquez Jiménez, Santiago J. Travel Essentials. Collected Essays on Travel Writing (ed.). Las Palmas de Gran Canaria: Chandlon Inn Press. 1998.
- Links, J. G. Travellers in Europe: Private Records of Journeys by the Great and the Forgotten, from Horace to Pepys. London: The Bodley Head, 1980.
- «Voyages and Travels». Bibliographer's Manual of English Literature. Vol. 5. London: Bell and Daldy. 1869.
- Speake, Jennifer, ed. (2003). Literature of Travel and Exploration: An Encyclopedia. New York: Fitzroy Dearborn. ISBN 1-57958-247-8. OCLC 55631133.
- Stolley, Karen (1992). El lazarillo de ciegos caminantes: un itinerario crítico (իսպաներեն). Hanover, New Hampshire: Ediciones del Norte. ISBN 978-0-910061-49-0. OCLC 29205545.
- «Essay on travel literature». The Cambridge History of English and American Literature (1907–1921). 26 June 2022.
- Bangs, Jeremy D.: "The Travels of Elkanah Watson" (McFarland & Company, 2015)
- Beautiful England (series of travel books from 1910 to 1950s)
- Hannigan, Tim: The Travel Writing Tribe (C Hurst & Co, 2021) 360 p Essay 978-178738470-5[1]
- Lawless, Jill (2000). Wild East: Travels in the New Mongolia. ECW Press. 1-55022-434-4
- Mueller, C., & Salonia, M. (2022). Travel Writings on Asia: Curiosity, Identities, and Knowledge Across the East, c. 1200 to the Present. Palgrave Series in Asia and Pacific Studies.
- Picador Travel Classics
- Roy, Pinaki. "Reflections on the Art of Producing Travelogues". Images of Life: Creative and Other Forms of Writing. Ed. Mullick, S. Kolkata: The Book World, 2014 (978-93-81231-03-6). pp. 111–29.
- Salzani, Carlo & Tötösy de Zepetnek, Steven. "Bibliography for Work in Travel Studies." CLCWeb: Comparative Literature and Culture (Library) (2010-).
- Thompson, Carl (2011). Travel Writing. Routledge. 1136720804
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- American Journeys, collection of primary exploration accounts of the Americas.
- Historical British travel writers: an extensive open access library on the Vision of Britain site.
- «The Literature of Travel, 1700–1900». Bartleby.com. 26 June 2022.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ճանապարհորդական գրականություն» հոդվածին։ |
| ||||||
- ↑ «The Travel Writing Tribe by Tim Hannigan review – an elitist genre?». theguardian.com. 2021-07-07. Արխիվացված օրիգինալից 2021-07-07-ին. Վերցված է 2021-07-08-ին.
